Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԼԻՍ Է ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Դեկտեմբեր 24,2005 00:00

Ավանդույթ
է դառնում տարվա՝ «Առավոտի» վերջին համարում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի
նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ մրցաշրջանի ձեռքբերումների ու հոգսերի մասին զրույցը,
որը նաեւ հաշվետու ժամանակաընթացքում ՀԱՕԿ-ի կատարած աշխատանքի յուրատեսակ ամփոփում
է: – Պարոն Ծառուկյան, 2005-ը առաջին լիարժեք տարին է, որ դուք ղեկավարում
եք ազգային օլիմպիական կոմիտեն: Մարզական առումով այն ինչպե՞ս եք գնահատում: –
Համեմատած անցած տարիների հետ, որոշակի առաջընթաց կա: Այս տարի մեր մարզիկները տարբեր
տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, ունիվերսիադաներում, միջազգային
այլ մրցաշարերում ընդհանուր առմամբ նվաճել են 89 մեդալ: Առաջընթացը շոշափելի է: Բայց
այդ տեմպերն անձամբ ինձ էլի չեն գոհացնում, որովհետեւ մենք պատրաստվում ենք 2008
թվականին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին եւ մտադիր ենք այնտեղ Հայաստանի
պետական դրոշը բարձրացնել, Օրհներգը հնչեցնել: 2005 թվականը հայրենական սպորտի համար
ավելի շատ շինարարության տարի էր: Պետության հետ միասին Երեւանում եւ մարզերում մարզադպրոցներ
ենք հիմնանորոգել, նորերն ենք կառուցել: Այդ ծրագիրը շարունակվում է: Մեկ-երկու տարում
օլիմպիական խաղերի հաղթող հնարավոր չէ պատրաստել: Նախ հարկավոր է մարզիկի համար անհրաժեշտ
պայմաններ ապահովել, հետո միայն արդյունքներ պահանջել՝ այն, ինչ հիմա անում ենք:
Օրինակ, այս տարի հանրապետության շուրջ 200 առաջատար մարզիկներ, մարզիչներ օլիմպիական
կոմիտեի ու ֆեդերացիաների կողմից զուտ որպես թոշակ ամսական ստացել են 100-250 հազարական
դրամ: Դրան ավելացրած Եվրոպայի աշխարհի առաջնություններում մեդալ նվաճելու համար
դրամական մրցանակները, ոսկե մեդալակիրներին անձամբ իմ տված դրամական լրացուցիչ պարգեւները,
մեքենա, կարիք լինելու դեպքում՝ նաեւ բնակարանները: – Լիովին համաձայն լինելով
ձեր ասածներին, պիտի նկատեմ նաեւ, որ անցած տարիներին, առավել եւս՝ հիմա, պետությունը,
սպորտի պետական կառույցը, օլիմպիական կոմիտեն հնարավորությունների առավելագույն չափով
այդ բացը, ըստ ներկայացված հայտերի, լրացրել են մարզումները, ուսումնամարզական հավաքների
անցկացումն ապահովելով, ասենք, հանրապետության սահմաններից դուրս: Այստեղից էլ տրամաբանական
հաջորդ հարցը. արձանագրված նվաճումները համահո՞ւնչ են ՀԱՕԿ-ի՝ անցնող տարում ծավալած
գործունեությանը, ներդրումներին: – Արդեն ասացի, որ սպորտում արդյունքները
միանգամից չեն լինում: Տարիներ են պետք: Իրատես լինենք. անկախացումից հետո Հայաստանում
ցուրտ ու մութ տարիներին ֆիզկուլտուրան, սպորտը մի տեւական ժամանակ անտեսված են եղել՝
զբաղվող չկար, հոգատարություն չկար: Մարզիկների մի ամբողջ սերունդ տարվա մոտ հինգ-վեց
ամիսը զրկված էր մարզվելու հնարավորությունից: Այդ բացը լրացնելու համար վերջին տարիներին,
իրոք, շատ բան է արվել: Բայց դա առաջացած վակուումը լցնել չէր կարող: Հիմա այդ բացը
լրացվում է, ու մենք արդեն պահանջողի դերում ենք թե մարզիկներից, թե մարզիչներից:
Նրանք գիտեն, որ ամեն տարի իրենց կատարած աշխատանքով հաշվետու են ՀԱՕԿ-ի, պետության
առջեւ: Եվ եթե արդյունքները գոհացուցիչ չլինեն՝ պիտի տեղը զիջեն ուրիշներին: –
Վերջերս մի քանի մարզաձեւերի տարեկան արդյունքների ամփոփումը հավաքականների մարզիչների
աշխատանքում բազմաթիվ բացթողումներ, վրիպումներ ի հայտ բերեց, բայց ոչ մի մարզիչ
պատասխանատվության չենթարկվեց, կադրային որեւէ փոփոխություն չեղավ: – Դրանց
լրագրողներդ էլ ներկա էիք ու տեսաք, թե ինչ «չոր» քննարկումներ էին: Անձամբ ես անչափ
դժգոհ էի ծանրամարտի մարզիչներից: Անգամ առաջարկ եղավ, որ նրանք ամբողջ կազմով, ընդհուպ՝
մինչեւ մարզչական խորհուրդը, հրաժարական տան: Բայց դրանից հետո ես մարզիչների հետ
առանձին հանդիպում էլ ունեցա: Մինչեւ ապրիլ՝ Եվրոպայի առաջնություն, ժամանակ խնդրեցին՝
կոնկրետ պարտավորություններ ստանձնելով: Նրանց այդ ժամանակը տրվել է: Եթե խոստումները
կատարեն, ես միայն ուրախ կլինեմ ու հաճույքով էլի պարգեւներ կհանձնեմ: Իսկ եթե այս
անգամ էլ աշխատանքը չբավարարի, տեղերը կզիջեն ուրիշներին, ավելի երիտասարդ ու արժանավորներին:
– Անկեղծ մի հարց տամ. խոստումներին չափից ավելի շատ չե՞ք վստահում: –
Հետաքրքիր հարց է: Ես, իրոք, ինչպես ասում են, մեծ բեռ եմ վերցրել ուսերիս: Եվ խոստումներիս
տեր եմ կանգնելու՝ ինչ գնով էլ լինի: Հիմա, այս փուլում իմ դերը տեսնում եմ Հայաստանում
սպորտը զարգացնելու, մասնագետներին օգնել-աջակցելու մեջ ու դրա համար ոչինչ չեմ խնայում՝
անգամ անձնական գումարներ ներդնելով: Սպորտ հասկացողը կիմանա, որ վեց ամսում մեդալներ
չեն լինում: Մի քիչ էլ պետք է համբերել: Ես սպասում եմ մինչեւ Եվրոպայի, աշխարհի
առաջնություններ, որտեղ մեր մարզիկներն անպայման պետք է մրցանակային եռյակներում
տեղ զբաղեցնեն: Այն ժամանակ կերեւա օլիմպիական խաղերում մեդալների ռեալ հույսեր ունե՞նք,
թե՞ ոչ: Ու անչափ կարեւորելու եմ արդյունքները՝ դրանք դիտարկելով միջազգային ցուցանիշների
հարթության վրա: Հավատում եմ, որ հատկապես մեր երիտասարդ մարզիկները հույսերը կարդարացնեն:
– Ֆեդերացիաների, դրանց նախագահների աշխատանքից գո՞հ եք: – Ըմբշամարտի,
ծանրամարտի ֆեդերացիաների նախագահները լուրջ գործունեություն են իրականացնում, պատկառելի
ներդրումներ են կատարում: Նրանց աշխատանքից, անշուշտ, գոհ եմ: Մյուսները կայացման
տարբեր փուլերում են: Ընդհանուր աշխուժացում նկատվում է: Կուզենայի, որպեսզի մյուս
մարզաձեւերի ֆեդերացիաներն էլ թղթի վրա չմնան: – Սպորտային բժշկության մասին
ի՞նչ կասեք: – Այդ ոլորտը ղեկավարում է «Էրեբունի» եւ «Նաիրի» բժշկական կենտրոնների
տնօրեն Արտյոմ Քուշկյանը: Նա մեր առաջատար մարզիկների համար անգնահատելի աշխատանք
է կատարում: Միայն այս տարի նրա ղեկավարած կլինիկաներում հարյուրավոր մարզիկներ են
համապատասխան ստուգումներ անցել, վիրահատության ենթարկվել: Ես պարոն Քուշկյանի աշխատանքից,
նրա աջակցությունից անչափ գոհ եմ: – Բժշկական համալսարանում մարզական բժշկության
բաժանմունք է բացվել: Հայաստանում համապատասխան մասնագետներ կա՞ն, ովքեր իրենց գիտելիքները
կփոխանցեն ապագա մարզական բժիշկներին: – Ձեր ակնարկած բազմափորձ պրոֆեսիոնալները
չկան: Սակայն մենք պատրաստ ենք առաջարկություններ լինելու դեպքում քննարկել ու դրսից
մասնագետներ հրավիրել կամ մերոնց գործուղել արտերկրներ: – Որպես մարդ, սպորտի
մեծ նվիրյալ, դուք անձնական միջոցներից հսկայական գումարներ եք հատկացնում ֆիզիկական
կուլտուրայի զարգացմանը, հանրապետության տարբեր վայրերում մարզաբազաների հիմնանորոգմանը,
նորերի կառուցմանը: Որեւէ հաշվառում կամ վիճակագրություն ունե՞ք; – Ոչ: Ես
ոչինչ չեմ հաշվում եւ ցուցադրական ոչինչ չեմ անում: – Նոր տարում ի՞նչ կմաղթեք
մեր ժողովրդին: – Առողջություն, երջանկություն, բոլորի ընտանիքներին՝ սեր
ու խաղաղություն: Ուզում եմ, որպեսզի մեր երիտասարդությունը լինի գեղեցիկ եւ ուժեղ:
Ուժեղ մարդը բարի է լինում: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031