Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑՎԵՑ ՀԵԾԱՆՎԱՍՊՈՐՏԻ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ

Հոկտեմբեր 29,2005 00:00

Երեկ
մայրաքաղաքի Բագրատունյաց 48 հասցեում գտնվող Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան
մարզադպրոցում բացվեց մարզաձեւի նոր կենտրոն: Այդ առիթով Երեւան
են ժամանել ՄՕԿ-ի անդամ եւ Պեկինի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ, մարզաձեւի
միջազգային ֆեդերացիայի (ՈՒՍԻ) ցմահ պատվավոր փոխնախագահ Հեյն Վերբրյուգենը՝ Շվեյցարիայից
եւ Արեւելյան Եվրոպայի, ԱՊՀ եւ Բալթյան երկրներում հեծանվային սպորտի պատասխանատու,
պրոֆեսիոնալների աշխարհի գավաթի խաղարկության բազմակի հաղթող ու մրցանակակիր ռուսաստանցի
Անդրեյ Չմիլը: Պաշտոնական արարողությունից առաջ նրանք, Հայաստանի սպորտի պետական
կառույցի եւ ՀԱՕԿ-ի ղեկավարները, ինչպես նաեւ Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի
նախագահ Լեւոն Աբրահամյանը հանդիպեցին լրագրողների հետ: Ներկայացնելով հյուրերին՝
Լ. Աբրահամյանը ավելացրեց, որ կենտրոնը, միակը լինելով տարածաշրջանում, 6-րդն է,
որ ՈՒՍԻ-ի ծրագրով բացվում է տարբեր երկրներում: Ադրբեջանի եւ Վրաստանի հետ մրցակցությունում
Հայաստանը շահել է միջազգային ֆեդերացիայի հայտարարած մրցույթը: Եվ ՈՒՍԻ-ն ըստ նախատեսված
ծրագրի կենտրոնին ամեն տարի հատկացնելու է $80 հազարի բարձրորակ մարզագույք ու ամբողջական
մարզահագուստ, որոնք օգտագործում եւ կրում են աշխարհի լավագույն պրոֆեսիոնալ հեծանվորդները:
«Կենտրոնի բացումը հնարավոր է եղել Սպորտպետկոմի, ՀԱՕԿ-ի, մարզաձեւի ֆեդերացիայի
ջանքերի շնորհիվ,- ասաց նա:- Դա նոր թափ կհաղորդի Հայաստանում հեծանվային սպորտի
զարգացմանը: 16-18 տարեկան պատանիներն ու աղջիկները այնտեղ բնակվելու եւ ժամանակակից
մեթոդներով մարզվելու հնարավորություն են ստանում: Իսկ դա միջազգային ստանդարտներին
հավասարվելու լավագույն գրավականն է: Մեր մարզական ղեկավարները պարոն Չմիլի հետ արդեն
իսկ պայմանավորվել են՝ հետագայում առավել աչքի ընկած պատանի մարզիկներին գործուղել
աշխարհի առաջատար ակումբներ»: Անդրեյ Չմիլը նշեց, որ սկսած 2003 թվականից՝
իրենք նման կենտրոններ բացել են Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում
եւ Լիտվայում: ՈՒՍԻ-ն իր առջեւ լուրջ նպատակներ է դրել՝ տարբեր երկրներում վերականգնել
մարզաձեւի ավանդույթները, այդպես խթանել մարզիկների նոր սերնդի պատրաստմանը եւ անել
այնպես, որպեսզի հեծանվային սպորտը զարգացած լինի ոչ միայն Արեւմտյան, այլեւ Արեւելյան
Եվրոպայի երկրներում: Պարոն Հեյն Վերբրյուգենն իր խոսքում ասաց. «Միջազգային
ֆեդերացիան հետեւյալ քաղաքականությունն է որդեգրել. մենք գիտենք, շատ երկրներում
հեծանվասպորտի բազմաթիվ տաղանդներ կան: Սակայն նրանք առաջ չեն գնում, որովհետեւ չեն
մարզվում: Դրա համար ենք կենտրոններ հիմնադրում տարբեր երկրներում: Միաժամանակ հեծանվասպորտի
համաշխարհային կենտրոն ենք բացել Շվեյցարիայում, ուր ՈՒՍԻ-ի եւ տվյալ երկրի ԱՕԿ-ի
միջոցներով 8-9 ամսով տանում ենք տաղանդավոր հեծանվորդներին: Եթե այստեղ էլ այդպիսիք
լինեն, նրանց էլ կտանենք: Վերջին չորս տարում մենք արդեն տվել ենք աշխարհի ինը չեմպիոն:
Էլ չեմ խոսում արծաթե ու բրոնզե մեդալակիրների մասին: Հիմա Շվեյցարիայում պատրաստում
ենք հեծանվորդներ՝ 2008 թվականին Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու
համար: Դրանք այն մարզիկներն են, ովքեր իրենց երկրներում պրոֆեսիոնալ կենտրոններ
եւ մարզվելու հնարավորություն չեն ունեցել: Ես սպասում եմ, որ ՈՒՍԻ-ի օգնությամբ
Երեւանում բացվող հեծանվասպորտի կենտրոնում էլ կծնվեն այնպիսի մարզիկներ, որոնց նույնպես
կպատրաստենք ապագա խոշոր մրցումներին, աշխարհի առաջնություններին»: ՀԱՕԿ-ի
նախագահը շնորհակալություն հայտնեց Հեյն Վերբրյուգենին՝ Հայաստանում հեծանվասպորտը
զարգացնելու ցանկություն ցուցաբերելու համար: «Այսօր օլիմպիական կոմիտեի եւ սպորտկոմիտեի
առաջնային խնդիրը հանրապետությունում սպորտի զարգացումն է: Ու այդ ուղղությամբ լուրջ
աշխատանքներ են կատարվում: Հայաստանում անկախությունից հետո սպորտը մի տեսակ անուշադրության
էր մատնվել, ժամանակ չկար մարզական խնդիրներին անդրադառնալու: Հիմա իրավիճակը շտկվում
է: Օրերս Երեւանում միջազգային չափանիշները բավարարող հինգ մարզահամալիր շահագործեցինք:
Վեց ամիս առաջ պարոն Վերբրյուգենը Հայաստան էր գործուղել իր ներկայացուցչին: Նրա
հետ բանակցություններում ճշտել ենք փոխադարձ անելիքների շրջանակները: Ճիշտ է, դրանք
բանավոր են եղել, սակայն, հասկանալի է, այս ամենն առաջին հերթին մեզ է հարկավոր:
Ուստի թե ՀԱՕԿ-ը, թե Սպորտպետկոմը պատրաստ են ըստ ամենայնի նպաստել մեզանում հեծանվային
սպորտի զարգացմանը, որպեսզի Հայաստանն էլ ունենա աշխարհին հայտնի հեծանվորդներ: Հուսով
եմ, որ առաջին արդյունքները կերեւան արդեն 2-3 տարի հետո»: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31