Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏել»:

Հոկտեմբեր 30,2004 00:00

«ԱրմենՏել»: Մոռացեք ձեր մերձավորներին Հոկտեմբերի 25-ին «ԱրմենՏելին» մենաշնորհից զրկելու որոշման հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության հրավիրած արտահերթ նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ IP ինտերնետ հեռախոսակապի ծառայության մատուցումը «ԱրմենՏելի» մենաշնորհը դարձնելու հարցը, ինչը մի խումբ IP հեռախոսակապի ծառայություն մատուցող ընկերությունների շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել: Երեկ մի քանի տասնյակ ընկերությունների ղեկավարներ, աշխատակիցներ տեղեկացրին, որ ստեղծել են կազմկոմիտե եւ պատրաստվում են բոլոր հնարավոր միջոցներով պայքարել եւ թույլ չտալ ՀՀ կառավարությանը, որ ինտերնետ հեռախոսակապի բացառիկ իրավունքը հանձնի «ԱրմենՏելին»: Նրանց խոսքերով՝ «Այսօր հայաստանյան շուկայում պաշտոնապես գրանցված է մոտ 250 IP հեռախոսակապի ծառայություն մատուցող ընկերություն, որոնք ստեղծել են բազմաթիվ աշխատատեղեր: Փաստորեն մարդկանց մի ստվար բանակ, որ զբաղված է եւ կայուն աշխատավարձ ունի, կդառնա գործազուրկ: Մարդիկ այսօր հնարավորություն ունեն ինտերնետ հեռախոսակապի միջոցով 40-50 դրամով իրենց բարեկամների հետ խոսելու, ինչպես նաեւ գործնական շփումներ ունենալու աշխարհի տարբեր երկրներում բնակվող մարդկանց հետ: Սակայն մենաշնորհի պարագայում գները 7-10 անգամ կթանկանան, քանի որ գումարները կգանձվեն «ԱրմենՏելի» հաստատած սակագներով: Այսինքն՝ ԱՄՆ խոսելու դեպքում 1 րոպեի համար կվճարեն 700 դրամ, Ռուսաստան խոսելու համար՝ 320 դրամ, եւ այդպես շարունակ»: Կազմկոմիտեի անդամների կանխատեսումներով, այդ պարագայում ինտերնետ հեռախոսակապը տեխնոլոգիական հետընթաց էլ կունենա. «Եթե Հայաստանն այժմ ինտեգրված է IP միջազգային հեռախոսակապի ոլորտին եւ արդեն ունի ձեւավորված շուկա, կա մրցակցություն, ինչի արդյունքում կապի որակը բարձրանում է, ապա մենաշնորհի դեպքում շատ մարդիկ կհրաժարվեն օգտվել այդ հեռախոսակապից, քանի որ դա մատչելի չէ բոլորին: Բացի այդ, այժմ մարդիկ հնարավորություն ունեն կանխավճարով եւ ետվճարով խոսելու, այդ ամենը վերանալու է: Երեւույթը վերաբերում է ոչ միայն ելքային, այլեւ մուտքային զանգերին»: Կազմկոմիտեի անդամների ներկայացմամբ, այսօր մի շարք ընկերություններ զբաղված են նաեւ մուտքային զանգերի բաշխմամբ. «Այսինքն՝ եթե մարդիկ ԱՄՆ-ից կամ աշխարհի որեւէ այլ երկրից խոսում են ինտերնետ հեռախոսակապով եւ դրա սակագները թելադրում է շուկան, ապա այս դեպքում մուտքային զանգերի սակագները արտասահմանից մեր երկիր եւս ինքնաբերաբար կբարձրանան: Ընդհանուր առմամբ սա բացասաբար կանդրադառնա երկրի ընդհանուր զարգացման վրա, քանի որ կապի ոլորտը ամենակարեւոր ոլորտն է թե միջազգային հարաբերությունների, թե ընտանեկան շփումների, թե բիզնեսի առումով»: Իսկ կառավարության այն անդամները, որոնք նիստի ժամանակ դեմ են արտահայտվել կառավարության ներկայացրած այս նախագծին, ոչ մի անձնական շահագրգռվածություն չունեն եւ պարզապես պաշտպանում են ազգի շահերը՝ ընդդիմանալով հերթական մենաշնորհին: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031