Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահաբեկիչը դու ես»

Սեպտեմբեր 30,2004 00:00

Երեկ
ՄԱԿ-ում արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատասխանեց Իլհամ Ալիեւի մեղադրանքներին:

Երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 59-րդ նստաշրջանին՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, մասնավորապես ասաց. «Ադրբեջանն առաջինն էր, որ ազգային բնաջնջումը ներմուծեց խորհրդային տարածք, առաջինն էր, որ վարձկաններին ու միջազգային ահաբեկիչներին ներգրավեց իր պաշտպանության գործում, առաջինն էր, որ արհամարհեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործելու կանոնները:

Թույլ տվեք բացատրել: Հայկական ներկայությունն այս տարածաշրջանում շատ երկար ու ծավալուն պատմություն ունի: Պատմությունը մերժելը կամ վերանայելը պահանջում է հետեւողական ծրագրավորում, ջանքեր ու միջոցներ: Ցավոք, Ադրբեջանի կառավարությունը միջոց չի խնայում: Ադրբեջանին հաջողվեց վերացնել Նախիջեւանի հայությանը, որոնք բնակչության ավելի քան կեսն էին կազմում: Այսօր այնտեղ ոչ մի հայ չկա: Խորհրդային տարիներին Բաքվում ու Սումգայիթում եւ ամբողջ Ադրբեջանում կար ավելի քան 400 000 հայ: Այսօր չկա ոչ մեկը: Ադրբեջանի փորձը՝ իրականացնելու ազգային բնաջնջում, հաջողությամբ պսակվեց:

Մեկ տասնամյակ առաջ Ադրբեջանն օգտվեց մեր տարածաշրջանի ամենահայտնի վարձկաններից ու միջազգային ահաբեկիչներից ոմանց ծառայություններից, նույն մարդկանց, ում անունները կրկին ու կրկին են հնչում (խոսքն, ըստ ամենայնի, Բասաեւի եւ Խաթաբի մասին է – խմբ.), որպեսզի կռվի ընդդեմ հայ կանանց ու տղամարդկանց, ովքեր պաշտպանում էին իրենց հողն ու կյանքը օդային ռմբակոծումներից ու ուղիղ հրթիռակոծումներից: Ահաբեկիչները պարտվեցին, հայերը՝ հաղթեցին:

Վերջապես, Ադրբեջանի ղեկավարությունը ձեռքից բաց է թողնում միջազգային կազմակերպությունների անդամակցության ընձեռած հնարավորությունները՝ կամուրջներ կերտելու ու լուծումներ գտնելու համար: Ադրբեջանը մերժում է նրանց միջնորդությունը, ովքեր կամենում են օգնել՝ դադարեցնելու թմրանյութերի ապօրինի փոխադրումներն իր տարածքով: Ադրբեջանը նաեւ ձախողում է Եվրախորհրդի ու այլ դիտորդական խմբերի ջանքերը՝ այցելելու տարածաշրջան ու իրենց աչքով տեսնելու, թե ինչպես են ավերվել հազարավոր անփոխարինելի պատմական ու մշակութային կոթողներ: Ադրբեջանն աղաղակում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իր բաղձանքի մասին, մինչդեռ շարունակաբար արգելք է հանդիսանում դաշինքի մի այլ անդամի մասնակցությանը ՆԱՏՕ-ի զինավարժություններին: Ավելին, Ադրբեջանը ոչ միայն չի պախարակում, այլեւ հերոսացնում է ադրբեջանցի զինվորականին, որը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի վերապատրաստման դասընթացների ժամանակ գլխատեց իր հայ գործընկերոջը: Ավելի քան հինգ տարի Ադրբեջանը մերժել է իրեն ներկայացված յուրաքանչյուր առաջարկ՝ 1998թ.-ի Ընդհանուր պետությունից մինչեւ 2001-ի քիուեսթյան փաստաթուղթը»:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930