Լրահոս
Օրվա լրահոսը

Մատաղի փոխարեն՝ թուքումուր

Հուլիս 30,2005 00:00

Երեւանցի Ալիտա Սարդարյանը իր այս բողոքը
փորձել է «թարմ-թարմ» փոխանցել ԱԼՄ հեռուստաընկերությանը, բայց հեռախոսները զբաղված
են եղել, ինչպես սովորաբար լինում են: Ավելին, մի անգամյա հաջող փորձից հետո
էլ եթերում խոսել թույլ չեն տվել, պատճառաբանելով, թե «կասետ ենք փոխում, հետո զանգեք»:
Երեկ նա «Առավոտին» ներկայացրեց Տիգրան Կարապետյանի կազմակերպած ուխտագնացության
մասին իր տպավորությունները. «Մատենադարանից առավոտյան շարժվեցինք Սուրբ Սարգիս եկեղեցի,
որտեղից իբր թե ավտոբուսներով ժողովրդին պետք է տանեին Մայր աթոռ, այնտեղից էլ՝ Մուսալեռ,
մատաղն ուտելու: Պարոն Կարապետյանի շքախումբը շարժվեց՝ մեզ թողնելով Սուրբ Սարգսի
բակում: Երեք ժամ սպասելուց հետո, վերջապես տեղ հասած ավտոբուսներով ու պատահական
մեքենաներով՝ իրար գլխի լցված, հասանք Էջմիածին: Թե ինչ էր կատարվում այստեղ՝ մենք
ոչինչ չհասկացանք: Գուցե այն պատճառով, որ 2 ժամ ուշացումով էինք տեղ հասել: Միայն
տեսանք, որ նույն շքախումբը մեքենաներով, աղմուկ-աղաղակով գնաց Մուսալեռ: Շուրջ 3000
մարդ մնաց արեւի տակ կանգնած: Մեր մասին ոչ մեկը չհիշեց, տրանսպորտ չտրամադրեց: Սպասեցինք
մինչեւ ժամը 3-ը, հետո իրար հետեւից մոտեցան ավտոբուսներ՝ 250 դրամով Երեւան հասցնելու
առաջարկով: Մենք ասացինք, որ ուխտագնացության ենք մասնակցում եւ ԱԼՄ-ն պետք է ապահովեր
ավտոբուսներով: Վարորդները ծիծաղեցին՝ «ալըմը-մալըմը չենք ճանաչում, ով փող ունի՝
թող նստի»: Հավաքվածների մեջ շատ էին ծերերը, որոնք եկել էին մատաղ ուտելու եւ փող
չէին վերցրել: Բոլորն անիծում էին Տիգրան Կարապետյանին: Արեւի տակ ժամերով սոված-ծարավ
կանգնելուց հետո, վարորդների թուքումուրը ուտելով, մի կերպ վերադարձանք Երեւան»:
Տիկինը նաեւ տեղեկացրեց, որ ինքը ոչ մեկից չի վախենում եւ պատրաստ է ասածը
կրկնել ԱԼՄ-ի եթերով: Ռ. ԱՐՇԱԿՅԱՆ Թերեւս
ուխտագնացության այս գաղափարը մտածելիս ԺԿ նախագահը չի պատկերացրել, թե ինչքան մատաղ
ուտող կհավաքվի եւ կազմակերպչական ինչ ծախսեր կպահանջվեն իրենից՝ «մատաղն ընդունելի»
դարձնելու արարողության լիարժեք իրականացման համար: Նույն օրը եթերով նա կատարվածը
բնութագրեց մի արտահայտությամբ՝ «որոշ թերություններ կային»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել