Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ԿՎԱՌԵՆՔ, ԿՍՊԱՆԵՆՔ, ԿԴԱՏՎԵՆՔ՝ ՉԵՆՔ ՏԱ»

Սեպտեմբեր 06,2005 00:00

Հայտարարում
են Բուզանդի փողոցի դեռեւս կանգուն տների բնակիչները Երեկ վաղ առավոտից Բուզանդի
15 հասցեի 8 ընտանիքներ «սեւավորված», անօթեւան մնալու վախը սրտներում, պատերի տակ
սպասում էին Դատական ակտերի հարկադիր կատարման վարչության աշխատակիցներին: Վարչությունից
նախօրոք զգուշացրել էին, որ երկուշաբթի իրենց վտարման հերթն է, բնակիչներն էլ ամբողջ
գիշեր իրենց տների մոտ հերթապահել էին ու ձեռքի տակն ընկած քարերով, երկաթե ձողերով
«բարիկադավորել» փողոցը՝ տրակտորների «դեմն առնելու» համար: Թեեւ
դատարանի ծանուցագրում նշված էր, որ վտարումը իրականացնելու են առավոտյան 10-ին,
բայց մինչեւ կեսօր, բացի ոստիկանության աշխատակիցներից ու տարածքը գնած ՍՊԸ-ների
ներկայացուցիչներից՝ ոչ ոք չեկավ: Բնակիչները վստահ են, որ «սա եւս մի աֆերիստ քայլ
է. սպասում են մարդիկ հոգնեն, լրատվամիջոցները գնան՝ նոր գան»: Ժամանակ առ ժամանակ
տարածքի սեփականատեր դարձած «Վիզկոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, հավանաբար տարածքը
ստուգելու համար՝ հեռվից ծիկրակում էին կամ էլ մեքենաներով պտտվում, «խաղեր տալիս»
ու գնում: Քանդման ենթակա բակի բնակիչների հետ էին Դալմայի այգիների, Հյուսիսային
պողոտայի տուժածներից համալրված «Պետության կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության
անդամները: Նրանք փողոցի փլատակների մոտ մի սեղան էին տեղադրել, վրան փռել Ռ. Քոչարյանի
նկարները, դրանք սոսնձում էին ու փակցնում քանդվելուն սպասող պատերին. «Սա գուցեեւ
անհեթեթություն է, բայց ամբողջ գիշեր մտածել-մտածել ենք, էլ չգիտենք ինչ անել, որ
մեր կարծիքը հաշվի առնեն»,- «Առավոտին» մեկնաբանեց 4-րդ բնակարանի բնակիչ Նունե Վարդունին:
Նրա 80 քմ բնակարանի եւ հողամասի համար առաջարկել են 21 հազար դոլար, մինչդեռ, ըստ
նրա, այդ գումարով կարող ես սեփական տուն գնել միայն Զովունիում: Եվ հետո, ըստ բնակիչների,
անկախ գնահատողն էլ իր գործը ճիշտ չի արել. «Պռոստը մտավ ներս, մի հատ կռուգ տվեց
ու գնաց: Ուշադրություն չդարձրեց՝ շենքը քարի՞ց է, հատակը բետո՞ն է, թե՞ փետ, մի
թիվ կրակեց ու հեռացավ: Բացի այդ, նա գնահատեց միայն բնակարանները, իսկ պտղատու այգիները,
մեր ձեռքերով սարքած բեսեդկաներն ու մյուս մանր-մունր բաներն ընդհանրապես չհիշատակեցին,
որ փոխհատուցում չտան»: Թեեւ բնակիչներից շատերը որեւէ փաստաթուղթ չստորագրելու
«երդում էին կերել», այնուամենայնիվ, Նունեն խոստովանեց. «Մեկ-մեկ նստում-մտածում
եմ՝ գոնե գումարը մի քիչ շատացնեն, ջհանդամ, կհամաձայնվեմ, բայց տեսնում եմ, որ մեզ
հետ ջանով-ղուրբանով խոսելու փոխարեն լրիվ ստորացնում են, ասում են՝ գնացեք, Սովետաշենում
էդ գնով լավ էլ տներ կան, էնտեղ ապրեք»: Ի դեպ, Նունեն օրեր առաջ ԴԱՀԿ վտարման եւ
բնակեցման գործերով բաժանմունքից ստացել է Վճռաբեկի որոշումը՝ եռօրյա ժամկետում պարտադրել
կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր, բայց դեռ չեն եկել, ոչինչ չեն պարտադրել:
«Եթե առաջին անգամ գան՝ չեմ կնքելու, 100-200 հազար դրամ տուգանք պիտի գրեն, երկրորդ
անգամ՝ 200-400 հազար, երրորդ անգամի դեպքում նախատեսված է 15 օր վարչական կալանք:
Հիմա 15 օր էլ կգնանք-կնստենք, ի՞նչ ա եղել»,- իր հետագա ճակատագիրն այսպես կանխատեսեց
Ն. Վարդունին: Ամեն դեպքում, քաղաքապետը ժամկետ է դրել ԴԱՀԿ-ի աշխատակիցների առջեւ՝
մինչեւ սեպտեմբերի 10-ը «մաքրել» ողջ տարածքը, անկախ այն բանից՝ կդատվե՞ն բնակիչները,
թե՞ ինքնասպան կլինեն: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել