Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԱՆԵԼ՝ ՀՈՒՆՎԱՐԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԿՐԿԻՆ ՉՊԱՐՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 30,2004 00:00

Առաջարկում
են ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները «Եթե դիվանագիտական հարցերում
պարտություն ես կրում, ապա դա չի նշանակում, որ չպետք է մասնակցես միջազգային կառույցների
աշխատանքներին: Այդ սկզբունքով եկեք ՄԱԿ-ին էլ, ԵԱՀԿ-ին էլ, ԵԽ ԽՎ-ին էլ չմասնակցենք:
Սա նշանակում է ինքնամեկուսացում: Այդ տեսակետից ավելի ճիշտ կլիներ, եթե Դաշնակցությունը
վերլուծեր, թե ինչո՞ւ ենք այս վիճակում, կա՞ արդյոք այդ հարցում նաեւ իր մեղքի բաժինը,
որովհետեւ այս ընթացքում տարվում էր մի քաղաքականություն, որը դատապարտված էր: Համենայնդեպս,
ընդդիմությունն այս մասին բացահայտ էր խոսում: Իսկ հիմա, երբ անհաջողության են մատնվել,
ոչ թե միջազգային կառույցներից պետք է խռովել, այլ՝ ճիշտ հետեւություններ անել»,-
ՀՅԴ-ՀՀԿ «ստրասբուրգյան» հարթությունում ընթացող վեճի մասին այս կարծիքը հայտնեց
ԵԽԽՎ պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը: Գուցե վերջերս (նաեւ մեր թերթում)
ծավալված բանավեճը ՀՅԴ-ՀՀԿ ներկոալիցիոն հակասությունների դրսեւորում է: Նույն պատվիրակության
մեկ այլ անդամ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը չհամաձայնեց
մեր վերը նշված կարծիքին եւ հայտարարեց, որ խոսքը ամենեւին էլ Դաշնակցություն-Հանրապետական
բանավեճի մասին չէ. «Այս ամենը դրա հետ կապ չունի, որովհետեւ կա ավելի լուրջ խնդիր
ԼՂ հարցի հետ կապված, եւ կարեւոր են բոլոր այն քննարկումները, որտեղ ավելի շատ խորհրդարանական
դիվանագիտության ոլորտ է եւ որոշումներն ընդունվում են խորհրդարանական տրամաբանությամբ:
Սա է մտահոգիչը, եւ այստեղ է, որ մեր մոտեցումներում տարբերություններ կան: Մենք
պետք է հասկանանք, որ Ադրբեջանի մարտավարությունը փոխվեց, եւ որոշակի լուրջ շեշտադրումներ
արձանագրվեցին, երբ այդ երկիրն անդամակցեց ԵԽ-ին, նաեւ այն պահից հետո, երբ Ադրբեջանը
շատ հստակ տեսավ, որ Մինսկի խմբի կողմից բերվող առաջարկներն ավելի ու ավելի աննպաստ
են իրենց համար: Մենք սրան համարժեք մարտավարություն առայժմ չենք ցուցաբերել»: «Առավոտը»
նկատեց, որ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ԵԽԽՎ ղարաբաղյան հարցով նախկին զեկուցող
Թերի Դեւիսի զեկույցի նախագծի մասին Արմեն Ռուստամյանը եւ Տիգրան Թորոսյանը բոլորովին
հակադիր տեսակետներ հայտնեցին: Պարոն Ռուստամյանը համաձայն էր ասվածին, սակայն հավելեց,
որ կան նաեւ այլ կարեւոր պահեր. «Կա թյուր ըմբռնում, թե մենք կարող էինք թույլ չտալ,
որ Ղարաբաղի հարցը մտներ ԵԽ օրակարգ: Կարծում եմ, դա հնարավոր չէր անել, որովհետեւ
այն կնշանակեր ուրիշին զրկել իր իրավունքներն իրականացնելու հնարավորությունից, իսկ
նման բան ԵԽ-ում հնարավոր չէր»: Հարցի քննարկումը կանխել հնարավոր չէր, սակայն արդյո՞ք
անհնարին էր ձեւակերպումների վրա ազդել: «Պատրաստել մեր մոտեցումները, մշակել մեր
մարտավարությունը, որ հարցն օրակարգ մտնելուց հետո այն հնարավոր լիներ մեր օգտին
ծառայեցնել, քննարկումները տանել այն ուղղությամբ, որ այսպիսի վերջաբանի չհանգեինք
եւ այս փաստաթուղթը չունենայինք: Այստեղ շատ լուրջ հարց կա, եւ չեմ կարծում, որ սա
միայն պատվիրակության խնդիրն էր: Մենք ունենք ծրագիր, ունենք հայեցակարգ, որով Ղարաբաղի
հարցը պաշտպանում ենք պաշտոնապես, բարձր մակարդակով, դա կատարում ենք Մինսկի խմբում
եւ բավականին հաջող: Բայց հրապարակային ասպարեզում այս հարցը քննարկելու մարտավարություն
մենք չունենք: Այսօր էլ այդ խնդիրը կա: Մենք պետք է կարողանանք մեր հայեցակարգը ներկայացնել
թե ԵԽ գործընկերներին, թե ընդհանրապես այդ գիծը պահել»: Սակայն ակնհայտ էր
արդեն, որ Թերի Դեւիսի ներկայացրած փաստաթուղթը ամենեւին մեր շահերից չէր բխում,
եւ կարծես թե Վահան Հովհաննիսյանի ասածից բխում էր, որ մերոնք ընդհանրապես պետք է
բոյկոտեին այն, ինչին Տիգրան Թորոսյանը կտրականապես համաձայն չէ: Այս իրավիճակում
ի՞նչ գնահատական ունի Արմեն Ռուստամյանը: «Քանի որ չենք կարող ուրիշներին զրկել իրենց
իրավունքից, ուրեմն պետք է կարողանանք մեր իրավունքից օգտվել: Այսինքն՝ ցույց տանք
մեր վճռական անհամաձայնությունն այս ընթացքին: Եթե այս փաստաթուղթն անընդունելի է,
ապա պետք է վճռական մարտավարական միջոց կիրառվի»: Այդ վճռականությունը, ըստ Արմեն
Ռուստամյանի, հետեւյալն է. «Անհրաժեշտ էր ժամանակին Աթկինսոնի առաջ շատ խիստ պահանջ
դնել, որ գա տարածաշրջան, լսի հայկական կողմի դիտողությունները»: Սակայն Դեւիսը իր
զեկույցը գրեց՝ Հայաստան եւ Արցախ այցելություններից հետո, ի դեպ, այդ առիթով ժամանակին
ոմանք բավականին ուրախացել էին: Հետո պարզվեց՝ դա էլ օգուտ չունեցավ: Մեր զրուցակցի
կարծիքով, Աթկինսոնի այցից հետո կարելի կլիներ հայտարարել, որ քննարկումն օբյեկտիվ
չէ, որ այն չի կարող հանգեցնել անկողմնակալ փաստաթղթի: ԵԽԽՎ հունվարյան նիստից առաջ,
ըստ Արմեն Ռուստամյանի, հետեւյալը պետք է լինի. «Վճռական քայլերի միջոցով, մեր մոտեցումները
հստակ արտահայտելու միջոցով փորձենք կանխել պրոցեսը»: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ Հ. Գ. ԵԽԽՎ պատվիր ակության մեկ այլ անդամի՝ ՄԱԿ նախագահ
Գուրգեն Արսենյանի մեկնաբանությունը՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել