Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես «ցրել» տեղեկություն տալու պահանջը

Հոկտեմբեր 29,2005 00:00

Ինֆորմացիայի ազատության
կենտրոնը հարցումով դիմել էր Գյումրիի քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել ավագանու
որոշումների (2005թ. 1-2-րդ եռամսյակներ) եւ 2004թ. քաղաքի բյուջեի կատարման հաշվետվությունների
պատճենները։ Քաղաքապետը պատասխանել է. «Դուք պահանջվող տեղեկատվությանը
կարող եք ծանոթանալ քաղաքապետարանի ինտերնետային կայքից, որը դեռ պատրաստման ընթացքի
մեջ է»: Այսինքն՝ չենք մերժում, իհարկե, կարող եք ծանոթանալ, բայց չենք տա: Սա մեկն
է այն զավեշտալի պատասխաններից, որ ամեն օր մարդիկ ստանում են պետական եւ տեղական
ինքնակառավարման մարմիններից, երբ դիմում են անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու։
Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման 18 մարմիններին ուղղված Ինֆորմացիայի
ազատության կենտրոնի 140 հարցումից պատասխան տրվել է 71-ին կամ հարցումների 51 տոկոսին։
Հիսուն հարցման (36 տոկոս) ընդհանրապես պատասխան չի տրվել, իսկ պաշտոնապես գրավոր
մերժվել է միայն 1-ը։ Սա նշանակում է, որ պաշտոնյաները գերադասում են անպատասխան
թողնել տեղեկություն ստանալու հարցումները, քան գրավոր մերժել, այսպիսով՝ դիմողին
զրկելով բողոքարկման հնարավորությունից։ Տեղեկություն ստանալու իրավունքի ոտնահարման
պատճառներից մեկն այն է, որ պաշտոնյաների մի մասը բացարձակապես անտեղյակ է «Տեղեկատվության
ազատության մասին» օրենքի դրույթներին: Կենտրոնի հարցումները վկայում են, որ պաշտոնյաների
միայն 75 տոկոսն է տեղյակ այս օրենքի գոյությանը, իսկ օրենքի դրույթներին ծանոթ է
միայն նրանց 50 տոկոսը։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝
տեղեկություն ստանալու հարցմանը պատասխան պետք է տրվի 5-օրյա ժամկետում, սակայն որոշ
հարցումների պատասխանն ստացվել է 1-2 ամիս ուշացումով։ Որոշ դեպքերում պաշտոնական
պատասխանը տրվել է ուշացումով, սակայն պատասխանող մարմինը դիտավորյալ սխալ ամսաթիվ
է նշել՝ օրենքը խախտելուց խուսափելու համար դիմելով խաբեության: Պաշտոնյաները
պատասխանելուց խուսափելու համար դիմում են տարբեր պատճառաբանությունների. պահանջում
են հիմնավորել, թե ինչպես է դիմողը հետագայում օգտագործելու ստացած տեղեկությունը,
պահանջում են ներկայացնել կազմակերպության կանոնադրությունը եւ այլն։ Բոլոր այս պատճառաբանություններն
անօրինական են։ Որոշ դեպքերում մարմիններին զայրացնում է դիմողների «հետաքրքրասիրությունը»։
Այսպես, Արարատի մարզպետից խնդրել էինք տրամադրել 2005թ. 1-2-րդ եռամսյակներում իր
կողմից կայացրած որոշումների պատճենները, որին մարզպետ Ա. Սարգսյանը պատասխանել է.
«Հայտնվում է, որ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ Ձեր հարցումը պարունակում
է հաշվետվության պահանջի կամ վերահսկողության տարր: Ձեր խնդրանքը կարող է բավարարվել,
եթե այն ներկայացվի անհրաժեշտ իրավական ակտի կոնկրետ համարանշումով»: Մարզպետին ցանկանում
ենք հիշեցնել, որ իր որոշումները գաղտնի փաստաթղթեր չեն, դրանք պետք է մատչելի եւ
բաց լինեն բոլորի համար։ Իսկ «հաշվետվության պահանջից» չպետք է զայրանալ, այլ պետք
է հաշվետու լինել հասարակության առաջ։ ՇՈՒՇԱՆ ԴՈՅԴՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել