Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐ ԱՆՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է

Դեկտեմբեր 24,2005 00:00

Եվրախորհրդի
չինովնիկներին հակադարձում է «Ազգային միաբանության» նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության
անդամ Արտաշես Գեղամյանը: Ակնհայտ է, որ «Ազգային միաբանությանն» էր վերաբերում
Հայաստանի սահմանադրական հանրաքվեն դիտարկող ԵԽ ժամանակավոր հանձնախմբի ղեկավար եւ
զեկուցող Թոմաս Ջիրսայի նախնական զեկույցում առկա հեգնալից ակնարկը, թե հետաքրքիր
էր իրենց այցի ժամանակ շրջանառվող «Արեւմտյան դավադրության տեսությունը», որ ԼՂ հակամարտության
կարգավորման դիմաց՝ Կասպիական վառելիքով շահագրգիռ Արեւմուտքը պատրաստ է աչք փակել
հանրաքվեի հնարավոր խախտումների վրա. «Ուստի ընդդիմության մի հատվածը գրեթե թշնամաբար
էր վերաբերվում պատվիրակությանը եւ մեղադրում ԵԽ-ին իշխանամետության մեջ»: Այս
վարկածը հրապարակավ հայտնել էր Արտաշես Գեղամյանը, եւ նրա ղեկավարած խմբակցությունն
անգամ հրաժարվել էր դիտորդների հետ հանդիպումից: Այժմ էլ՝ հօգուտ այդ տեսության,
պրն Գեղամյանը հիշեցրեց «Նյու Յորք Թայմս»-ում եւ «Վաշինգթոն Փոստ»-ում Դմիտրի Ռյուպելի
հարցազրույցը. «Այստեղ նա ուղղակիորեն ասում է՝ երբեք ու երբեք պետք չէ թույլ տալ,
որ վիճակն ապակայունանա թե՛ Ադրբեջանում եւ թե՛ Հայաստանում: Եվ կեղծված, տապալված
հանրաքվեից հետո գրեթե քար լռություն էր տիրել՝ մինչեւ վերջերս: Ուստի ի՞նչ եզրակացության
պիտի գար ընդդիմությունը, մասնավորապես՝ «Ազգային միաբանությունը», երբ արհամարհվում
էին ԵԽԽՎ նախագահ Ռընե Վան դեր Լինդենի հորդորները՝ հանրաքվեից դեռ 1,5 ամիս առաջ
ուղղված այս իշխանություններին: Նա հորդորեց, թե ընդդիմությունը պետք է հավասար պայմաններ
ունենա օգտվելու բոլոր լրատվամիջոցներից, որ իրենք չափազանց են կարեւորում տեսակետների
ազատ արտահայտման հնարավորությունը: Մինչդեռ «Ազգային միաբանության» եւ ոչ մի անդամ
այդպես էլ չունեցավ գեթ մեկ րոպե հեռուստաեթերով իր կարծիքը հայտնելու հնարավորություն:
Քարոզարշավը ընթացավ միակողմանի, ընդդիմության հանդիպումների առջեւ հարուցվում էին
խոչընդոտներ, սակայն Արեւմուտքը եւ ոչ մի կերպ չէր արձագանքում: Եվ եթե տեղերով փոխվենք՝
ինչպե՞ս պրն Ջիրսան կբնութագրեր այն կազմակերպության լիազորների ջանքերը, որոնք լռում
էին՝ ունենալով բոլոր լծակները: Մենք չենք ընդունում եվրոպական այն չինովնիկներին,
որոնք պատրանք են ստեղծում եւ ոչ թե հետամուտ լինում իրական ժողովրդավարությանը:
Սակայն երբե՛ք առանձին չինովնիկների անբարեխիղճ աշխատանքը, ինչի ականատեսը քանիցս
եղել ենք այստեղ՝ չենք վերագրել ողջ Եվրոպայի խորհրդին: Եվ հիմա չակերտների մեջ նշված
«տեսության» մասին հիշատակումներն ինձ չեն տխրեցնում, հակառակը՝ ուրախացնում են:
Նշանակում է՝ ճիշտ հետեւություններ են արել, տեղ է հասել քննադատությունը: Ուրեմն՝
անտարբեր չեն Հայաստանի ապագայի նկատմամբ եւ իրոք ցանկանում են, որ մեր երկրում հաստատվի
իրական ժողովրդավարություն»: Ակնհայտ է, որ Եվրոպայի խորհուրդը բնավ մտադիր
չէ աչք փակել կատարված կեղծիքների վրա: Սրա ապացույցը նաեւ դիտորդների այս զեկույցն
է, որում, հիշեցնենք, նշված է, թե «մարզերի որոշ տեղամասերը եւ Երեւանի՝ գործնականում
բոլոր տեղամասերն ապշեցուցիչ դատարկ էին՝ անկախ օրվա այն ժամանակահատվածից, երբ կատարվել
է այցը (բացառությունը միայն այն պահերն էին, երբ քվեարկում էին զինվորականները):
Պատկերն օրվա ընթացքում շատ կրկնվող էր, որ թույլ տար հավատալ, թե մեծ ակտիվությունը,
որի մասին մեզ վստահեցնում էին ընտրական հանձնաժողովների ղեկավարները՝ միշտ լինում
է հենց այն ժամանակ, երբ մենք այնտեղ չենք»: Թոմաս Ջիրսան մի օրինակ է մեջբերել,
որ վերաբերում է սեփական փորձառությանը Երեւանի 06/01 ընտրատեղամասում: Նշում է,
թե այնտեղ է ժամանել 18:15-ին, եւ ընտրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ 1868
գրանցված ընտրողներից քվեարկել են շուրջ 800-ը, մինչդեռ ընդդիմության դիտորդը հայտնել
է, թե մասնակցել են 278 հոգի. «Քվեատուփի կիսաթափանցիկ տուփում կարելի էր հստակ տարբերել
լցոնված քվեաթերթիկների մեծ քանակ: Ընտրացուցակի ամեն էջում կար ընդամենը մի քանի
ստորագրություն: Այն ընթացքում, մինչ մենք զանգում էինք ԿԸՀ, որ հայտնենք խախտման
մասին՝ ընտրացուցակը փոխվեց մեկ ուրիշով, որը լեցուն էր ստորագրություններով: Ընտրական
հանձնաժողովի նախագահը մեզ թույլ չտվեց, որ հաշվենք դրանք: Շուրջ 2 ժամվա ընթացքում
քվեարկելու եկան հազիվ 20 հոգի, եւ նրանց բոլորին ուղարկեցին հարեւանությամբ գտնվող
ընտրատեղամաս, որտեղ նրանց անունները գրված էին առանձին ցուցակում: Քվեատուփը բացելուց
առաջ ընտրական հանձնաժողովի անդամներն այն լավ թափ տվեցին, որ լցոնված քվեաթերթիկներն
այլեւս նկատելի չլինեն: Այնուամենայնիվ՝ բացելուց հետո մենք ներսում հայտնաբերեցինք
ոչ միայն մեկ, այլ մի քանի նման խմբաքանակներ»: Նախնական զեկույցում ափսոսանք
է հայտնված ընդդիմության դիրքորոշման կապակցությամբ, որն ընտրահանձնաժողովների իր
բոյկոտով միայն խոչընդոտեց քվեարկության թափանցիկությանը եւ հետո էլ բողոքներ չուղարկեց
ԿԸՀ-ին ու դատարաններին. «Ժողովրդավարության մեջ տարաձայնությունները չեն կարող լուծվել
ամբողջական մերժմամբ եւ «ինչ լինելու է՝ թող լինի» սկզբունքով. նույնիսկ, եթե ժողովրդավարական
գործընթացներն անկատար են կամ անգամ թերի՝ պետք է օգտագործվի իրավական բոլոր միջոցների
ամբողջ ներուժը»: Ընտրական հանձնաժողովներից առաջինն իր ներկայացուցիչներին
հետ կանչած «Ազգային միաբանության» առաջնորդն ի պատասխան նշեց. «Ցավոք, իրենց այս
քննադատությունը բումերանգի պես ուղղված է առաջին հերթին ԵԽԽՎ-ին: Վեհաժողովը պիտի
հետեւողականություն դրսեւորեր սեփական իսկ բանաձեւերի կատարման առնչությամբ՝ ասենք,
նախագահական ու խորհրդարանական խայտառակ ընտրություններից հետո իշխանություններին
տրված հանձնարարականի՝ ընտրակեղծիքների պատասխանատուներին ի հայտ բերելու եւ պատժելու
վերաբերյալ: Ահա այդ ժամանակ, այո՛, տեսնելով, որ ԵԽԽՎ-ն տեր է կանգնում սեփական
որոշումներին՝ ընդդիմությունն էլ հետ չէր կանչի հանձնաժողովներից իր անդամներին՝
համոզված լինելով, որ իրենց կողմից բացահայտված թերությունները չեն մնա անհետեւանք,
ինչպես մնացին 2003-ի ընտրակեղծիքները: Իսկ ընդդիմությունը, մասնավորապես՝ «Ազգային
միաբանությունը» երբե՛ք հարվածի տակ չի դնի իր ակտիվին, որին Հայաստանի գլխավոր դատախազը
եւ տարածքային դատախազները ահաբեկում էին՝ սպառնալով, թե կկալանավորեն, եթե չգնան
ընտրությունների: Մինչդեռ, երբ կեղծիք է իրականացվել, դրա ներքո կան ստորագրություններ,
ու հուշում ենք, թե ընդամենը պետք է կանչել ընտրական հանձնաժողովների անդամներին,
հարցաքննել նրանց՝ Աղվան Հովսեփյանը դա որակում է իբրեւ հետապնդում եւ իրավագիտության
մայր սկզբունքի՝ անմեղության կանխավարկածի ոտնահարում: Այս իրականության մեջ ընդդիմությունն,
անշո՛ւշտ, պետք է ինքնաքննադատաբար վերլուծի իր գործողությունները (իսկ ինքներս մեզ
քննադատելու բան ունենք շատ հարցերի առնչությամբ), բայց եվրոպացիներն էլ՝ մինչեւ
ուրիշին սովորեցնելը, թող Հայաստանի վերաբերյալ սեփական բանաձեւերին գեթ մեկ անգամ
հետեւողականորեն տեր կանգնեն»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել