Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼ՝ ԿԱՐԱԾ ԲԵՐԱՆՈՎ

Հունիս 30,2005 00:00

Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի թիվ 1 հասցեում վերջին ամիսներին Երեւանի համար խիստ սովորական դարձած հերթական «միջոցառումն» է՝ մարդկանց են տարհանում հայրենական օլիգարխիայի հերթական հասարակական օբյեկտի կառուցման համար:

Դրա հետեւանքով 31 հոգի կհայտնվի փողոցում: Վաչագան Խաչատրյանի 18 հոգանոց ընտանիքը եւս: Տասնմեկ երեխաների հայրն ուզում է վտարումը կանխել իր յուրօրինակ հացադուլով: Իր ձեռքով կարել է բերանն ու նստել հացադուլի:

304 քմ տարածքում նախկինում գործել է «Գեղարդ» ռեստորանը: Այժմ այնտեղ ապրում է երեք ընտանիք, որոնց տներն իրարից բաժանված են մի վարագույրով: Այդ տարածքը երկու ընտանիքներին, որպես Արցախյան պատերազմի մասնակից, տվել են նախկին իշխանությունները: Վաչագան Խաչատրյանի ընտանիքին ոչ ոք այդ տարածքը չի հատկացրել: «Երբ աղջկաս՝ Մարիամիկի գլխի ծանր վիրահատության համար գումար էր պետք, մորս տունը վաճառեցի, որը նույն շենքի երրորդ հարկում էր եւ ընտանիքով տեղափոխվեցի այստեղ: Մեր բոյին առնետներ կային, սատկացրինք, տարածքը մաքրեցինք եւ 10 տարի շարունակ այստեղ ենք ապրում»,- պատմում է Վ. Խաչատրյանը: Ավագ որդին 28 տարեկան է, փոքրը աղջիկ է՝ 11 ամսական. Արթուր, Աշոտ, Արսեն, Մարիամ, Գայանե, Գեւորգ, Հռիփսիմե, Թամարա, Պարույր, Անի եւ Աննա: Արթուրն ամուսնացած է եւ ունի երկու երեխա, Աշոտը եւս ամուսնացած է, նրա երեխան մեկ ամսից կծնվի: Բազմանդամ ընտանիքի բնակիչների թիվն այսքանով չի սահմանափակվում: Վաչագանի 76-ամյա մայրը եւ 51-ամյա քույրը եւս ապրում են իրենց հետ:

2002-ին Վաչագանին եւ կնոջը «Դիակոնիա» բարեգործական ընկերությունը «Հույսի ավան» թաղամասում տվել է երեք սենյականոց տուն եւ արգելել նրա չափահաս երեխաներին ապրել այնտեղ: «Ընտանիքս այդպես երկու մասի բաժանվեց, բայց ինձ պետք չի կիսատ- պռատ ապրել, ես ուզում եմ լինել իմ ընտանիքի հետ»,- ասաց Վաչագանի կինը՝ տիկին Անգինը: Այս տարվա հունիսին տարածքի սեփականության վկայականը ձեռքին հայտնվել է Վասպուրակ Մարտիրոսյանը, որը ըստ բնակիչների՝ Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի վարորդն է եւ միայն փաստաթղթերով է տարածքի սեփականատեր: Վ. Մարտիրոսյանը հրահանգել է ազատել տարածքը, այլապես «ասեց՝ դատի կտամ, ձեզ կվտարեն տարածքից»,- պատմեց Վ. Խաչատրյանը:

Վտարվողների ունեցած տվյալներով, սեփականատերը մտադիր է տարածքը դարձնել բիլիարդանոց: Որպես փոխհատուցում՝ տարածքի նոր տերը «բարի կամք» է դրսեւորել՝ առաջարկել է 19 հոգանոց ընտանիքի համար վարձել երեք սենյականոց տուն եւ վճարել վեց ամսվա տան վարձը: Վաչագանի ընտանիքն ապրում է բազմազավակության համար ստացած 34 հազար եւ փոքրիկ աղջկա հաշմանդամության 4500 դրամ թոշակով: Աշոտը նույնպես երկրորդ կարգի հաշմանդամ է: Աշխատանք ունի միայն Արթուրը: «Տափուկավարի տարածքն առան, ամեն տարի գալիս չափումներ են անում ու չեն էլ ասում: Մենք դուրս եկողը չենք ստեղից: Եթե չեն ուզում ստեղ զոհեր լինեն, թող մեր հարցը լուծեն»,- դժգոհեցին տարածքի բնակիչները:

Խաչատրյանների ընտանիքը բազմիցս դիմել է թաղապետ Դավիթ Պետրոսյանին. «Լավ էլ ծանոթ ա մեր խնդրին, մի անգամ ընդունեց, ասեց՝ չի կարա օգնի: Հիմա էլ, երբ գնում ենք՝ չի ընդունում»,- պատմեց Վաչագան Խաչատրյանը: Ի դեպ, նա չի պատրաստվում դադարեցնել իր հացադուլը, մինչեւ իրենց ուշադրություն չդարձնեն: «Մենք բոմժ չենք, հո փող չե՞նք ուզում: Թող մեզ ծածկ տան, ուրիշ ոչինչ պետք չէ»,- սա բազմազավակ ընտանիքի վերջնագիրն է:

ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930