Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմնակալ եւ անխտրական «Առավոտը»

Մայիս 28,2004 00:00

Կողմնակալ եւ անխտրական «Առավոտը» Մայիսի 28-ին «Առավոտ» թերթի մասին իրենց հակասական տեսակետներն են արտահայտում դաշնակցական լրատվամիջոցների ներկայացուցիչները: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լուրերի տնօրեն, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյան- «Որքան երկարակյաց է մամուլը, նշանակում է, այնքան ասելիք ունի: Այդ իմաստով «Առավոտը» բացառություն չի: Շնորհավորում եմ «Առավոտի» 10-ամյակը: Իր բոլոր վայրիվերումներով, տեսակետների տարբերություններով «Առավոտը» մեծ դեր ունի ինչպես հայկական մամուլի կայացման, այնպես էլ հասարակական կարծիքի ձեւավորման մեջ: Մաղթում եմ, որ նման բազում հոբելյաններ եւ 10-ամյակներ ունենա: Բացասականն այն է, որ շատ հաճախ այն տեսակետները, որ կան թերթի էջերում եւ որոնք հաճախ որպես խմբագրության տեսակետ են հանդես գալիս, չեն համապատասխանում «Առավոտի» գործունեությանը: Անկախ եւ անկողմնակալ լրատվամիջոցի դերում հանդես գալով, «Առավոտի» անկողմնակալության ետեւում երբեմն հանդիպում ենք բավականին նկատելի կողմնակալության»: «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սպարտակ Սեյրանյան- «10 տարիների ընթացքում «Առավոտին» հաջողվել է իր ուրույն եւ անվիճարկելի տեղն ու դերն ունենալ հայաստանյան ԶԼՄ-ների ընտանիքում: Հասարակության մեջ կա այսպիսի մոտեցում (եւ ես այդ մոտեցումը կիսում եմ), որ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել «Առավոտի» հրապարակումների հետ, բայց դրանք անտեսել չի կարելի: Իսկ հասարակության մեջ նման բանի հասնելը մեծ ձեռքբերում է ցանկացած լրատվամիջոցի համար: Կուզեի ընդգծել մի հանգամանք, որ միշտ սկզբունքային է եղել «Առավոտի» համար. դա «Առավոտի» անհաշտ կեցվածքն է խոսքի եւ մամուլի ազատությունն ու անկախությունը սահմանափակող յուրաքանչյուր քայլի դեմ: Եվ ողջունելի է, որ իր այդ կեցվածքում «Առավոտը» երբեք խտրականություն չի դրել մամուլի միջոցների մեջ: Անկախ իր գաղափարական կամ այլ նախասիրություններից, «Առավոտը» միշտ հավասարապես է վերաբերվել ԶԼՄ-ների խոսքի ազատության իրավունքին՝ դեմ լինելով որեւէ խտրականության: Վստահաբար, դա «Առավոտի» իմիջի ամենակարեւոր տարրերից է: Ես գտնում եմ, որ «Առավոտի» խմբագիրը մեր հանրապետության լավագույն լրագրողներից մեկն է: Բացասական բաներ էլ շատ կան: Երբեմն տուրք տալով պահի թելադրանքին կամ հասարակության որոշ շերտերի ճաշակին ու տրամադրություններին, «Առավոտում» լինում են հրապարակումներ, որոնք դուրս են լրատվամիջոցների ֆունկցիաներից: Նկատի ունեմ որոշ բամբասանքային, բուլվարային ոճի հրապարակումները: Այդ կարգի նյութերը հասարակության մոտ որոշակի վերապահումներ են ստեղծում ԶԼՄ-ների հանդեպ: Եվ եթե «Առավոտի» հանդեպ նման վերապահումներ կան, դրանում նաեւ թերթի մեղքը կա: Իսկ միգուցե նման հրապարակումների գոյությունը արդարացվա՞ծ է, քանի որ բոլորը բողոքում են «Առավոտից», բայց բոլորը կարդում են «Առավոտը»: Պատրաստեց Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել