Լրահոս
Օրվա լրահոսը

HEԼԼՕ, EUROPE.

Դեկտեմբեր 24,2005 00:00

Մեկ շնչին սուրը ձեռքին 3 ձիավոր է ընկնում

Այն օրից, երբ հայացքներս հառեցինք Եվրոպային, հայոց մայրաքաղաքում «եվրոռեմոնտ» սկսվեց։ Տեղ-տեղ այնպիսի փութաջանությամբ են պլաստիկապատում վարդագույն տուֆը, որ թվում է, թե Թամանյանի կառուցած քաղաքը քողարկում են չար աչքից։

Այդ բոլորն, իհարկե, բարի նպատակով է արվում։ Թող ամերիկաներում տեսնեն, որ մենք պակաս եվրոպացի չենք։ Բայց ահա գալիս են ու մեր եվրատեսքը թողած, ասիական արձաններին ու եկեղեցիներին են նայում։ Մեր մայրաքաղաքում էլ, փառք Աստծո, ինչն է շատ՝ արձանը։ Ամբողջ աշխարհին հայտնի ենք որպես հնագույն մշակույթի երկիր, բայց մշակույթի գործիչների արձանի մեկ շնչին՝ սուրը ձեռքին երեք ձիավոր է ընկնում ու չորս ձի։

Օրերս անգլասաքսոնական մի տիկին վարից վեր երկար զննեց երկու ձի հեծած Անդրանիկի արձանն ու հարցրեց՝ «Պարոնը կրկեսի արտի՞ստ էր»… Ես նրան փորձեցի բացատրել իսկությունը եւ մի քանի անգամ հատ-հատ կրկնեցի՝ Ան-դրա- նիկ Զո-րա-վար։ «Օ՜,- ժպտաց նա,- Արմինյըն Զորո՜»… Դե, ուշ հասկացող եվրոպացի է, ոչինչ չես կարող ասել։

Մեր ժողովրդի պարծանքներից մեկն էլ, անշուշտ, այն է, որ անչափ հավատացյալ ենք։ Այնքան հավատացյալ, որ Ազգային բանակում սերժանտի կոչումով սարկավագներ են ծառայում, գաղութներում հանցագործների մեղքերին թողություն են տալիս տերտեր պպզած ապերոները։

Որպեսզի աղոթատները բավարարեն ժողովրդին, «Շոփ» ու «Կազինո» կառուցելուց հետո ոմանք հոգու պարտք են համարում եկեղեցիներ էլ կառուցել։

Պատկերացնո՞ւմ եք մեր թոռ ու ծոռների հպարտալից հուզմունքը, երբ կմտնեն մեր սերնդակիցների կողմից կառուցած աղոթատուն եւ երկյուղածությամբ կկարդան պատին փորագրված հիշատակությունը՝ «Զայս վկայական շինեաց աֆտարիտետ Չոռնի Սեռոժ՝ ի հիշատակ յուր հոր՝ զակոննիկ Մռդոյի»։

Այս բոլորով հանդերձ՝ մեր առաջընթացն անկասելի է, եւ կրկին ու դարձյալ փառք պիտի տանք Աստծուն, որ մեզ բաժին հասած պատիժներից մեծագույնը ամենեւին էլ «ԱրմենՏելը» չէ, եւ միակ հույսն էլ օգնությունները չեն։

Եթե կուզեք ճիշտն իմանալ, մեր ամենամեծ բարեկամն «ԱրմենՏելն» է։ Անկախությանն «Այո» ասելուց հետո, մեր վախեցած ժողովուրդն այդ բառը միայն լսափողը վերցնելուց է ասում եւ «ԱրմենՏելը» մեզ ապացուցեց, որ ոչ մի «Այո» էժան չի նստում ասողի վրա։ Ահա, այսպես, հզոր երկրների օժանդակությամբ, մենք օրեցօր մտնում ենք զարգացած երկրների շարքը՝ միջազգային նորմերով։ Այդ վեհ նպատակի համար զարգացած երկրները քուն ու դադար չունեն։ Նրանք մտածում են, թե էլի ի՞նչ ծրագիր ներկայացնեն, որ Հայաստանում կաշառակերությունը վերանա, Մոզամբիկում՝ մարդակերությունը։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի մեկ կաշառակերի դիմաց Մոզամբիկն ունի երկու մարդակեր։ Փորձի փոխանակման կարգով հայ կաշառակերների մի խումբ ուղարկվեց Մոզամբիկ, բայց պարզվեց, որ Մոզամբիկում ավելացան մարդակերները, իսկ Հայաստանում կաշառակերների թիվը չպակասեց։

Պարզվեց նաեւ, որ դրա մեղավորն ընդդիմ
ություն է. անկախ դիտորդներին ման են տվել գերեզմաններում ու հավատացրել, որ հուշաքարերի վրա գրված ծննդյան ու մահվան թվերը խորհրդանշում են այդ մարդկանց կողմից վերցրած կաշառքի չափը՝ դոլարի կուրսով։ Ահա թե ինչու, երբ անկախ դիտորդներից մեկը մտել էր նախարարություն, դռների վրա ամրացված համարները ընդունել էր որպես ամենօրյա կաշառքի չափի միավոր։ Մենք՝ մեր կոալիցիոն ուժերով, նրան բացատրեցինք, որ այդ թվերը քաղաքացիների ընդունելության ժամերն են։ Իսկ սա կրկին սխալ էր հասկացել ու իր զեկուցագրում նշել է, թե զարգացող Հայաստանում պետական չինովնիկները կաշառք վերցնելու ժամեր են նշանակել։ Խեղճն այդպես էլ չիմացավ, որ Հայաստանում կաշառք վերցնելու համար ժամ ու պատարագ չկա։

Ինչպես տեսնում եք, մեր առաջընթացին խանգարում է միայն ընդդիմությունը՝ ապակողմնորոշելով միջազգային հանրությանն ու նրա դիտորդներին։

Բայց մենք հույսներս չենք կտրում, կգա ժամանակ, ընդդիմության հախից կգանք եւ առանց թակելու կբացենք Արեւմուտքի դռներն ու կբացականչենք՝ Hello Evropa…

Թող Ղազախստանը մտածի, որ Միջին Ասիայում է գտնվում:

ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել