Լրահոս
Օրվա լրահոսը

Մեներգիչների նոր մրցույթ

Օգոստոս 31,2004 00:00

Կոմիտասի
անվան պետական կոնսերվատորիան, Հայաստանի երաժշտական ընկերությունը սեպտեմբերի
9-15-ը առաջին անգամ կանցկացնեն Թամար Շահնազարյանի անվան մեներգիչների
հանրապետական մրցույթ։
Դեռ անցյալ տարի հայրենիքում համերգային այցով գտնվող նյույորքաբնակ երգիչ, Ամերիկայի Guild Musical երաժիշտների ընկերության անդամ Վաղարշակ Օհանյանը «Առավոտին» հայտնել էր իր աջակցությամբ մեներգիչների մրցույթ անցկացնելու մտադրության մասին։

Վ. Օհանյանի հետ հարցազրույցում պարզվեց, որ մրցույթի առիթով արդեն Հայաստան են ժամանել մասնագետներ Կանադայից, Նյու Յորքից, Լոս Անջելեսից, Ռուսաստանից։ Առայժմ, հասկանալի պատճառով, մեր զրուցակիցը չհրապարակեց նրանց անունները։ «Նախ պետք է ասեմ, որ հայրենիքում մրցույթ անցկացնելու գաղափարը հետաքրքրեց սփյուռքահայ արվեստագետներին, մենեջերներին։ Տեղ գրաված, ինչպես նաեւ հատուկ մրցանակների արժանացած ուսանող երգիչները հնարավորություն կունենան կատարելագործվել արտերկրի հեղինակավոր համալսարաններում։ Չի բացառվում, որ արդեն ուսանողական տարիներից նրանցից ոմանք ձեռք կբերեն արվեստագետի համար այնքան անհրաժեշտ մենեջերին»,- տեղեկացրեց նա։ Պարզեցինք, որ մրցույթի նպատակներից մեկն էլ շնորհալի ուսանողներին հայտնաբերելն ու նրանց ուսման ծախսերը հոգալն է։ Այս առիթով Վ. Օհանյանն ասաց. «Շատ ենք լսում, երբ իրոք շնորհալի ուսանողը վարձի պատճառով ուսումը թողնում է կիսատ։ Բարձրաձայնում եմ, որ հատկապես պետք է ընդառաջենք տղա երգիչներին։ Բացի ուսանող լինելուց, նրանց ուսերին է շատ ժամանակ դրվում ընտանիք պահելու խնդիրը»։ «Առավոտի» հարցին՝ «Մրցույթը կդառնա՞ ավանդական», Վ. Օհանյանը պատասխանեց. «Անխոս։ Բայց ինչ հաճախականությամբ՝ այսօր չեմ կարող ասել»։ Բացառության կարգով նա հայտնեց նաեւ, որ ցանկություն ունի հետագայում արդեն Ամերիկայում անցկացնել մեներգիչների համահայկական մրցույթ։ Մեր դիտարկմանը՝ «ի՞նչ է, համահայկականի գաղափարն այնքան է ձեզ դուր եկել, որ Սփյուռքում է՞լ եք ուզում այն իրականացնել», մեր զրուցակիցն ասաց. «Այո, համահայկականի գաղափարը լավն է եւ Սփյուռքում էլ հիանալի հայ երիտասարդ երգիչներ կան, որոնց անհրաժեշտ է բեմ հանել»։

Զրույցին ներկա Երեւանի պետկոնսերվատորիայի վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, մրցույթի ժյուրիի անդամ Սվետլանա Կոլոսարյանը «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ հատկապես Թամար Շահնազարյանի անվան մրցույթ, պատասխանեց. «Նախ, տիկին Շահնազարյանը հայ վոկալ դպրոցի հիմնադիրներից է, 1941-ից ավելի քան 40 տարի դասավանդելով եւ կոնսերվատորիայում, եւ երաժշտական ուսումնարանում, հայ մշակույթին տվել է այնպիսի անուններ, ինչպիսիք են Վահան Միրաքյան, Արշավիր Կարապետյան, Անժելա Հարությունյան եւ այլք, մի խոսքով՝ միջազգային ասպարեզում հայտնի անուններ, Հայաստանի վաստակավոր, ժողովրդական արտիստներ։ Հրատարակել է հայ կոմպոզիտորների ռոմանսների, երգերի ժողովածուներ։ Նրա գրչին է պատկանում նաեւ «Կոմիտասի տասը պատվիրանները» գիտական աշխատությունը, ժամանակին մասնակցել է վոկալ արվեստի համամիութենական եւ միջազգային կոնֆերանսների, ի վերջո, նա էր առաջինը, որ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում հիմնեց մանկական ձայնի պահպանման դասարան, որը հետագայում առանձնացավ՝ դառնալով դպրոց։ Մի խոսքով՝ Թամար Շահնազարյանը հայկական վոկա

լ դպրոցի երախտավոր է, բառի իսկական իմաստով»։ Թ. Շահնազարյանի ուսանողուհին՝ Ս. Կոլոսարյանը խոստովանեց նաեւ, որ այս մրցույթը եզակի է նրանով, որ կբացահայտի մարզերի շնորհալիներին։ Մրցույթի ժյուրին կգլխավորի Հայաստանի ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը, անդամներն են Գոհար Գալաչյանը, Վալերի Հարությունյանը, Ելենա Վարդանյանը, Սուսաննա Մարտիրոսյանը։ Նրանք բոլորը ուսանել են Թ. Շահնազարյանի դասարանում։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել