Լրահոս
Օրվա լրահոսը

Այրվե՛ք մոմի պես՝ լույս տալով ուրիշներին

Հունիս 30,2004 00:00

Այրվե՛ք մոմի պես՝ լույս տալով ուրիշներին Այսպես դիմեց իր 500 շրջանավարտներին՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը. «Եզակի է բժշկի մասնագիտությունը. նրա ներկայացուցիչները միակն են, որ նաեւ երդմամբ են հաստատում հավատարմությունը՝ ընտրած մասնագիտությանը»: Երեկ 500 պոտենցիալ բժիշկ՝ բուհի 78-րդ շրջանավարտները, ստանալով բժշկի բարձր կոչում եւ անցնելով բժշկական գործունեության՝ Հիպոկրատի երդմամբ խոստացան. «անշահախնդրորեն օգնել հիվանդին, մեղմել նրա ցավերը՝ անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից, կրոնական դավանանքից, չչարաշահել հիվանդի վստահությունը, պահպանել բժշկական գաղտնիքը, բժշկական գործունեության ընթացքում անհրաժեշտության դեպքում դիմել առավել փորձառու գործընկերներիս խորհրդին ու օգնությանը, անգամ սպառնալիքի տակ ի չարը չօգտագործել բժշկական գիտելիքներս…»: Ի դեպ, այս տարի ավարտեցին վերջին մանկաբույժներն ու բժշկականխարգելման ֆակուլտետների ուսանողները: Այսուհետեւ լինելու են ընդհանուր բժիշկներ, որոնք այդ ուղղություններով կմասնագիտանան հետդիպլոմային կրթությամբ: Կլինoրդինատուրայի համար այս տարի կհատկացվի 25 պետպատվերով տեղ՝ պլյուս բոլոր անվանական թոշակառուների տեղերը, որոնց թիվը 12 է: Ի դեպ, երեկվա միջոցառմանը վերջիններս, ի տարբերություն մնացած սպիտակ խալաթներով շրջանավարտների, ներկայացել էին սեւ, երկար խալաթով ու սեւ գլխարկներով եւ հիշեցնում էին ավելի շուտ դատավորի, քան բժշկի: Բժշկական համալսարանի ռեկտորի օգնական Արմեն Աշոտյանից տեղեկացանք, որ այս տարի արտասահմանցի շրջանավարտների թիվը 100 է, սակայն առաջիկա տարիներին կկազմի շուրջ 200-250. նրանց թիվը գնալով աճում է: «Մեր բժշկականը գին-որակ հարաբերակցության լավագույն ցուցանիշն է ԱՊՀ երկրներում: Եթե ծախսած գումարը համեմատում են իրենց ստացած գիտելիքների հետ, համոզվում են, որ արժեր հենց այստեղ սովորել»: Ըստ Աշոտյանի, վերջերս բավական հաճախ են Բաքվի բժշկական համալսարանից Երեւանի պետական բժշկական համալսարան տեղափոխվում իրանցի եւ իրանահայ ուսանողներ: «Մեր բժշկականի դիպլոմը ԱՊՀ տարածքում 2-րդն է, որ ճանաչվում է Հնդկաստանի Բժշկական ասոցիացիայի կողմից: Նույն Ադրբեջանի, Բելառուսի կամ միջինասիական բուհերի բժշկականի դիպլոմները չեն ճանաչվում ո՛չ Իրանում, ո՛չ Հնդկաստանում: Մեր բուհն ընդգրկված է միջազգային առողջապահական կազմակերպության բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկում՝ միակը Հայաստանից՝ որպես բժշկական կրթօջախ»: Իհարկե, բուհում խոտան էլ կա, ինչպես նշեց Ա. Աշոտյանը: «Այստեղ սովորելը դժվար է. բացի խիստ ուսումնական վերահսկողությունից տարեկան մոտ 100-150 հոգի դուրս է մնում համալսարանից: Միայն վերջին 1,5 ամսվա ընթացքում 6 հոգի դուրս է մնացել՝ տեղացիներից: Նաեւ բազմաթիվ արտասահմանցի ուսանողներ են դուրս մնում՝ զուտ կարգապահական խախտումների համար»: Ցավոք, այսօր շատ շրջանավարտներ գերադասում են իրենց մասնագիտական գործունեությունը ծավալել Հայաստանից դուրս: Որովհետեւ ավելի շատ գումար այնտեղ են վաստակում: «Եթե հիմա մտնենք Մոսկվայի բժշկական կլինիկա, բժիշկների մոտ 30-40 տոկոսը մեր բուհն ավարտած հայազգի բժիշկներ են, մանավանդ ծանր մասնագիտությունների գծով՝ սրտանոթային վիրաբուժություն, նյարդային վիրաբուժություն, գինեկոլոգիա»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել