Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական

Նոյեմբեր 30,2004 00:00

Պետական երգչախումբը թանկ հաճույք է Որտե՞ղ են Հայաստանի երգչախմբերը, մասնավորապես Երաժշտական (երգչախմբային) ընկերության Ա. Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախումբը: Պարզաբանում է ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը: Մեր զրուցակիցը պատմեց, որ դեռ անցյալ դարի 50-ականներին Հայաստանում լայն գործունեություն ծավալած երգչախմբերին ուշադրության կենտրոնում պահելու, ասել է թե՝ նրանց պրոֆեսիոնալ զարգացումը խթանելու նպատակով, անվանի խմբավարներ Թաթուլ Ալթունյանն ու Էմմա Ծատուրյանը 1958թ. հիմնադրեցին ընկերությունը: Հավելյալ ֆինանսական եկամուտներ ստանալու համար, կառավարության որոշմամբ ընկերությանը կից բացվեցին արտադրական կոմբինատներ, որոնցից ստացված եկամուտների 30%-ը հատկացվում էր ընկերությանը: Պրն Ղազարյանը տեղեկացրեց նաեւ, որ այսօր ընկերությունն ապրում է իր վարչության մի քանի սենյակների եւ խմբերգային արվեստի տան դահլիճի (որը անմխիթար վիճակում է- Ս. Դ.) վարձակալության գումարով. «Դահլիճը բարվոք վիճակում չէ, քանի որ շուրջ 30 տարի այստեղ կատարվել է միայն մասնակի վերանորոգում»: Նա հայտնեց, որ վերջերս Կենտրոնի թաղապետի հետ հանդիպման ժամանակ արծարծել է այդ հարցը, եւ «ենթադրում եմ, որ պարոն Բեգլարյանը միջոցներ կտրամադրի Երգչախմբային արվեստի տան վերանորոգման աշխատանքներին»: Երգչախմբայինից երաժշտականի վերանվանվելը նախագահը բացատրեց ընկերության ստեղծագործական աշխատանքների ընդլայնմամբ. «1987-ից ընդգրկվեցին վոկալ գործիքային, փողային նվագախմբեր, ժողարվեստ, ֆոլկլոր, նույնիսկ ստեղծվեցին պարային խմբեր»: Չնայած միջոցների սակավությանը, «տեղի են ունեցել փողային նվագախմբերի, ժողարվեստի, անհատ կատարողների ամենամյա մրցույթ-փառատոներ»: Դ. Ղազարյանի խոսքերով, չի անտեսվել եւ ոչ մի մշակույթի գործչի հոբելյան, կազմակերպվել են համերգ-այցելություններ տարեցների հիմնարկներ: Ինչ վերաբերում է 1966թ. ընկերության հիմնադրած Ա. Տեր-Հովհաննիսյանի անվան վաստակաշատ երգչախմբի գործունեությանը, պարոն Ղազարյանի խոսքերով՝ «Երգչախումբը 80 արտիստից նվազել է 40-ի: Բարոյական չէ բարձրակարգ երգչին 5000 դրամ աշխատավարձ տալ: Մի քանի տարի է, ինչ անցել ենք պատվերային սկզբունքով աշխատաոճի»: Ապա հիշեցրեց, թե արտերկրում նման սկզբունքով գործող հիանալի երգչախմբեր կան: Համակարծիք լինելով մեր այն դիտարկմանը, թե գործող երգչախմբերը պակասել են, պարոն Ղազարյանը նշեց. «Շատ երգչախմբեր գոյատեւում են հովանավորչական գումարներով: Հայաստանյան բեմերում չերեւալ՝ դեռ չի նշանակում գոյություն չունենալ: Այսօր էլ կան երգչախմբեր, որոնք մեկնում են հյուրախաղերի եւ մրցույթների: Պետք է նշեմ Գյումրիի, Վանաձորի, Ստեփանակերտի երգչախմբերի բարձր մակարդակը: Այո, ֆինանսական պատճառներով երգչախմբերի քանակը պակասել է, բայց գործողները, անխոս, բարձր մակարդակի են»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՀ. Գ. Մշակույթի նախարարության մամլո քարտուղար Գ. Դուրգարյանից տեղեկացանք, որ հանրապետությունում պետական կարգավիճակ ունի միայն Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Նախարարությունը Հ. Թոփիկյանի ղեկավարած «Երեւան» կամերային երգչախմբին պետական կարգավիճակ տալու հարցով դիմել է ֆինանսների նախարարություն, դեռ պատասխան չի ստացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել