Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԵՂՃ» ԱՎՏՈՏԵՍՈՒՉՆԵՐԻՆ ՎԱՐՈՐԴԸ
ԾԵԾԵԼ ԷՐ ԳՐԻՉՈՎ

Հոկտեմբեր 29,2005 00:00

8-ամյա Մարկը հանդես
եկավ որպես վկա Պետավտոտեսչության երկու աշխատակից Վաղարշակ
Շահբազյանին եւ Գուրգեն Գյուրջյանին դիմադրություն ցույց տալու համար քաղաքացի Վարդեն
Թեյմուրազովը հայտնվել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի
դատարանում՝ ամբաստանյալի կարգավիճակով: Սույն թվականի մարտի 13-ին պետավտոտեսուչները
Գ. Լուսավորիչ-Իտալական փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս Իտալական
միակողմանի փողոցով հակառակ ուղղությամբ ընթացող շտապօգնության մեքենային ճանապարհ
տալու եւ արդյունքում խախտում անելու համար կանգնեցրել են ամբաստանյալի «ՎԱԶ 21099»
մակնիշի ավտոմեքենան եւ պահանջել անհրաժեշտ փաստաթղթերը: Տհաճ խոսակցություն է ծավալվել
(ըստ պետավտոտեսուչների), եւ Վ. Շահբազյանը խախտում կատարելու համար ակտ է կազմել,
որում վարորդը բացատրություն է տվել, որ իրենից պահանջել են 2000 դրամ: Ըստ Վ. Թեյմուրազովի,
գումարի վերաբերյալ նշումը տեսնելուց հետո, իրեն թույլ չեն տվել այն ավարտել, ձեռքերը
ոլորել են, ինքը օգնություն է կանչել, սակայն իրեն նստեցրել են պետավտոտեսչության
մեքենան եւ ծեծելով տարել: Իսկ պետավտոտեսուչներն այլ բան էին պնդում: Ըստ նրանց,
միակողմանի փողոցում (Իտալական) հակառակ ուղղությամբ ընթացող շտապօգնության ոչ մի
մեքենա էլ չի եղել: Մինչ խախտումն արձանագրելը, Գյուրջյանը մոտեցել է, ներկայացել
եւ պահանջել համապատասխան փաստաթղթեր, որին Թեյմուրազովը վատ դիմելաձեւով է արձագանքել:
Ակտ է կազմվել, ինչը դուր չի եկել ամբաստանյալին եւ նա վիճելու ընթացքում ձեռքի գրիչով
պետավտոտեսուչ Շահբազյանի այտին վնասվածք է հասցրել: Այդտեղից սկսված քաշքշուկի պատճառով
ամբաստանյալին բերման են ենթարկել ՆԳ բաժին: Այդ ընթացքում նույնիսկ երկու անգամ
բժիշկներ են այցելել նրան, սակայն ծեծի հետեւանքով առաջացած որեւէ կապտուկ կամ վնասվածք
չեն հայտնաբերել: Ըստ տուժող պետավտոտեսուչների՝ դրանք հայտնվել են դեպքից
միայն յոթ օր հետո, երբ ամբաստանյալը երրորդ անգամ է բժիշկ հրավիրել՝ հետազոտելու
իր վիճակը: Այդ պատմության ականատես եղել է Վ. Թեյմուրազովի 8-ամյա որդին՝ Մարկը,
որին էլ երեկ հոր միջնորդությամբ լսեց դատարանը: Երեխան սկզբում հուզվեց եւ մինչ
կպատասխաներ հոր հարցադրումներին, դատավոր Պարգեւ Օհանյանը տեղեկացրեց, որ դիմում
է ստացվել գործով վկա Արթուր Գրիգորյանից (որը նախորդ նիստերից մեկի ժամանակ ցուցմունք
էր տվել դատարանում՝ ի պաշտպանություն Թեյմուրազովի), որով տեղեկացնում է, որ դատարանում
տված իր ցուցմունքը ճիշտ չէ, քանի որ դա արել է վախի ազդեցության տակ: Դատավորն ասաց,
որ այն դեռ պետք է գնահատվի: Հետո լսեցին Մարկի պատմությունը, որը կառուցվեց հոր
հարցադրումների հիման վրա, գրեթե ճիշտ այնպես, ինչպես մինչ դատական նիստը ներկայացրել
էր Վ. Թեյմուրազովը: Պետավտոտեսուչ Շահբազյանը մի քանի հարց ուղղեց երեխային: Երեխան
չկարողացավ նկարագրել շտապօգնության մեքենան, նաեւ չհիշեց, թե իրավունքները պահանջելուց
հետո ինչ է ասել իր հայրը: Նաեւ չհիշեց, թե իրենց եւ պետավտոտեսուչների մեքենաներն
ինչ հեռավորության վրա են եղել: Դրա փոխարեն հիշեց, որ հայրիկին պետավտոտեսչության
մեքենան նստեցնելիս նա օգնություն է կանչել, եւ որ նրան ծեծել են: Երեկ չէր ներկայացել
գործով անցնող վկաներից մեկը՝ ամբաստանյալի հարեւանը, որին հավանաբար կլսեն հաջորդ
նիստին՝ եթե ներկայանա: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31