Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսից «չստերով» չեն գալիս

Դեկտեմբեր 24,2005 00:00

Հյուսիսից «չստերով» չեն գալիս Ամանորյա այս օրերին մանկավարժները նաեւ Ձմեռ պապ ու Ձյունանուշ են աշխատում Ամանորի նախաշեմին տեղեկատուներում Ձմեռ պապի ու Ձյունանուշի ծառայություն մատուցող մի քանի տասնյակի հասնող գրասենյակների ու անհատ անձանց հեռախոսահամարներ են տեղադրված: Չնայած շուկայի բազմազանությանը, պարզվում է՝ նման գրասենյակները Ձմեռ պապիկ-Ձյունանուշներին մանուկներին այցելելու համար նախապես չեն պատրաստում, դասընթացներ չեն անցկացնում: Եվ պատահական չէ, որ շատ դեպքերում մանկապարտեզներում, ամանորյա միջոցառումներին հրավիրված Ձմեռ պապերի իրական լինելը փոքրիկներին կասկածելու առիթ է տալիս: Հեռավոր հյուսիսից եկած Ձմեռ պապին երեխաներն այնքան ուշադիր ու մանրամասն են զննում, որ ցանկացած ատրիբուտ կարող է նրանց մատնել ու երեխային հիասթափեցնել: Մինչդեռ մեր Ձմեռ պապերից շատերը մանուկներին այցելում են բամբակե կեղտոտ մորուքով, «չստերով», տղամարդու սեւ անդրավարտիքով, առանց ձեռնոցների եւ, որ ամենակարեւորն է, առանց նվերների: Եվրոպայում, օրինակ, նման գրասենյակները ամենայն պատասխանատվությամբ են մոտենում այս աշխատանքին: Հոկտեմբերից հատուկ դասընթացներ են կազմակերպվում Ձմեռ պապերին ամենատարրական շարժուձեւից սկսած, ողջույնի խոսքի, ձայնի հնչերանգի, սուր համեմունքներ չօգտագործելու եւ այլ նրբություններ սովորեցնելու համար: Մեզ մոտ ոչ միայն հարկ չեն համարում նման պատրաստվածություն անցնել, այլեւ անգամ ամուսիններ են Ձմեռ պապ-Ձյունանուշի ծառայություններ մատուցում: Երբ ծառայությունների գները ճշտելու համար տեղեկատուներում գրանցված հեռախոսահամարներով զանգեր էինք կատարում, երբեմն պատասխանում էր տան տիկինը՝ ասելով, որ «ճիշտ հասցեով եք զանգել, ես ու ամուսինս էլ կարող ենք ձեր պատվերը կատարել»: Տիկնոջ խոսքերով, եթե «20 հազար դրամ վճարեք՝ ամուսինս Ձմեռ պապ կլինի, ես էլ Ձյունանուշ, նվերների համար էլ առանձին կպայմանավորվենք»: Գրասենյակների ծառայություններն ավելի թանկ են: «Չիպոլինոյի» գնացուցակի համաձայն, դեկտեմբերի 31-ին Ձմեռ պապի եւ Ձյունանուշի այցելությունը 40 հազար դրամ է, հունվարի 1-ից հետո՝ 25 հազար դրամ: «Նոն ստոպ» ընկերությունից պարզեցինք, որ կեսժամյա այցելությունը 25 հազար դրամ է՝ ներառյալ մի տոպրակ քաղցրավենիք: Այս գրասենյակից հավաստիացրին, որ ողջույնի տեքստի համար կարող ենք չկասկածել, քանի որ իրենց Ձմեռ պապ-Ձյունանուշները մանկավարժներ են: «Մեշոկ պապի» խաղալիքների խանութը եւս նման ծառայություններ է մատուցում, բայց ավանդական հերոսներին ուղեկցելու է նաեւ Մեշոկ պապը: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031