Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Հունիս 30,2005 00:00

Այդպիսին
է, հավանաբար, լինելու ՀՀՇ-ի դիրքորոշումը Մինչ Հայաստանի խորհրդարանական
ընդդիմությունը ոգեւորված է ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի կողմից ՀՀ Սահմանադրության
բարեփոխումների վերաբերյալ արված առաջարկությունները ՀՀ իշխանություններին պարտադրելու
փաստով, ՀՀՇ-ն շարունակում է քննադատել այդ փաստաթուղթը: Երեկ ՀՀՇ վարչության անդամ
Արամ Մանուկյանը հայտարարեց, թե ՀՀՇ-ն այդ փոփոխություններն ընդունելու դեմ հակաքարոզչություն
է ծավալելու եւ կոչ է անելու հասարակությանը հերթական անգամ դեմ քվեարկել սահմանադրական
փոփոխություններին: Նման դիրքորոշման թիվ մեկ պատճառը Ա. Մանուկյանը մեզ հետ
զրույցում համարեց եվրոպական կառույցների ուշադրությունից վրիպած մի քանի հիմնարար
կետերը, որոնցից մեկն էլ, ըստ նրա, Սահմանադրության փոփոխված տարբերակում գործող
Սահմանադրության 117-րդ հոդվածի այն դրույթի բացակայությունն է, որում ասված է, թե՝
«Սահմանադրության ընդունման օրը հայտարարվում է տոն՝ «Սահմանադրության օր»: Ա. Մանուկյանը
համոզված լինելով, որ դա նենգ մտահղացում է, մանրամասնեց. «Մենք միանշանակորեն հակաքարոզչություն
ենք տանելու եւ կոչ ենք անում դեմ քվեարկել այդ փոփոխություններին, որովհետեւ այդ
փաստաթուղթը մեզ համար առաջին հերթին ոչ թե իրավական, այլ քաղաքական փաստաթուղթ է:
Իսկ այդ քաղաքական ակցիայի հետեւանքով եթե հանկարծ այդ փաստաթուղթն ընդունվեց, մենք
գիտենք՝ Ռ. Քոչարյանը կարող է ՀՀ Սահմանադրական դատարանից ստանալ մեկնաբանություն,
թե դա նոր Սահմանադրություն է, եւ նորից առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու:
Դա թիվ մեկ մտավախությունն է, որը շատ ավելի կարեւոր է, քան փոփոխությունների նախագծում
առկա մյուս դրույթների շուրջ մեր անհամաձայնությունը»,- ասաց պարոն Մանուկյանը՝ հավելելով,
թե սահմանադրական փոփոխություններն ընդունելը անընդունելի է նաեւ այն պատճառով, որ
հանրությունն է անտեղյակ այդ փոփոխություններին, իշխանությունները լեգիտիմ չեն, նաեւ՝
այսօր գործող «Ընտրական օրենսգիրքն» է անկատար: «Բայց դրանք միասին ավելի քիչ են,
քան այն մտավախությունը, որ կա այս իշխանությունների վերարտադրության շուրջ»,- շեշտեց
Ա. Մանուկյանը: Մեր այն հարցադրմանը, թե արդյոք կփոխվի՞ ՀՀՇ դիրքորոշումն
այդ փոփոխությունների նկատմամբ, եթե Ռ. Քոչարյանը «ջենթլմենական» խոստում տա, որ
դրանց ընդունումից հետո ինքը այլեւս չի առաջադրվելու, ՀՀՇ վարչության անդամը հայտարարեց.
«Եթե մեկը կա, որ կհավատա այդ խոստումին, ապա՝ դա մենք չենք»: ՀՀՇ-ի համար
սահմանադրական փոփոխություններում առկա մյուս անընդունելի դրույթը վերաբերում է երկքաղաքացիության
արգելանքի վերացմանը: «Այդ հարցը պետք է քննարկվի երեք՝ պաշտպանունակության, հարկային
համակարգի եւ ընտրական ինստիտուտի հարթություններում: Սահմանադրության փոփոխությունների
վերջին երկու տարվա ընթացքում ներկայացված բոլոր տարբերակներում կոնցեպտուալ եւ համակարգված,
անտրամաբանական թերություններ կան: Դրանք չէ, որ մենք հիմա շեշտում ենք: Մենք երկու
տարի առաջ էլ խոսել ենք, մասնավորապես, երկքաղաքացիության վտանգների մասին՝ թե որքան
վտանգավոր է հողի սեփականության օտարումն արտասահմանցիներին։ Իսկ երկքաղաքացիություն
ունեցող անձանց ընտրական իրավունքի տրամադրումը պարզապես վտանգում է մեր երկրի ինքնիշխանությունը:
Բայց այսօր մենք շեշտը դնում ենք իշխանության վերարտադրության վտանգի վրա: Ժամանակը
կգա եւ մենք հասարակությանը կներկայացնենք բովանդակային այն բազմաթիվ վտանգները,
որ կան այդ փոփոխությունների հիմքում»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Մանուկյանը: Անդրադառնալով
սահմանադրական փոփոխությունների մեկ այլ՝ ՀՀՇ-ի համար անընդունելի՝ տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրություններին վերաբերող դրույթին, ըստ որի՝ ՏԻՄ ընտրությունները պետք
է տեղի ունենան 5 տարին մեկ, պարոն Մանուկյանը հիշեցրեց, որ գործող Սահմանադրությամբ
ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենում երեք տարին մեկ, խորհրդարանի ընտրությունները՝
4, նախագահինը՝ 5 տարին մեկ: «Կոալիցիոն փաթեթի ընդունումից հետո կվատթարանա իշխանության
ռոտացիան, քանի որ ընտրությունների հաղթանակած ուժը որոշելու է թե գործադիր, թե օրենսդիր,
թե տեղական իշխանության գործունեությունը»,- շեշտեց Ա. Մանուկյանը: Ասենք,
ՀՀՇ-ն լայնածավալ հակաքարոզչություն սկսեց, արդյոք նրա հեղինակությունը հասարակության
շրջանում բավարա՞ր է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «ոչ» ասելու համար:
«Իզուր եք այդպես կարծում, որովհետեւ 2003-ին, երբ մենք գրավոր հայտարարությամբ
դիմեցինք հասարակությանը, եւ մեզ միացավ նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը,
որին շնորհակալ ենք դրա համար, շատերը մեզ հավատացին եւ վստահեցին: Այնպես որ, 2003-ի
«ոչ»-ի ժամանակ մենք լուրջ ազդեցություն ունեցել ենք: Այս անգամ ավելի շատ ազդեցություն
կունենանք, որովհետեւ այս անգամ թերություններն ու վտանգներն ավելի շատ են, քան 2003-ին
էր»,- հավաստիացրեց ՀՀՇ ներկայացուցիչը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930