Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐ ԱԿՏԻՎԱՑՈՒՄՆԵՐ

Դեկտեմբեր 25,2004 00:00

ՀՆԱՐԱՎՈՐ
ԱԿՏԻՎԱՑՈՒՄՆԵՐ Ընթերցողների՝ հարաբերականորեն նոր սերնդի համար
կրկնենք Չերչիլի հեղինակած հայտնի ճշմարտությունը: Լավն է այն քաղաքագետը, ով հիմնավորված
եւ տրամաբանական կանխատեսումներ է անում ապագայի վերաբերյալ, իսկ որոշ ժամանակ անց
նույնքան հիմնավորված փաստարկներով բացատրում է, թե ինչու իր կանխատեսումները չիրականացան:
Այս տեսակետից ոչինչ մեզ չի խանգարում մի քանի կանխատեսում անել գալիք տարվա
կտրվածքով՝ չվախենալով, որ դրանք չեն իրականանա: Եվ այսպես, 2005-ը ղարաբաղյան
կարգավորման բանակցությունների առումով խոստանում է լինել բավականաչափ ակտիվ, եւ
այդ հանգամանքն իրենց հերթին նշել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ որոշ համանախագահներ՝ օգտագործելով
անգամ «բեկումնային» բառը: Իհարկե, մենք այդ բառից կխուսափենք, քանզի որեւէ բեկում
տեսանելի ապագայում չի երեւում, բայց ինչ-ինչ աշխուժացումներ անպայման կլինեն: Այսպես.
արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի սկզբին Հայաստան են ժամանելու ՄԽ համանախագահները,
ընդ որում՝ առաջին անգամ եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչների ուղեկցությամբ:
Պարզ է, որ հենց տարվա սկզբին նման ներկայացուցչական միջնորդական խմբի այցը «պլանային»
չէ, եւ կարելի է պնդել, որ միջնորդներն այս անգամ հաստատ «դատարկաձեռն» չեն գալու:
Բացի այդ, 2005թ. սպասվում է նաեւ ԵԽԽՎ ու ԵԱՀԿ համատեղ դիտարկողների խմբի այցը հակամարտության
գոտի (այսպես կոչված՝ «գրավյալ տարածքներ»), ու չի բացառվում, որ դիտարկման արդյունքները
զգալի չափով կանխորոշված են լինելու մինչ այդ կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններով
(կամ դրանց բացակայությամբ): ԼՂՀ ԱԳՆ-ում կադրային փոփոխությունները նույնպես գալիս
է փաստելու, որ գալիք տարին հարցի կարգավորման կամ առնվազն տարբեր ատյաններում դրա
արծարծման առումով խոստանում է թեժ լինել, ինչին, ի դեպ, ոչ քիչ չափով կարող է նպաստել
նաեւ այն, որ հենց 2005 թվականին է նախատեսվում «Բաքու-Ջեյհան»-ի գործարկումը: Այս
ամենը, իհարկե, միայն կանխատեսումներ են ու չիրականանալու դեպքում պարզ կլինի, որ
կողմերից առնվազն մեկը լրջորեն շահագրգիռ է հնարավորինս երկարաձգել ստատուս-քվոն:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել