Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԼՎԻԱՆ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 30,2004 00:00

ԿԱԼՎԻԱՆ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ Եվ այսպես, Իսպանիայի Մալյորկա կղզու Կալվիա քաղաքում երեկ ուշ գիշեր ավարտվեց շախմատի համաշխարհային 36-րդ օլիմպիադան: Տղամարդկանց 129 եւ կանանց 87 թիմեր երկու շաբաթից ավելի պայքարում էին այս հնագույն խաղի բարձրագույն տիտղոսին արժանանալու համար: Եվ ուրախալի է, որ մոտ երեսուն տասնյակ կազմող շախմատային տիտանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները ամբողջ մրցաշարի ընթացքում առաջատարների, մեդալների գլխավոր հավակնորդների մեջ էին: Կալվիայում պայքարը տուրից տուր սրվում ու անզիջում էր դառնում: Այն գագաթնակետին հասավ հատկապես վերջնամասում: Եվ եթե Ուկրաինայի երիտասարդներով համալրված նպատակասլաց ու պատվախնդիր թիմը հենց մեկնարկից ստանձնելով առաջատարի դերը՝ այն այդպես էլ չզիջեց ոչ մեկին, ապա երկրորդ տեղի համար մրցակցությունը չդադարեց մինչեւ վերջին պահը: Ու «արծաթի» հարցը, որի համար ճակատամարտ էին տալիս գլխավորապես Ռուսաստանն ու Հայաստանը, լուծվեց միայն եզրափակիչ՝ 14-րդ տուրում: Նախավերջին՝ 12-րդ փուլում, Հայաստանը տեւական հետապնդումից հետո ոչ-ոքի խաղալով ԱՄՆ-ի հետ, 31 միավորով վերջապես հավասարվեց Ռուսաստանին եւ նրա հետ միասին բաժանեց 2-3-րդ տեղերը: Երկրորդ տեղի համար պայքարը հասավ կիզակետին: Սակայն հաջորդ՝ 13-րդ տուրում մեր քառյակը ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Ֆրանսիայի հետ, իսկ ռուսները նվազագույն՝ 2,5:1,5 հաշվով առավելության հասան Կուբայի նկատմամբ եւ վերջին տուրից առաջ վերահաստատեցին կես միավորի առավելությունը: Երեկ ավարտական եւ վճռորոշ 14-րդ տուրում Հայաստանը մրցում էր Վրաստանի, իսկ Ռուսաստանը՝ Չինաստանի հետ: Երբ գրվում էր այս նյութը, շախմատիստները դեռ շարունակում էին պայքարը, օլիմպիադան լուսաբանող էլեկտրոնային սայթերն էլ «լռում» էին արդյունքների մասին: Բայց անկախ Հայաստանի տղամարդկանց հավաքականի գրավելիք վերջնական տեղից, ուզում ենք արձանագրել, որ մեր Հակոբյան-Վահանյան-Լպուտյան-Արոնյան-Սարգսյան-Մինասյան վեցյակը ամբողջ օլիմպիադայի ընթացքում ցուցադրեց բարձր կարգ, պայքարի անկոտրում ոգի, որի համար արժանի է դրվատանքի ջերմ խոսքերի: Իսկ ընդհանրապես, Անկախ Հայաստանը շախմատային օլիմպիադաներին մասնակցել սկսել է 1992 թվականից ու մարզաձեւի էլիտա մտել նորամուտը «բրոնզով» նշանավորելով: Այդ տարի հեռավոր Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում անցկացվող 30-րդ օլիմպիադայում մեր տղամարդկանց հավաքականը Վահանյան-Հակոբյան-Լպուտյան-Մինասյան-Արշակ Պետրոսյան-Աշոտ Անաստասյան կազմով վաստակեց 34,5 միավոր՝ զիջելով միայն Ռուսաստանին՝ 38,5 միավոր եւ Ուզբեկստանին՝ 35: Այնուհետեւ Հայաստանի տղամարդիկ հանդես են եկել փոփոխակի հաջողությամբ. 1994թ., 13-րդ տեղ, 1996թ., Երեւան, 5-րդ, 1998թ., 16-րդ, 2000թ., 17-րդ: Իսկ 2002 թվականին հայաստանցիները Սլովենիայի Բլեդ քաղաքում կրկնեցին տասնամյա վաղեմության իրենց լավագույն արդյունքը: 35-րդ օլիմպիադայում առաջատարների եռյակը կազմեցին. 1. Ռուսաստան՝ 38,5 միավոր, 2. Հունգարիա՝ 37,5, 3. Հայաստան՝ 35: Երեկ մեր տղամարդկանց վերջին մրցակիցը Վրաստանի հավաքականն էր: Հետաքրքրական է, որ ասես ճակատագրի քմահաճույքով նախորդ՝ 35-րդ օլիմպիադայում նույնպես վերջին մրցամարտում միմյանց դեմ ելել էին այս նույն թիմերը, որում մերոնք առավել քան վստահ հաղթանակ տարան՝ 3:1: Հակոբյանը հաղթեց Ազմայփարաշվիլուն, Լպուտյանը՝ Ստուրուային, Կարեն Ասրյանը եւ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Մչեդլիշվիլու եւ Գոգունաշվիլու հետ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031