Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ

Նոյեմբեր 27,2004 00:00

Ընդդիմադիր
կուսակցությունները քննարկեցին Ղարաբաղի խնդիրը եւ կարեւորեցին լեգիտիմությունը Երեկ
Դեմոկրատական կուսակցությունը եւ Սահմանադրական իրավունք միությունը քննարկում էին
կազմակերպել՝ Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ոչ կոալիցիայի,
ոչ պետական եւ ոչ էլ ԼՂՀ-ից հրավիրված ներկայացուցիչները չէին մասնակցում քննարկմանը:
Արամ Գ. Սարգսյանը դա բացատրեց այսպես. «Ասելիք չունեն»: Իրենց ներկայությամբ չէին
պատվել նաեւ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները: Կազմակերպիչները
քննարկման էին առաջարկել մի բանաձեւ, որում ութ կետով շարադրված են, ըստ իրենց, Արցախի
հիմնահարցի կարգավորման գործընթացում հայկական կողմի անհրաժեշտ քայլերը: Դրանք մոտավորապես
այսպիսին են՝ «Մշակել եւ միջազգային հանրությանը ներկայացնել ՀՀ եւ ԼՂՀ միասնական
հայեցակարգը՝ հիմնահարցի էության մասին, որով կհիմնավորվի նաեւ Ադրբեջանի կազմից
ԼՂ-ի դուրս գալու իրավական նորմերին, ԽՍՀՄ-ի օրենքներին համապատասխանող գործողությունը:
Առաջարկել ՀՀ ԱԺ-ին՝ ճանաչել ԼՂՀ անկախությունը: Իրավական փաստ ընդունելով 1989 թվականի
դեկտեմբերի 1-ին ՀՀ ԳԽ եւ Արցախի ազգային խորհրդի համատեղ որոշումը եւ 1991-ի հանրաքվեի
արդյունքում ԼՂՀ հռչակումը, ԼՂՀ-ի՝ Ադրբեջանից անկախ գոյությունը՝ հռչակագրով ճանաչել
Արցախի փաստացի նվաճած կարգավիճակներից մեկը: Առաջարկել ԱԺ-ին՝ անվավեր ճանաչել 1992
թվականին ՄԱԿ-ում ստորագրված Ադրբեջանի սահմաններին վերաբերվող, ինչպես նաեւ 1999թ.
Ստամբուլի խարտիայի տակ դրված Հայաստանի ստորագրությունները: Հայ-ադրբեջանական բանակցությունների
օրակարգ առաջարկել Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետեւանքների հաղթահարումը»:
Այս ամենին, իհարկե, համաշխարհային հանրությունը պետք է տեղեկացվի դիվանագիտական
խողովակներով, համապատասխան քարոզչություն պետք է ծավալվի, Արցախի հարցի շուրջ հայ
ժողովրդի համազգային միասնականություն ապահովելու համար համակարգված գործողությունների
ծրագիր պետք է մշակվի: Սրանով հանդերձ, ԼՂՀ խնդրի լուծման նախապայմանը մնում է Հայաստանում
օրինական եւ ժողովրդի լայն վստահությունը վայելող իշխանության ձեւավորումը: Դեմկուսի
ղեկավարը եւ Շավարշ Քոչարյանը իրենց ելույթներում, ըստ էության, գովազդեցին լուծման
այս ճանապարհը: ՍԻՄ նախագահը տեղեկացրեց, որ կոնկրետ այս փաստաթղթի առումով ինքը
որոշ վերապահումներ ունի, բայց եթե ԼՂՀ հարցի լուծման ամենավատ տարբերակի շուրջ էլ
համաժողովրդական համաձայնություն կայանա, ինքը կընդունի դա: ԱԺՄ ներկայացուցիչ
Ալբերտ Բաղդասարյանը առաջարկում է նախ ԱԳՆ-ի պաշտոնյաների համար ԼՂՀ հարցի պատմական
եւ իրավական բովանդակության մասին դասընթացներ կազմակերպել: Ապա՝ ԼՂՀ իշխանություններին
առաջարկել՝ «վերջապես քայլեր անել անկախության ուղղությամբ՝ ընդունել Սահմանադրություն,
փոխել պետության անունը, եթե անհրաժեշտություն կա՝ մայրաքաղաքը տեղափոխել պատմական
մայրաքաղաք Շուշի»: Պարոն Բաղդասարյանը կարծում է նաեւ, որ համանախագահների՝ Հայաստանի
գործընկեր ռուս ներկայացուցիչը պետք է նույնպես պատասխան տա միջազգային ատյաններում
մեր ձախողումների համար: Այս ամենին զուգահեռ, պետք է ապահովվի նաեւ Հայաստանի ժողովրդավարացումը,
այլապես, Ա. Բաղդասարյանի համոզմամբ էլ՝ «առանց դրա, ամեն ինչ դատարկ խոսակցություն
է»: ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ ամենաէական հարցն այն է,
թե՝ «հանրային քաղաքական հավաքական միտքն, այնուհանդերձ, ուզո՞ւմ է կոնֆլիկտը կարգավորել,
թե՞ սրանք քայլեր են կամ քայլեր պետք է անել՝ ստատուս-քվոն պահպանելու համար»: ՔԴՄ
նախագահը ոչ պակաս կարեւոր է համարում, թե ի՞նչ ենք հասկանում կարգավորում ասելով,
այն էլ՝ հայանպաստ կարգավորում: Եթե այս հարցերի պատասխանները չկան, ապա՝ «կարող
ենք շեղվել նույնիսկ քաղաքական բուն գործընթացների նպատակներին հասնելու առումով»:
ՔԴՄ-ն, օրինակ, կարգավորում ասելով հասկանում է «կոնֆլիկտի շուրջ իրավական, քաղաքական
այնպիսի պայմանավորվածությունների ձեռքբերում, որոնք կբացառեն կոնֆլիկտի կրկնվելու
որեւէ հնարավորություն՝ երկարաժամկետ հատվածում»: Ինչ վերաբերում է հայանպաստին՝
«Արդյո՞ք դա նշանակում է ադրբեջանավնաս: Եթե՝ այո, ուրեմն ակնհայտորեն չենք խոսում
կարգավորման մասին»,- համոզված է ՔԴՄ նախագահը: Ուստի՝ «կարգավորումը պետք է ձեռնտու
լինի Հայաստանին եւ ԼՂՀ-ին, եւ դրան պետք է դեմ չլինի նաեւ Ադրբեջանը: Հայաստանը
եւ Ղարաբաղը պետք է երկարաժամկետ եւ լուրջ զարգացման հեռանկար ստանան»: ՔԴՄ նախագահի
խորին համոզմամբ, նախ՝ պետք է հստակեցնել կոնֆլիկտի կարգավորման քաղաքական բանաձեւը,
դրանից հետո փորձել հասկանալ նպատակին հասնելու հիմնական քայլերը: Նա եւս այն կարծիքին
է, որ «իշխանությունների քաղաքական որակը օրինականության տեսանկյունից պետք է անխոցելի
լինի, որպեսզի կարողանան նույնիկ մարտահրավեր նետել քո հանրությանը»: ՆԵԼԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել