Լրահոս
Օրվա լրահոսը

Միստր X-ի անհայտները

Մայիս 28,2005 00:00

Օրերս
կբացվի www.misterxmusic.com ինտերնետային կայքը: Սակայն այս էջից օգտվողներին սպասվում
է հիասթափություն: Խնդիրն այն է, որ կայքի տերը՝ երգիչ Միստր Իքսը, չի պատրաստվում
բացել իր աչքերը թաքցնելու գաղտնիքը: Ըստ երգչի՝ հոգու հայելին համարվող աչքերը թաքցնելը,
կոնկրետ իր դեպքում՝ իմիջ չէ, այլ ավելի խոր մի բան. «Եթե աչքերս փակել եմ, ուրեմն
այդպես է պետք: Դա իմ ներքին աշխարհն ու այնտեղ գտնվող հոգեվիճակները թաքցնելու համար
է: Համոզված եմ, որ այն, եթե չասեմ ամբողջությամբ, մասամբ էլ չպետք է հետաքրքրի հանդիսատեսին:
Իմ ներսինը իմն է: Ցանկության դեպքում այն կարելի է բացահայտել երգերիս միջոցով»:
Իսկ Միստր Իքսի հետ հանդիպելու առիթը «Առավոտին» հասած այն հավաստի տեղեկությունն
էր, որ երիտասարդ երգիչը հրաժարվել է հայ արվեստագետների շրջանում այնքան դեֆիցիտ
համարվող օտարերկրացի իր իմպրեսարիոյից: Հաստատելով այդ լուրը, երգիչը նախ գովերգեց
իր հայաստանյան իմպրեսարիոյին՝ «Արձագանք» ստուդիայի ու ռադիոկայանի տնօրեն Եղիշե
Պետրոսյանին, նոր միայն, այն էլ մեր բազմաթիվ հարցապնդումներից հետո, «որոշում կայացրեց»
ներկայացնել իր տեսակետը: Նորություն չէ աշխարհահռչակ տենոր Վահան Միրաքյանի եւ նրա
իմպրեսարիոյի բարեհամբույր վերաբերմունքը երիտասարդ երգչին, ինչի մասին օպերային
երգիչն անցյալ տարի հայտնել էր «Առավոտին»: Հարցի առնչությամբ ավստրիաբնակ Վ. Միրաքյանին
լսել չէինք կարող: Ներկայացնում ենք Միստր Իքսի պարզաբանումն առանց մեկնաբանության:
«Մեր իմպրեսարիոն նույնն էր: Ժամանակի սղության պատճառով ստացվեց այնպես,
որ անցյալ տարի, ընտրված երգի իր մասը ձայնագրելուց հետո Միրաքյանը մեկնեց: Հետո
ձայնագրվեց իմ մասը: Կոնֆլիկտը սկսվեց անձամբ իրենից: Նա ուզում էր շատ երեւալ: Իսկ
դուետը բաժանված էր երկու հավասար պարտիաների: Այսինքն, երկուսս էլ նույն չափաբաժինն
ունեինք կատարելու: Սա առիթ դարձավ, որ մենք (նկատի ունի նաեւ Ե. Պետրոսյանին) դադարեցնենք
մեր համագործակցությունը Միրաքյանի իմպրեսարիոյի հետ»,- ներկայացրեց Միստր Իքսը:
Համաձայնելով մեր դիտարկմանը, որ դուետի համար ընտրվածը հավանաբար օտարազգի
երգ էր եւ իր երգացանկում եթե ոչ ամբողջությամբ, ապա գերիշխում են օտար, այն էլ ժամանակին
աշխարհում հիթ դարձած երգերը, որոնցով էլ գուցե պայմանավորված է Հայաստանում եւ արտերկրում
երգչի՝ մեծաքանակ ունկնդիր ունենալը, Միստր Իքսը հակադարձեց. «Ամենեւին: Ինձ շատ
երգեր են առաջարկում: Կարծում եմ՝ հարկ չկա բացատրել, թե ինչու ես դրանք չեմ կատարում:
Շեշտեմ՝ առաջինն եմ, որ Շուբերտի «Ավե Մարիան» երգել եմ հայերեն, իսկ մեր հանրահայտ
«Կիլիկիան»՝ անգլերեն: Վատ բան չկա բազմալեզու երգացանկ ու բազմազգ ունկնդիր ունենալու
մեջ: Շառլ Ազնավուրը Ֆրանսիայինը չէ միայն կամ Իգլեսիասը՝ Իսպանիայինը: Ուզում եմ
հասնել էդ մակարդակին»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել