Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱՅԻՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ Է ԴԱՏԱՐԱՆԻՆ

Հուլիս 31,2004 00:00

ՄԱՔՍԱՅԻՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ Է ԴԱՏԱՐԱՆԻՆ

Երեկ Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը
հրավիրել էր մամուլի ասուլիս՝ ներկայացնելու «Ռոյալ Արմենիա» ընկերության
մեղադրանքների շուրջ իրենց պարզաբանումները:
Հիշեցնենք, ընկերությունը Արարատյան մաքսատան հետ չի կարողանում համաձայնության գալ մոտ 92 տոննա կանաչ չվերամշակված սուրճը «ժամանակավոր ներկրման համար» մաքսային ռեժիմով ձեւակերպելու հարցում: «Եթե իրենք մեզ հետ աշխատելու, քննարկելու եւ համաձայնության գալու փոխարեն նախընտրում են ինչ-որ օրենսդրական դաշտում գործել, դա նրանց խնդիրն է: Մենք իրենցից պահանջել ենք իրենց սուրճի խմբաքանակի վրացական Փոթի նավահանգստում բեռնաթափման եւ փոխաբեռնման ծախսերը հավաստող փաստաթղթեր, որը նրանք չեն արել, դրա համար էլ չենք ձեւակերպել»: Նա չհամաձայնեց «Ռոյալ Արմենիայի» այն մեղադրանքին եւս, թե այլ ընկերություններ նույն տեսակի սուրճն ավելի էժան գներով են ներկրել, քան իրենք. «ընդհանրապես ցանկացած ապրանքի ներկրման համար կա 6 մեթոդ, որի մեջ մտնում են ոչ միայն կողմնակալ վերաբերմունքն ու գեղեցիկ աչքերը: Բազմաթիվ այլ մեթոդներ էլ կան, որոնցով որոշվում է մաքսային արժեքը, ինչին անհամաձայնություն է հայտնել ընկերությունն ու դիմել դատարան»: Բայց, ըստ երեւույթին, դատարանի վճիռն ուժի մեջ չէ մաքսային համակարգի համար. «Դուք, որպես լրագրողներ, ինքներդ էլ գտնում եք, որ դատարանի վճիռներն անհիմն են: Հիմա ես էլ եմ գտնում, որ դրանք անհիմն են: Հաշիվ-ապրանքագրում չներկայացնելու դեպքում մենք, անկախ դատարանի վճռից, մերժելու ենք ընկերությանը, քանի որ հաշիվ-ապրանքագրման հարցը դատարանում անգամ չի քննարկվել»,- ասաց Մաքսային կոմիտեի իրավաբանական վարչության պետ Գեւորգ Ներսիսյանը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել