Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱԿԱՆ «ՄԵՂՄ» ՀԱՅԱՑՔ ՀԱՅԿԱԿԱՆ «ԿՈՇՏ» ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Հունիս 30,2005 00:00

ԵՎՐՈՊԱԿԱՆ «ՄԵՂՄ» ՀԱՅԱՑՔ ՀԱՅԿԱԿԱՆ «ԿՈՇՏ» ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ Եվրոպայի խորհրդի Քաղաքական հարցերի գլխավոր տնօրինության ղեկավար Կլաուս Շումանը երեկ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի ուսանողների հետ զրույցի ընթացքում իր տեսակետները հայտնեց մի շարք հարցերի շուրջ: Երեւանի քաղաքապետը պիտի ընտրվի Սահմանադրության փոփոխությունների նախագծում բաց է թողնվում Երեւանի քաղաքապետի ընտրովի լինելու վերաբերյալ հարցը: Սակայն ինչպե՞ս կարձագանքի Եվրոպայի խորհուրդը, եթե, այնուամենայնիվ, հետագայում չընդունվի իրենց առաջարկը: Կլաուս Շումանի պատասխանն ընդհանրական էր, որ քաղաքապետի ուղղակի ընտրությունն ընդունված պրակտիկա է Եվրոպայում եւ կիրառվում է ԵԽ անդամ երկրների մեծ մասում: Մեր կողմից հավելենք, թե այս առումով անգամ Ստեփանակերտն է առավել «եվրոպական», քանզի ի տարբերություն Երեւանի՝ ԼՂՀ մայրաքաղաքի ղեկավարն ընտրվում է: Թերեւս հենց Ստեփանակերտի փորձն էլ, ուր քաղաքապետ ընտրվեց ընդդիմության ներկայացուցիչը, ստիպում է Հայաստանի իշխանավորներին համառե՞լ այս հարցում: Նույնը Բաքվում էլ կասեին Կլաուս Շումանից մեկնաբանություն խնդրեցին Իլհամ Ալիեւի հայտարարությունների վերաբերյալ՝ նշելով, թե նա հույս ունի նավթային դոլարներով հարստացնելով Ադրբեջանի բյուջեն՝ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը: ԵԽ Քաղաքական հարցերի գլխավոր տնօրինության ղեկավարն ի պատասխան, բնականաբար, մերժեց ռազմաշունչ հայտարարությունները՝ համարելով դրանք ոչ օգտակար եւ կարեւորելով երկխոսությունը, հակամարտության խաղաղ կարգավորումը: Սակայն նաեւ նշեց, թե վստահ է, որ եթե Բաքվում զրուցեր այս խնդիրների շուրջ՝ «կտային նույն հարցը, եւ ինչ-որ մեկը կվկայակոչեր հայ պաշտոնյաների համանման հայտարարությունները»: Նույնը կասեին նաեւ Անկարայո՞ւմ Ի դեպ, համանման պատասխան նա տվեց նաեւ այնժամ, երբ հարց ուղղվեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միակողմանիորեն փակ սահմանի մասին: Դիտարկմանն ի պատասխան, թե անհնարին է միասնական Եվրոպա փակ սահմաններով, ուստի հարկ է այս խնդրի լուծման միջոցներ կիրառել՝ Եվրոպայի խորհրդի Քաղաքական հարցերի գլխավոր տնօրինության ղեկավարը նկատեց, թե ռիսկային ձեռնարկ է որեւէ երկրի իբրեւ պատժամիջոց եվրոպական ակումբից հանելը՝ սա կարող է ունենալ առավել վատ հետեւանքներ: Եվ դարձյալ նշեց, թե վստահ է՝ Անկարա գնար, իրեն հակադարձ փաստարկներ կներկայացնեին նույն խնդրի առնչությամբ: Ձեռքդ ե՛տ տար ցավի վրայից Իր զեկույցում Կլաուս Շումանը հիշատակել էր ԵԽ նախարարների կոմիտեի դիտարկման հանձնախմբի 2004-ի տարեվերջին կազմած զեկույցը, որում ասվում է. «Պատվիրակությունը նշում է, որ Հայաստանը շարունակում է պատանդը լինել իր պատմության, որը նրան ստիպում է առավել նայել դեպի անցյալը, քան ապագան: Առկա հարաբերությունների վիճակը Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ չլուծված հակամարտությունը ստվերում են նրա առօրյան եւ ծանր անդրադառնում երկրի զարգացման վրա: Հայաստանի համար եվրոպական ապագայի ընտրությունը եւ ժամանակակից աշխարհում երկրի կայացումն անհրաժեշտ են դարձնում հարեւանների հետ համաձայնությունը եւ շրջահայաց մոտեցումները»: Քաղաքական դասընթացների դպրոցի ուսանողներից մեկը հարց ուղղեց, թե արդյոք աշխարհում կա՞ մի ժողովուրդ, որ կարող է մի կողմ թողնել իր պատմությունը, եւ մանավանդ՝ Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը կարո՞ղ է մի կողմ դնել ցավը: Ազգությամբ գերմանացի պրն Շումանի պատասխանն էր, թե իհարկե, խնդիրը պատմությունը մոռանալը չէ. «Մենք բոլորս մեր պատմությունն ունենք: Սակայն պիտի ի վիճակի լինենք միասին քննարկել այդ պատմությունը, երբ տարբեր կերպ ենք դիտարկում այն»: Նաեւ ընդգծեց, թե եվրոպական պետություններն ունեն ընդհանուր ապագա, եւ սա է առավել կարեւորը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել