Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում եմ մրցույթի ամբողջ ընթացքը
ներկայացնել հանրությանը

Ապրիլ 30,2005 00:00

Արդեն
որերորդ ամիսն է՝ շարունակվում է 150 հազար անապահով ընտանիքների համար բազմասակագնային
էլեկտրահաշվիչների արտադրության նպատակով հայտարարված մրցույթը եւ վերջն էլ դեռ չի
երեւում: Հարց է ծագում, թե գործող օրենսդրությամբ նման մրցույթների իրականացման
համար ժամկետներ սահմանված չե՞ն եւ եթե այո, կոնկրետ դեպքում ժամկետային խախտումներ
տեղի չե՞ն ունեցել: Հարցի պատասխանը ստանալու նպատակով դիմեցինք մրցույթին մասնակից
կողմերից մեկի՝ «Էներգիա կոնցեռն» ընկերության տնօրեն Էդուարդ Գրիգորյանին: –
Ինչպես հայտնի է, բազմասակագնային էլեկտրահաշվիչների ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի
կառավարության կողմից միջազգային համագործակցության ճապոնական պետական բանկի (IBIC)
միջոցով տրամադրվող մոտ 8,5 մլն դոլար վարկային միջոցների հաշվին: Ճապոնական բանկը
ողջ աշխարհում վարկային ծրագրեր իրականացնելիս առաջնորդվում է հաստատված կարգով:
Այդ կերպ հստակեցվում է, թե նման միջոցներով իրականացվող մրցույթներն ինչ մեխանիզմներով
կարող են ընթանալ, մասնակից ընկերություններին ինչ պայմաններում կարող են դուրս թողնել,
հստակեցված են ժամկետները եւ այլն: Ըստ այդ կանոնակարգի, առաջնային է համարվում տեխնիկական
ապահովումը: Այսինքն՝ բոլոր մասնակիցները կարող են դուրս մնալ մրցույթից, եթե նրանց
առաջարկը տեխնիկական որեւէ կետով չի համապատասխանում մրցույթի պահանջին: Մինչդեռ
գնային պարամետրերը այդ կանոնակարգում ամենեւին էլ առաջնային դիրքերում չեն: Ավելին,
եթե մասնակցի կողմից առաջարկվող գինը կտրուկ կերպով տարբերվում է (բարձր կամ ցածր)
մրցութային համապատասխան ցուցանիշից (որը կոնկրետ դեպքում հաստատված է ՀՀ կառավարության,
համապատասխան նախարարության եւ վերջապես բանկի կողմից), ապա դա, ըստ բանկի կանոնակարգի,
համարվում է խիստ կասկածելի եւ ենթակա է մանրամասն ուսումնասիրման: Ի դեպ, դա հաճախ
պատճառ է դառնում, որ տվյալ ընկերությունը դուրս մնա մրցույթից: Ինչ վերաբերում
է ժամկետներին, ապա դա նախատեսված է եւ ճապոնական բանկի կանոնակարգով, եւ Հայաստանի
համապատասխան օրենքներով ու ենթաօրենսդրական ակտերով: Ըստ այդմ, մրցույթը պետք է
ավարտվի փաթեթները բացելուց հետո 90 օրվա ընթացքում: Բազմասակագնային հաշվիչների
մրցույթի պարագայում այդ ժամկետը վաղուց է լրացել, փաթեթները բացվել են դեկտեմբերի
7-ին, ինչը նշանակում է, որ տեղի են ունեցել բացահայտ խախտումներ: Թե որն է պատճառը,
դժվարանում եմ ասել: Սակայն կարող եմ ասել, որ մրցույթի մասնակցության համար մասնակիցները
գրավ են դրել մոտ 200 հազարական դոլար գումար, ինչը համապատասխան ժամկետի ավարտից
հետո էլ մնում է սառեցված վիճակում: Ստացվում է, որ մրցույթը ժամանակին չավարտելու
պատճառով կրում ենք զգալի ֆինանսական վնասներ, եւ հետաքրքիր է, մրցութային հանձնաժողովը
կամ համապատասխան ԾԻԳ-ը, որոնց մեղքով է տեղի ունենում ձգձգումը, պատրա՞ստ է այն
փոխհատուցել: – Ինչպես հայտնի է, Ձեր ղեկավարած ընկերությունը մրցույթին մասնակցում
է ճապոնական հայտնի «Կուրհառա կոցաո» ընկերության հետ համատեղ: Տեղեկություններ եղան,
որ ձեր գործընկերը պատրաստվում է դիմել միջազգային դատարան: Դա ճի՞շտ է: –
Այո, մեր գործընկերը, որը շատ հզոր ընկերություն է, չափազանց զարմացած է մրցույթի
ընթացքով: Ընկերության ներկայացուցիչները իրոք հայտարարել են, որ մոտ ժամանակներս
պատրաստվում են նախ դիմել ՀՀ կառավարությանը, եւ եթե չլինի համապատասխան միջամտություն,
ապա մեր գործընկերը անպայման կդիմի միջազգային դատարան: – Ճապոնական բանկի
ներկայացուցիչը վերջերս զարմանքով տեղեկացավ, որ առ- այսօր մրցույթը տեղի չի ունեցել:
Ձեր կարծիքով, ժամանակը չէ՞, որ բանկն էլ միջամտի: – Բնականաբար, բանկը տեղյակ
է ընթացքից: Սակայն, կարծում եմ, բանկին իրական վիճակը չի ներկայացվում: Միաժամանակ
բանկն այնքան կոռեկտ է, որ իրեն թույլ չի տալիս խառնվել Հայաստանի ներքին խնդիրներին
եւ դեռ սպասում է, թե այս ամենը ինչ ավարտ կունենա: Սակայն դա էլ իր ժամանակն ունի,
եւ որպեսզի Հայաստանը խայտառակ չլինի միջազգային շուկաներում, հարկավոր է նման խնդիրները
ժամանակին լուծել: – Մրցույթի հետ կապված պարբերաբար ամենատարբեր լուրերն
են շրջանառվում: Նախ խոսվում էր, թե ճապոնական կողմը չի տրամադրի Երեւանի ՋԷԿ-ի վերակառուցման
համար խոստացված 150 մլն դոլար վարկը, եթե հաշվիչների մրցույթում չհաղթի չինական
կողմը: Այնուհետեւ շրջանառության մեջ մտան խոսակցություններ, թե չինացիներին հովանավորում
են հանրապետության նախագահը եւ վարչապետը: Ի՞նչ կարծիք ունեք նման լուրերի հետ կապված:
– Երեւանի ՋԷԿ-ի 150 մլն վարկը արդեն իսկ տրամադրվել է, եւ դա արդեն չի կարող
շահարկվել: Նախագահի եւ վարչապետի մասին խոսակցությունները եւս հազիվ թե մոտ լինեն
իրականությանը, քանի որ այդ դեպքում, կարծում եմ, մրցույթն արդեն իսկ ավարտված կլիներ
չինական ընկերության օգտին: Այդ բոլոր լուրերին ես էլ եմ ծանոթացել լրատվամիջոցներից
եւ կարծում եմ, որ նման շահարկումները շրջանառության մեջ են դրվում հանձնաժողովի
անդամների վրա ազդեցություն գործելու կամ տպավորություն ստեղծելու նպատակով: –
Այս վարկային ծրագիրը ուսումնասիրում է նաեւ ԱԺ-ի օտարերկրյա վարկային միջոցներն
ուսումնասիրող հանձնաժողովը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք: – Ես շատ ուրախ եմ,
որ պառլամենտի որոշ անդամներ սկսել են ակտիվորեն զբաղվել այդ հարցով, քանի որ ծրագիրը,
վերջին հաշվով, միտված է 150 հազար անապահով ընտանիքներին, այսինքն՝ ունի լուրջ սոցիալական
բնույթ: Հանձնաժողովը, հուսով եմ, ի հայտ կբերի մրցույթի բոլոր թերությունները: –
Լուրեր կան նաեւ, որ ԾԻԳ-ը հրաժարվում է հանձնաժողովին տեղեկատվություն տալ՝ այն
համարելով մրցույթի գաղտնիք: Ինչ խոսք, որոշ պարամետրեր, ասենք՝ գնային առաջարկները,
տեխնիկական չափանիշները, պետք է գաղտնիք համարել՝ ելնելով մասնակից ընկերությունների
շահերից: Սակայն երբ լրագրողներին ԾԻԳ-ը տվյալներ չի տալիս անգամ հանձնաժողովի նիստերի
օրվա մասին, ապա դա ավելի շատ աբսուրդի չի՞ նմանվում: – Ցավում եմ, բայց ԾԻԳ-ի
սխալները շատ են: Այո, գնային առաջարկները, տեխնիկական պարամետրերը պետք է գաղտնիք
լինեն, բայց չէ՞ որ էներգետիկայի նախարարը պաշտոնապես խոսեց գներից: Տեխնիկական հարցերը
եւս այսօր իրենցից որեւէ գաղտնիք չեն ներկայացնում: Այս տեսանկյունից, իհարկե, աբսուրդ
է նիստերի օրը գաղտնի պահելը: Համոզված եմ նաեւ, որ Չինաստանի իշխանությունների
ներկայացուցիչները ծանոթ չեն ներկայացված փաստաթղթերի թերություններին, քանի որ ամեն
դեպքում նման, մեղմ ասած, թերություններով մամուլում արդեն ներկայացված փաստաթղթերը
չեն նպաստում որեւէ երկրի իմիջի բարձրացմանը: Ամեն դեպքում, կրկնում եմ, ծրագիրն
ունի լուրջ սոցիալական ուղղվածություն եւ կարծում եմ, մրցույթը պետք է առավելագույնս
թափանցիկ լինի: Ես, որպես մասնակից կողմ, ե՛ւ մյուս մասնակիցներին, ե՛ւ հանձնաժողովին,
ե՛ւ ԾԻԳ-ին առաջարկում եմ մրցույթի ամբողջ ընթացքը ներկայացնել հանրությանը: Զ.
ՍԱՐԳՍՅԱՆR

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել