Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանքի վերցվեց դատարանի դահլիճից

Փետրվար 26,2005 00:00

Հովհաննես
Հովհաննիսյանին զրկել են վարորդական իրավունքից, որը նա առանց այդ էլ չուներ: Գեղարքունիքի
մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, Երեւանի գյուղակադեմիայի 3-րդ կուրսի ուսանող Հովհաննես
Լիպարիտի Հովհաննիսյանը մարզի առաջին ատյանի դատարանի հունվարի 26-ի դատավճռով դատապարտվեց
ազատազրկման՝ երեք տարի վեց ամիս ժամկետով եւ դատարանի դահլիճում կալանվեց, տարվեց
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Նա իրեն մեղավոր չէր ճանաչել ինչպես նախաքննության,
այնպես էլ դատաքննության ժամանակ: Հովհաննես Հովհաննիսյանը ՊՆ ժամկետային
զինծառայող էր եւ 2003թ. օգոստոսի 27-ից գտնվել էր կարճաժամկետ արձակուրդում: Օգոստոսի
31-ին, ժամը 01-ի սահմաններում Մարտունի-Սեւան ճանապարհին «Վազ 2121» մակնիշի 16ԼՕ899
պետհամարանիշի մեքենան բախվեց ԶԻԼ 431610 մակնիշի 16ԼՕ916 պետհամարանիշի ավտոմեքենային:
«Վազ 2121» մեքենայի մեջ էին Հովհաննեսի ընկերները, որոնցից նրա դասընկեր Մնացական
Գրիգորյանը տեղում մահացավ, իսկ Սեւադա Թաթոյանի ու Ատոմ Ավդալյանի առողջությանը
հասցվեց միջին ծանրության վնաս: Զինծառայողի հորեղբորորդի Հենրիկին էլ պատճառվեց
ծանր վնաս: Ըստ նախաքննության մարմնի ձեռք բերած տեղեկությունների, տղաներն «Իշխանավանքում»
օգտագործել էին ոգելից խմիչք: Հովհաննես Հովհաննիսյանը ասում է, որ մեքենան վարել
է Մնացականը, իսկ ինքը նստած է եղել նրա կողքին: Վթարից հետո Հովհաննեսը մեքենայից
դուրս է թռել: Տուժող Ատոմ Ավդալյանը դատարանում ցուցմունք էր տվել, որ «Իշխանավանք»
եւ լճափ գնալիս մեքենան վարել է հանգուցյալ Մնացական Գրիգորյանը եւ որ Հովհաննեսը
Մարտունու Լիճք գյուղի հատվածում խնդրել է Մնացին՝ «մեքենան տա իրեն վարելու, ասելով,
որ ծառայության մեջ է եղել եւ վաղուց մեքենա չի վարել»: Եվ որ Լիճք-Երանոս գյուղերի
հատվածում Մնացականը ղեկը հանձնել է Հովհաննեսին, ինքը նստել կողքը: Հոգնածության
եւ ուշ լինելու պատճառով տուժողը քնել է եւ «վթարի պահը չի զգացել»: Ավդալյանն էլ
«ուշքի է եկել, նկատել է, որ պառկած է ճանապարհի վրա»: Ի՞նչ էր ասել նաեւ ԶԻԼ-ի վարորդը՝
Արթուր Գասպարյանը: 4 տոննանոց մեքենայի մեջ է գտնվել վարորդի հայրը՝ Բալաբեկը: «Շուրջ
40-45 մետր տարածությունից ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդն անսպասելիորեն
անցել է իր ուղեմասը եւ ընթացել դեպի իրեն»,- ցուցմունքում ասել էր Ա. Գասպարյանը,
որը փորձել է մանեւրել, սակայն բախումն անխուսափելի է եղել: Տեսել է վիրավորներին,
նրանց դուրս են բերել մեքենայի սրահից. «Երբ մոտեցել է մեքենայի ձախ դռանը, ղեկի
կողմից լսել է խռխռոցի ձայներ: Մթության եւ խառնաշփոթության պատճառով չի իմացել,
թե ՎԱԶ 2121-ի ղեկից իջեցրած անձնավորությունն է մահացել, թե մեկ ուրիշը, քանի որ
երբ մոտեցել է մեքենայի ձախ դռանը, հետեւի նստածն ընկած է եղել ղեկին նստածի վրա»:
ԶԻԼ-ի վարորդին պատճառվել է 190.000 դրամի վնաս, ինչը Արթուրը պահանջեց հօգուտ իրեն
բռնագանձել: Հովհաննես Հովհաննիսյանի պաշտպաններ Գագիկ Սոլոմոնյանն ու Արա
Մաթեւոսյանը երեկ դիմել են ՀՀ զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարան:
Նրանք նշել են, որ իրենց պաշտպանյալը գտնվել է վարորդի կողքին, նրան պատճառվել է
կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ (վիրահատվել է մի քանի անգամ,
իսկ ծնոտից երկաթները դեռ չեն հանված): Պաշտպան Գ. Սոլոմոնյանը ուշադրություն է հրավիրում
տեղազննության, փորձագիտական եզրակացությունների վրա: Ըստ դրա, Հովհ. Հովհաննիսյանի
արյունը մեքենայի սրահում չի հայտնաբերվել: «Դատաքննության ընթացքում պարզվեց,- շարունակում
է Գ. Սոլոմոնյանը,- որ ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերված արյունները
պատկանում են 2-րդ խմբին, իսկ Հովհաննես Հովհաննիսյանինը 1-ին է: Դա նշանակում է,
որ ինչպես վարորդի նստելատեղի ծածկոցին, այնպես էլ մեքենայի այլ մասերում հայտնաբերված
«պաշտպանյալիս արյան փոխարեն» այլ անձի արյան նմուշ է ներկայացվել: Հետեւաբար, եթե
Հովհաննես Հովհաննիսյանը ղեկին լիներ, մեքենան վարեր, ապա նրա արյունը վարորդի նստելատեղի
ծածկոցին առկա կլիներ»: Պաշտպանական կողմը գտնում էր, որ 4 տոննանոց ԶԻԼ-ը, եթե անգամ
թեթեւակի արգելակեր, ապա կխուսափեր վթարից, մանավանդ որ, 3 աստիճան թեքությամբ վերելքով
ճանապարհ է բարձրացել: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել