Լրահոս
Օրվա լրահոսը

Պարում են բոլո՛րը

Նոյեմբեր 27,2004 00:00

ՀԱԿ-ը
որոշել է պարզել, թե ինչն է խանգարում մեր պարողներին «Կայունություն» հասարակական
շարժումը պատրաստվում է առաջիկայում պարարվեստի հանրապետական փառատոն անցկացնել,
որը, կազմակերպիչների կարծիքով, եզակի միջոցառում է լինելու: Այս մասին «Առավոտին»
տեղեկացրեց Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ, «կայունական»
Սարգիս Հարությունյանը: Մինչ նա իր աշխատասենյակ կհրավիրեր հարցազրույցի, բախտ ունեցանք
ծանոթանալ երիտասարդ կուսակցականների գրական նախասիրություններին: Ընդունարանի գրապահարանում
դրված էին 30 հատոր Լենինի, 13-ը՝ Ստալինի երկերից, հիմնականում գրքեր՝ Հայրենական
պատերազմի մասին: Պարոն Հարությունյանը նշեց, որ, իրենից բացի՝ փառատոնի կազմկոմիտեի
համանախագահներ են ընտրվել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, դերասան Երվանդ Մանարյանը,
նկարիչ Արշալույս Աղայանը եւ այլք: Կազմկոմիտեի անունից արդեն համապատասխան գրություններ
են ուղարկվել բոլոր մարզերի, քաղաքապետարանների մշակույթի վարչություններին՝ միջոցառման
մասին: Առաջինը արձագանքել են Լոռու, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի եւ Սյունիքի մարզերը,
Երեւանի մի շարք համայնքներ: Ս. Հարությունյանի հաշվարկով միջոցառմանը կմասնակցի
60-70 պարախումբ, տարիքային եւ ժանրային սահմանափակումներ չեն լինելու, բայց «մեծերը
չեն մրցելու փոքրերի, ոչ էլ պրոֆեսիոնալ խմբերը՝ ինքնագործների հետ»: Հաղթողներին
շնորհվելու են ոսկե մեդալներ, 30 մշակութային ՀԿ-ների կնիքով պատվոգրեր կտրվեն մարզերի
լավագույն մշակութային բաժիններին: «Կայունությունը» նաեւ մի յուրօրինակ մոնիտորինգ
է անցկացնելու՝ պարզելու, թե ո՞ր համայնքներն են ամենաանուշադիրները տեղական պարախմբերի
հանդեպ: Փառատոնի կազմակերպիչները սպառնում են փառատոնից հետո հրապարակել նաեւ այդ
«սեւ» ցուցակը: Պարարվեստի փառատոնը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մշակութային
կենտրոնում, անվճար տոմսեր կտրվեն ազատամարտի վետերանների եւ պատերազմական գործողությունների
մասնակիցների ընտանիքներին: Բացված է հաշվեհամար, եւ փոխանցումներից գոյացած գումարը
կբաշխվի լավագույնների միջեւ: Մեզ հավաստիացրին, որ միջոցառումը կընթանա լուսային
էֆեկտներով, հրավառությամբ: «Առավոտի» հարցին՝ միջոցառմանը ինչ-որ կերպ ներգրավվա՞ծ
են Հայաստանի պարարվեստի եւ Պարարվեստի գործիչների միությունները, որոնք միմյանց
հետ վաղուց տարաձայնություններ ունեն: «Կայունություն» հասարակական շարժման հիմնական
նպատակն է ամեն տեղ կայունություն պահպանելը, երկու նախագահներին (Վ. Խանամիրյան,
Կ. Գեւորգյան) էլ հարգում ենք, փորձում ենք մարդկանց անձնական նկրտումները հարթել,
նրանք լուրջ պոտենցիալ ունեն պարարվեստի ասպարեզում: Չնայած այս ամենին, նրանք չեն
լինի ժյուրիի կազմում»,- ասաց պրն Հարությունյանը: «Կայունության» մշակույթի բաժինը
դեռ ցույց կտա, թե որն է միջոցառումներ անցկացնելու ճիշտ տարբերակը»,- հայտարարում
են փառատոնի կազմակերպիչները: Թեեւ կայունականների մեջ պարարվեստի մարդիկ չկան, բայց
դա չի խանգարում, որ իրենց պարափրկիչ առաքելություն վերագրեն. «Ուզում ենք խթան հանդիսանալ,
որ պարարվեստը Հայաստանում ավելի ամուր հիմքերի եւ բարձր մակարդակի վրա կանգնի, այդ
մակարդակով կարողանա ներկայանալ աշխարհին»: Այս առիթով կայունական Ս. Հարությունյանը
նույնիսկ դիպուկ օրինակ բերեց. «Տեսեք, Ջիվանու դուդուկը (նկատի ունի ոչ թե աշուղ
Ջիվանուն, այլ Ջիվան Գասպարյանին – Գ. Հ.) մինչեւ Ամերիկայում չնվագվեց՝ Ամերիկան
չճանաչեց, ամբողջ աշխարհով մեկ չսփռվեց, բայց դուդուկը մերն էր, չէ՞, մենք ունենք
Ջիվանի, որի ձեռքերում դուդուկը դառնում է կախարդանք»: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930