Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջաբերդցիներին

Սեպտեմբեր 30,2005 00:00

Ողջաբերդցիներին պետք է տարհանել Իսկ կառավարությունն այդ հարցում դանդաղում է Վերջին տասնամյակում կառավարության տարբեր որոշումներով Աբովյանի Ողջաբերդ գյուղում՝ սողանքների վրա բնակվող գյուղացիներին հատկացվել են տարբեր չափերի փոխհատուցումներ՝ տները լքելու եւ այլ տեղերում տուն գնելու նպատակով: Սակայն՝ ոչ բոլորին եւ ոչ նույն մեխանիզմով: Սկզբում գումարը տրվել է առձեռն, իսկ երբ շատերը դրանով գնել են բնակարաններ, բայց չեն հեռացել՝ կառավարությունը որոշել է գումարը տալ մարզպետարանին, վերջինս էլ այն փոխանցել է գնման համար ընտրված տան սեփականատիրոջը: Թե ինչ խախտումներ են կատարվել տների վթարայնության գնահատման կամ փոխհատուցման չափերի որոշման գործընթացներում՝ առանձին թեմա է: Երեկ երկու ողջաբերդցիներ խմբագրություն էին եկել այլ բողոքով՝ «ինչո՞ւ բոլոր գյուղացիներին միանգամից չեն տալիս այդ օգնություն կոչված գումարը, որ մենք կողմնորոշվենք՝ ո՞ւր ենք գնալու, մեր ապագան որտե՞ղ է ու գնանք մեր հիմնական բնակավայրը, սպասում են, որ տունը գլխներիս փլվի՝ նո՞ր»: Նրանք՝ գյուղի ավագանու անդամ Արիջան Շահբազյանը եւ դպրոցի ուսուցիչ Համլետ Սեւոյանը, ի թիվս այլ 60-70 տնատերերի, դեռ ներառված չեն օգնության գումարին սպասողների ցանկում, որովհետեւ մի քանի տարի առաջ նրանց տների վթարայնության աստիճանը գնահատվել է մինչեւ 3-րդ կարգի, այսինքն՝ դեռ կարող են դիմանալ: «Էս երկրում ինչքան սեյսմիկի գծով մասնագետ կա՝ ուսումնասիրել են, եզրակացրել ու իշխանություններին տեղեկացրել, որ Ողջաբերդի հողերն ամրացնելու վրա փող ծախսելն անիմաստ է, բոլոր բնակիչներին պետք է շուտափույթ տեղափոխել: Վերջին նման կարծիքն էլ օրերս Արտակարգ իրավիճակների վարչությունն է հայտնել: Նույնիսկ նախագահ Քոչարյանն է չորս տարի առաջ այդ հարցով մեզ ընդունել, լսել ու խոստացել արագացնել պրոցեսը: Բայց մինչեւ հիմա հարցին լուծում չեն տվել, գյուղի 20 տոկոսը չգիտի, թե իր վերջն ի՞նչ է լինելու»,- բողոքեցին մեր այցելուները: Նրանց տեղեկությամբ, հերթն իրենց չի հասնում, որովհետեւ օգնության ցուցակում հաշվառվածների մի մասը դեռ չի կնքել պայմանագիր եւ իր համար տուն չի փնտրում: «Նրանք էլ մեղք չունեն, էնքան ցածր են գնահատել, որ հարեւան գյուղերից ոչ մեկում չեն կարողանում տուն գնել, նրանք առաջարկում են, թե՝ փողը մեզ տվեք, մենք հող կառնենք, մնացածով էլ մեր տան պատերը կքանդենք՝ կտեղափոխենք էդ հողի վրա, բայց մարզպետարանը դեմ է, ասում է՝ կամ կվարտիրա պիտի առնեք, կամ առանձնատուն, ու միայն՝ փոխանցումով: Մեզանից շատերն էլ ժամանակին այդ պրոբլեմի առջեւ կկանգնեն, որովհետեւ անշարժ գույքի գներն օր օրի աճում են, եւ օգնության գումարները դրանց հետեւից չեն կարող հասնել»,- ասացին ողջաբերդցիները: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել