Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարարին անհայտ հայտը

Դեկտեմբեր 25,2004 00:00

Բաց նամակ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի
նախարար Հ. Հովեյանին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանն անմիջապես արձագանքեց
Ձեր նախարարության կողմից հայտարարված հանրապետական երիտասարդական փառատոնին մասնակցելու
հրավերին՝ մինչեւ նշված ժամկետը ներկայացնելով մի քանի անվանակարգ- մրցույթի մասնակցելու
հայտարարագրեր (շարադրության, հայրենասիրական երգի, լուսանկարչական աշխատանքների
եւ ամենակարեւորը՝ ինտելեկտուալ խաղի մրցույթի): Ուզում եմ Ձեզ հայտնել, որ
ՌՀՀ հայագիտության ամբիոնն անմիջապես հայտարարեց «Հայաստանն իմ հայրենիքն է» թեմայով
շարադրության համահամալսարանական մրցույթ՝ համապատասխան մրցանակային ֆոնդով, խրախուսական
նվերներով եւ այլն: Մրցույթում շահած աշխատանքներից երկուսը ներկայացրել ենք նախարարություն:
Իհարկե, չենք հավակնում, թե մեր ուղարկած շարադրություններն անպատճառ պիտի արժանանային
նաեւ Ձեր մրցանակներին: Սակայն ինտելեկտուալ խաղին մասնակցելու հայտը, որը ճիշտ ժամանակին
հանձնել էինք Ձեր հանձնաժողովին, մեզ անհայտ պատճառներով անտեսվեց եւ մեր թիմը ինչ-որ
մեկի քմահաճույքով չհրավիրվեց մրցույթի: Հավանաբար Ձեզ հայտնի է, որ ՌՀՀ-ն
առաջին տեղն է գրավել ինտելեկտուալ խաղերի հանրապետական բուհական թիմերի մրցույթում:
Սակայն այս անգամ մենք մատուցելու էինք անակնկալ. հինգ հոգուց բաղկացած թիմը կազմված
էր լինելու բացառապես ՌՀՀ քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների
բաժնի առաջին կուրսի ուսանողներից: Վերջին մեկ ամսվա ընթացքում անընդհատ մարզել ենք
մեր թիմի անդամներին, համալսարանի բավական հարուստ գրադարանը համալրել ենք հայագիտական
բնույթի գրականությամբ, էքսկուրսիաներ ենք կազմակերպել՝ այցելելով Հայաստանի պատմության
թանգարան, մշակույթի օջախներ: Մի խոսքով՝ մեր համալսարանը եռանդուն նախապատրաստվել
էր այդ փառատոնին՝ մեր ուսանողության ամենաակտիվ մասնակցությունն ապահովելու համար:
Երբ մրցույթի ժամկետները մոտենում էին ավարտին, հեռախոսազրույց ունեցա փոխնախարար
Լիլիթ Ասատրյանի հետ՝ իմանալու, թե ինչո՞ւ ինտելեկտուալ խաղի մրցույթին դեռ չեն հրավիրել
մեր թիմի անդամներին: Նա ինձ պատասխանեց, որ մասնակցության օրը գաղտնի է պահվում
եւ անհանգստանալու կարիք չկա: Բայց այդ օրն այդպես էլ չեկավ: Մրցույթն անցկացվել
էր առանց մեր թիմի՝ մեծ հիասթափություն պատճառելով մեր ուսանողներին: Հակված
ենք կարծելու, որ այս ծավալուն միջոցառման կազմակերպիչները դեռ չունեն համապատասխան
փորձ եւ հմտություն՝ հանրապետական կարգի փառատոն անցկացնելու համար, ինչի վկայությունն
այս հարցում ցուցաբերած տնավարությունն է՝ իր բոլոր բացասական հետեւանքներով: Լինելով
ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի անդամ (գիտության եւ կրթության հանձնախումբ), պատրաստվում
եմ այս հարցը բարձրացնել վերին ատյաններում: ՋԵՄՄԱ ԲԱՌՆԱՍՅԱՆ
Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական
գիտությունների թեկնածու, դոցենտ Մենք փորձեցինք այս կապակցությամբ պարզաբանում ստանալ
փոխնախարար Լիլիթ Ասատրյանից: Պատասխանը բավական հետաքրքիր էր. նա մեզ հայտնեց, որ
ինտելեկտուալ մրցույթի հայտ բուհն իրենց չի ներկայացրել: Եկող տարի կփորձենք բացահայտել
առեղծվածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031