Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ ՎԱՐԿԵՐ, ԷԼԻ ՊԱՐՏՔԵՐ

Հուլիս 31,2004 00:00

ԷԼԻ ՎԱՐԿԵՐ, ԷԼԻ ՊԱՐՏՔԵՐ «Առողջապահության մասին» օրենք գրելու համար փողն արդեն իրացվե՞լ է Պարզվում է, երբ վարկային միջոցներն օգտագործվում են սոցիալական համակարգերի տեխնիկական վերազինմանը կամ պաշտոնյաների վերապատրաստմանը, ապա դրանից շահում են առաջին հերթին բնակչության առավել աղքատ եւ խոցելի խավերը։ Գուցե գրիչի փոխարեն համակարգչով աշխատող սոցիալական աշխատողն այլեւս «պատահաբար» օգնության ցուցակից բաց չի՞ թողնում այս կամ այն նպաստառուին։ Կամ էլ հետազոտման նորագույն սարքը բուժաշխատողին պարբերաբար հիշեցնում է նաեւ պետպատվերով հիվանդից փող «չգրպանելու» մասի՞ն։ Երեկ մենք այս հարցի պատասխանը փորձեցինք ճշտել հերթական վարկային շնորհանդեսի ժամանակ։ Այս անգամ Համաշխարհային բանկից (ՀԲ) վարկեր էին ստացել առողջապահության համակարգը՝ 19 մլն դոլար, գումարած՝ 1 մլն 250 հազար դոլար դրամաշնորհ, սոցիալական ապահովության համակարգը՝ 5,15 մլն դոլար եւ պետական կառավարման համակարգը՝ 10,15 մլն դոլար։ Ինչպես ներկայացվեց, վարկերը կուղղվեն հիշյալ համակարգերի տեխնիկական վերազինմանը, աշխատակիցների վերապատրաստմանը։ Սակայն ծրագրերում նշված էր, որ վարկերը բարելավելու են աղքատներին մատուցվող ծառայությունների որակն ու տեսականին։ Մեր հարցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանն անորոշ պատասխանեց. «Եթե տեխնիկապես ապահովում ենք համակարգը, դա էլ է աղքատների համար»։ Առողջապահության նախարար Ն. Դավիդյանը «ծանրացավ» ընտանեկան բժիշկների պատրաստման վրա։ Ի դեպ, արդեն պատրաստվածներն էլ չեն նեղվում իրենց դիմող անվճարունակների ձեռքին նայել, հետո նոր՝ լսել բողոքը։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանը հարցը համարեց «տեղին եւ մարդկային»։ Իսկ պատասխանից հասկացանք, որ վարկերով վերազինվելու շնորհիվ է, որ պետությունը կարողանում է տարեցտարի բյուջեից ավելի մեծ հատկացումներ անել առողջապահության ու սոցապ համակարգերին։ Հետո ավելացրեց. «Այ, եթե վարկերն օգտագործելուց հետո պարզվի, որ դրանք չծառայեցին անապահովներին, նոր այդ հարցը լրջորեն կբարձրացնեք»։ Իսկ դրա համար պետք է սպասել 7 տարի։ Մինչ այդ Ն. Դավթյանից փորձեցինք պարզել, թե ինչի վրա է ծախսվել 2002թ. նույն Համաշխարհային բանկից ստացված 12 մլն դոլարը։ Մասնավորապես՝ Առողջապահության մասին օրինագծի մշակման համար հատկացվածը։ Մեր տեղեկություններով, միայն 700 հազար դոլարը նախատեսված էր փորձագետների աշխատանքի համար։ Այնինչ, ժամանակին օրինագծի մշակման մասնակիցներից մեկը մեզ հաղորդել է, որ իրենք այդպես էլ փորձագետ ու եզրակացություն չեն տեսել։ Ավելին, վերջին ամիսներին կրկին սկսված մշակումների սկզբից պարզ է դարձել, որ հին օրինագիծը բանի պետք չէ։ Մի հանգամանք էլ կա. նույն 12 մլն դոլար վարկից հատկացված «կլորիկ» գումարով մշակվել եւ պատրաստվել է առողջապահական ապահովագրության մասին օրինագիծ, որը ֆիննախարարության կողմից մերժվել է՝ «մշակողը գաղափար չունի ֆինանսների շարժից» պատճառաբանությամբ։ Վարկային գումարները, այսպիսով, երկու օրինագծերի վրա էլ ծախսվել են (եթե ծախսվել են) անիմաստ։ Մեր տեղեկատուն ասաց, որ առողջապահության մասին օրենքի շուրջ առողջապահները խոսակցությունները վերսկսեցին այն ժամանակ, երբ 19 մլն-անոց վարկի ու դրամաշնորհի «հոտն առան», թե չէ՝ բանկը նոր վարկ չէր տա։ Նախարար Դավիդյանն այս ամենից հեռու պահեց իրեն. «Ես այն ժամանակ նախարար չէի, չգիտեմ»։ Բայց հիշեց, որ «ինչ-որ փողի մասին լսել է, թեպետ գործը գուցե կիսատ է մնացել գումար չլինելու պատճառով»։ Այսինքն, ՀԲ-ն վարկն ամբողջությամբ չի՞ տվել։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել