Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 31,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանիններորդ

ԱՇԽԱՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Տղերքի զորացրվելուց անմիջապես հետո ես սկսեցի ամբողջ հոգով ատել Կարավանին: Ատելությանս պատճառն, իհարկե, տղերքի զորացրվելն էր, ավելի ճիշտ՝ տղերքի հետ իմ չզորացրվելը, եւ երբ Վալերի հետ գլխիկոր վերադառնում էինք կազարմա, սիրտս ահավոր նեղված էր, ու Վալերին ասացի.

– Փաստորեն, մերոնք գնացին՝ մենք մնացինք:

– Ոչինչ,- ասաց Վալերը.- էսքան դիմացել ենք՝ մի քանի օր էլ կդիմանանք:

– Բայց մեր ո՞ր մեղքի համար,- ասացի ես:

– Իմ մեղքը պարզ ա, բայց քոնը հեչ պարզ չի,- ասաց Վալերը:

– Փաստորեն, ինձ էլ են պատժում,- ասացի ես:

– Հա,- ասաց Վալերը.- փաստորեն, ըտենց ա ստացվում. քեզ առանց պատճառի ինձ հավասար պատժում են:

– Սաղ գիշեր աչք չեմ կպցրել: Սաղ գիշեր Կարավանի հետ կռիվ էի տալի, սաղ գիշեր մտքիս մեջ իրան քրֆում էի:

– Հեչ էլ մտքիդ մեջ չէիր քրֆում. ես պարզ լսում էի՝ ոնց ես քեզ-քեզ ռուսերեն խոսում,- ասաց Վալերը:

– Հա. ինձ-ինձ հետը կռվում էի:

– Լսել եմ: Ինձ էլ թվում էր՝ էրազիդ մեջ ես խոսում ու կռիվ տալի:

– Դու էլ գիշերը չես քնե՞լ,- հարցրի ես:

– Ո՞նց կքնի: Որ սաղ աշխարհը տուն ա էթում, ո՞նց կարաս քնես: Քուն կտանի՞:

– Չես պատկերացնի՝ էդ Կարավանին ոնց եմ ատում,- ասացի ես:

– Սխալ ես անում,- ասաց Վալերը.- էդ մարդը մի տարի քեզ թիկունք ա էղել:

– Ես էլ իրան եմ թիկունք էղել. ինչ որ ասել ա՝ արել եմ: Իրա էդ լոզունգների վրա գիշերներ եմ լուսացրել,- ասացի ես:

– Իրա շնորհիվ, Արմո ջան, փաստորեն ոչ մի անգամ կարաուլ չես գնացել:

– Հինգ անգամ գնացել եմ,- ասացի ես:

– Հինգ անգամը հաշիվ չի. էդ հինգ անգամը քո հավեսի համար ես գնացել: Մի բան կարամ հաստատ ասեմ, որ էդ մարդը քեզ շատ մեծ լավություն ա արել:

Վալերը, փաստորեն, ճիշտ էր, ու ես հիմա՝ չափազանց հետին թվով եմ հասկանում, որ էն ժամանակ ճիշտն ինքն էր, իսկ ես էն ժամանակ էդ պարզ ու հասարակ բանն ի վիճակի չէի հասկանալ, որովհետեւ էդ ժամանակ ու հատկապես հենց էդ առավոտ միակ բանը, որ ի վիճակի էի հասկանալ, հետեւյալն էր. տղեքը հես ա – հես ա՝ տուն կհասնեն, իսկ ինձ ու Վալերին հեչ պարզ չի, թե երբ տուն կթողնեն:

Ու հիմա հետին թվով որ մտածում եմ, հեչ հավատս չի գալիս, որ իմ ու Վալերի էդ ամենավերջին օրերին ու հատկապես էդ առավոտ Կարավանին էդքան թունդ ու էդքան սրտանց եմ ատել, եւ հարցը բնավ էլ երախտամոռությունս չէր, ու էս հարցում ինձ ճիշտ կհասկանան հատկապես նրանք, ովքեր բանակում ու էդ առավոտվա իմ վիճակում երբեւէ եղել են ու գիտեն, թե ինչ ահավոր է, երբ ուրիշները հագած-կապած տուն են գնում, իսկ դու մնում ես էդ միանգամայն սպառված ու դատարկված վայրում, ընդ որում՝ միանգամայն անորոշ ժամանակով ես մնում:

Երախտամոռության պահ էլ, թերեւս, կար, ու երախտամոռությանս պահերը հատկապես հիմա են երեւակվում, ու հիմա հետին թվով սկսում եմ Վալերի հետ համաձայնվել՝ հետին թվով հասկանալով ու ըմբռնելով, որ Կարավանի երկրային գոյությունն ու առկայությունն ինձ համար իսկապես մեծ բարեբախտություն էին:

Ինչ վերաբերում է երախտամոռությանն ընդհանրապես, ապա պիտի խոստովանեմ, որ երախտամոռության թեման իմ ամենասիրած թեմաներից է, ու ես էդ թեմայով պատմություններից ամենից շատ սիրում եմ Ավետիք Իսահակյանի հետ կապվածը: Մի օր գրողներից մեկը մոտենում է Իսահակյանին ու ասում, որ այսինչ գրողն Իսահակյանին վատաբանել է ու բամբասել: «Չի կարող պատահել»,- էդ խոսքը բերողին ասում է վարպետը: «Հաստատ բան եմ ասում, վարպե՛տ»,- ասում է խոսք բերողը: Եվ վարպետը շատ է զարմանում ու զարմացած ասում է. «Ախր էդ մարդուն ոչ մի լավություն չեմ արել»:

Երախտամոռության մասին նաեւ մի արտասահմանցի քաղաքական գործիչ է լավ ասել, ու չնայած ասողի անունը մոռացել եմ, բայց ասածը շատ լավ եմ հիշում. «Փոքրիկ լավությունների դիմաց մարդիկ սովորաբար վարձահատույց են լինում, իսկ մեծ լավություն արածներին սովորաբար ատում են, որովհետեւ չեն կարողանում վարձահատույց լինել»:

Վերադառնալով ինձ՝ պիտի ասեմ, որ էդ առումով միանգամայն բախտավոր մարդ եմ, եւ առանձնապես լուրջ թշնամիներ ու ատողներ չունեմ, քանզի առանձնապես մեծ լավություններ չեմ արել:

Վերադառնալով Կարավանին՝ ասեմ, որ նույն էդ առավոտ՝ իմ ու Վալերի խոսակցությունից ընդամենը մի քանի ժամ անց, ամեն օրվա պես նա այցելեց իմ արհեստանոց, եւ երբ սկսեց ինձ հարցուփորձ անել Լենինյան սենյակի ձեւավորման ընթացքից, եւ երբ ես իրեն ամեն օրվա պես հաշվետվություն էի տալիս, հընթացս զգացի, որ Կարավանի հանդեպ ատելությունս մանրից միջիցս դուրս է գալիս ու հօդս է ցնդում, ու էդ պահին Վալերն էլ էր արհեստանոցում ու ինքն էլ էր իմ էդ փոփոխությունն զգացել, ու հետո, երբ Կարավանն արդեն գնացել էր, ես երկար ժամանակ ինքս ինձ վրա զարմացած ու ապշած էի, որ, փաստորեն, ամբողջ գիշեր չէի քնել ու Կարավանի հետ կռիվ էի տվել, եւ երբ Կարավանը գնաց, ես արդեն ավելի քան խաղաղված ու հանգստացած էի եւ գիշերվա ողջ բորբոքվածությունս ու չարացածությունս արդեն անքնությանս էի վերագրում, ու Վալերն էլ էր էդ կարծիքին, որովհետեւ ինքն էլ գիշերն աչք չէր կպցրել ու անհանգիստ էր եղել, ու ես հիմա էլ վերջնական եզրակացության չեմ եկել էն հարցում, թե՝ իրականում անքնությո՞ւնն է պատճառը, որ մարդիկ գիշերներն ահավոր ու փիս-փիս բաներ են մտածում, թե՞, ընդհակառակը, մարդիկ ահավոր ու փիս-փիս բաներ են մտածում ու էդ պատճառով են գիշերն անքուն մնում:

Ինչեւէ. Կարավանի գնալուց հետո Վալերն էլ էր մի տեսակ թեթեւացած, ու երկուսիս թեթեւության պատճառն էլ երեւի Կարավանն էր էն իմաստով, որ երկուսս էլ մեր ու Կարավանի զրույցի ընթացքում մի ավելորդ անգամ զգացինք ու հասկացանք, որ Կարավանը մեր հանդեպ որեւէ դիտավորություն չունի, եւ եթե Լենինյան սենյակի հետ կապված խնդիրները չլինեին, Կարավանը հաստատ հենց էդ օրն էլ մեզ տուն կուղարկեր, ավելի ճիշտ՝ ի՛նձ տուն կուղարկեր, որովհետեւ Վալերի զորացրվելն արդեն ոչ թե Կարավանից էր կախված, այլ՝ մոլդովացու աչքի ապաքինումից, եւ երբ ես Լենինյան սենյակի հետ կապված հաշվետվությունս պրծա, Կարավանն ինձ ասաց.

– Մի խոսքով, Արմո՛ւշ, էդ ամեն ինչը պրծնում ես ու գնում ես տուն:

– Մինչեւ ամսի վերջ դժվար թե էդ ամեն ինչը պրծնեմ, ընկե՛ր փոխգնդապետ,- մտահոգ ասացի ես:

– Դո՞ւ ինչով ես զբաղված, Վալե՛րա,- հարցրեց Կարավանը:

– Հիմի որ մեր տղերքն արդեն չկան, վաղվանից օրումեջ եմ կարաուլ գնալու, ընկե՛ր փոխգնդապետ,- ասաց Վալերը:

– Ո՞վ ասաց,- հարցրեց Կարավանը:

– Լեյտենա՛նտը,- պատասխանեց Վալերը:

– Ոչ մի կարաուլ էլ չես գնա,- մի քիչ մտածելուց հետո ասաց Կարավանը:

– Ո՞նց,- զարմացավ Վալերը:

– Էդպե՛ս,- ասաց Կարավանը:- Արմուշին կօգնես, ու էդ Լենինյան սենյակը միասին վերջնական տեսքի կբերեք:

– Շատ լավ կլինի, ընկե՛ր փոխգնդապետ,- ոգեւորվեցի ես.- շրջանակների ու ներկելու գործը որ Վալերն անի, մինչեւ ամսի վերջ հաստատ կվերջացնենք:

– Ուրեմն, Վալե՛րա, հենց էս պահից սկսած՝ միանում ես Արմուշին,- ասաց Կարավանը:

– Բա կարաո՞ւլը, ընկե՛ր փոխգնդապետ,- հարցրեց Վալերը:

– Ո՛չ մի կարաուլ,- ասաց Կարավանը.- ես լեյտենանտին կզգուշացնեմ: Միասին, ուրեմն, էդ ամեն ինչը ավարտում եք ու միասին էլ գնում եք ձեր տները: Հասկացա՞ք:

– Հասկացա՛նք, ընկե՛ր փոխգնդապետ,- երկուսիս փոխարեն ասաց Վալերը:

– Էդ ընթացքում մոլդովացու աչքի կապտուկն էլ լրիվ անցած կլինի,- ասացի ես:

– Դու քե՛զ տես,- ասաց Կարավանը.- էդ մոլդովացին վաղը չէ մյուս օրն արդեն իրենց տանը կլինի: Վալերայի շնորհիվ, փաստորեն, քսան օր շուտ է զորացրվելու:

– Փաստորեն, մոլդովացին շահեց,- ասացի ես:

– Էդպես է ստացվում,- ասաց Կարավանը.- որպես տուժածի՝ կամանդիրն էդ մոլդովացու հանդեպ ժեստ է անում:

– Ում երբ ուզում եք՝ տուն եք ուղարկում, ընկե՛ր փոխգնդապետ,- ասաց Վալերը:

– Մեր ուզելով չի, Վալե՛րա,- ասաց Կարավանը.- ձեր դեմբելսկի պրիկազից շուտ որ ուզենանք էլ, չենք կարող որեւէ մեկին տուն ուղարկել:

– Հա, բայց պրիկազը սեպտեմբերի քսանվեցին է դուրս եկել, իսկ մենք, ինչքան հասկանում եմ, մինչեւ նոյեմբերի վերջ մնալու ենք,- ասաց Վալերը:

– Շատ լավատես ես, Վալե՛րա,- ասաց Կարավանը:

– Ի՞նչ իմաստով,- հարցրեց Վալերը:

– Անձամբ քո իմաստով,- ասաց Կարավանը:

– Չհասկացա, ընկե՛ր փոխգնդապետ,- ասաց Վալերը:

– Որ մինչեւ նոր տարի էստեղ մնաս՝ կհասկանաս,- ասաց Կարավանը:

– Ո՞նց մինչեւ նոր տարի,- կարկամեց Վալերը:

– Հենց էդպես,- ասաց Կարավանը.- ըստ ուստավի, մինչեւ դեկտեմբերի վերջին օրը կարող ենք քեզ էստեղ պահել:

– Ո՞ր մեղքիս համար,- խեղճացավ Վալերը:

– Մեղքերդ շատ են, Վալե՛րա,- ասաց Կարավանը:

– Էդ մոլդովացին, փաստորեն, իմ շնորհիվ տուն է գնում,- ասաց Վալերը:

– Փաստորեն էդպես է ստացվում,- ասաց Կարավանը.- էդ մոլդովացին մյուս մեխանիկների հետ նոյեմբերի վերջին պիտի զորացրվեր, բայց քո էդ հարվածի շնորհիվ քսան օր, փաստորեն, շահեց:

– Ընկե՛ր փոխգնդապետ, կամանդիրն ասել էր, որ մինչեւ էդ մոլդովացու աչքի կապտուկը չանցնի, ինձ տուն չի թողնելու,- ասաց Վալերը:

– Հա, ասել է. ես էլ եմ լսել,- ասաց Կարավանը:

– Բա հիմա որ վաղը չէ մյուս օրն էդ մոլդովացին տուն գնա, հետո ո՞նց ենք իմանալու՝ աչքը լավացա՞վ, թե՝ չէ,- ասաց Վալերը:

– Քո հաշվով շատ եմ վախենում, Վալե՛րա,- ասաց Կարավանը.- վախենում եմ, որ կամանդիրը քեզ մինչեւ դեկտեմբերի վերջ պահի, մանավանդ որ՝ մի անգամ էդպիսի բան լեզվից թռցրեց:

– Ի՞նչ թռցրեց,- խեղճացավ Վալերը:

– Ձեր էդ կռվի հաջորդ առավոտ ասաց, որ քեզ մինչեւ դեկտեմբերի երեսունմեկը կպահի,- ասաց Կարավանը:

– Հենց էդպես էլ ասա՞ց,- ավելի խեղճացավ Վալերը:

– Շատ ավելի խիստ ասաց. ասաց, որ էնպես է անելու, որ նոր տարին ինքնաթիռի մեջ դիմավորես,- ասաց Կարավանը:

– Ո՞նց թե՝ ինքնաթիռի մեջ,- գոռաց Վալերը:

– Շատ մի՛ տաքացիր, Վալե՛րա,- ասաց Կարավանը:- Մարդ է՝ զայրացած պահին էդ բանն ասաց. քեզ նման էսպես տաքացած վիճակում էդ բանն ասաց:

– Որ ասել է, ուրեմն կանի,- շիվարեց Վալերը:

– Չեմ կարծում,- ասաց Կարավանը.- ինքն ընդհանրապես շատ խղճով մարդ է, ուղղակի էդ պահին քեզ վրա շատ էր բարկացած:

– Փաստորեն, մեր տղերքն էս իրիկուն արդեն տանը կլինեն, իսկ մեր վիճակն անորոշ է,- հոգոց հանեց Վալերը:

– Ի՞նչ է, դժգո՞հ ես, որ ձեր տղաներին տուն ուղարկեցինք,- հարցրեց Կարավանը:

– Դժգոհ եմ, որ մեզ էլ հետները չուղարկեցիք,- ասաց Վալերը:

– Էն ձեր երկվորյակներին էլ, փաստորեն, կամանդիրը լավություն արեց,- ասաց Կարավանը.- իրենք էլ մյուս մեխանիկների հետ ամսի վերջին պիտի զորացրվեին, բայց կամանդիրն իրենց էլ ձերոնց հետ տուն ուղարկեց. երեւի մտածել է, որ, ինչքան չլինի, մի տնից երկու ծառայող են:

– Շատ ճիշտ է մտածել,- ասաց Վալերը:

– Հա,- ասաց Կարավանը,- բայց էնպես է ստացվել, որ առ այսօր էս պրիզիվից միայն ձեր հայերին ենք զորացրել: Հայերից բացի, փաստորեն, ուրիշ ոչ ոքի դեռ տուն չենք ուղարկել:

– Կամանդիրն էն գլխից մեզ խոստացել էր, որ նոյեմբերի յոթին հենց նվագենք պրծնենք, մեզ տուն կուղարկի,- ասաց Վալերը:

– Մարդը, փաստորեն, իր խոսքին տեր կանգնեց. բոլորին, փաստորեն, տուն ուղարկեց,- ասաց Կարավանը:

– Ո՛չ բոլորին,- ասաց Վալերը:

– Ուզում էիր քեզ էլ ուղարկե՞ր, Վալե՛րա,- զարմացավ Կարավանը:

– Ինչի՞ չպիտի ուզեմ, ընկե՛ր փոխգնդապետ,- ասաց Վալերը.- մենք ծնող չունե՞նք, կարոտող չունե՞նք:

– Էդքանը որ հասկանում ես, քեզ մի քիչ զսպեիր,- ասաց Կարավանը:

– Ինձ որ զսպեի, էդ մոլդովացին ո՞նց պիտի էսքան շուտ տուն գնար,- տխուր ժպտաց Վալերը:

– Բոլոր դեպքերում, առայժմ միայն ձեր հայերն են զորացրվել,- ասաց Կարավանը:

– Ես հայ չե՞մ,- ասաց Վալերը:

– Խոսքը զորացրվածների մասին է,- ասաց Կարավանը,- թե չէ՝ Արմուշն էլ է հայ, բայց ինքը Լենինյան սենյակի հետ կապված որոշ անելիքներ ունի, դրա համար էլ իրեն մի քանի օր ավել եմ պահում:

– Մի քանի օ՜ր,- ասացի ես:

– Քսան օրն իսկապես մի քանի օր է, Արմուշ դժան,- ասաց Կարավանը:- Բա մե՞նք ինչ ասենք, որ քսանհինգ տարի ենք ծառայում:

– Դուք եք ձեր ճակատագիրն ընտրել,- ասաց Վալերը:

– Մենք քսանհինգ տարվա ճակատագիր ենք ընտրել, դուք՝ ընդամենը մի տարվա,- ասաց Կարավանը:- Եթե չեմ սխալվում, ձեր մի տարին դեմկտեմբերի մեկին նոր լրանում է, չէ՞:

– Շատ ուժեղ հիշողություն ունեք, ընկե՛ր փոխգնդապետ,- ասաց Վալերը:

– Ես իմ հիշողությունից չեմ բողոքում,- ասաց Կարավանը:- Դուք՝ հայերդ էլ մեր վերաբերմունքից չպիտի դժգոհեք:

– Չենք դժգոհում, ընկե՛ր փոխգնդապետ,- ասաց Վալերը:

– Էդ էր պակաս, որ դժգոհեիք,- ասաց Կարավանը:

– Ընկե՛ր փոխգնդապետ, ասում եք, որ միայն հայերին եք զորացրել, բայց Բախվան վրացի է,- ասաց Վալերը:

– Ինքն է՛լ էր որպես հայ ընկալվում: Արդեն քչփչում են, թե մենք էստեղ հայերի հանդեպ կողմնապաշտություն ենք անում. երեւի էդ պատճառով էլ կամանդիրը որոշել է վաղը չէ մյուս օրը միանգամից ահագին մարդ տուն ճամփել,- ասաց Կարավանը:

– Փաստորեն, մեզանից բացի՝ բոլորը գնում են,- հոգոց հանեց Պարգեւը:

– Բոլորը չեն. մեխանիկների կեսից ավելին մնում են. նրանցից մի քանիսին երեւի մինչեւ տարեվերջ պահենք՝ մինչեւ նոր համալրում գա,- ասաց Կարավանը:

– Ուրեմն՝ փառք տանք Աստծուն, որ մեխանիկ չենք,- ասաց Վալերը:

– Մեխանիկ չես, բայց շատ հնարավոր է, որ կամանդիրը քեզ էլ մինչեւ տարեվերջ պահի,- ասաց Կարավանը:

– Ո՞նց թե,- ցնցվեց Վալերը:

– Դրա համար եմ ասում, Վալե՛րա, որ Արմուշի հետ էդ Լենինյան սենյակը խելքի բերեք: Որ էդ գործը պրծնեք, ես կփորձեմ կամանդիրին համոզել, որ էս ամսվա վերջին երկուսիդ միասին տուն թողնի,- ասաց Կարավանը:

– Ասում եք՝ մինչեւ ամսի վերջ տուն կգնա՞նք,- հարցրեց Վալերը:

– Երբ որ գործը պրծնեք, էն ժամանակ էլ կգնաք,- ասաց Կարավանը:

– Եթե երկուսով աշխատենք, մինչեւ նոյեմբերի վերջ հաստատ կպրծնենք,- ասացի ես:

– Ինչքան շուտ պրծնեք, էնքան շուտ տուն կգնաք: Ես կփորձեմ կամանդիրին համոզել, Վալե՛րա,- ասաց Կարավանը:

– Շատ անհարմար բան ստացվեց, ընկե՛ր փոխգնդապետ,- ասաց Վալերը:

– Ի՞նչը նկատի ունես,- հարցրեց Կարավանը:

– Ես ու Պարգեւը դուռ-դռան հարեւաններ ենք, ընկե՛ր փոխգնդապետ. հիմա ինքը որ տուն հասնի, մերոնք իմ հաշվով շատ կանհանգստանան,- ասաց Վալերը:

– Քե՛զ ասա,- ասաց Կարավանը.- քեզ մի քիչ որ զսպեիր, էսօր իրիկուն դու էլ ձեր տանը կլինեիր:

– Հասկանում եմ,- ասաց Վալերը:

– Որ հասկանում ես, ուրեմն՝ անցեք գործի. ժամանակն արդեն ձեր հաշվին է աշխատում,- ասաց Կարավանը:

– Հիմա ես ի՞նչ պիտի անեմ, ընկե՛ր փոխգնդապետ,- հարցրեց Վալերը:

– Ինչ որ Արմուշն ասի՝ էն էլ կանես, Վալե՛րա. այսօրվանից ի՛նքն է քո հրամանատարը: Ես, ուրեմն, լեյտենանտին կասեմ, որ անունդ հանի կարաուլի ցուցակից,- ասաց Կարավանը:

– Շնորհակալություն, ընկե՛ր փոխգնդապետ,- ասաց Վալերը:

– Շնորհակալություն, ընկե՛ր փոխգնդապետ,- ասացի ես:

– Դո՞ւ ինչու ես շնորհակալություն հայտնում, Արմո՛ւշ,- զարմացավ Կարավանը.- քեզ, փաստորեն, ոչ մի լավություն չեմ անում:

– Առանց Վալերի մինչեւ տարեվերջ էդ Լենինյան սենյակի գործը հազիվ պրծնեի, ընկե՛ր փոխգնդապետ,- ասացի ես:

– Դե, ուրեմն, անցեք գործի. ժամանակը ձեր հաշվին է աշխատում,- ասաց Կարավանն ու դուրս եկավ իմ արհեստանոցից:

– Էս ոսկի մարդուն էլ անուն ես կպցնում,- ասաց Վալերը:

– Անուն չեմ կպցնում. ուղղակի սաղ գիշեր մտքիս մեջ հետը կռիվ էի տալի,- ասացի ես:

– Շատ իզուր,- ասաց Վալերը. էս մարդը որ չըլներ, հեչ պարզ չի, թե ըստեղ սաղ տարին ինչով պիտի զբաղվեիր:

– Էս մարդը որ չըլներ, մենք դժվար թե էս չաստն ընկնեինք,- ասացի ես:

– Իմ ասածն ես հաստատում,- ասաց Վալերը.- ինքն ու կամանդիրը որ չըլնեին, մեր ճակատագիրը սավսեմ ուրիշ ձեւով կդասավորվեր:

– Դու էլ, փաստորեն, կամանդիրի պատճառով տուն չգնացիր,- ասացի ես:

– Ճիշտ ես ասում, բայց ես կամանդիրի դեմ չեմ չարանում,- ասաց Վալերը.- ընդհակառակը, ես մենակ իմ դեմ եմ չարանում: Ընենց որ, ախպեր ջան, դու էլ Կարավանի դեմ չպիտի չարանաս:

– Իրան որ տեսա, չարությունս մեջիցս միանգամից ցնդեց. հիմի զարմանում եմ, թե սաղ գիշեր խի՞ էի իրա հետ կռիվ տալի,- ասացի ես:

– Ինքը հերիք չի մի տարի մեզ ամեն ինչից փրկել ա, հիմի էլ ա փրկում,- ասաց Վալերը:

– Ի՞նչ իմաստով,- հարցրի ես:

– Կարաուլի իմաստով,- ասաց Վալերը.- փաստորեն, էսօրվանից կարաուլ վաբշե չեմ էթալու:

– Կարաուլից էդքան վախենում ե՞ս,- հարցրի ես:

– Չեմ վախենում. զզվում եմ,- ասաց Վալերը:

– Էդ կարաուլը շատ ժամանակ նույնիսկ հետաքրքիր ա,- ասացի ես:

– Հա,- ասաց Վալերը.- որ ամիսը մի անգամ կարաուլ գնաս, կարող ա հետաքրքիր ըլնի, բայց որ ամեն օր ես գնում, ուղղակի զզվելի ա:

– Ես էլ նկարելուց ու տառ գրելուց եմ զզվում,- ասացի ես:

– Համեմատելու բաներ չեն,- ասաց Վալերը.- տառ գրելուց ու նկարելուց մարդ երեւի նույնիսկ հաճույք ա ստանում:

– Որ ամիսը մի անգամ տառ գրես կամ նկարես, կարող ա հաճույք ստանաս, բայց որ էդ գործն ամեն օր պարտադիր անում ես, շատ զզվելի ա,- ասացի ես:

– Բա նկարիչները ո՞նց են սաղ վախտ նկարում,- ասաց Վալերը:

– Էդ իրանց հիմնական գործն ա,- ասացի ես,- համ էլ՝ իրանք սաղ վախտ Լենին ու սալդատ չեն նկարում:

– Կապ չունի,- ասաց Վալերը.- կարող ա սաղ վախտ Լենին ու սալդատ նկարես, բայց լավ նկարես:

– Զզվելի ա,- ասացի ես:

– Կարող ա սաղ կյանքդ Լենին ու սալդատ նկարես, բայց լավ էլ հաճույքով ու հավեսով նկարես,- ասաց Վալերը:

– Ահավոր հոգնում եմ,- ասացի ես:

– Սաղ տարին չհոգնեցիր, հիմի որ մի քանի օր ա մնացել, հանկարծ սկսեցիր հոգնե՞լ,- ասաց Վալերը:

– Ես էլ եմ զարմանում, բայց էդպես ա. երեւի իսկական նկարիչ չեմ, դրա համար էլ էս գործից հաճույք չեմ ստանում,- ասացի ես:

– Իսկական նկարիչը պոզով-պոչով ա՞ ըլնում,- ասաց Վալերը:

– Իսկական նկարիչ երեւի ծնվում են,- ասացի ես:

– Ծնվելը ծնվում են, բայց իրանք սաղն էլ երեւի նկարելով են կամաց-կամաց նկարիչ դառնում,- ասացի ես:

– Նկարելով են դառնում, ճիշտ ա, բայց ոչ թե Լենին ու սալդատ նկարելով,- ասացի ես:

– Դու Կարավանին սաղ գիշեր քրֆում էիր, բայց ինքն ինձ, փաստորեն, խայտառակությունից փրկեց,- ասաց Վալերը:

– Ի՞նչ իմաստով փրկեց,- հարցրի ես:

– Ամեն իմաստով,- ասաց Վալերը:- Էսօր Պաքոն որ տուն հասնի, մերոնք որ տենան հետը չեմ, շատ են զարմանալու ու անհանգստանալու:

– Պարգեւը ձերոնց հո չի՞ ասի, որ քեզ պատժելու համար են պահել,- ասացի ես:

– Պարզ ա, որ չի ասի, բայց ինչ էլ որ հնարի ու ասի, մեկ ա՝ չեն հավատա ու շատ կանհանգստանան,- ասաց Վալերը:

– Խելքին մոտ բան պիտի հնարի, որ ձերոնք հավատան,- ասացի ես:

– Ինչ էլ որ հնարի, մեկ ա՝ չեն հավատալու ու անհանգստանալու են: Հիմի երեւի ես պիտի մերոնց նամակ գրեմ ու ամեն ինչ ասեմ,- ասաց Վալերը:

– Ո՞նց թե՝ ամեն ինչ ասես,- զարմացա ես.- ձերոնց պիտի գրես, որ էդ մոլդովացուն ծեծե՞լ ես:

– Չէ,- ծիծաղեց Վալերը.- կգրեմ, որ զամպալիտն ինձ ու քեզ հանձնարարել ա, որ էդ Լենկոմնատան ձեւավորենք, դրա համար էլ մի քանի օր ավել ենք մնալու:

– Փաստորեն, հենց էդպես էլ կա,- ասացի ես:

– Հա, փաստորեն ճիշտն եմ գրելու, թե չէ՝ սուտ խոսալն իմ մոտ շատ վատ ա ստացվում. հենց որ սուտ բան եմ ասում, վռազ գլխի են ընկնում, որ սուտ եմ ասում,- ասաց Վալերը:

– Հա, էսօր մի-մի հատ նամակ կգրենք ու խաբար կանենք, որ մինչեւ ամսվա վերջ մնալու ենք,- ասացի ես:

– Մինչեւ ամսվա վերջ էդ ամեն ինչը կպրծնե՞նք,- հարցրեց Վալերը:

– Էրկուսով հաստատ կպրծնենք,- ասացի ես.- մի քիչ որ զոռենք, երեւի շուտ էլ պրծնենք:

– Ես ի՞նչ պիտի անեմ. ինձնից ի՞նչ ա պահանջվում,- հարցրեց Վալերը:

– Դու որ ներկելու ու ռամկեքի գործն անես՝ ծով ա,- ասացի ես:

– Կարա՞մ էդ բաներն անեմ,- խեղճացավ Վալերը:

– Հա,- ասացի ես.- բարդ բան չկա:

– Ձեւը կսովորացնես, չէ՞,- ասաց Վալերը:

– Սովորացնելու բան չկա. հեչ դուռ-մուռ ներկած չկա՞ս,- հարցի ես:

– Ներկի ու վրձինի հետ վաբշե գործ չեմ ունեցել,- ավելի խեղճացավ Վալերը:

– Ես էլ վաբշե լոզունգ գրած չկայի, բայց որ կյանքը ստիպեց՝ գրեցի,- ասացի ես:

– Ասում ես՝ գլուխ կհանե՞մ,- հարցրեց Վալերը:

– Բարդ բան չկա,- ասացի ես.- ես ներկը կբացեմ՝ կներկես:

– Վախում եմ՝ վրեդ բեռ դառնամ:

Սա ասում էր այն մարդը, որի ուսերին մենք մի ամբողջ տարի բեռ էինք, եւ ինքը մանավանդ մեր ծառայության առաջին ամսում մեր պատճառով գրեթե ամեն օր անհավասար կռիվների ու ճակատամարտերի մեջ էր, ու էդ ճակատամարտերի բուն պատճառը հիմնականում մյուսներս էինք, որովհետեւ Վալերի արտաքինն արդեն իսկ հերիք էր, որ որեւէ մեկի մտքի ծայրով անգամ չանցներ իր խաթրին կպնել, բայց մանավանդ մեր ծառայության առաջին ամսում մյուսներիս խաթրին կպնելու դեպքեր հաճախ էին լինում, ու էդ բոլոր դեպքերում հարցի մեջ վերջնական պարզություն մտցնողը մեր կողմից Վալերն էր, ու էդ բոլոր դեպքերում էլ որեւէ մեկս իրեն դիմած կամ խնդրած չկայինք, որովհետեւ ինքն առանց մեր խնդրելու ու դիմելու էլ իր էդ ֆիզիկական միջամտություններն իր պարտականությունն ու առաքելությունն էր համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել