Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՎԹԱՀՈՏ ԶԵԿՈՒՅՑԻՆ՝ ԿՈՇՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Հունվար 29,2005 00:00

Երեկ
ՄԱԱ-ին հյուրընկալած ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ երբեւէ
Ադրբեջանում իշխանության կգան խոհեմ ուժեր, որոնք, հասկանալով, որ ընդմիշտ կորցրել
են Ղարաբաղը, կփնտրեն խաղաղ լուծում: Ըստ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի,
այն զարգացումները, որ ընթանում են ղարաբաղյան հարցի շուրջ, շատ ավելի մեղմ են տարիներ
առաջ լիսաբոնյան գագաթաժողովի ժամանակ պատահածից. «Չէի խտացնի գույներն այդքան՝ ասելով,
թե մենք հայտնվում ենք լիսաբոնյան իրավիճակի մեջ: Լիսաբոնյան գագաթաժողովը այն կազմակերպության
գագաթաժողովն էր, որին վստահված էր ղարաբաղյան հարցի լուծման ճանապարհներ որոնելը:
ԵԽ-ում կամ որեւէ այլ միջազգային կազմակերպության մեջ լսվող զեկույցներն ավելի շատ
խորհրդատվական բնույթ են կրում»: Չնայած դրան, պարոն Հովհաննիսյանն այնուամենայնիվ
չի ժխտում, որ Աթկինսոնի զեկույցը լրջորեն մտահոգվելու առիթ է տալիս: Այնինչ կարող
էր այս վիճակը չլինել, եթե որոշ բացթողումներ չգրանցվեին: Բանն այն է, որ, ըստ պարոն
Հովհաննիսյանի, մինչ այժմ Ղարաբաղի հարցով զբաղվող Մինսկի խումբը մասնագիտացել էր
եւ տասը տարիների ընթացքում լրջորեն ուսումնասիրել էր հարցը, հետեւաբար նրա առաջարկներն
ավելի հայանպաստ էին, քանի որ «մեր վեճն արդար է»: Սա, պարզվում է, նկատել էր նաեւ
Ադրբեջանը. «Ադրբեջանը հասկացել է՝ որքան հարցի ուսումնասիրությունը մասնագիտանում
է, այդքան իրենց համար վատ: 1998թ. ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ադրբեջանցիներին
եւ նրանց հովանավորներին հասկանալի դարձավ, որ խեղդելով, շանտաժով, ճնշումով ՀՀ-ին
հնարավոր չէ պարտադրել միակողմանի զիջումների գնալ: Եվ Ադրբեջանն իր հովանավորների
հետ որդեգրեց նոր մարտավարություն՝ հանել հարցի քննարկումը մասնագիտական շրջանակներից
եւ բերել շպրտել պառլամենտական կազմակերպությունների մեջ, որտեղ հարցը, առանց խոր
ուսումնասիրության, լուծվում է քվեարկությամբ, պահի թելադրանքով: Պարզ է, որ ցանկացած
դեպքում թուրքական, ադրբեջանական, ինչպես նաեւ՝ վրացական, մոլդավական, ուկրաինական
պատվիրակությունների թվաքանակն ու հնարավորությունները մեզնից ավելի են: Այդ պատճառով
ցանկացած պառլամենտական դաշտ նրանց համար ավելի ձեռնտու է»: Ահա սա է մեր դիվանագիտության
բացթողումը. «Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ էդ դաշտում խաղալը մեզ համար ձեռնտու
չէ: Սակայն նրանք ուշադրություն չդարձրին»,- տեղեկացրեց ՀՅԴ ներկայացուցիչը: Եվ արդյունքում
ընդունվեց Աթկինսոնի այս «անդուր» զեկույցը, որում «ամենավտանգավորն այն է, որ նա
արժեզրկում է Մինսկի խմբի կատարած աշխատանքը. դրանով Ադրբեջանի իշխանությունների
մերժողական կեցվածքը այդ բոլոր առաջարկների նկատմամբ կարծես թե արդարացվում է»: Պարոն
Հովհաննիսյանը չհամարեց, սակայն, թե Աթկինսոնի զեկույցի ընդունումը մեր խորհրդարանական
պատվիրակության պարտությունն էր. «Կարեւորն այն է, որ ոչ մի միջազգային ատյան Ադրբեջանին
չի արտոնում հարցը լուծել ռազմական ուղով, իսկ խաղաղ ճանապարհով մենք էլի կհասնենք
որոշակի բաների: Այս զեկույցն էլ կարող էր ավելի վատը լինել, եթե մեր պատգամավորների
ջանքերը չլինեին, բայց պետք է ընդունել, որ ԵԽ-ն մեզ համար ամենանպաստավոր բեմը չէ»:
Խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին արված արտահայտություններից՝
պարոն Հովհաննիսյանը հակասեց մեր ԱԳ նախարարի մինչ այժմ արված հայտարարությանը՝ թե
որեւէ լուրջ պետություն չի ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Իսկ
էդ ե՞րբ որեւէ մեկը՝ ամերիկացիները, ռուսները, իտալացիները չեն ասել, որ Ադրբեջանի
տարածքային ամբողջականությունը ընդունում են: Տարածքային ամբողջականության հասկացողությունը
միշտ էլ շեշտվել է բոլորի կողմից: Կարելի էր իմունիտետ ձեռք բերել եւ ցնցումների
մեջ չընկնել»: Ու չնայած դրան, նա կոնկրետ Աթկինսոնի ասածի մեջ բացարձակ անթույլատրելի
բան էր գտել. «Աթկինսոնն ասում է՝ «եթե Ադրբեջանը համաձայնվի անկախություն տալ ԼՂ-ին,
խնդիր չունենք, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները երբեք դա չեն անի»:
Տո դու ի՞նչ գիտես, է՞: Նա քաջալերում է Ադրբեջանի անզիջում դիրքորոշումը: Երբ մենք
ժամանակին ասում էինք, որ նավթի հոտ է գալիս անգլիացիների զեկույցից, մեզ ասում էին՝
ինչպե՜ս կարելի է նրանց մեղադրել: Ոչ, կարելի՛ է եւ պե՛տք է, պետք է արժեզրկել այդ
զեկույցը, մեղմ վերաբերվեցինք՝ ահա արդյունքը»,- կոշտության կոչ արեց ԱԺ փոխխոսնակը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել