Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱԴԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ՝ ՀԱՐԿԱԴԻՐԻ ԱՃՈՒՐԴԻՑ

Հոկտեմբեր 29,2005 00:00

ԴԱՀԿ-ի կարծիքով էժանը շուկայականից
բարձր գինն է «Սա խայտառակությո՛ւն է»,- այսպես որակեց աճուրդի
ընթացքը «12 աթոռ» ֆիլմի հերոս Կիսան, երբ աճուրդի կազմակերպիչն իրենից պահանջեց
ապրանքի գնի 10 տոկոսի չափով «կամիսիոննի»: Իսկ ինչպե՞ս պետք է որակի մեր հրապարակման
հերոսն իր «գլխով անցած» աճուրդը, երբ գնած ապրանքի ձեւակերպման համար պահանջել են
վճարածից 10 անգամ ավելի գումար: Երեւանցի Հ. Գ.-ն (քաղաքացին հր աժարվեց
անունը հրապարակել) այս տարվա սեպտեմբերի 13-ին արդարադատության նախարարության ԴԱՀԿ
ծառայության կազմակերպության աճուրդին մասնակցել, հաղթել եւ դարձել է աճուրդի հանված
74 լիտր 96 տոկոսանոց սննդային էթիլսպիրտի տերը: Սահմանված կարգով վճարել է ընդհանուր
6164 դրամը, ստորագրել առ ու վաճառքի պայմանագիրը, որից հետո հարկադիրից նրան առաջարկել
են՝ «ապրանքիդ համար գնա Արարատյան մաքսատուն»: Սակայն մաքսատան պետին ապրանքի բացթողնման
մասին գրությունը հասել է աճուրդի օրից շուրջ մեկ ամիս անց: «Մաքսազերծման համար
ինձնից պահանջեցին պետստանդարտից բերել ապրանքի որակի մասին փաստաթուղթ, իսկ պետստանդարտից
պահանջեցին իմ գնած երկու տեսակի էթիլսպիրտի յուրաքանչյուր տեսակից 1,5 լիտր նմուշ՝
փորձաքննության համար: Որպեսզի նմուշը տամ՝ մաքսատունը պետք է ապրանքս ինձ տա, բայց
չի տալիս, որովհետեւ չի մաքսազերծված, իսկ մաքսազերծման համար որակի թուղթն է ուզում:
Ստացվեց փակ շրջան, որից դուրս գալու միակ ելքը ապրանքից հրաժարվելն էր»,- այսքանով
մեր հյուրը ներկայացրեց, թե ի՞նչ են ուզել իրենից՝ արդեն գնած ապրանքը ստանալու համար:
Էլ ավելի անհեթեթ պատմություն է, թե ինչքա՞ն են ուզել քաղաքացուց՝ փաստաթղթերի ողջ
տրցակը հավաքելու եւ ապրանքին տեր դառնալու համար: «Նախ ինձ տեղեկացրին, որ իմ գնած
սպիրտը 1999-ից պահվում է «Հայկ» ՓԲԸ մաքսային պահեստում: Երբ եղա ընկերությունում,
պարզվեց, որ սպիրտը պահելու համար ես պետք է վճարեմ շուրջ 100 դոլար: Դրան գումարած՝
մաքսատանն ինձնից պահանջեցին 8000 դրամ մաքսատուրք, ապրանքի ավելացրած արժեքի (ԱԱՀ)
ու ակցիզային հարկ: Միասին կազմեց 58400 դրամ: Պետստանդարտում էլ՝ գնածս երկու տեսակի
սպիրտից յուրաքանչյուրի ստուգման համար պահանջեցին 14000 դրամ, գումարած՝ դրա 20
տոկոս ԱԱՀ-ն: Իսկ որակի մասին փաստաթուղթ կազմելու համար պահանջեցին ֆիքսված 18000
դրամը: Երբ հաշվում եմ, ստացվում է, որ աճուրդով իբր թե էժան գնածս սպիրտի յուրաքանչյուր
լիտրի դիմաց ես պետք է վճարեմ 2400 դրամ, այն դեպքում, երբ շուկայում այդ նույն սպիրտի
1 լիտրը ազատ վաճառվում է 650 դրամով: Ես դեռ չեմ հաշվում մեկ ամսից ավելի տեւած
վազվզոցիս ու նյարդերիս ծախսը»,- ներկայացրեց Հ. Գ.-ն, հավելելով, որ արդեն դիմում
է գրել իր «հաղթանակից» հրաժարվելու եւ վճարած գումարը հետ ստանալու պահանջով: Եթե,
իհարկե՝ կվերադարձնեն: Նա նաեւ կասկած ուներ, թե որակի փաստաթուղթ չունեցող ապրանքը
կարող է եւ ժամկետանց լինել. «Գնեմ, հետո՞ պարզեմ, որ թափելու բան է: Եվ ընդհանրապես,
ինչո՞ւ վճարվելիք գումարների մասին ես պետք է իմանամ վերջում, ոչ թե՝ նախապես»: «Հանրային
սակարկությունների մասին» ՀՀ օրենքի «Հարկադիր աճուրդներ» գլխում փնտրեցինք ու չգտանք
կետ աճուրդի կազմակերպչի այն պարտականության մասին, թե քանի՞ օրում է պարտավոր հաղթողին
հասցնել իր ապրանքը: Չէ՞ որ գնված ապրանքը կարող է հնանալ, դառնալ անպիտան՝ որակի
եւ այլ առումներով: Մի կետով ամրագրված է, որ «կազմակերպիչը պատասխանատվություն է
կրում իր տիրապետման տակ գտնվող լոտի (վաճառքի դրված ապրանք.- Ռ. Ա.) պահպանության
համար, ներառյալ սանիտարական պայմանները»: Բայց՝ հարց. եթե աճուրդի է հանվել «անթերի»
ապրանք, ի՞նչ իմաստ ունի հաղթողից նույն ապրանքի համար որակի հավաստագիր պահանջելը:
Օրենքի մեկ այլ կետով ենթադրվում է, որ հաղթելուց հետո սահմանված գումարը
հարկադիրի հաշվին վճարելուց բացի, հաղթողն էլ ոչ մի տեղ ոչինչ չունի վճարելու. «լոտի
զննման, պահպանության, գնահատման (այդ թվում՝ փորձագետի )… ծախսերն իրականացվում
են իրացվող լոտի գնման 5 տոկոսի չափով՝ պարտապանից գանձվող գումարի հաշվին»: Մեր
ներկայացրած դեպքում ստացվում է, որ լոտի զննման, պահպանության եւ գնահատման ծախսերը
«դրել» են գնորդի վրա: Քաղաքացին մինչ այդ հետաքրքրվել էր նաեւ աճուրդի դրված
այլ ապրանքներով ու պարզել. «Շատ անգամ կատարածուները տեղյակ էլ չեն, թե որտե՞ղ է
վաճառքի հանված ապրանքը, որ գնամ-տեսնեմ: Իմացածն էլ տեսնել չի կարելի՝ կամ փակ պահեստներում
են, կամ՝ ապրանքատիրոջ տանը: Վերջինիս էլ, բնականաբար, տհաճ է հարկադիրով ծախվող
ապրանքի համար դուռ բացելը: Մասնակիցներից մեկը մեքենա էր գնել, մի քանի ամիս հետո
նոր հաջողացրել էր տիրոջը գտնել, իսկ երբ մտել էր գարաժ՝ մեքենայի կմախքն էին ցույց
տվել՝ մինչ այդ ամեն ինչ վրայից հանել-ծախել էին: Լոտեր կան, որոնք նախատեսված են
կոնկրետ կազմակերպությունների համար՝ անվտանգության եւ այլ պատճառներով, բայց հայտարարության
մեջ ոչինչ չի նշվում, աճուրդի ժամանակ ես իմանում: Կամ էլ՝ ես ոսկյա զարդ էի ուզում
գնել, կատարածուն ազնվորեն ասաց՝ ախպեր ջան, դրա հետ գործ չունես, տեր ունի»: Իսկ
արհեստականորեն «գին գցելու» մարտարվեստը աճուրդների համար հայտնություն չէ: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31