Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ դու գնալո՞ւ ես Մոսկվա

Ապրիլ 30,2005 00:00

Իսկ
դու գնալո՞ւ ես Մոսկվա Այնպես, ինչպես Հայոց ցեղասպանության
հետ կապված խնդիրները տարիների ընթացքում ողբերգությունից տրանսֆորմացվեցին չոր քաղաքական
խաղաքարտի, նույնպիսի ճակատագրի է արժանանում նաեւ ֆաշիզմի դեմ մարդկության տարած
հաղթանակը: Տպավորություն կա, որ միջազգային հանրությունը՝ կախված Երկրորդ համաշխարհային
պատերազմի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, այսօր մի տեսակ կրակն է ընկել Կրեմլի
ձեռքը: Ավելի ճիշտ, խոսքն այս դեպքում ոչ այնքան պատերազմի նկատմամբ վերաբերմունքի,
որքան առաջիկայում Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 60-րդ տարելիցին նվիրված տոնակատարություններին
բարձր մակարդակով ներկայացված լինել-չլինելու մասին է: Կրեմլը, փաստորեն, հրաշալի
մի առիթ է գտել իր համար անցանկալի երկրների հասցեին սրտի ուզածն ասելու եւ իր այդ
վարքագիծը ամենաառաքինի պատճառաբանություններով արդարացնելու համար: Ժամանելո՞ւ եք
Մոսկվա, շատ լավ: Ուրեմն դեմ եք ֆաշիզմին եւ, որ կարեւոր է՝ հարգում եք դրա ջախջախման
մեջ ԽՍՀՄ-ի ու հատկապես Ռուսաստանի ներդրումը: Չե՞ք ժամանելու: Ուրեմն հենց ինքներդ
էլ ֆաշիստ եք կամ առնվազն՝ համակիր: Եվ ոչ մի առարկություն: Ոչ մի շեղում այս սխեմայից:
Նկատենք, որ այս հնարքն, այսպես կոչված, «նյու-ավտորիտարիզմի» ճահճուտի մեջ
աստիճանաբար ավելի ու ավելի խրվող ՌԴ ղեկավարությանը միջազգային քաղաքական նորօրյա
իրողություններում խուսանավելու լավ հնարավորություն է տալիս: Փաստորեն, ԱՄՆ-ի կամ
որեւէ արեւմտյան երկրի համար այսօր խիստ դժվար կլինի մերժել Մոսկվա մեկնելու հրավերը
եւ միաժամանակ՝ վերջինիս մեղադրել, ասենք՝ երկրի ներսում մամուլի կամ բիզնեսի ազատությունները
սահմանափակելու մեջ: Ի՞նչ ազատ մամուլի մասին է խոսքը, երբ դուք, ըստ էության, անուղղակիորեն
աջակցում եք ֆաշիզմին: Ահա այն միակ եւ գոնե առաջին հայացքից խիստ տրամաբանական փաստարկը,
որն անմիջապես կշպրտվի հրավերը մերժող երկրի երեսին՝ դրանից բխող բոլոր քաղաքական
հետեւանքներով: Պետք է նկատել, որ մինչ այժմ այս սխեման անվրեպ է գործել:
Հաղթանակի 60-ամյակին նվիրված մոսկովյան տոնակատարություններին մասնակցելու իրենց
մտադրության մասին են հայտնել արդեն 53 պետությունների ղեկավարներ: Դրանց թվում են
ԱՄՆ-ի եւ ԵՄ անդամ առաջատար երկրների նախագահները: Մոսկվա մեկնելու ցանկություն է
հայտնել անգամ ֆաշիստական Գերմանիայի երբեմնի դաշնակից՝ ցայժմ Ռուսաստանի հետ ցավոտ
խնդիրներ ունեցող Ճապոնիայի վարչապետը: Բնականաբար՝ այս ամենի մեջ առկա քաղաքական
ենթատեքստը շատ քիչ է աղերսվում ֆաշիզմի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ. վերոհիշյալ
պետությունները 60-ամյա հաղթանակի պատրվակով բացառապես այսօրվա հարցեր են լուծում
միմյանց հետ: Եվ ինչպես հաճախ է պատահում նման դեպքերում, այդ նույն հնարքը շրջվում
է նաեւ այն բանեցնողի դեմ: Մոսկվա չմեկնելով՝ որոշ երկրների ղեկավարներ, առանց ձեւակերպումների
վրա ավելորդ ջանք թափելու, իրենց վերաբերմունքն են ցուցադրում հենց իր՝ Մոսկվայի
նկատմամբ: Այդ երկրների թվում են Լիտվան, Էստոնիան եւ Վրաստանը: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել