Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ

Օգոստոս 31,2005 00:00

ԻՆՉՈ՞Ւ «ՈՉ» ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացրած տեսակետները իշխանությունների կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Ես դեմ եմ, որ գործող ՀՀ Սահմանադրությունը պետք է փոփոխման ենթարկվի: Դեմ եմ ոչ այն պատճառով, որ գործող ՀՀ Սահմանադրությունը շատ լավն է: Սահմանադրության համար գալիս է մի ժամանակ, երբ ուղղումներ պետք է մտցնել դրանում: Սակայն այն, ինչը հիմա կա հրապարակում՝ իշխանության կողմից ներկայացված բարեփոխումները, դրանց ամբողջ փաթեթի հետ ես համաձայն չեմ: Ես գտնում եմ, որ իշխանությունները, որոնք ունեն լեգիտիմության պրոբլեմ, նրանք իրավունք չունեն լուրջ խնդիր լուծել, ինչպիսին են սահմանադրական բարեփոխումները: «Ժամանակի միտք», 26.10-02.11.2004 Կարծում եմ, այս իշխանությունները Սահմանադրության փոփոխության իրավունք չունեն: Բարեփոխումներ պետք է անի այն իշխանությունը, որը ունի ժողովրդի լիակատար աջակցությունը եւ լեգիտիմության պրոբլեմ չունի: Կարծում եմ՝ ամբողջ ընդդիմադիր դաշտը պիտի մերժի սահմանադրական փոփոխումները: «Փակագիծ», 25.01.2005 Նոր Սահմանադրությունը կարող է լինել միայն այն դեպքում, երբ հասարակությունը իր կյանքի ամենակարեւոր փաստաթուղթը ընդունի քաղաքական-հասարակական կոնսենսուսի պայմաններում: Այսինքն՝ ամբողջ հասարակությունը պետք է համախմբվի, գոնե հասարակության մեծամասնությունը: Այս իշխանությունները վերջին տարիներին ապացուցեցին, որ Սահմանադրությամբ չեն գործում: Նրանց համար ի՞նչ տարբերություն, թե երկրում ինչ Սահմանադրություն է: Կարծում եմ՝ ԵԽ-ն ըմբռնումով կմոտենա: Նրանք պետք է հստակ, շատ լավ հասկանան, որ հիմա Հայաստանում Սահմանադրության հանրաքվեի մթնոլորտ չկա, եւ Հայաստանը դա չի կարող անել: ԵԽ-ն կարող է համբերել, համբերել մի քիչ, մինչեւ երկրում ձեւավորվեն նոր իշխանություններ: «Այբ Ֆե», 01-07.04.2005 Հասարակությունն անպայման կմերժի սահմանադրական փոփոխությունների այն տարբերակը, որը նախագահ Քոչարյանը ներկայացնում է հանրաքվեի: Այս իշխանությունները թե՛ բարոյական, թե՛ իրավական հիմքեր եւ իրավունք չունեն երկրում սահմանադրական բարեփոխումներ անել, որովհետեւ գործող Սահմանադրությունը նրանք ոչ մի անգամ չեն հարգել, ոչ մի անգամ նրանք գործող Սահմանադրությամբ չեն առաջնորդվել, եւ հիմա առավել եւս փոխել, այլ Սահմանադրություն դնել, առնվազն ծիծաղելի է: Դա կարող են անել այն իշխանությունները, որոնք գործող Սահմանադրությունը հարգում են եւ ուզում են բարեփոխել: «168 ժամ», 19-25.05.2005 Ո՛չ գործող Սահմանադրությունում, ո՛չ բարեփոխումներում հակակշիռները հստակ չեն աշխատում: Եվ դրա արդյունքը տեսնում ենք, որ երկիրը ավտորիտար երկրի է վերածվել, քանի որ Սահմանադրությունը թույլ է տալիս, որ ավտորիտար մտածելակերպ ունեցող նախագահի դեպքում երկիրը վերածվի ավտորիտար պետության: Նոր բարեփոխումների դեպքում իշխանություններն ամեն ինչ անում են, որ այդ ավտորիտարիզմն ավելի խորացնեն: «Այբ Ֆե», 03-09.06.2005 Կա բարեփոխումների կարիք, բայց այն իշխանությունը, որը յոթ տարվա ընթացքում անընդհատ անցել է այդ Սահմանադրության վրայով, որ լեգիտիմության լուրջ պրոբլեմ ունի, բարեփոխումներ անելու իրավական եւ բարոյական որեւէ իրավունք չունի։ Դա կարող են անել միայն լեգիտիմության խնդիր չունեցող քաղաքական ուժերը։ «Առավոտ», 16.06.2005 ՀՀ իշխանությունները փոքրիկ զիջումներ արեցին, եւ համարվեց, որ ինչ-որ շատ մեծ ծառայություն են մատուցել ազգին, մեր ապագայի համար մեծ, լուսավորիչ ինչ-որ բաներ են նկարել: Այդպես չէ: Ե՛վ վատ Սահմանադրությունն են խախտում, ե՛ւ լավ Սահմանադրությունն են խախտում: Շատ կարեւոր է լավ Սահմանադրություն ունենալը՝ ժողովրդավար Սահմանադրություն ունենալը: Բայց շատ կարեւոր է, որ գործող իշխանությունն ունենա քաղաքական կամք եւ հարգի Սահմանադրության ոգին, ամեն մի տառը: Սա է ամենակարեւորը, մի բան, որ դեռ չկա: Մեր իշխանությունները մեկ քայլ են արել դեռ 2003 թվականին, սահմանել են ընտրողների մի սանդղակ, որով անհնար է հանրաքվեով ընդունել Սահմանադրություն: Բացառվում է. 830 հազար ընտրող «կողմ» չի կարող ասել ամենալավագույն Սահմանադրությանը: Ի սկզբանե նույնիսկ ամենալավ Սահմանադրությունը դրել ենք հարցականի տակ: Ուրեմն պիտի կեղծենք, որ անցնի. ընդդիմությունը պետք է աչքերը փակի, իշխանությունը՝ կեղծի: Եթե հին Սահմանադրությունը իշխանությունները խախտում էին 10 պունկտով, լավ Սահմանադրությունը կխախտեն 4 պունկտով: Ի՞նչ է փոխվելու: Դրանից իշխանության որա՞կն է փոխվելու: Այնպես որ՝ ինչ սիրուն բան ուզում եք գրեք թղթի վրա: Հիմա շատ ավելի է կարեւորվում իշխանափոխությունը: Որովհետեւ, եթե մենք իսկապես ունենանք նոր Սահմանադրություն, ապա այն իրականացնելու, երկրին նոր որակի զարգացում հաղորդելու համար պետք է նոր որակի իշխանություն՝ ժողովրդավար, մաքուր իշխանություն: «Այբ Ֆե», 01-07.07.2005 Այս փուլում ընդդիմության՝ բոյկոտին ժամանակավորապես կամ անժամանակ հրաժեշտ տալու եւ խորհրդարան վերադառնալու, սահմանադրական փոփոխություննների քննարկումներին մասնակցելու տարբերակը համարում եմ անտրամաբանական: Ես չեմ կարծում, որ երկու տարվա քաղաքական բոյկոտի գինը դա է: Ես սահմանադրական փոփոխությունները շատ եմ կարեւորում, բայց կարծում եմ, որ դրան նախորդող բավականին հարցեր քիչ կարեւոր չէին եւ ընդդիմությունը, «Արդարություն» դաշինքը՝ մասնավորապես պետք է արտահայտեն կոշտ դիրքորոշում: «Տարեգիր», 20.07.2005 Ես ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է նշանակում սահմանադրական բարեփոխում: Ո՞վ է կրում էդ բարեփոխումների քաղաքական պատասխանատվությունը, ո՞ր քաղաքական ուժի կամ ուժերի քաղաքական կոնցեպցիան է իր մեջ պարունակում այս Սահմանադրությունը, հանրաքվեի արդյունքներից ո՞ր քաղաքական ուժն է շահելու եւ ասելու, որ հաղթել է, ո՞րը պետք է հրաժարական տա՝ իր գաղափարների պարտության համար: «Առավոտ», 21.07.2005 Այն, ինչ կ ատարվում է ընդդիմադիր դաշտում, եւ այն իրավիճակը, որ գոյություն ունի սահմանադրական բարեփոխումների շուրջ, գուցե կոպիտ հնչի, համարում եմ ակներեւ ֆարս: Ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է հստակ ասեն՝ ցանկանո՞ւմ են այդ ֆարսին մասնակցել, թե՞ ոչ: Եթե ասում ենք նոր Սահմանադրություն, ուրեմն ասում ենք՝ մի նոր որակի պետություն ենք ուզում կառուցել, իսկ դրա համար պիտի գան նոր ուժեր: Եթե իշխանությունն իսկապես այդքան ազնիվ է եւ ուզում է սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, պիտի անցումային դրույթներում հստակ գրվի, որ նոյեմբերին անում ենք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, փետրվարին՝ արտահերթ նախագահական, ապրիլին՝ խորհրդարանական ընտրություններ: Այսինքն՝ նոր Սահմանադրությամբ պիտի գան նոր ուժեր, նոր ալիք ու նոր ավյուն տան մեր երկրին: Իսկ եթե պիտի սահմանադրական բարեփոխում անես ու սպասես, որ նոր Սահմանադրությամբ Քոչարյան Ռոբերտը իր կլանով սոցիալական խնդիր լուծի, ապա դա հնարավոր չէ: Ձեզ թվում է՝ այսօրվա Սահմանադրությունը թո՞ւյլ է տալիս անել այն, ինչ-որ նրանք անում են: Իհարկե, թույլ չի տալիս: Սահմանադրությունը թո՞ւյլ է տալիս, որ երկիրը դարձնեն կոռումպացված, որ կաշառակերությունը երկրում նորմա դառնա, որ օլիգարխները տիրեն երկիրը: Նրանք թքած ունեն Սահմանադրության վրա, լինի հին, թե՝ նոր: «Իրավունք», 02-04.08.2005 Կարծում եմ՝ սահմանադրական հանրաքվեն շատ լավ առիթ է գործընթացներն ակտիվացնելու, հանրաքվեն ընտրություն է, այնպես որ, ընդդիմության համար կա փայլուն հնարավորություն՝ համախմբվել եւ լուրջ աշխատել երկու ուղղությամբ՝ «ՈՉ» ասել Սահմանադրությանը եւ «ՈՉ» ասել իշխանություններին: «Առավոտ», 05.08.2005 Այն հույսերը, որ փափագում է Վենետիկի հանձնաժողովը կամ ԵԽ-ն, թե սահմանադրական բարեփոխումների արդյունքում հնարավոր է հետագայում Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն ավելի զարգանան, ավելի ժողովրդավար դառնա երկիրը կամ այս իշխանությունները չեն կեղծի 2007 թ.-ի ընտրությունները, ապա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նորից ապացուցում են, որ այս իշխանությունները ոչ մի տեղից դաս չեն քաղում: Միայն, երբ Հայաստանում իշխանության գան ժողովրդավար ուժերը, կբավարարվեն ե՛ւ Վենետիկի հանձնաժողովը, ե՛ւ ԵԽ-ի ցանկությունները՝ Հայաստանում ունենալ լավ, ժողովրդավարական Սահմանադրություն: Կարծում եմ, որ այս դեպքում արդեն լուրջ բաժանարար գիծ է ստեղծվում երկրում, եւ այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են ոչ թե սահմանադրական բարեփոխումներին, այլ այս իշխանությունների կողմից այդ բարեփոխումներն իրագործելուն, պետք է կարողանան հասարակությանը բացատրել իրական վիճակը, եւ հասարակությունը ինքը պետք է մերժի ու բոյկոտի այն հանրաքվեն, որն ուզում են իրագործել իշխանությունները: «Տարեգիր», 30.08.05

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել