Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԴՐՈՒՄ

Դեկտեմբեր 24,2005 00:00

ՆԵՐԴՐՈՒՄ ՉԿԱ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԻԿՆ Է «ՀԱՄԸ ՀԱՆՈՒՄ» Հարավ-արեւմտյան Ա-1, Ա-3, Բ-1 թաղամասերն ամեն տարի դեկտեմբերի վերջին՝ հատկապես Ամանորի օրը, ինչ-ինչ պատճառներով հոսանքազրկվում են: Խմորեղենները թխել չհասցրած, սերիալներից կամ տոնական հաղորդումներից զրկված բորբոքված բնակիչներին էլեկտրիկներն ամեն տարի հանգստացնում են, թե՝ «քույրիկ ջան, ի՞նչ անենք, վթար ա եղել, հեսա վռազ կսարքենք, մի անհանգստացեք, գիշերը երբ 12-ը խփեց՝ դուք հաստատ լույս կունենաք»: Իսկ լույսը կա՛մ օրվա մեջ ձեւի համար 1-2 ժամ են տալիս, կա՛մ այնքան են անջատում-միացնում, թուլացնում-ուժեղացնում, որ ստիպված ոչ սառնարան են միացնում, ոչ հեռուստացույց դիտում: Այս առնչությամբ «Առավոտի» հարցին, թե գոնե այս տարի երաշխիքներ կա՞ն, որ «բանգլադեշցիները» Ամանորի գիշերը էլեկտրաէներգիա կունենան՝ «Հայէլցանցերի» մամուլի պատասխանատու Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց. «Ո՞նց կարող ենք երաշխավորել, որ լույսերը չեն գնա: Անգամ Նյու Յորքում երաշխավորել չեն կարող: Տեսա՞ք Մոսկվայի նման երկրում ինչ եղավ»: Ընկերությունից ընդունեցին, որ իսկապես այս թաղամասում հաճախակի են վթարներ ու անջատումներ լինում. «Ի՞նչ կարող ենք անել, հնուց ժառանգած փտած մալուխներ են, անընդհատ պրոբլեմներ են ստեղծվում»: Սա խոսում է այն մասին, որ ընկերությունը համապատասխան ներդրումներ չի կատարում եւ ի վիճակի չէ անգամ փոխել «հնուց ժառանգած» մի քանի փտած մալուխներ, որոնք մի ամբողջ թաղամասի հոսանքազրկման պատճառ են դառնում: Ընթացիկ տարում ներդրումները կազմել են 7 մլրդ դրամ, ինչը նախատեսվածի ընդամենը 40%-ն է: Իսկ բոլորովին վերջերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Հայէլցանցերի» գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկն ասել էր, որ «ներկայումս էլեկտրացանցային տնտեսության զարգացման ուղղությամբ կատարվել է զգալի աշխատանք, ինչի հետեւանքով էականորեն կրճատվել է անջատումների թիվը: Էլեկտրաէներգիայի անջատման դեպքում հնարավոր են միայն դիսպետչերային անջատումներ»: Այն, որ էլեկտրաէներգիայի այս համատարած անջատումները հենց տարեվերջին են լինում, այնքան էլ պատահական չէ եւ գուցե թե չի առնչվում հին ու մաշված մալուխների հետ: Բնակիչները կասկածում են, որ պարզապես էլեկտրիկները, չկարողանալով տարվա ընթացքում կատարած «մախինացիաների» տակից դուրս գալ, անընդհատ թաղամասը հոսանքազրկում են, մինչեւ թվերը համապատասխանեցնեն: «Եթե ցանցից ուզենան, ընդամենը ամպերաժը բարձրացնել-ցածրացնելով՝ կարող են բնակչի հաշվիչի ցուցմունքները փոփոխել»,- մեզ հետ իրենց գաղտնիքներով կիսվեցին էլեկտրիկները: Բնակիչները նաեւ դժգոհում են, որ իրենց հաշվիչի ցուցմունքն այլեւս չեն փակցնում մուտքում, ինչպես նախկինում էր արվում, իսկ հաշվիչների արկղի բանալին միայն էլեկտրիկի մոտ է լինում: Ուստի մարդիկ միայն դրամարկղում են պարզում, թե ինչքան հոսանք են սպառել: Բնակիչներից ոմանք համոզված են, որ լույսի մարդը շատ հաճախ գործարքի մեջ է մտնում մի քանի ընտանիքների հետ եւ ամսվա վերջում կեղծ ցուցմունքը կոծկելու համար այդ մասին տեղեկատվություն պարունակող թերթիկները հարեւանների աչքից հեռու է պահում: Էլեկտրիկներն էլ իրենց հերթին մեղադրում են բնակիչներին. «Մի քանի անգամ փակցրել ենք, բայց ոտներս չքաշած՝ բնակիչները պատռում են: 20 հոգանոց շենքում մի հատ պադոնկի ձեռք չի տալիս, որ իրա վառած թիվը հարեւանը տեսնի: Կամ պոկում են, վարձը չեն մուծում, հետո պատճառաբանում, թե չգիտեին՝ ինչքան պետք է մուծեն»,- դժգոհեց «Հայէլցանցի» «Հարավ» մասնաճյուղի թիվ 8 տեղամասի պետ Ռուբեն Կիրակոսյանը: Այս առնչությամբ «Հայէլցանցեր» ընկերության պաշտոնական պարզաբանման համաձայն, «ընկերությունը պարտավոր չէ ամեն ամիս փակցնել այդ թղթերը, քանի որ օրենքը որեւէ կետով դա անել չի պարտավորեցնում»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031