Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶԻ ՕԳՆԱԿԱՆԸ «ՓՐԿԵ՞Ց» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգոստոս 31,2004 00:00

Ներխուժելով ընտրական տեղամաս

Եղվարդի թիվ 44 ընտրատարածքում կիրակի տեղի են ունեցել ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: Ըստ նախնական արդյունքների, որոնք, ամենայն հավանականությամբ, դեռ կսրբագրվեն, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ «Սասի Արտակը» ստացել է 11.488, իսկ ապարանցի «Լավանդայի Արայիկը»՝ 11.456 քվե: Մյուս թեկնածուներից Բաբկեն Մարգարյանը ստացել է 2702, իսկ Աղասի Գասպարյանը՝ 54 քվե:

Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն առաջիկա երեք օրերի ընթացքում: Թիվ 44 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը «Ընտրական օրենսգրքով» սահմանված ժամկետում երեկ, ժամը 14:00-ին, երկու հիմնական մրցակիցների՝ եւ «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու Արտակ Սարգսյանի, եւ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ Արայիկ Հայրապետյանի վստահված անձանց կողմից դիմում-բողոքներ է ստացել եւ հարկադրված է այսօր արդեն ժամը 9-ից բացել շուրջ 20 տեղամասերի քվեատուփերն ու վերահաշվարկ կատարել: Հարկ է, սակայն, ընդգծել, որ, բարեբախտաբար, չարդարացան դիտորդների այն կանխատեսումները, թե քվեարկության օրն այս ընտրատարածքում հնարավոր է, որ լուրջ բախումներ լինեն; Բախումներ չեղան, իսկ քվեարկության արդյունքների նախնական տվյալներով՝ Արտակ Սարգսյանը 32 ձայնով ավելի քվե ստացավ, քան Արայիկ Հայրապետյանը: Անճշտությունների թիվը, ըստ նախնական պաշտոնական տվյալների, 58-ն է: «Ընտրական օրենսգրքի» 116 հոդված-ի 5-րդ կետի համաձայն՝ «Պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը, կամ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա»: Իսկ որ անճշտությունների թիվը տվյալ դեպքում ավելին է, քան այն ձայների տարբերությունը, որոնք նրանք ստացել են քվեարկության նախնական արդյունքում՝ ակնհայտ է: Ուստի հիմա Ա. Հայրապետյանին ու նրա կողմնակիցներին մնում է հասնել քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն:

Հետաքրքիրը, սակայն, այն է, որ կիրակի գիշերը 30 ընտրատեղամասերի ամփոփման արդյունքում իր ստացած քվեներով առջեւում էր Արայիկ Հայրապետյանը: Որոշիչն, ըստ էության, եղել է թիվ 44/3 ընտրատեղամասը, որտեղ Ա. Սարգսյանը ստացել էր 884, իսկ Ա. Հայրապետյանը՝ 490 ձայն: ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի մատուցմամբ, որոշիչը եղել են Եղվարդի թվով 5 տեղամասերի արդյունքները, որտեղ իրենց թեկնածուն՝ Ա. Սարգսյանը, 400-600 ձայնով ավելի շատ քվե է ստացել, քան Ա. Հայրապետյանը, իսկ թիվ 44/3 ընտրական տեղամասում պարզապես օրինախախտման դասական օրինակ է արձանագրվել: Հ. Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, թե Ա. Սարգսյանի նախընտրական շտաբը քվեարկության օրն առանձին ընտրատեղամասերից ահազանգեր է ստացել ավելի շատ հոգեբանական ճնշումների մասին: Այսպես. ըստ պարոն Մարգարյանի, ընտրական տեղամասեր են այցելել Կոտայքի մարզի դատախազության աշխատակիցները՝ դատախազի օգնական Հովհաննիսյանի գլխավորությամբ: Իսկ մասնավորապես 44/3 տեղամասում, որը վճռորոշ էր համարվում գրանցված պաշտոնական արդյունքների տեսանկյունից, գիշերը, ժամը 12-ից հետո, երբ արդյունքներն արդեն ամփոփված, արձանագրություններն էլ արդեն կազմված եւ կնքված էին, տեղամաս են այցելել նույն այդ Հովհաննիսյանն ու դատախազության այլ աշխատակիցներ ու հայտարարել, թե այդ տեղամասից բողոքներ են ստացվել, եւ որ քրգործ է հարուցված տեղամասային հանձնաժողովի նախագահի նկատմամբ՝ կեղծիքներ անելու համար: Այս տեղամասում ընտրությունների արդյունքները ամփոփվել են միայն առավոտյան 7:30-ին եւ դրան ներկա են եղել դատախազության աշխատակիցները, իսկ պատգամավորին թույլ չի տրվել դրան ներկա լինել: Պարոն Մարգարյանի մատուցմամբ, մինչ այդ պահը, բոլոր 31 տեղամասերից ստացված արձանագրությունների համաձայն, անճշտությունների թիվը 0 է եղել: Ասել է թե՝ թվով 58 անճշտություններն ի հայտ են եկել թիվ 44/3 տեղամասում տեղի ունեցած այդ միջադեպից հետո:

Ա. Հայրապետյանի վստահված անձինք իրենց հերթին պնդում են, թե այդ նույն տեղամասում հանձնաժողովի այս նախագահի չհրկիզվող պահարանից շուրջ 200 քվեաթերթիկ են հայտնաբերել, որոնք նախապես արդեն քվեարկված են եղել Ա. Սարգսյանի օգտին, որոնք այդպես էլ չեն հասցրել խցկել քվեատուփ: Այլ տեղեկություններով՝ հենց երեկ Ա. Սարգսյանի թիմակից մի քանիսը կալանավորվել են:

ՕԵԿ-ում առայժմ ձեռնպահ մնացին ընտրությունների վերաբերյալ որեւէ մեկնաբանությունից: «Մենք կսպասենք ընտրատարածքային հանձնաժողովի կողմից ամփոփիչ արդյունքների հրապարակմանը»,- հայտարարեց պարոն Մարգարյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031