Լրահոս
Օրվա լրահոսը

Նշելու են ամեն տարվա պես՝ «ճոխ»

Դեկտեմբեր 24,2005 00:00

«Հորս
ու մորս». մանկատան երեխաներն այսպիսի նվեր են ուզում Ձմեռ պապիկից Սովորաբար
մանկատների երեխաները Նոր տարվան սպասում են մի ուրիշ ոգեւորությամբ, որովհետեւ դա
տարվա մեջ միակ օրն է, երբ զգացվում է պետության հոգածությունն ու ուշադրությունը
նրանց նկատմամբ՝ թեկուզ դա արտահայտվում է տարբեր համերգային ծրագրերին ու միջոցառումներին
հրավիրելու տեսքով: Արդեն հանրապետության մի շարք մանկատներում սկսվել են Ամանորին
նվիրված նախատոնական միջոցառումները: Գավառ քաղաքի մանկատան 110 երեխաներն առայժմ
իրենց ուժերով են փոքրիկ համերգներ կազմակերպում ու ստից Ձմեռ պապ-Ձյունանուշ խաղում,
մինչեւ իսկականները կգան: Այս մանկատան փոխտնօրեն Համլետ Բեսալյանը մեզ հավաստիացրեց,
որ տոնական սեղանը հագեցած կլինի մրգերով, քաղցրավենիքով, Քյավառի ավանդական թխվածքներով,
հնարավոր է՝ նույնիսկ փախլավա: «Կլինի այն ամենը՝ ինչ լինելու է միջին պայմաններում
ապրող ընտանիքներում: Չեմ ասում հարուստների նման ճո՜խ բաներ»,- ասաց Հ. Բեսալյանն
ու հավելեց, որ նոր տարվա առիթով մանկատան շենքն արդեն զարդարել են: Գավառի մանկատանն
ապրող երեխաները ցանկանում են, որ Ձմեռ պապիկը, որպես նվեր, բերի իրենց հայրիկներին
ու մայրիկներին: Իսկ պարոն Բեսալյանի ամանորյա ցանկությունը հետեւյալն է. «Ուզում
եմ, որ Աստված մի դուռ բացի, որ այս երեխաները գնան իրենց հարազատ օջախները: Ոչինչ,
որ ես ու Նալբանդյան Կոլյան էլ (մանկատան տնօրենը.-Հ. Ե.) կդառնանք գործազուրկ»:
Սա Համլետ Բեսալյանի ամանորյա մաղթանքն էր մանկատան երեխաներին: Ի տարբերություն
Գավառի մանկատան երեխաների, Երեւանի «Զատիկ» մանկատան երեխաների ակնկալիքները Ձմեռ
պապից այլ բնույթի են: Նրանք ցանկանում են նվեր ստանալ բջջային հեռախոսներ: Հաշվի
կառնի՞ Ձմեռ պապը «զատիկցիների» ցանկությունը, թե ոչ՝ մանկատան տնօրեն Աշոտ Մնացականյանը
չպարզաբանեց՝ հստակ հասկանալով, որ ինչ՝ ինչ, բայց բջջային հեռախոսներ «Զատիկի» 140
երեխաները դժվար թե ունենան: «Դա Ձմեռ պապի գործն է, չեմ ուզում խառնվել նրա խոհանոցին»,-
այսպես «ցրեց» հեռախոսների մասին խոսակցությունը մանկատան տնօրենը: Նա միայն վստահեցրեց,
որ տոնական սեղանը կլինի տեղը տեղին՝ խոզի ապխտած մսով ու հնդկահավով. «Ամեն ինչ
լինելու է շատ ճոխ, որ երեխաների աչքը ոչ մի բանի վրա չմնա: Մեր սեղաններն առավել
կլինեն շատ ընտանիքների սեղաններից, բայց պակաս հաստատ չեն լինի»: Տնօրենի ասելով՝
«այս ամենն արվում է նաեւ նրա համար, որ օրերից մի օր մարդիկ չմտածեն, թե մանկատան
երեխա է, մի փայլուն բան ցույց չտան ու խաբեն. մերոնց աչքը միշտ կուշտ է»: Նոր
Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաները եւս Նոր տարվա գիշերն ուզում են հանդիպել
իրենց ծնողներին՝ չբաժանվելու պայմանով: Տնօրեն Հարություն Բալասանյանի խոսքերով՝
մանկատան միջոցները ներում են, որպեսզի Ամանորի սեղանն իրենց մոտ էլ լինի ճոխ ու
սննդարար՝ հագեցած մրգերով, կոնֆետներով եւ մսեղենով: Իսկ Գյումրու մանկատան փոքրիկները
խոհարարին արդեն պատվիրել են թփով տոլմա, Ձմեռ պապից էլ պահանջել են նվեր բերել իրենց
մայրիկներին ու փափուկ խաղալիքներ: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել