Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԹԱՄՅԱ ԱԼԻՆԱՆ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՆՍՏԱՐԱՆԻՆ
ԴԵՌ ՉԻ ՆՍՏԵԼ

Հուլիս 30,2005 00:00

Երեւան
քաղաքի Արցախի փողոցի չորրորդ նրբանցքի 10-րդ շենքում այս օրերին ապրում են բախտի
քմահաճույքին մատնված մի քանի երեխաներ: Նրանք հիմնականում հետեւյալ պատճառներով
են ետ մնում իրենց հասակակիցներից. կա՛մ սոցիալապես անապահով են, ծնողազուրկ, չունեն
ծննդյան վկայական, կա՛մ էլ փախստականի ընտանիքից են: Ալինան ութ տարեկան է,
տառերը սովորել է տանը, աշակերտական նստարանին երբեւէ չի նստել, ուսուցիչը մայրն
է, դասընկերները՝ քույրերն ու եղբայրները: Ունեցած գիտելիքները Ալինան փոխանցում
է իր յոթամյա եղբորը, որը նույնպես դպրոց չի հաճախում: Իսկ իր իմացածն ութամյա երեխայի
համար շատ քիչ է: Թվում է՝ ութամյա երեխայի միակ պարտականությունը պիտի լիներ
դպրոց հաճախելն ու սովորելը: Սակայն Ալինայի մանկությունն այլ կերպ է դասավորվել:
Նրա սովորելու պարտականությունը փոխարինվել է փայտ կոտրելով եւ տնային գործերով:
Դպրոցի մասին Ալինան ունի իր պատկերացումները: «Դպրոցում երեխեքը դաս են անում, հետո
պառկում-քնում են: Որ ես էլ գնայի՝ 20 կստանայի ու կսովորեի»: Տիկին Մարինան
ամսական իր դստեր՝ Լիլիթի համար ծախսում է 10-15.000 դրամ. «Բայց ամիս է լինում,
որ ավելի շատ կամ ավելի քիչ է ծախսվում»: «Իսկ ես ընդհանրապես խնայողություն
չունեմ, որտեղի՞ց այդքան գումար տամ»,- ասաց հարեւան սենյակի բնակչուհին՝ Ռուզաննան:
Նրա որդին՝ Գագիկը, նույնպես դպրոցում պիտի լիներ: Ձայնագրիչը կաշկանդեց Գագիկին,
եւ նա հրաժարվեց զրուցել: Իսկ ձայնագրիչն անջատելուց հետո անկեղծացավ. «Ինձ պետք
չէ ոչ մի բան, ես չեմ խոսա, մամաս ամեն ինչ կանի, դպրոց էլ կուղարկի ու…»: ՄԱԿ-ի
մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ 2004-ին անցկացրած հարցումներից պարզ
է դառնում, որ Երեւանում երեխաների մեծ մասը չի հաճախում նախակրթարան, իսկ մի մասը
վերոնշյալ պատճառներով՝ հանրակրթական դպրոց: Այդպիսի ճակատագիր ունեցող երեխաների
խնդիրները փորձել եւ փորձում է լուծել ՄԱԿ-ի մանկական գրասենյակը: Հիմնադրամի ներկայացուցիչ
Շելդոն Յեթը անցած մի քանի շաբաթների ընթացքում հանդիպել է Հայաստանի Հանրապետության
նախագահի եւ որոշ նախարարների հետ. «Նրանք նշում էին, որ բոլոր երեխաներն էլ պետք
է անպայման դպրոց հաճախեն, իսկ մենք ամեն ինչ անում ենք, որ այն երեխաները, ովքեր
ինչ-ինչ պատճառներով կիսատ են թողել դպրոցը, անպայման շարունակեն կամ սկսեն հաճախել
դպրոց»: Սակայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության
վերահսկման բաժնի պետ Նուրիջան Մանուկյանն ասաց, որ ինքը հիմա ցավով է լսում վերոնշյալ
երեխաների մասին, եւ միաժամանակ նշում, որ նախարարությունն այդպիսի տեղեկություններ
չունի. «Հստակ ու միանշանակ ես հայտնում եմ, որ կրթության նախարարությունը, Երեւանի
քաղաքապետարանը, Երեւանի համայնքները, յուրաքանչյուրն էլ կրթության կազմակերպման
հարցում ունեն իրենց պարտականությունները: Նախարարությունը միայն վերահսկում է չափորոշիչների
կատարումը: Դրա համար համայնքները պետք է տվյալ տարածքում պարտուսահասակ երեխաների
հստակ հաշվառում անեն: Ծնողն է մեղավոր: Նա չպետք է տանը նստի ու սպասի, որ մեկը
ահա կգա ու իր երեխային կտանի դպրոց: Միաժամանակ չեմ ժխտում, որ այստեղ իշխանավորների
թերությունը կա: Նրանք տեղյակ չեն իրենց տարածքում բնակվողներից»: Ասում են՝
սովորելու համար երբեք ուշ չէ: Սակայն գրաճանաչ դառնալ 7-8 տարեկանում պարտադիր է:
ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել