Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵԱՀԿ-ՈՒՄ

Փետրվար 26,2005 00:00

Եվրոպացիները
որոշեցին պայքարել բամբասանքների դեմ ԵԱՀԿ վեհաժողովում երեկ տեղի էին
ունենում հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցող պատգամավորները ճարպկորեն կարողանում
էին ներկայացնել իրենց հուզող կամ իրենց համար կարեւոր հարցերը: Երեկվա նիստի օրակարգում
ազգային փոքրամասնությունների եւ ազատ մամուլի խնդիրներն էին: Նախորդ օրը Հայաստանի
պատվիրակությունը հասցրել էր շուրջ երեսուն երկրների պատվիրակների հանձնել մի քանի
գրքույկներ: Դրանցից մեկը նվիրված էր Գուրգեն Մարգարյանի սպանությանը, կար մի գիրք,
որը կոչվում էր «Խոջալուի ճշմարտության մասին հատուկ դոսյե», նաեւ մի գիրք, որը պատմում
էր ղարաբաղյան պատերազմում իսլամական գործոնի մասին: Հայաստանյան պատվիրակության
ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկվա նիստում, օգտվելով հարցեր տալու իրավունքից,
ուշադրություն հրավիրեց ադրբեջանական սպայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը
եւ իրականացվող դատավարությանը: Նախագահողը համաձայնության նշան արեց գլխի շարժումով:
Բավականին ուշագրավ էր, թե ինչպես են եվրոպական խորհրդարանականները քննարկում
ազատ մամուլի խնդիրները եւ ԶԼՄ-ների գործունեությունն ավելի ազատ դարձնելու հնարավորությունները:
Հունգարացի խորհրդարանական Միկլոշ Հարաշտին, որը իր քաղաքական գործունեությունը սկսել
է որպես մաոիստ, եղել է դիսիդենտ, հիմա էլ բավականին հաջողակ ձախ իրավաբան է, երեկ
ազատ մամուլի խնդիրները ներկայացնելով՝ ԵԱՀԿ նիստերի դահլիճում հայտարարում էր, որ
լրագրողները պետք է ամեն ինչ անեն՝ ազատագրվելու համար պատմական սարսափից: Ըստ նախկին
հալածյալի՝ «ցանկացած ժողովրդավարական երկիր ինչ-որ ժամանակ եղել է բռնապետական,
եւ այժմ ցանկացած ժողովրդավարական երկիր պետք է ապահովի լրագրողի պաշտպանվածությունը,
որն էլ կբերի լրագրողի ազատության»: Ի դեպ, Միկլոշ Հարաշտին հայտնի է որպես «Ա1+»-ի
պաշտպան. ժամանակին նա բազմաթիվ հայտարարություններ է արել ի պաշտպանություն ՀՀ իշխանությունների
կողմից փակված հեռուստաընկերության: Եվրոպացի պատգամավորները բավականին լրջորեն
քննարկում էին մամուլի բամբասանքներից մարդկանց, ավելի ճիշտ՝ քաղաքական գործիչներին
պաշտպանելու հարցերը: Ֆրանսիայի պատգամավորներից մեկը դեպքեր պատմեց, երբ մամուլում
հրապարակված «բամբասանքի» պատճառով մի քանիսը ինքնասպան են եղել, եւ առաջարկեց հնարավորություն
ստեղծել, որ իրականությանը չհամապատասխանող բամբասանքներին հերքումը տրվի անմիջապես:
Պատգամավորները նրա հետ կարծես թե համամիտ էին: Եվրոպայում եւս ԶԼՄ-ների ֆինանսավորման
հարցերը խիստ ակտուալ են: Խոսվում էր այն մասին, որ դրսից ֆինանսավորվող ԶԼՄ-ները
լուրջ եւ վտանգավոր կախման մեջ են լինում ֆինանսավորողներից, ինչը խանգարում է ԶԼՄ-ների
արդար եւ անկողմնակալ աշխատանքին: Հետաքրքիր է, որ այս առումով բավականին անհանգստացած
էր Իտալիայի ներկայացուցիչ պատգամավորը: Ռուսաստանի պատվիրակը ներկայացնելով մամուլի
կախվածության վտանգավոր հետեւանքները՝ մեջբերեց հայտնի բանաձեւն այն մասին, որ մեկի
ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ ճնշվում է մեկ ուրիշի ազատությունը: Ասվեց,
որ ԶԼՄ-ներում խոսքի ազատությունը հաճախ չարաշահվում է. «Եթե քիլլերը սպանում է քաղաքական
գործչին, նրան քրեական պատասխանատվության են ենթարկում, բայց երբ մեկին մամուլը ոչնչացնում
է բամբասանքով, ո՞վ է դրա համար պատասխան տալու»: ԵԱՀԿ երեկվա նիստի քննարկումների
առանցքում էր նաեւ ազգային փոքրամասնությունների խնդիրը: Կանադայի ներկայացուցիչը
հետաքրքրվեց, թե ԵԱՀԿ-ն ի՞նչ է մտածում Իրաքում իրականացվող բռնությունների եւ ընդհանրապես՝
Իրաքի մասին: Նախագահող Միկլոշ Հարաշտը ասաց, թե Իրաքը չի գտնվում ԵԱՀԿ իրավասության
տակ, եւ ինքը Իրաքին վերաբերող հարցերի մասին չի կարող խոսել: Ղարաբաղի հարցը
հանձնաժողովներում առանձին չէր քննարկվում, սակայն քաղաքական հանձնաժողովում այդ
խնդիրն այսպես թե այնպես բարձրացվում էր: Ըստ մեր պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանի՝
ԵԱՀԿ ղեկավարության համար ընդունելի էին հետեւյալ 4 կետերը. 1) Ղարաբաղի հարցը պետք
է քննարկվի եւ լուծվի միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, 2) տեղական նշանակության
խնդիրները (սահմանների խախտում, գերիներ) պետք է լուծվեն երկու երկրների միջեւ եւ
չտարվեն միջազգային ատյաններ, 3) հակամարտության կողմերը երեքն են՝ Ղարաբաղ, Հայաստան,
Ադրբեջան, 4) ամռանը կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում քննարկվելու է ադրբեջանական մամուլում
հակահայկական քարոզչությունը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Վիեննա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28