Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԶԵՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵՑԻՆ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Հուլիս 31,2004 00:00

Երեկ Դիլիջանում մեկնարկեց «Բազե» համահայկական երիտասարդական չորրորդ հավաքը։ Այս տարվա հավաքին մասնակցում էին 18-30 տարեկան 650 երիտասարդներ։ Կազմակերպիչները պնդում են, որ երիտասարդներն ընտրվել են իրենց ընդունակությունների, ստեղծագործական ներուժի ակտիվության սկզբունքով։

Հավաքի կարմիր, կապույտ, նարնջագույն ճակատներից յուրաքանչյուրում ընդգրկված է 14 ջոկատ։ 42 ջոկատները կազմված են հետեւյալ սկզբունքով՝ մեկական ջոկատ ներկայացրել են ՀՀ մարզերը (ներառյալ՝ Երեւանը), Ջավախքը, Արցախը, ՀՀ բուհերը, Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողները, «Փյունիկ» հաշմանդամների միության ջոկատները եւ Սփյուռքի տարբեր գաղթօջախները։ Ավելացնենք, որ Կապույտ ճակատում ներառվել է նաեւ լրագրողների ջոկատը, որի կազմում է նաեւ «Առավոտի» լրագրող Հրաչուհի Երանոսյանը։ Ի տարբերություն նախորդ հավաքների, այս «Բազեին» չեն կարող ընդգրկվել նախորդ հավաքների մասնակիցները։ Սակայն նշենք, որ նրանցից ոմանք «Բազեում» են, բայց ոչ մասնակցի «պաշտոնում»։ Ինչպես նախորդ «Բազեների» ծրագրում, այնպես էլ այժմ, կան ստուգարքային եւ ոչ ստուգարքային՝ ժամանցային մրցույթներ։ Ստուգարքային մրցույթներն ընդգրկում են մարզական, մշակութային եւ ինտելեկտուալ մրցույթներ եւ խաղեր, իսկ ոչ ժամանցային միջոցառումների շրջանակում կանցկացվեն «Միսս եւ միստր հավաք», «Բազե-ճիչ», «Բազե-հայացք», «Բազե-հանուն ջոկատի», «Մաֆիա խաղ» եւ այլ մրցույթներ։ «Բազեներին» ողջունելու էին եկել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, ՀՀ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը եւ այլք։ Վարչապետը նշեց. «Անկախ նրանից, թե ով ինչպես կորակավորի «Բազեներին», նշենք, որ սա կուսակցական կառույց չէ, այլ համահայկական միջոցառում է»։ Նա ավելացրեց, որ եթե երիտասարդ լիներ, անպայման կմասնակցեր այս հավաքին՝ եթե կարողանար հաղթել։

Ճիշտ է, դեռ բուն մրցույթները չէին սկսվել, սակայն մասնակից երեք ճակատներից յուրաքանչյուրը արդեն համոզված է, որ ինքն է հաղթող ճանաչվելու։ Երիտասարդները, ինչպես նախորդ հավաքներին, այնպես էլ այժմ, «Բազեի» ամենակարեւոր առաքելությունը համարեցին աշխարհասփյուռ հայերի՝ միմյանց հետ շփվելու առիթը։

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031