Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԸ ԽԱՐԱԶԱՆԵՑԻՆ ԻՐԵՆՑ

Մարտ 31,2005 00:00

Երեկ
Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպվել էր քննարկում՝ «Հանրային բնույթի գրադարաններն
անկախության տարիներին» թեմայով: Ավելի շատ նման էր ինքնաքննադատող հաշվետվության:
Թվերով ներկայացվեց, թե 1991-2003-ը քանի գրադարան է մնացել: Պարզվում է՝ այդ ժամանակաընթացքում
գրադարանների թիվը նվազել է 236 ով՝ դա բավականին վատ ցուցանիշ է: Ելույթ ունեցավ
Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, որն անդրադառնալով գրադարաններին սպասվող
օպտիմալացմանը, հայտարարեց. «Ես չեմ սարսափում խելամիտ օպտիմալացումից»: Նա նշեց,
որ շատ ավելի լավ կլինի, օրինակ, 1000 գրադարանից թողնել 700-ը: Քանի որ 1000-ը այդ
վիճակով թողնելու դեպքում եղածն էլ կկորցնենք: Օպտիմալացման դեմ պայքարելը Դ. Սարգսյանը
համարեց դոնքիշոտյան միամտություն: Նա դժգոհեց, թե բազում գրադարաններ ֆիքսված են
միայն թղթի վրա եւ փոշիացնում են պետության գումարները: Ըստ նրա, կան մարզային, գյուղական
գրադարաններ, որտեղ կատարյալ անտարբերություն է տիրում գրքի հանդեպ: Պատճառը գորշ
աշխատաոճն է: Հենց այդ տեղերում էլ տեղական ինքնակառավարման «իշխանիկները» ուշադրություն
չեն դարձնում ոչ գրադարանին, ոչ էլ շենքային պայմաններին: «Գյուղապետերը պատրաստ
են փակել գրադարանը, փոշիացնել գրքերը, փոխարենը՝ խանութ սարքել: Միեւնույն է՝ չեն
պատժվելու: Որովհետեւ գյուղապետերին, թաղապետերին պատժող միջոց չկա»,- դժգոհեց Ազգային
գրադարանի տնօրենը: Դահլիճից էլ կարծիքներ հնչեցին, թե որոշ գյուղերում գյուղապետերը
գրքերն իրենց տուն են տանում: Դ. Սարգսյանը կոնկրետ չնշեց, թե հատկապես որ
համայնքի գրադարանից է դժգոհ, սակայն ասաց, որ որոշ վայրերում գյուղական գրադարանները
չեն ենթարկվում մարզայինին, անում են «կապրիզներ», հրաժարվում են հաշվետվություն
ներկայացնել: Պարոն Սարգսյանը նշեց, որ գրադարաններում քիչ են գիտակ գրադարանավարները:
Չկա մեկը, որ կարողանա ընթերցողի հարցին պատասխանել: Քննարկումը բոյկոտել
եւ չէին ներկայացել բոլոր գյուղական համայնքների գրադարանների ներկայացուցիչները:
Մարզայիններից էլ ներկա էին մի քանիսը: Մարզերի գրադարանների նկատմամբ եղած ուշադրությունից
նրանք գոհ էին, սակայն լուրջ խնդիր ունեն՝ կապված շենքային պայմանների հետ: Օրինակ՝
Լոռու մարզային գրադարանում տարվա կեսը ցուրտ է. «Մարդիկ սրթսրթալով են գալիս: Մենք
էլ ստիպված գիրքը տալիս ենք, որ տուն տանեն: Տանում ու չեն բերում: Դե, ընկիր հետեւներից
ու գրքի եռապատիկը գանձիր: Դրա համար էլ կորուստներ ենք ունենում»,- նեղսրտեց Լոռու
մարզային գրադարանի փոխտնօրեն Ֆրուսիա Ջանջուղազյանը: ՀՐԱՉՈՒՀԻ
ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031