Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղացին մենակ է

Հունիս 30,2004 00:00

Սահմանամերձ գյուղացին մենակ է Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուր գյուղի տների 80 տոկոսը ռազմական գործողությունների հետեւանքով ավերվել է: Գյուղ մտնելիս միանգամից աչքի են զարնում կիսափուլ պատերով, ջարդված պատուհաններով լքված տները: Պատերազմն իր դրոշմը դրել է գյուղի վրա: Կառավարությունը 54 ընտանիքի փոխհատուցում է տվել, որպեսզի վերականգնեն իրենց տները, սակայն ընտանիքների մի մասը չի կարողացել վերանորոգել՝ շինանյութը թանկ է, տները մեծ են, եւ հատկացված գումարով հնարավոր չէ վերանորոգել տանիքը, պատուհանները, պատերը: Փախստականների նորվեգական խորհուրդը ներկայումս ուսումնասիրություններ է կատարում, որպեսզի վերականգնի գյուղի տները: Պատերազմի տարիներին գնդակոծվել է նաեւ գյուղի մշակույթի պալատը եւ ամբողջությամբ վառվել: «Իմ տունն էլ է ամբողջությամբ վառվել, ոչ մի բան չկարողացանք հանել տնից: Հիմա կնոջս հետ դոմիկում ենք ապրում»,- գյուղամիջի մեր խոսակցությանը միանում է Արտակ Ադամյանը: Գյուղն ունի 1186 բնակիչ, դպրոցում 186 աշակերտ կա: Պատերազմի տարիներին զոհվել է 8, վիրավորվել՝ 9 մարդ: Համեմատած հարեւան գյուղերի հետ՝ այստեղից շատ չեն արտագաղթել: Գյուղապետարանի տվյալներով՝ ժամանակավոր արտագնա աշխատանքի է մեկնել 15 մարդ: Ն. Կարմրաղբյուրը ուղիղ գծով 2 կմ է հեռու ադրբեջանական սահմանից, իսկ վարելահողերով կպած է ադրբեջանական գյուղերի հողերին: Հողերի 40 տոկոսն ականապատված է: Ընդ որում՝ դրանք լավագույն վարելահողերն են, ընկնում են հայերի եւ ադրբեջանցիների հենակետերի մեջտեղում եւ մարդիկ չեն կարողանում օգտագործել: «Եղած հողերն էլ չենք կարողանում մշակել: Մեզ մոտ վառելիքը շատ թանկ է, չգիտես՝ վառելանյութի փող տաս, թե մեխանիզատորին, չի ստացվում: 20լ բենզինը 7200 դրամ է հիմա: Մայրաքաղաքից գալիս են, իրենց ուզած գներով տանում են մեր ունեցածը: Իրենք են գին թելադրում: Կարիքավոր գյուղացուց իրենց ուզած գնով տանում են: Մի գառ են վերցնում, մի պարկ պեսոկ են տալիս, տավարի միսը 700 դրամով են տանում, խոզի միսը՝ 900172ով, բայց իրենք վաճառում են 1900-ով: Իսկ գյուղացին իր գոմաղբը չի կարողանում հասցնել հողամաս»,- ասում է Ա. Ադամյանը: «Կտրված ենք քաղաքից, սպառման շուկա չկա: Գյուղացին թեկուզ արտադրում է՝ սպառելու տեղ չունի: Ճանապարհածախսը մեծ է, դժվար է: Ներդրումներ էլ խուսափում են անել, ասում են՝ ձեր ճանապարհները վատն են, սահմանամերձ են: Ասում են՝ մեր մեքենաների ամորտիզացիայի ծախսերը նույնիսկ չենք կարող հանել»,- ավելացնում է Հրայր Ավագյանը: 1988թ. գյուղն ուներ 82 հա խաղողի այգի: Այդ տարիներին Ներքին Կարմրաղբյուրը Այգեպար գյուղի գինու գործարանին էր հանձնում տարեկան մինչեւ 1300 տոննա խաղող: Հիմա այգիները 30 հա են կազմում, որոնց 70 տոկոսը, ինչպես գյուղացիներն են վկայում, արդեն ծեր է: «Պետք է նոր այգիներ հիմնվեն: Գյուղացին ընդհանրապես ոչ մի բանի հնարավորություն չունի»,- շարունակում է Հրայրը: «Վարկավորման ծրագրեր չկա՞ն»,- հարցնում եմ: «Դրանց մասին միայն հեռուստատեսությամբ ենք լսում,- պատասխանում է Հրայրը։- Մեր գյուղում շատ կան երիտասարդներ, որոնք ուզում են անասնապահական, դաշտավարական իրենց փոքր տնտեսությունները ստեղծել, բայց հնարավորություն չկա: Ինձ՝ որպես գյուղապետարանի աշխատակցի, երիտասարդները դրա մասին հարցնում են: Բայց չկա, եթե մի հինգ տարի ժամկետով վարկ տրվի՝ կհասցնենք ոտի կանգնել: Եթե չէ՝ էսպես էլ կմնանք, ավելի կվատանա վիճակը: Մեր ծնողները լավ են ապրել, 40 հա պտղատու այգի ենք ունեցել, հիմա մի ծառ չունենք: Էդ ամբողջը պատերազմի հետքն է: 10 տարի մարդիկ փաստորեն ոչինչ չեն արել: Ավտոմատը ձեռքներին հսկում էին»,- ասում է հողաշինարար Հրայր Ավագյանը, որը բանակից զորացրվել է 1994-ին: Գյուղացիներին հարցնում եմ՝ գյուղի խնդիրների մասին գիտի՞ իրենց պատգամավորը՝ Հովիկ Աբովյանը: Պարզվում է, որ միայն նախընտրական փուլում է երեւացել, ինչ-որ խոստումներ է տվել ու գնացել: Դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել Ն. Կարմրաղբյուրում: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել