Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՎԵԼԱՆԱ

Փետրվար 26,2005 00:00

Երեկ ասուլիսում վստահաբար կանխատեսեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը:

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը փետրվարի 24-ին հաստատել է Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի երկրորդ վարկը՝ 20 մլն դոլար արժողությամբ: Ռոջեր Ռոբինսոնը երեկ հայտնեց, թե վարկի իրականացման համար մրցութային կարգով ընտրվելու է Երեւանի ջրամատակարարման համակարգի նոր կառավարիչ, որի հետ կկնքվի լիզինգային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով: Նախատեսվում է, որ 5 տարում կբարձրացվի մատակարարվող ջրի որակն ու կբարելավվի գրաֆիկը: Ռոբինսոնը հույս հայտնեց, թե ծրագրի ավարտին մայրաքաղաքի բնակիչների 94%-ը կստանա շուրջօրյա ջրամատակարարում: Սակայն «Երեւանի ջրմուղ-կոյուղու» տվյալներով՝ արդեն այսօր է մայրաքաղաքի բնակչության 72%-ը օրական 24 ժամ ստանում խմելու ջուր: ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենը վիճարկեց այդ տվյալը: «Շանթի» թղթակիցն էլ վկայակոչեց մասնագիտացված հասարակական կազմակերպությունների դիտարկման արդյունքները, ըստ որոնց՝ շուրջօրյա ջրամատակարարման իրական ցուցանիշը չի գերազանցում 25-27%-ը: Սակայն ասուլիսին ներկա «Համայնքային զարգացման ծրագրի» գրասենյակի գործադիր տնօրեն Վարազդատ Ավոյանը պնդեց, թե այդ տվյալները չեն արտացոլում իրական պատկերը, ինչպես նաեւ՝ 72%-ի վերաբերյալ տվյալները «հաստատված չեն որեւէ անկախ աուդիտորի կամ տեխնիկական մասնագետի կողմից»: Հրապարակեց մեկ այլ տվյալ, թե ջրի տեխնոլոգիական կորուստները կազմում են 70-77%:

«Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե այս վարկային ծրագրի իրականացումից հետո ինչպիսի՞ն կլինեն խմելու ջրի սակագները Երեւանում: Ի պատասխան՝ Ռոջեր Ռոբինսոնն ասաց, թե կանխատեսելը բարդ է, սակայն՝ «Ակնհայտ է, որ լիզինգային օպերատորը կուզենա ունենալ ոչ թե բարձր, այլ ցածր սակագներ: Եվ ակնհայտ է, որ այդ խնդիրը միշտ լինելու է իրենց օրակարգում… Իմ անձնական կարծիքն է, որ առաջիկա տարիներին Երեւանում ջրի սակագինը կբարձրանա»:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ ԱԺ Վերահսկիչ պալատի եւ վարկերի օգտագործման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի գնահատականներին այս ծրագրի առաջին վարկի անարդյունավետ օգտագործման վերաբերյալ: Ռոջեր Ռոբինսոնն առարկեց. «Եթե նրանք գտնում են, որ այս ծրագրի իրականացումն արդյունավետ չի եղել, ապա ես պետք է չհամաձայնեմ: Եվ ուրախ կլինեմ անձնապես հանդիպել ԱԺ Վերահսկիչ պալատի հետ եւ բացատրել, թե ինչո՛ւ համաձայն չեմ»:

«Առավոտը» ՀԲ բանկի երեւանյան գրասենյակի տնօրենին խնդրեց մեկնաբանել մեկ այլ վարկային ծրագրի առնչվող իրողություն: Երեւանի բժշկական համալսարանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցը նախատեսվում էր ներառել առողջապահության ոլորտի բարեփոխման նախագծում: Սակայն ծրագիրը չի իրականացվում, քանի որ ԵԲՀ ղեկավարությունը հրաժարվում է ստորագրել համաձայնության մասին պայմանագիրը՝ հիվանդանոցի հնարավոր փակման մտահոգությամբ: Հիշեցնենք, որ Բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանն «Առավոտին» ասել էր. «Սկզբում ես նույնիսկ ուրախացա, որովհետեւ նախատեսվում էր 3,5 մլն դոլարի ներդրում՝ վերանորոգման եւ սարքավորումների համար: Սակայն որոշ ժամանակ անց հասկացա, որ սխալվել եմ, քանի որ ՀԲ փորձագետները առաջարկեցին մահճակալների թիվը կրճատել՝ փակել 1-ին հիվանդանոցը, իսկ այնտեղ գտնվող 5 ամբիոնները տեղափոխել 1-ին եւ 4-րդ մանկական հիվանդանոցներ»:

Ռոջեր Ռոբինսոնն ի պատասխան՝ նախ ասաց. «Հայաստանի առողջապահական ներկա համակարգը նախատեսված է ծառայություններ մատուցելու մի բնակչության, որն այժմ 1/4-ով պակաս է, քան այդ ծառայությունների կարողությունն է: Քայլելով Երեւանի պատահաբար ընտրված հիվանդանոցային որեւէ հաստատությունում՝ կարող եք համոզվել, թե շենքային պայմանները միշտ չէ, որ օգտագործվում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ»: ԵԲՀ ներկայացուցիչները, սակայն, պնդում են, թե համալսարանական կլինիկաները շրջանային հիվանդանոցներ չեն, որ խտացվեն՝ ըստ մահճակալների զբաղվածության: Հակասություն կար ոչ միայն այս մեկնաբանության, այլ նաեւ հետեւյալ խնդրի առնչությամբ: ԵԲՀ-ում վստահ են, թե թիվ 1 կլինիկական հիվանդանոցի շենքն օգտագործվելու է լսարանների եւ գրասենյակային տարածքների համար: Մինչդեռ պրն Ռոբինսոնն ասաց. «Ոչ ոք չի առաջարկում, որ համալսարանի այդ կլինիկան չօգտագործվի իբրեւ հիվանդանոց: Ենթադրվում է, թե այն առավել կենտրոնանալու է ամբուլատոր բուժման եւ նման խնդիրների վրա»:

Սակայն ամենակարեւորն այս էր. ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենը նշեց, թե պիտի կնքվեր եռակողմ պայմանագիր կառավարության, քաղաքապետարանի եւ թիվ 1 հիվանդանոցի ղեկավարության միջեւ: Համաշխարհային բանկը համաձայնելու էր ֆինանսավորել վերանորոգումը կամ որոշ սարքավորումների ձեռք բերումը՝ այդ պայմանագրի առկայության պայմաններում: Ստացվում է՝ քանի դեռ ԵԲՀ ղեկավարությունը չի ստորագրում այդ պայմանագիրը, թիվ 1 հիվանդանոցին չի սպառնում փակման հեռանկարը:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28