Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ

Ապրիլ 30,2005 00:00

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ «ԾԱՎԱԼՆԵՐԸ» ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ Արդեն 5-րդ տարին է՝ «Ռոբեր Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի սահմանած հանրապետության նախագահի մրցանակներ են շնորհվում գիտության եւ մշակույթի բնագավառների գործիչների: Երեկ մրցանակները հանդիսավորությամբ հանձնվեցին տերերին: Բնական գիտությունների զարգացման բնագավառում առանձնացվել էին Աիդա Ավետիսյանը, Աշոտ Սաղյանը, Տիգրան Կուրտիկյանը, տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Վլադիմիր Սահակյանը, Հրաչյա Ասցատրյանը, Միքայել Գյուրջյանը, Ռոբերտ Թադեւոսյանը, ինչպես նաեւ Էդուարդ Խաչիյանը: Ֆիզիկայի բնագավառում ունեցած ներդրման համար մրցանակ շնորհվեց Արամ Սահարյանին: Այս տարի առաջին անգամ նախագահական մրցանակ շնորհվեց մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեության եւ ծրագրերի զարգացման բնագավառում՝ Մեծավորուհի քույր Արուսյակին, Լյուդմիլա Հարությունյանին, Սամվել Դարբինյանին, Տիգրան Պապանյանին, Աշոտ Կարապետյանին: Գրականության բնագավառում նախագահի մրցանակին է արժանացել Էդվարդ Միլիտոնյանը՝ «Վահագն Վիշապաքաղի արկածները» վեպի համար, իսկ հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում՝ Հրաչ Բարթիկյանը՝ «Հայ-բյուզանդական հետազոտություններ» երկհատոր մենագրության համար: Բժշկագիտության հանձնաժողովի նախագահ Էմիլ Գաբրիելյանն ու Արվեստի հանձնաժողովի նախագահ Մկրտիչ Մինասյանը տեղեկացրին, որ իրենց ոլորտներում մրցանակներ չեն շնորհվել, քանի որ չափանիշներն անչափ խիստ էին: Առաջին անգամ էին մրցանակներ տրվում նաեւ երիտասարդներին: Նախագահն ասաց, որ ունենք փայլուն երիտասարդություն, որին պետք է սատարել: Կերպարվեստի եւ կինոյի բնագավառում մրցանակ ստացավ երիտասարդ դիզայներ Միքայել Դանիելյանը՝ «Նռան գույնը» հագուստի հավաքածուի համար, Արշակ Սարգսյանը՝ «Երիտասարդներ» գեղանկարների եւ գրաֆիկական աշխատանքների շարքի համար, կինոռեժիսոր Աննա Մովսեսյանը, օպերատոր Մկրտիչ Խաչատրյանը՝ «-40 C» վավերագրական կինոնկարի համար, երաժշտության բնագավառում՝ Անուշ եւ Ինգա Արշակյանները՝ հայ ժողովրդական երգի մշակման, ներկայացման եւ բարձր կատարողական ունակությունների դրսեւորման համար: Գրականության բնագավառում նախագահի մրցանակը հանձնվեց Արեգ Ազատյանին, վերջինս էլ երկրի ղեկավարին նվիրեց իր գիրքը։ Գրականության հանձնաժողովի նախագահ Պերճ Զեյթունցյանը երիտասարդ արձակագրին խորհուրդ տվեց մրցանակով ուրախանալ մինչեւ մայիսի վերջը ու այնուհետեւ լծվել ստեղծագործական աշխատանքի: Նաեւ զգուշացրեց «անտենաներով հաղորդակից լինել համաշխարհային գրականությանը»՝ գավառական գրող դառնալու վտանգից խուսափելու համար: Երաժշտության հանձնաժողովի նախագահ Մարտին Վարդազարյանն ասաց, որ իրենց հանձնաժողովի որոշմամբ դափնեկիրներ են դարձել Արշակյան քույրերը, որովհետեւ ներկայացնում են ամենաանպաշտպան բնագավառը: «Պիտի կարողանանք պահել մրցանակը եւ ողջ աշխարհին ներկայացնել հայ էթնիկ երաժշտությունը»,- խոստացան աղջիկները: Ռ. Քոչարյանն ու «Ռոբեր Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ Ժան Պողոսյանը կարեւորեցին ոչ միայն երիտասարդական, այլեւ ցեղասպանության ճանաչման ոլորտում ունեցած ներդրման համար սահմանված մրցանակները: «Ցեղասպանության ոլորտում կատարած ներդրման համար սահմանված մրցանակը կարող է շնորհվել ցանկացած՝ գիտական, մշակութային, ստեղծագործական աշխատանքի կամ գործունեության համար, տրվել մարդկանց, որոնք կկարողանան նպաստել որեւէ երկրի կամ միջազգային կառույցի կողմից ցեղասպանության ճանաչմանը կամ հասարակական կարծիքի փոփոխմանը այդ ասպարեզում… Այսօր ունենք մարտահրավեր, ուժեղացնելու մեր հաղորդակցության միջոցները եւ կարողանալ այնպես անել, որ ցեղասպանությունը ճանաչվի բոլորի կողմից: Դա ոչ միայն հայության, այլեւ ողջ մարդկության խնդիրն է եւ գրավականը այն բանի, որ ցեղասպանությունը աշխարհում երբեւէ չկրկնվի»,- ասաց պրն Պողոսյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել