Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉՊԵՏՔ Է ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱՆՔ ՄԵՐ
ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ»

Սեպտեմբեր 29,2005 00:00

Հայտարարում
է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ «Արա ազատարարը», որը մտադիր է զբաղվել
ոչ միայն Նիգերիայում գերված ռուս նավաստիների, այլեւ ջավախքահայությանը Վրաստանից
ազատելու խնդիրներով: Պարզվում է, Նիգերիայում գերված ռուս
նավաստիներին ազատելու խնդրանքով ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին դիմել են Հասարակածային
Գվինեայում գերեվարված եւ նաեւ Արա Աբրահամյանի ջանքերով ազատված հայ օդաչուները,
որոնք երեկ օդանավակայանում դիմավորել են իրենց Ազատարարին եւ, իր խոսքերով, «իրենց
ժպիտներով հաճույք են պատճառել» ՌՀՄ-ի 5-ամյակի առթիվ Հայաստան ժամանած մոտ 500 հյուրերին:
Այդ տարելիցի առթիվ իրականացվելիք միջոցառումների մասին պատմելու նպատակով Արա Աբրահամյանը
երեկ ասուլիս էր հրավիրել: Կրկին՝ ԳԱԱ շենքում՝ Ֆադեյ Տաճատիչի եւ ակադեմիկոսների
ներկայությամբ: Եվ դա հասկանալի էր, չէ՞ որ ՌՀՄ-ն տարեկան մի քանի հարյուր հազար
դոլար է նվիրաբերում մեր ակադեմիային: Այս եւ այլ նվիրատվությունների մասին երեկ
հրավիրած ասուլիսում համեստորեն խոստովանեց ՌՀՄ նախագահը՝ նշելով, որ կուզեին անել
շատ ավելին, բայց «ամեն ինչ սահման ունի»: Օրինակ. Հասարակածային Գվինեայում ջրագծերի
համակարգի կառուցման համար ՌՀՄ-ն արդեն 2 մլն դոլարի ներդրում է կատարել, իսկ մոտ
ապագայում Ա. Աբրահամյանը պատրաստվում է Մոսկվա հրավիրել այդ երկրի նախագահին՝ որպես
իր անձնական հյուր, քանի որ հասցրել է ընկերանալ նրա հետ: Իսկ Միխեիլ Սահակաշվիլու
հետ ընկերանալու կամ որեւէ այլ ճանապարհով է պատրաստվում Արա Աբրահամյանը լուծել
Ջավախքի հայերի հարցը՝ պարզ չէ: Չնայած, դատելով նրա եւ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի
խոսքերից, ինչ-որ բան պատրաստ են անելու՝ «չենք կարող նրանց մենակ թողնել»: «Վրաստանը
անկախ երկիր է, ճիշտ է, բայց OPT-ն ցույց տվեց ջավախքահայերի պահանջը: Այն, ինչ կատարվում
է այնտեղ, մենք չենք կարող ձեռնպահ մնալ, քանի որ մեր հայրենակիցներն են: Այնտեղ
նրանց սոցիալ-տնտեսական վիճակը մի քանի անգամ ավելի վատ է, քան Հայաստանում, եւ նրանք
ասում են՝ եթե դուք չեք կարող անել, մեզ ինքնավարություն տվեք, մենք ինքներս կանենք:
Իսկ մենք մեր կողմից պետք է անենք այն, ինչ օգտակար է Հայաստանին, հայ համայնքին,
եւ եթե օգտակար է, որ հեռուստացույցով ցույց տան դա, ու Ռուսաստանը միջամտի, ուրեմն
պետք է անել դա»,- հայտարարեց Արա Աբրահամյանը: Իսկ Անդրանիկ Միհրանյանն ավելի հեռուն
գնաց. «Մենք կուզենայինք, որ ռուսական ռազմական խարիսխները Ջավախքից դուրս բերելու
հարցը քննարկվեր եռակողմ՝ հայ-ռուս-վրացական ֆորմատով: Ջավախքում անընդհատ ավտոնոմիայի
հարց է բարձրացվել, իսկ ծայրահեղականները նույնիսկ ցանկացել են միանալ Հայաստանի
հետ, այնպես որ՝ ռուսական ռազմական խարիսխները հանելու հարցը եռակողմ բանակցությունների
դեպքում ավելի արդյունավետ կարող է լինել: Երկկողմ բանակցությունները լարվածություն
են բերել»: Ա. Աբրահամյանն ու Ա. Միհրանյանը հա յտարարեցին, որ չեն պատրաստվում
մասնակցել 2007թ. ՀՀ ընտրություններին, քանի որ, ինչպես ձեւակերպեց Ա. Աբրահամյանը՝
«մենք այլ երկրի քաղաքացի ենք, իրավունք չունենք մասնակցելու, ու բացի այդ, առանց
մեզ էլ շատ են քաղաքականությամբ զբաղվողները այստեղ»: Սակայն, միեւնույն է, պատրաստվում
են ֆինանսապես օգնել ընտրությունների գնացող կուսակցություններին, ընդ որում՝ ոչ
միայն ՀՌԱԿ-ին, այլեւ այլ կուսակցությունների եւս՝ «օրենքի սահմաններում»: Հավանաբար
Արա Աբրահամյանը ծանոթ չէ մեր «Ընտրական օրենսգրքին»: ՄԵԼԱՆՅԱ
ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ. Գ. Ա. Աբրահամյանը ՀՀ-ում, ՌԴ-ում եւ աֆրիկյան
երկրներում բարեգործությամբ զբաղվելուց բացի, ՀՀ-ում նաեւ բիզնես ծրագրեր է իրականացնում:
Մասնավորապես, Հյուսիսային պողոտայում $50 մլն-ի ներդրում է արել՝ 150 հազար ք/մ
տարածք կառուցապատելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել