Լրահոս
Օրվա լրահոսը

ՂՐՂԶՆԵՐԻՑ ՀՈ՛ ԱՌԱՋ ԵՆՔ

Սեպտեմբեր 30,2005 00:00

Հայաստանը մրցունակության համաշխարհային ցուցանիշով
աշխարհի 117 երկրների շարքում գրավում է ընդամենը 81-րդ տեղը՝ հետ մնալով Ռուսաստանից,
Ղազախստանից ու անգամ Ադրբեջանից: Այս ցուցանիշով մեր հարեւաններից
կարող ենք «գլուխ գովել» միայն տաջիկների ու ղրղզների մոտ, որովհետեւ նրանց տվյալներն
ավելի ողբալի են, զբաղեցրել են 104 եւ 114-րդ տեղերը: Այս ցուցանիշները հրապարակվել
են Համաշխարհային մրցունակության 2005-2006թթ. զեկույցում, որը երեկ ներկայացրին
«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի մասնագետները: Նախ, ըստ այդ զեկույցի,
Հայաստանը Ադրբեջանից գրեթե բոլոր ինդեքսներով ետ է, միայն մի հորիզոնականում ընդամենը
1 միավորով ենք առաջ ընկել, այն էլ՝ հանրային պետական ինստիտուտների գծով: Մնացած
բոլոր տեղերում Հայաստանը վերջից առաջին տեղերն է գրավում: Որքան էլ տարօրինակ է
հնչում, բայց մեր ամենալավ ցուցանիշը կոռուպցիայի բացակայության շնորհիվ է գրանցվել,
սակայն, ըստ մասնագետների, այստեղ հաշվի են առել ոչ թե հասարակության շրջանում տարածված
կաշառակերությունը, այլ՝ գործարար աշխարհում: Մինչ այս ցուցանիշները հրապարակելը,
առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանը մասնակիցներին շոկի
մեջ չգցելու համար նախ հոգեբանորեն նախապատրաստում էր. «Անկախ այն բանից՝ մենք որերորդ
տեղն ենք զբաղեցնում, տեղը էական չէ: Ֆինլանդիան արդեն մի քանի տարի է՝ զբաղեցնում
է առաջին տեղը, բայց դա ոչինչ չի նշանակում: Նման զեկույցում ընդգրկվելը Հայաստանի
համար արդեն իսկ հաղթանակ է: Այս տարի այդպես ստացվեց, համեստ ցուցանիշներ ունենք,
բայց պատվախնդրությունն է կարեւոր: Զեկույցի խորհուրդն այն է, որ բարի նախանձ առաջացնի»:
Հետո պարոն Վարդանյանը հիշեց «Արարատ-73»-ի հաջողությունը, մեր ֆուտբոլիստների աշխարհացունց
գոլերը, նոր «մանրից» մոտեցավ մրցունակության ցուցանիշներին: Ըստ մասնագետների, մեր
ամենաթույլ կողմը տեխնոլոգիաներն է, ընդ որում հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ
Հերգնյանն այս ցուցանիշի «մեղավորը» ճանաչեց բջջային օպերատորներին, հատկապես՝ «ԱրմենՏելին»,
որովհետեւ միայն բջջային հեռախոսների որակի մրցունակությամբ 103-րդ հորիզոնականում
ենք, իսկ դպրոցներում ինտերնետի մատչելիությամբ՝ 100-րդ: Զեկույցում նաեւ ընդգրկված
են մակրո եւ միկրոտնտեսական միջավայրի ցուցանիշները: Մասնագետների մեկնաբանությամբ
մենք լուրջ խնդիրներ ունենք հատկապես միկրոտնտեսական միջավայրում, թեեւ առաջինի դեպքում
էլ խոսելու տեղ չունենք՝ 77-րդ տեղում ենք, իսկ Ադրբեջանը՝ 56-րդ: Պետական
գնումների գործակալության պատասխանատուներն ամեն տարի հաշվետվությունների ժամանակ
վստահեցնում են, որ պետական պաշտոնյաներն իրենց շատ քիչ ճոխություններ են թույլ տալիս,
քիչ ծախսեր են կատարում, իսկ թե որքանով են արդյունավետ այդ ծախսերը, պարզ դարձավ
զեկույցի տվյալներից: Փաստորեն, պետական ծախսերի արդյունավետությամբ 98-րդ պատվավոր
տեղում ենք: Այնուամենայնիվ կա մի ուրախալի փաստ: Հայաստանը կարողացել է մի
հանգամանքով գրավել ողջ աշխարհի ուշադրությունը՝ այս անգամ գրավելով 1-ին տեղը ոչ
թե վերջից, այլ՝ առջեւից: Խոսքը արտասահմանցիներին շատ հեշտությամբ աշխատանքի ընդունելու
ցուցանիշի մասին է, ընդ որում՝ առհասարակ աշխատակիցների ընդունելու եւ ազատելու գործընթացներով
12-րդ տեղում ենք: Հարցին, թե նախագահի ելույթներից ելնելով՝ մենք աշխարհի նավթ ունեցող
երկրներին պիտի դիմակայենք ու հաղթենք մրցունակությամբ, եթե մրցունակությամբ վերջին
տեղերում ենք, ինչպե՞ս պիտի հաղթենք, փոխնախարարը պատասխանեց. «Պետք է անցում կատարել
նոր՝ գիտելիքների տնտեսության: Այսօր մասնավոր հատվածը ոչ մի ներդրում չի անում գիտահետազոտական
աշխատանքներում, եթե գործարար համայնքն այս ուղղությամբ մտածի, մեր այսօրվա ցուցանիշները
ոչինչ չեն նշանակի»: Հայաստանի գործարարների ու արդյունաբերողների միության
նախագահ Արսեն Ղազարյանը երեւի ընդհանրապես չէր լսել համաշխարհային մրցունակության
զեկույցը, որովհետեւ ֆորումի մասնակիցների մոտ դեռ գովերգում էր մեր ուժեղ կողմերն
ու հերոսական նվաճումները. «Ռուսաստանը մինչեւ հիմա էլ ենթակառուցվածքների առումով
Հայաստանից ետ է մնում, մեզ նախանձով են նայում Վրաստանն ու Ադրբեջանը»: ՀՌԻՓՍԻՄԵ
ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930