Լրահոս
Օրվա լրահոսը

Հին

Ապրիլ 30,2005 00:00

Հին Երեւան էլ կունենանք Հնարավոր է՝ Ալավերդյան փողոցում Երեկ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն ասաց, որ «մտածում ենք մի փողոց կամ վայր առանձնացնել, որտեղ կհավաքենք հին Երեւանի արժեքավոր շենքերն իրենց քարերով» եւ որ «այս միտքն արդեն հետաքրքրել է շատ ներդրողների, քանի որ այն լինելու է շնչող, ոչ թե՝ մեռյալ գոտի, եւ սա էլ բիզնեսի հրապուրիչ ձեւ է»: Այս հայտարարությամբ երեկ նա կանխեց նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանի մոտ հրավիրված մշակույթի «դեմքերի» «հարձակումը»՝ պատմական արժեք ներկայացնող շենքերը քանդելու հետ կապված: Պարոն Ավագյանն ակնկալում էր քննարկման միջոցով մշակութաբաններին ծանոթացնել Երեւանում կատարվող շինարարական «հեղափոխության» նշանակությանը: Սակայն այդ մասին գլխավոր ճարտարապետի ներկայացրած զեկույցը նրանք չլսեցին էլ՝ բոլորը կարծիքներ էին փոխանակում այնքան բարձրաձայն, որ սովորաբար նման անկարգությամբ աչքի ընկնող լրագրողները ստիպված եղան մի քանի անգամ զգուշացնել նրանց: «Լսելու բան չէ, չեմ հավատում ասած ոչ մի բանին, դրա համար էլ չեմ լսում»,- «Առավոտի» հետ «կիսվեց» Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը: Նրան հետաքրքրում էր, թե նորակառույց Երեւանում գոնե մի շենք նախատեսվա՞ծ է մշակույթի համար: Բնականաբար՝ ոչ: Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն էլ խիստ նեղված էր, որ իրար կողքի շենքերը տարբեր գույն ունեն, «այնինչ մեր քաղաքն իր գույնն ունի, նկարն ու երաժշտությունն իր գույնն ունի»: Գլխավոր ճարտարապետի կարծիքն այդ հարցին «միագույն» չէր. «Երաժշտության մեջ էլ գույները սահմանափակ չեն, ճարտարապետության մեջ էլ, կարեւորը քաղաքաշինական ճիշտ լուծումներ գտնելն է»: Նման լուծում է, ըստ Ս. Դանիելյանի, հրապարակի հարեւանությամբ նախատեսված Գլխավոր պողոտայի նորակառույցների հարկայնությունը. այդ շենքերը, քանի հարկ ու ձեւ էլ ունենան, չպետք է երեւան՝ հրապարակի որ հատվածից էլ նայես: Տեղեկացանք, որ «Ֆիրդուսնոցի» համար քաղաքաշինական վեճ չկա՝ այստեղ կկառուցվի ստորգետնյա զվարճանքի կենտրոն, վրան՝ առեւտրի կենտրոն, շուրջը՝ բնակելի բազմահարկեր: Վիճելի է Կոնդի վերակառուցման հարցը, բայց «երեւի կանգ կառնենք խառը կառուցապատման ձեւի վրա, դա կոչվում է հարթակային կառուցապատում, իսկ աստիճանական բարձրացող տների տանիքները կծածկվեն կանաչով»: Ռ. ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել