Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ՝ ԼՈՆԴՈՆՈՒՄ

Փետրվար 26,2005 00:00

«Առավոտն»
արդեն տեղեկացրել է, որ փետրվարի 11-17-ը Լոնդոնի «Լումիեր» կինոթատրոնում պետք է
բացվեր «Վերադարձ ավետյաց երկիր» խորագիրը կրող հայկական կինոյի շաբաթ: Միջոցառման
բացմանն ու փակմանը ցուցադրվել են Տիգրան Խզմալյանի «Օդից թեթեւ» եւ «Սերտեմբեր»
ֆիլմերը: Ընդ որում, վերջին ֆիլմը անգլիացի կինոքննադատները որակել են որպես «20-րդ
դարավերջի պոետական կինո»: Հայկական կինոյի շաբաթին մեծաթիվ հանդիսատես են
ապահովել հատկապես Փարաջանովի, Փելեշյանի, Ատոմ Էգոյանի ֆիլմերը: Տիգրան Խզմալյանը
նոր է վերադարձել Լոնդոնից եւ իր տպավորություններով հանդես կգա առաջիկա ասուլիսում:
Ռեժիսորը «Առավոտին» տեղեկացրեց, որ, ի տարբերություն մեր մայրաքաղաքի, Լոնդոնում
կա շուրջ 500 կինոթատրոն: Գրեթե ամեն շաբաթ այնտեղ կազմակերպվում են կինոոլորտին
վերաբերող բազմազան միջոցառումներ: Ըստ նրա. «Հայկական կինոն այդ ֆոնի վրա ոչ միայն
չկորավ, այլեւ մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես լոնդոնաբնակ մեր հայրենակիցների,
այնպես էլ անգլիացիների եւ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած կինոսիրողների շրջանում:
Այս միջոցառումից հետո, եւս մեկ անգամ համոզվեցի, որ մենք աշխարհին, բացի մեր մշակույթից,
այլ բանով հետաքրքիր չենք»: Միջոցառման օրերին, բացի ֆիլմերի ցուցադրումից, տեղի
են ունեցել կինոքննարկումներ, մամուլի ասուլիսներ: Հայկական կինոյի շաբաթին ներկա
է եղել եւ այն լուսաբանել է թուրքական մի ռադիոընկերության լրագրող: Պրն Խզմալյանը
Լոնդոնից վերադարձել է ոչ միայն հաճելի տպավորություններով, այլեւ բացառիկ արժեքավոր
նվերով. անգլիական հայտնի «Վերդիգո» կինոհանդեսի գլխավոր խմբագիր Գարեթ Էվանսը նրան
է նվիրել Փարաջանովի ֆիլմերից դուրս մնացած կադրերի հավաքածուն: Խզմալյանի կարծիքով,
Փարաջանովն իր հայրենիքում բավականաչափ գնահատված չէ. «Նրան ընդամենը որպես ստերեոտիպ
են ընդունում: Այդ են վկայում «Հայֆիլմի» կինոդարանում տարիներ շարունակ անուշադրության
մատնված նրա ֆիլմերից դուրս մնացած կադրերը, որոնք օտարերկրյա կինոռեժիսորների կողմից
խնամքով հավաքվել եւ մի ամբողջական հավաքածու են դարձել»: Ա.
ՔԵՇԻՇՅԱՆՀ. Գ. Մեր զրույցի վերջում Տ. Խզմալյանն անդրադարձավ
իրեն «Երեւան» ստուդիայի տնօրենի պաշտոնից ազատելու հարցին: «Ես ոչ մեկին չեմ մեղադրում
ինձ պաշտոնանկ անելու մեջ: Տեղի են ունենում բարեփոխումներ, որոնք ես չեմ ընդունում,
հարմարվում: Պարզապես չեմ կարող երկարամյա աշխատանքային փորձ ունեցող բացառիկ մասնագետներին
վերցնել ու հեռացնել աշխատանքից, իսկ ինձ այս տարիների ընթացքում անընդհատ մեղադրել
են հնացած կադրեր պահելու համար: «Երեւան» ստուդիայում իմ գործունեությունից ես չեմ
դժգոհում: Աշխատածս յոթ տարիների ընթացքում ստուդիայում նկարահանվել է 24 վավերագրական,
3 գեղարվեստական ֆիլմ, «Մենք» շարքը: Այդ ֆիլմերը մասնակցել են բազմաթիվ միջազգային
փառատոների, ստացել մրցանակներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28