|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ասի, որ, ենթադրենք, Երկրագունդը կլոր է, կամ՝ որ 2 անգամ 2-ը 4 է, ապա նրա ընդդիմախոսները իշխանական եւ ընդդիմադիր ճամբարներից հաստատ կհայտարարեն, որ այդ պնդումները ջուր են լցնում մեր հակառակորդների ջրաղացին, եւ ասելով, թե Երկրագունդը կլոր է, առաջին նախագահը իրականում նկատի ունի, որ Ղարաբաղը պետք է հանձնել Ադրբեջանին: Իրականում Տեր-Պետրոսյանին շատ ձեռնտու կլիներ խոստանալ, որ եթե նա իր թիմով գա իշխանության, ապա Հայաստանը կծաղկի, եւ մեր բնակչության մեծ մասը կստանա այնպիսի եկամուտներ, որոնք կապահովեն մարդկանց արժանապատիվ գոյությունը: Ինչո՞ւ է նա, ուրեմն, ասում՝ վիճակը չի բարելավվի՝ «անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»: Որովհետեւ (արդեն առիթ եմ ունեցել դրա մասին գրելու) նա քաղաքական գործիչ է միայն «երկրորդ հերթին»: Իսկ առաջին հերթին նա գիտնական է եւ մտավորական, որի համար ճշմարտությունն ասելը պատվի հարց է: «Զուտ» քաղաքական գործիչը պարտավոր է, որքան հասկանում եմ, դերասանություն անել եւ խուսափել իրեն ոչ հարմար իրողությունները արձանագրելուց: Արդարության համար ասենք, որ որոշ ներքին հարցերում, հատկապես իր իշխանության տարիները եւ իր ներկայիս թիմը գնահատելիս, առաջին նախագահն էլ երբեմն տուրք է տալիս «դերասանական արվեստին»: Բայց ամենասկզբունքային հարցերում (որպիսին է, անշուշտ, Ղարաբաղի խնդիրը) Տեր-Պետրոսյանը ժողովրդին միշտ ճշմարտությունն էր ասում: Նրա ելույթը ՀՀՇ համագումարում, կարելի է ասել, իշխանությանն ուղղված անկեղծության կոչ է:
Խոսքն այն մասին է, որ ամեն ինչ իր գինն ունի, եւ իշխանությունը պետք է հստակ, առանց սեթեւեթելու ներկայացնի իր քաղաքացիներին այդ գինը: Չի կարելի ասել՝ «100 տարի փակ սահմաններով էլ մենք կզարգանանք» (որովհետեւ դա ակնհայտ սուտ է), բայց կարելի է հայտարարել՝ «ժողովուրդ ջան, դիմացեք, մեզ 100 տարվա դժվար կյանք է սպասում, բայց փոխարենը մենք ոչ մի հարցում ոչ մի փոխզիջման չենք գնա»: Գուցե ժողովուրդը դա կհասկանա եւ ատամները սեղմած կշարունակի՞ դիմանալ: Շատ-շատ հարցնի՝ այդ դժվար կյանքը միայն մե՞զ է վերաբերում, թե՞ նաեւ ձեզ:
Մենք ապրում ենք բաց, թափանցիկ աշխարհում, որտեղ որեւէ բան թաքցնելը մի կողմից՝ բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս, մյուս կողմից՝ պարզապես անիմաստ է: Եթե թույլ տաք, մի ազատ զուգահեռ: Լողափում գրեթե բոլոր կանայք բիկինիով են, եւ բաց մարմինների այս առատության մեջ ոչ մի տղամարդ կանանց բարեմասնությունների վրա ուշադրություն չի դարձնում: Բայց հենց որ հայտնվում են կանայք (հիմնականում արաբական երկրներից), որոնք ոտքից գլուխ սեւ զգեստներ են հագնում եւ այդպես էլ նստում են արեւի տակ կամ մտնում են ջուրը, հենց այդ դեպքերում է բոլոր տղամարդկանց ուշադրությունը սեւեռվում նրանց վրա: Չնայած այդ հագուստի նպատակը ճիշտ հակառակն է՝ խուսափել հակառակ սեռի հետաքրքրությունից:
Անկախ նրանից, թե ինչպիսիք են իշխանությունների մտադրությունները Ղարաբաղի հարցում, նրանք պարտավոր են դրանց մասին հաճախ եւ մանրամասնորեն տեղյակ պահել ժողովրդին: Որքան բարձր է «գաղտնիության» մակարդակը, այնքան շատ են ասեկոսեներն ու կասկածները: Հատկապես Հայաստանում: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
 |
|
 |
| 2010-07-27 |
| ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ |
| |

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Հայ ազգային կոնգրեսի երիտթեւի ակտիվիստներ՝ խուլիգանության մեջ մեղադրվող Դավիթ Քիրամիջյանի եւ ոստիկանի
դեմ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Սարգիս Գեւորգյանի գործով դատավարությունը: Երեկ նման միջնորդությամբ հանդես է եկել ամբաստանվող Ս. Գեւորգյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Դատական նախորդ նիստը եւս հետաձգվել էր Ս. Գեւորգյանի միջնորդությամբ, որը դատարանին խնդրել էր իրեն ժամանակ տրամադրել գործում պաշտպան ներգրավելու համար: Այն ժամանակ միջնորդությունը բավարարվել էր: Երեկ արդեն որպես պաշտպան գործում ներգրավված փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջնորդել է քրգործի նյութերն իրեն տրամադրել եւ դրանց ծանոթանալու համար իրեն ժամանակ հատկացնել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է միջնորդությունը եւ նիստը հետաձգել է մինչեւ հուլիսի 30-ը: Հիշեցնենք, որ այս գործով անցնող մյուս ամբաստանվողին՝ Քիրամիջյանին, պաշտպանում է փաստաբան Մելանյա Առուստամյանը: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| «ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ 70 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՍՈՒՏ» |
| |
Օտարալեզու դպրոցների մասին սոցհարցման տվյալների վերաբերյալ վարչապետի պնդումն այսպես է բնութագրել բլոգերներից մեկը:
Հուլիսի 24-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը 5 հեռուստաընկերությունների տված հարցազրույցում պատասխանելով օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնության վերաբերյալ հարցին՝ արեց իրականությանը չհամապատասխանող որոշ պնդումներ: Նախ՝ արդեն երկրորդ անգամ այս կապակցությամբ հրապարակավ պնդեց, թե կառավարության այդ նախաձեռնությունից ենթադրվում է. «Հայաստանում կարող են լինել միջնակարգ դպրոցներ, որտեղ որոշ առարկաներ կարող են դասավանդվել օտար լեզուներով»: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության թղթակիցը նշեց. «Խոսքը ոչ թե որո՛շ առարկաների, այլ բոլո՛ր առարկաների օտար լեզվով ուսուցման մասին է»: Սակայն պրն Սարգսյանը ոչ միայն անարձագանք թողեց այդ դիտարկումը, որը ճշգրտորեն համապատասխանում է ԱԺ ներկայացված օրինագծին, այլեւ հետո թղթակցի ասածն էլ դուրս բերվեց հարցազրույցի այն տեքստից, որը հրապարակված է կառավարության կայքում:
Բացի այդ՝ վարչապետը պատասխանելով նույն թղթակցի դիտարկմանը. «Ես 3-4 հոգուց ավելի մարդ չգտա, որ գար այդ տեսակետը պաշտպաներ մեր եթերում», չհամաձայնեց ու ներկայացրեց իր օրինակը. «Ամերիկյան համալսարանում բլոգերների հետ քննարկման ժամանակ քվեարկություն կազմակերպեցինք, եւ այնպես չէր, որ դահլիճի մեծամասնությունը կողմ էր կամ դեմ։ Դահլիճում կար մի ագրեսիվ մաս, որին ես նույնիսկ ստիպված եղա զրկել խոսքի իրավունքից, որովհետեւ նրանք հնարավորություն չէին տալիս այլ կարծիք ունեցողներին արտահայտվել։ Առանց ձայն տալու բղավում էին, իրենց կարծիքն էին ասում, որ մենք կործանում ենք մեր երկիրը եւ այլն»: Սրան ի պատասխան՝ հունիսի 6-ի այդ հանդիպմանը ներկա եղած «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամները հարկադրված էին համացանցում դարձյալ տեղադրել հանդիպման տեսագրությունը, որը կա նաեւ Տիգրան Սարգսյանի բլոգում՝ ապացուցելու համար, թե ասվածը չի համապատասխանում իրականությանը:
Սակայն մեզ առավել հետաքրքրեց վարչապետի հետեւյալ պնդումը. «Մեր հասարակության գերակշիռ մասը կողմնակից է այս տարբերակին եւ մոտավորապես 70%-ը միանշանակ կողմնակից է, որ այս օրենսդրական փոփոխությունը տեղի ունենա»: Առնվազն հայկական հայտնի կայքերում արված հարցումների տվյալները հակառակի վկայությունն են: Եվ http://kogovit.livejournal.com/ բլոգի հեղինակը վարչապետի այս հայտարարությունը վերնագրելով «70 տոկոսանոց կառավարական սուտ»՝ մեջբերել էր բլոգերների շրջանում անցկացված քվեարկության արդյունքները՝ 64.5%-ը դեմ է օտարալեզու դպրոցների բացմանը, 31.6%-ը՝ կողմ, 3.9%՝ ձեռնպահ (www.livejournal.com/poll
/?id=1562827):
Փորձեցինք պարզել, թե ո՞վ է վարչապետին հետեւողականորեն նման տվյալներ տրամադրում, ըստ որոնց՝ ժամանակին էլ նաեւ պարզվել էր, թե մեր քաղաքացիներին «մտահոգում է ոչ թե թոշակների եւ աշխատավարձերի խնդիրը, ոչ թե գործազրկության եւ նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը, ոչ թե գնաճն ու փոխարժեքը եւ նույնիսկ ոչ թե ԼՂ-ի կամ Ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ, առաջին հերթին, մեր քաղաքացիներին մտահոգում է սոցիալական արդարության խնդիրը»: Վարչապետի օգնական Արամ Անանյանին խնդրեցինք տրամադրել այս վերջին պնդման համար հիմք ծառայած հարցումները, եւ օրվա վերջում կառավարության կայքում տեղադրվեց Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի (IPSC) հունիսի 24-27-ն իրականացրած հետազոտության տվյալները, որոնց մասնակցել է 1619 հարցվող: Նշենք, որ սա 2008-ի հոկտեմբերին հիմնադրված կազմակերպություն է, որն իր կայքում նշել է. «IPSC-ի ճանաչվածությունն աճեց 2009թ.-ի մայիսին Երեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքների բացարձակ ճշգրիտ կանխատեսումներից» հետո: Հիշեցնենք, որ այդ հարցումն արվել էր Հ1-ի պատվերով:
Ըստ այդմ՝ Հայաստանի մարզերում հարցվածների 70,1%-ը պատասխանել է, թե դրական է վերաբերվում օտարալեզու դպրոցների բացմանը, իսկ 54,9%-ը՝ բացասական: Ընդհանուր առմամբ՝ 38.1%-ն «ավելի շուտ՝ դրական է» վերաբերվում կառավարության նախաձեռնությանը, 37,4%-ը՝ «միանգամայն դրական», 16,2%-ը՝ «միանգամայն բացասական», 8,3%-ը՝ «ավելի շուտ՝ բացասական»: Դրական պատասխան տվածների 64,2%-ը պատճառաբանելով իր ընտրությունը՝ ասել է. «Օտար լեզու իմանալը կարեւոր է»:
Հետաքրքիր է նաեւ այն, որ IPSC կայքում այժմ անցկացվում է հարցում՝ «Որ
քանո՞վ եք համաձայն, որ ներկայումս օտարալեզու դպրոցների բացման անհրաժեշտություն կա», եւ 26%-ը պատասխանել է. «Լիովին համաձայն եմ», նույնքանը՝ «Ավելի շուտ համաձայն եմ», 25%-ը՝ «Բոլորովին համաձայն չեմ», 16%-ը՝ «Ավելի շուտ համաձայն չեմ»: Այսինքն՝ անգամ այս կազմակերպության կայքէջում չկա այլեւս 70%-անոց արդյունքը, որը ստացվել էր կառավարության պատվերով:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ |
| |
Այս գործով տուժողը նույնպես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ է
Հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով՝ ծեծ: Այս քրգործում որպես տուժող ներգրավված է Հայ ազգային կոնգրեսի, թերեւս, այլեւս նախկին ակտիվիստ ու համակիր, նաեւ «Մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալ, ժամանակին 4 տարվա ազատազրկման դատապարտված, ապա համաներմամբ ազատ արձակված Քրիստափոր Էլազյանը: Տարօրինակ ու աննորմալ կարող է թվալ, բայց փաստն այն է, որ այս գործով՝ Քրիստափոր Էլազյանին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվում են նույն ՀԱԿ-ի երկու անդամներ՝ Առաքել Սեմիրջյանը, որը մարտիմեկյան դեպքերից հետո ակտիվորեն զբաղվում է քաղկալանավորների ու տուժողների գործերով, նաեւ նախկին քաղկալանավոր, Արաբկիր համայնքի ԵԿՄ կառույցի ղեկավար, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանը: Ոստիկանության մեր աղբյուրների ասելով, այս գործով նախաքննություն է ընթանում, երեկ արդեն հարցաքննության հրավիրելու համապատասխան ծանուցում է փոխանցվել Հովհ. Հարությունյանին: Միջադեպը, որի առիթով քրգործ է հարուցվել, տեղի է ունեցել հուլիսի 19-ին, Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում: Դրա մասին «Առավոտի» հետ զրույցում պատմեց Ք. Էլազյանի մայրը՝ տիկին Կարինեն: Նրա ասելով, դեռ բանտում Քրիստը առողջական լուրջ խնդիրներ ուներ, որոնք իրենց զգացնել էին տվել նաեւ ազատ արձակվելուց հետո: Նա պարբերաբար շտապբուժօգնության կարիք է ունեցել, եւ ինքը բազմաթիվ անգամ, նաեւ այս տարվա հունիսին եղել է ՀԱԿ-ում եւ քաղբանտարկյալների խնդիրներով զբաղվող մարդկանց խնդրել ֆինանսապես օգնել որդուն՝ արտերկրում որակյալ բուժում ստանալու հարցում: «Ասացին՝ գումար չունենք: Լա՜վ լաց եղան, ափսոս՝ սավան չէի տարել, որ իրենց արցունքները սրբեի: Իսկ էն ժամանակ, երբ տղաները նստած էին, ասում էին՝ երբ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, նրանց փոխհատուցում կտրամադրվի նաեւ առողջական խնդիրները լուծելու համար: Մերժեցին: Կոնգրեսում էի նաեւ ճշտելու համար՝ Քրիստի գործը ԵԴ ուղարկվե՞լ է, թե՞ չէ: ՄԻԵԴ ուղարկվելիք գործերը ձեռքիս էին: Ասացին՝ հիմա Վարդանը (Քրիստի պաշտպան Վարդան Զուռնաչյանը) կգա, գործը կբերի: Ասացի՝ Վարդանին սպասել պետք չի, գործն իմ ձեռքին է: Նետեցին, թե՝ դե, կուղարկենք: Ի դեպ, ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա հստակ ոչինչ չգիտեմ՝ գործը, որն ասում էին, թե ԵԴ-ում պոտենցիալ հաղթող գործ է, ի վերջո, ուղարկվե՞լ է Ստրասբուրգ, թե՞ ոչ»,- փոխանցեց տիկին Կարինեն:
Հունիսի 19-ին, նրա ասելով, ինքն էր որդուն հորդորել էլի գնալ Կոնգրեսի գրասենյակ ու ճշտել՝ գործն իրո՞ք ուղարկվել է ՄԻԵԴ, եւ դրանք հաստատող համապատասխան վճարումների՝ 9000 դրամի ստացականները կա՞ն, թե՞ ոչ: «Քրիստը մտել է ՀԱԿ, որ Խաչատրյան Արմենին (Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ) տեսնի, վերջինս այնտեղ չի եղել: Քրիստն իջել է, ներքեւում մոտ երկու ժամ սպասել ու նորից է բարձրացել ՀԱԿ գրասենյակ: Ներս մտնելիս հանդիպել է Հովհաննես Հարությունյանին ու Առաքել Սեմիրջյանին: Նրանք էլ Քրիստին կանչել են սենյակներից մեկը, թե՝ արի, բան կա խոսելու, ու «էդ ի՞նչ է, մենք միլիոննե՞ր ենք կերել» ասելուց հետո սկսել են ծեծել»,- պատմեց տիկին Կարինեն: Ըստ նրա, Քրիստը հետո, տանն էր խոստովանել, թե իրեն հարվածելը անակնկալ է եղել, ինքը դրան չի սպասել եւ առաջին իսկ հարվածից հետո «նոկաուտի» մեջ է եղել: Աչքերի առաջ սեւացել են, իրեն կորցրել է, գլխից, դեմքից արյուն է հոսել: Հիշել է միայն, որ ինչ-որ մեկը բացել է սենյակի դուռն ու ասել՝ էս ի՞նչ եք անում: Դրանից հետո նրան էլ չեն ծեծել: Թե ինչպե՞ս է հայտնվել շենքի մուտքի մոտ՝ վատ է պատկերացրել. «Ստացվում է որ Քրիստին հա՛մ էս իշխանությունն է ծեծում, հա՛մ ընդդիմությունը: Ծեծելուց հետո նրան օգնություն ցույց չեն տվել, հետո էլ չեն հետաքրքրվել թե ինչպե՞ս է: Քրիստը եկավ տուն ու բան չէր ասում: Հետո սրտխառնոց ունեցավ, շտապօգնություն կանչեցինք, տարան հիվանդանոց: Այնտեղից էլ ոստիկանություն էին ահազանգել: Էնպես որ, շա՜տ գոհ ու շնորհակալ եմ էս շարժումից էլ, ամեն ինչից էլ: Եթե սրանք էլ Քրիստին էս օրը պիտի դնեին՝ էլ ասելու ոչինչ չունեմ: Հազար ամոթ իրենց»:
Ի դեպ, ոստիկանության տվյալներով, Ք. Էլազյանին դատաբժշկի ուղեգիր է տրվել. նրա ձեռքերի, դեմքի վրա ու գլխի հատվածում վնասվածքներ են եղել, արյունոտված հագուստն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության:
Ըստ մեր տեղեկությունների, չի բացառվում, որ այդ փորձաքննությունից հետո հարուցված քրգործի հոդվածը վերաորակավորվի: Կենտրոնի ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցները երեկ այցելել են նաեւ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ եւ այնտեղ քննչական գործողություններ են իրականացրել: Այդ գործով Ք. Էլազյանին ծեծելու մեջ մեղադրվող Առաքել Սեմիրջյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե ինքը մեր բոլոր հարցերին կպատասխանի, երբ պաշտոնապես ծանուցվի քրգործի հարուցված լինելու եւ նախաքննության մասին: Իսկ մինչ այդ, մեր տեղեկություններով, ՀԱԿ-ում մտադրություն կա զրպարտության մեղադրանքով հայց ներկայացնել ընդդեմ թերթերից մեկի, որն անցած շաբաթ, դեռ քրգործի նախաքննությունը չսկսված, այս միջադեպի վերաբերյալ ՀԱԿ անդամներին զրպարտող հոդված է հրապարակել: Կոնգրեսի անդամներից մեկը, որն առայժմ չցանկացավ իր անունը հրապարակել, ասաց, թե Ք. Էլազյանին իրականում ոչ ոք չի ծեծել, որ նա զրպարտում է ՀԱԿ անդամներին: Ավելին, մեզ հետ զրույցում ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, թե՝ Քրիստն, իսկապես, հուլիսի 19-ին եղել է Կոնգրեսի գրասենյակում, բայց նա եղել է ոչ ադեկվատ վիճակում եւ հայտարարել, որ եթե իրեն փող չտան, ինքը ինչպես ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի, ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանի եւ Կենտրոնի նախկին ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի դեմ է իրեն ծեծելու մասին սուտ ցուցմունք տվել, այնպես էլ այս անգամ կանի. կհայտարարի, թե ՀԱԿ-ում իրեն ծեծել են: Իսկ Կոնգրեսում, ՀԱԿ-ականի պնդմամբ, դրանից հետո նրան ուղղակի դուրս են հրավիրել եւ վերջ, ու ոչ մի ծեծ չի եղել: Կոնգրեսում ասում են, թե Էլազյանն իրենց արդեն զզվեցրել էր իր փողային պահանջներով:
Այս հայտարարությունից հետո «Առավոտը» ստիպված էր այցելել Քրիստ Էլազյանին: Մեր ֆոտոխցիկն արձանագրեց նրա ոչ այնքան թարմ, բայց դեռ նկատելի վնասվածքները՝ ձեռքին, թեւին ու գլխին (տե՛ս նկարում):
Իսկ մենք հիշեցնենք, որ Քրիստափոր Էլազյանը ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից է: 2008թ. մարտի 4-ին Ոստիկանության Նորք-Մարաշ համայնքի ոստիկանապետը նրան հրավիրել էր ոստիկանություն, կալանավորել եւ ուղարկել էր Կենտրոնի բաժին, որտեղ էլ ոստիկանապետն անձամբ էր նրան ծեծի ենթարկել: Մարտի 5-ին նա տեղափոխվել էր ՀՔԾ, որտեղ նրան երեք օր շարունակ, վեց հոգով, քննիչի ներկայությամբ, Գուգարքի ոստիկանապետի, ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի եւ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանի ակտիվ մասնակցությամբ դաժան ծեծի էին ենթարկել՝ պահանջելով, որ ընդդիմության առաջնորդներից գոնե մեկի դեմ ցուցմունք տա: Կեղծ ցուցմունք տալուց հրաժարվելուց հետո նրա դեմ քրգործ էր հարուցվել, եւ նա դատապարտվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով՝ բացառապես ոստիկանների տված ցուցմունքների հիման վրա: Նա միակ քաղբանտարկյալն էր, ում նկատմամբ բռնությունները ժամանակին արձանագրել են նաեւ Միջազգային կարմիր խաչի ներկայացուցիչները: Նրա կողմից՝ իր նկատմամբ քննության խորթ մեթոդների կիրառման վերաբերյալ հայտարարության ճակատագրով այս տարվա մայիսին, ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ, հետաքրքրվել էր ԵԽ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) պատվիրակությունը:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Նախարարի զեկուցագիրը նախագահին |
| |
Կալանավայրերում բուժսպասարկման մասին
«Առավոտի» տեղեկություններով, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել զեկուցագիր՝ կապված քրեակատարողական հիմնարկներում մահացության դեպքերի առնչությամբ: Զեկուցագրի հիմքում դրված են այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված դատապարտյալների մահացության տասը դեպքերը: Նախարարը չի թաքցրել, որ որոշ դեպքերում քրեակատարողական հիմնարկների իրավասու պաշտոնատար անձինք եւ քաղաքացիական բուժհաստատությունների մասնագետները թույլ են տվել խախտումներ: Ըստ մեր աղբյուրի, իրավախախտումների մեջ նշվել են մի քանիսը, մասնավորապես՝ բժիշկ մասնագետների կողմից առնվազն շաբաթը մեկ անգամ դատապարտյալներին այցելելը, բուժհաստատությունների մասնագետների կողմից ոչ ճիշտ ախտորոշումները (ըստ մեր աղբյուրի, օրինակ, «Մալաթիա» բժշկական կենտրոնում տրվել է Ռ. Մարտիրոսյանի առնչությամբ ախտորոշում: Նա չորս ամիս բուժման կուրս է անցել, սակայն հետագայում միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից հերքվել է եզրակացությունը): Իրավախախտումներում նշվել է այն, որ հաճախ չի արձանագրվել, թե կոնկրետ հիվանդին որ բժիշկն է ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն եւ ինչ հաճախականությամբ:
Զեկուցագրում շոշափվել է նաեւ այն հարցը, որ պատիժը կրելու հետ անհամատեղելի ճանաչված ծանր հիվանդություններով տառապող դատապարտյալների կարգավիճակին առնչվող հարցերը միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նիստերում անհարկի ուշացումներով են քննարկման առարկա դարձել: Ի դեպ, արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական վարչությունը, որը կատարել է ուսումնասիրություն, մինչ զեկուցագիրը անդրադարձել էր դատապարտյալ Ս. Կարոյանի միջնորդությանը: Դրան կցվել էր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, ըստ որի՝ վերջինս տառապում է «օրգանական զառանցական (շիզոֆրենոնման) խանգարում հիվանդությամբ եւ կարիք ունի հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում: Մինչդեռ, ըստ նախարարի զեկուցագրի, դատարանը գտել է, որ հոգեբուժական բաժանմունքում բուժումը շարունակելու հիմքերը «պատշաճ ու հստակ» չեն, ինչը առիթ է դարձել, որ հիվանդը դիմել է ինքնասպանության: Նախարարը զեկուցագրում անդրադարձել է բուժսպասարկումը հավուր պատշաճի իրականացնելու համար լրացուցիչ միջոցների անհրաժեշտությանը, ինչի կապակցությամբ էլ հայտնել է, որ պատրաստվում է դիմել կառավարություն:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԵԹԵ ՈՒԶԵՆ՝ ԿՏԱՐԱԾՎԻ |
| |
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը մեկնաբանել է Կոսովոյի նախադեպի կիրառության հնարավորությունը: «Ինչպես հայտնի է, մենք վճռականորեն պաշտպանում ենք Կոսովոյի անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը, եւ ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը համապատասխանում է մեր տեսակետին: Կոսովոյի վերաբերյալ վճիռը ընդունվել է դրա հարցի յուրահատկությունների պատճառով: Սա բացառապես Կոսովոյի հարցով վճիռ էր: Այլ տարածքների մասին խոսք չի եղել: Այս որոշումը չի կարող նախադեպ լինել այլ տարածաշրջանների համար»,- ասել է Գորդոնը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ը կցանկանար, որ տարածաշրջանի բոլոր պետությունները, այդ թվում՝ Սերբիան եւ Կոսովոն միասին շարժվեին առաջ հանուն Բալկաններում կայունության, եւ կոչ է անում այն պետություններին, որոնք դեռեւս չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը:
Երեկ Հաագայի դատարանի որոշման վերաբերյալ հայտարարություն է տարածել նաեւ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն, որում մասնավորաբար ասվում է. «Արդարադատության միջազգային դատարանը ս.թ. հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց եւ իրավաբանորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որեւէ սկզբունք կամ կանոն, այդ թվում` տարածքային ամբողջականության սկզբունքը: Այդ որոշումն ունի չափազանց կարեւոր իրավական, քաղաքական ու բարոյական, ինչպես նաեւ համընդհանուր նախադեպային նշանակություն եւ իր տարածմամբ չի կարող սահմանափակվել լոկ Կոսովոյի օրինակով: Արցախի ժողովուրդը, իրականացնելով անկախ պետություն ստեղծելու իր իրավունքը, ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից կազմակերպված ռազմական ագրեսիային, որի հետեւանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, տասնյակ հազարավորը տեղահանվեցին եւ դարձան փախստականներ: Այդ գործողությունները մինչ օրս համապատասխան գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության կողմից»: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԷԼԻ ԳԵՐԵԶՄԱՆ ԵՆ ՊՂԾԵԼ |
| |
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ հուլիսի լույս 24-ի գիշերը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի միանգամից երեք գերեզմանատներում՝ Կենտրոնական, Կաբախախ եւ Մեֆոդիեւսկ, պղծվել են հայկական գերեզմաններ: Վանդալները կոտրել են ընդհանուր՝ 40 գերեզմանաքար: Կոտրվել են նաեւ որոշ ռուսների եւ հույների գերեզմանաքարեր: Հիշեցնենք, որ հայկական գերեզմանների նկատմամբ այսօրինակ վերաբերմունքի դրսեւորումներ սկսվեցին 2002 թվականին: Շատ հաճախ վանդալները կոտրած քարերի վրա ֆաշիստական խորհրդանիշներ կամ ազգայնական արտահայտություններ էին պատկերում: Այս անգամ նման բաներ չկան: Սա նկատի ունենալով՝ իրավապահները հայտարարել են, որ հանցագործությունը ազգայնական բնույթ չի կրում: Հարուցվել է քրեական գործ:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ԶՂՋԱՑԻՆ |
| |
«ՀՀՇ վարչության նորընտիր ղեկավարությունը մանրակրկիտ քննարկել է ՀՀՇ 16-րդ համագումարից հետո հնչեցված բոլոր կարծիքներն ու դժգոհությունները: Մասնավորապես առանձին հանդիպումներ ու քննարկումներ են եղել ՀՀՇ Շենգավիթի տարածքային կազմակերպության անդամների եւ Կարապետ Ռուբինյանի հետ: Ցավով եմ նշում, որ համագումարի նախապատրաստական լարված իրավիճակում կազմկոմիտեի թույլ տված կազմակերպչական որոշ բացթողումներ բերել են նրան, որ ակամա վիրավորել ենք մեր կուսակցական ընկերներին, ինչի համար ափսոսում ենք»,- երեկ տարածած հայտարարության մեջ ասում է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: ՀՀՇ վարչության նախագահի տարածած հայտարարությանը հետեւում է Կարապետ Ռուբինյանի հայտարարությունը, որում էլ ասված է. «ՀՀՇ վարչության նորընտիր ղեկավարության հետ տեղի ունեցած քննարկումներով բավարարված եմ եւ, ամենակարեւորը, հավաստիացումներ եւ փաստարկներ եմ ստացել, որ կատարվածը ոչ թե այլախոհությունը խեղդելու, որեւէ մեկին պատժելու միտում է ունեցել, այլ կազմակերպչական բացթողումների հետեւանք է: Ցավում եմ, որ այդ բացթողումները առիթ տվեցին ինձ, ինչպես պարզվում է հիմա, հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին, ինչի համար հայցում եմ նրա ներողամտությունը: Արամ Մանուկյանի հայտարարությունը ուզում եմ ընկալել որպես ՀՀՇ-ում նոր, ազատական-ժողովրդավարական բարեփոխումների սկիզբ ու բոլոր նախկին կուսակիցներիս անկեղծորեն հաջողություն եմ մաղթում այդ գործում»:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՏՈՒԺԵԼ Է ՆԱԵՎ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ |
| |
Հուլիսի 24-ին, ժամը 03.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում ստացած բեկորային վնասվածքներով բուժօգնության է դիմել Արմավիր գյուղի համայնքի ղեկավար, 33-ամյա Ռաֆիկ Մ.-ն: Ըստ ոստիկանության, նույն օրը 70-ամյա Էդիկ Սադոյանը համագյուղացի, 1967թ. ծնված Գրիգոր Ա.-ի հետ վիճաբանության ժամանակ, վերջինիս սպանելու նպատակով, պայթեցրել է ձեռքի նռնակը, որի հետեւանքով վիճաբանությունը կանխել փորձող Ռաֆիկ Մ.-ն ստացել է նշված վնասվածքները, իսկ Էդիկ Սադոյանը կրծքավանդակի ձախ շրջանի եւ գլխի մասում ստացած բեկորային վնասվածքներից տեղում մահացել է: Նույն օրը Արմավիր գյուղից բեկորային վնասվածքներով բաժին բերման են ենթարկվել Գրիգոր Ա.-ն եւ նշված վիճաբանության մասնակից, 1957թ. ծնված Գրիգոր Խ.-ն: Նրանք տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Կատարվում է նախաքննություն:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԵՎ ԱՅԴ ԱՄԵՆԸ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ |
| |
Կովկասի ապագային վերաբերող 14 առաջարկ՝ Իտալիայում ուսանող կովկասցի երիտասարդների կողմից
«Դիվանագիտության «Երկրորդ ուղին» եւ խաղաղությունը Հարավային Կովկասում. Rondine-ի «14 կետ՝ հանուն խաղաղության» թեմայով երեկ կազմակերպված քննարկման ժամանակ ներկայացվեցին Իտալիայում ուսանող կովկասցի ուսանողների պատկերացումները խաղաղ Կովկասի վերաբերյալ: Ուսանողների առաջարկները մշակվել են մասնագետների կողմից, սակայն դրանք հիմնականում պահպանել են իրենց նախնական տեսքը: Առաջարկներն արդեն ներկայացվել են Վրաստանում եւ Ադրբեջանում: Տարածաշրջանային հետագա այցերի շրջանակներում դրանք կներկայացվեն նաեւ կովկասյան մնացյալ պետություններում: Իսկ առաջարկները հետեւյալն են. «Օժանդակել Կովկասում եւ աշխարհում կարծիքի ձեւավորմանը միտված շարժումները, որոնք կխթանեն կառավարությունների կողմից մշտական երկխոսության ձեւաչափի ստեղծումը՝ հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ, որի նպատակը կլինի քաղաքական, նյութական եւ սոցիալական վեճերի լուծումը։ Պահանջել, որպեսզի տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերը համաձայնվեն հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ բանակցային սեղանի շուրջ։ Ստեղծել պայմաններ, որպեսզի բանակցային սեղանը լավագույն տեղը դառնա՝ ի մի բերելու տարածաշրջանի մարդկային, մշակութային, տնտեսական եւ քաղաքական զարգացման բոլոր փորձերը Կովկասի՝ աստիճանաբար համակարգված զինաթափման հեռանկարով։ Վերականգնել հասարակական կարգավիճակը եւ ապահովել իրավունքները բոլոր նրանց համար, ովքեր տուժել են տարածաշրջանային հակամարտությունների հետեւանքով՝ ներառելով իրենց բնակավայրերից վտարվածների վերադառնալու իրավունքը եւ երաշխավորելով բոլորի անվտանգությունը՝ երկխոսության եւ այլ խաղաղ միջոցների հիման վրա։ Ստեղծել պայմաններ, որպեսզի կովկասյան տարածաշրջանի ընկերությունների միջեւ համագործակցությունը զարգացվի, որպես առաջին քայլ՝ ընդհանուր տնտեսական գոտու եւ ազատ առեւտրի ձեւավորման ուղղությամբ, ինչը կխթանի տնտեսական ինտեգրումը, մարդկանց, կապիտալի, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժը, նաեւ շրջակա միջավայրի պահպանումը։ Օժանդակել ամբողջ կովկասյան տարածաշրջանի տնտեսության մեջ միջազգային, մասնավորապես՝ եվրոպական ընկերությունների ներդրումներին, ինչպես նաեւ ստեղծել նախագիծ, որը կնախատեսի ֆինանսական խթաններ՝ տեղում գործարար հմտությունների զարգացման եւ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական աճի համար»։ Ինչպես նաեւ՝ օժանդակել համատեղ գիտական հետազոտություններին, մշակութային ոլորտում համագործակցությանը եւ կրթությանը՝ միմյանց վատ ճանաչելու հետեւանքով առկա բարդությունների եւ նախապաշարումների հաղթահարման համար, օժանդակել համատեղ կրթական եւ միջմշակութային նախագծերին, որոնք ներառում են ազգային եւ միջազգային բազմալեզու ամառային դպրոցներ՝ միմյանց մասին գիտելիքները խթանելու, մշակութային եւ լեզվական բազմազանությունը պաշտպանելու։ Առաջարկվում է զարգացնել համալսարանական նախագծեր՝ տարածաշրջանի եւ միջազգային համալսարանների մասնակցությամբ, որոնք կներառեն ուսանողների եւ դասախոսների փոխանակումներ, խթանել խաղաղության եւ հակամարտությունների կարգավորման թեմաներով դասընթացների ներդրումը, ստեղծել պլյուրալիստական, բազմալեզու, բազմամշակութային ԶԼՄ-ներ եւ նրանց ֆինանսական օժանդակություն տրամադրել, համատեղ մարզական միջոցառումներ կազմակերպել, նպաստել մշակութային նախաձեռնություններին, ասենք՝ «կովկասյան օրեր» կազմակերպել՝ ներառելով ֆիլմերի, ներկայացումների ցուցադրումներ, արվեստի փառատոներ, գրական, ազգագրական, հնէաբանական միջոցառումներ՝ նպաստելով համատեղ մշակութային ժառանգության եւ յուրաքանչյուր ազգային խմբի առանձնահատկությունների պահպանմանն ու տարածմանը։ Արդյունքում՝ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների երիտասարդական ֆորում ձեւավորել, ստեղծել բազմալեզու ինտերնետ? կայք՝ տեղեկատվության արագ փոխանակման համար, նպաստել միջկրոնական երկխոսության զարգացմանը, որը «խաղաղությանն օժանդակելու ճանապարհ է՝ հանուն համընդհանուր բարեկամության»։
Ծրագիրը «ծնվել» եւ իրականացվում է 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո՝ հընթացս ընդլայնելով իր ախարհագրությունը: Իտալական «Rondine Cittadella della Pace» ասոցիացիայի ջանքերով իրականացվող ծրագրի հայաստանյան գործընկերն է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: «Առավոտի» հարցին՝ հանուն ինչի՞ է Կովկասում սեփական քաղաքական շահով չընդգծվող իտալական կողմի շահագրգռությունը, «Rondine Cittadella della Pace» ասոցիացիայի նախագահ Ֆրանկո Վակարին ասաց. «Եթե կոնֆլիկտներում առկա կետերը զարգացվեն՝ կարող են լուծման հասցնել, հակառակ դեպքում՝ կարող են քանդել, ավերել ամեն ինչ: Միեւնույն տանիքի տակ հավաքելով կոնֆլիկտի սուր կետերում ապրողներին՝ փորձում ենք ստեղծված իրավիճակներից ելք գտնել»: Նա ասաց նաեւ, որ այս նախաձեռնությամբ Իտալիան ապահովագրում է իրեն ներգաղթի խնդիրներից: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ նկատեց, որ նման բազմաշերտ եւ խորը մշակույթ ունեցող երկրի մտավորականներն ու հասարակական էլիտան չեն կարող անմասն մնալ աշխարհի խնդիրներից: Նրա կարծիքով՝ կովկասյան ժողովուրդները բազմաթիվ ընդհանրություններ ունեն եւ երկխոսության միջոցով պետք է փորձեն հասնել փոխզիջումների: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| «Մի անհաջող գրառման պատճառով չէ, որ պիտի գժտվենք» |
| |
Կարապետ Ռուբինյանի եւ Վարդան Հարությունյանի բանավեճը «Ֆեյսբուքում»
«Ո՞րն է պատճառը ազատ մտքի, ճշմարիտ խոսքի արժեքը՝ այն արտաբերողի անհատական որակներին ստորադասելու: Արդյոք սրանից չի՞ բխում կուռքի ամեն մի ասածը որպես բացարձակ ճշմարտություն ընկալելու մոլեռանդությունը: Եվ արդյոք սրանի՞ց չի գալիս, որ ոմանք ասածներս մի կողմ թողած՝ փորձում են վերանայել իմ անձնական որակները, որոնք, քանի դեռ չէի համարձակվել կուռքին դիպչել՝ կասկած չէին հարուցում»,- հուլիսի 23-ին «Ֆեյսբուքի» իր էջում Կարապետ Ռուբինյանն արել էր վերոհիշյալ գրառումը, ինչն առիթ տվեց բազմաթիվ արձագանքների: Բայց ամենազարմանալին նրա գործընկերոջ՝ Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանի հրապարակային արձագանքն էր. «Դու սկսում ես արհեստական քննարկում ծավալել: Երեւի շատ ես ուզում թեման քննարկումների կիզակետում պահել: Գիտես, ես հետեւել եմ ու կարող եմ հստակ ասել, որ քո ազատ մտքին ու խոսքին ոչ ոք չի կպել, առավել եւս քո որակներին: Եվ այդ որտեղի՞ց քեզ այդքան մեծամտություն, որ հենց ինքդ ես հայտարարում, թե քո որակները բոլորի համար եղել են կասկածից դուրս: Էս հարցում էլ դու ես ուզում կուռք լինել, հա՞: Արդյոք քո բոլոր հայտարարությունների հիմքում հենց այս համոզմո՞ւնքդ չի ընկած: Կամ արդյոք հենց քո այս համոզմունքի՞ց չեն ծնվում քո գործողությունները: Եվ ամենակարեւորը՝ մարդկանց մի վիրավորիր մերկապարանոց կերպով նրանց կռապաշտ անվանելով: Եթե նրանք չեն կիսում ԼՏՊ-ին ուղղված քո մեղադրանքները, որոնք հնչում են հենց այնպես, որպես հայտարարություններ, առանց կոնկրետ մեղադրանքների՝ դեռ չի նշանակում, թե նրանք կռապաշտներ են, իսկ Լեւոնը՝ կուռք, դու էլ՝ ազատամիտ: Դա ավելի շուտ նշանակում է, որ դու քո առաջ ազատամիտ ու կուռքազուրկ երեւալու խնդիր ես դրել: Դա շատ լավ է երեւում:
Մարդիկ կռիվ են տալիս, որ ժամ առաջ ազատվեն այս իշխանություններից, որ մարդկանց բանտերից ազատեն, որ մարդավայել ապրեն, իսկ դու, բան ու գործդ թողած, դուրս ես հայտարարում քեզ այդ պայքարից, ինչ-որ կուռքեր ես հորինել ու դրանց դեմ ես՝ մի 4 հոգու խելահեղ ծափահարությունների տարափի տակ, հերոսաբար պայքարում: Քո գործողություններում հերոսություն չկա: Ոչ էլ դու մեր այս տաղտուկ օրերում Միայնակ Հերոսի մարմնավորումն ես: Հետն էլ ուզում ես պայքարդ «Ֆեյսբուքում» անմար պահել»:
Կարապետ Ռուբինյանն ի պատասխան մասնավորապես նշել էր. «Փաստորեն քո ուզածի հակառակին ես մղում ինձ: Եթե չէիր ուզում թեման ծավալվեր՝ լռեիր: Թե՞ քեզ հետ ես նույնացրել ասածներս: Բայց ինչո՞ւ: Դու քեզ համարում ես «կուռքի ամեն մի ասածը որպես բացարձակ ճշմարտություն ընկալող մոլեռա՞նդ», թե՞ գտնում ես, որ այդպիսի մարդիկ չկան:
Դու ինձ փաստորեն մեղադրում ես, որ ես փառասիրությունից դրդված խանգարում եմ կռիվ տվող մարդկանց: Ամոթ ինձ: Միայն թե, խնդրում եմ, ասա՝ վերջին կռիվը երբ ես տվել, որ ես էլ խանգարել եմ»:
Մեկնաբանություններից առանձնացնենք այս մեկը, որն արել էր Առաքել Սեմիրջյանը. «Վարդան Հարությունյանին ու Կարապետ Ռուբինյանին վերջին 2 տարվա ընթացքում ես համարյա միշտ տեսել եմ իրար հետ, բոլոր ակցիաների ընթացքում, ու իմ վախս այն է, որ նրանց էլ իրար հետ չեմ տեսնի: Մեծ ախպերներ, խնդրում եմ՝ ցավ մի պատճառեք իմ պես փոքր ախպերներին ու մի ուրախացրեք նրանց, ովքեր կայֆ են ստանում ընկերության քանդվելով:
Հաջորդ ակցիային երկուսիդ սպասում եմ էլի իրար հետ: Իրականում ընկերությունն ինձ համար ամենամեծ քաղաքական կատեգորիան է, երեւի դրա համար էլ ես քաղաքականությունից բան չեմ հասկանում»: Կարապետ Ռուբինյանը հուլիսի 24-ին պատասխանել էր. «Առաքել, երեկ դու նորից նույնը կարող էիր տեսնել դատախազության առջեւ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների պիկետի ժամանակ: Վարդանի հետ մենք ընկերներ ենք, եւ մի անհաջող գրառման պատճառով չէ, որ պիտի գժտվենք: Երեկոյան էլ միասին էինք՝ այլ ընկերների շրջապատում: Մի լավ խմեցինք ու վիճեցինք, բայց բաժանվեցինք էլի որպես ընկերներ: Քաղաքականության մեջ, չնայած մոտեցումների ահռելի տարբերությանը, առնվազն 2 հարցում մենք միասին ենք լինելու՝ 1. Քաղբանտարկյալների ազատության, 2. Ավազակապետության կազմաքանդման»: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԴԵՖԻՑԻՏ Է |
| |
Արցախի փողոցում բնակվող երեխաները բակային կարուսելներից օգտվելու համար հերթ են կանգնում

Խաղահրապարակը՝ աղբավայր:

Այգու ճոճանակները «սառը զենք են»:
Երեւանի Արցախի փողոցի բակերում խաղահրապարակներ գրեթե չկան, եղածներն էլ խորհրդային տարիներից պահպանված ինչ-որ երկաթի կտորներ են, որոնք ավելի շուտ ոչ թե ժանգոտած կարուսելներ են, այլ ուղղակի՝ սառը զենք երեխաների համար:
Օրերս Արցախի փողոցում բնակվող ծնողներից մեկը, իր փոքրիկ երեխայի ձեռքը բռնած, փողոցից փողոց է ընկել, որպեսզի երեխայի համար գոնե մեկ խաղահրապարկ գտնի՝ նրա ժամանցը փոքր-ինչ հետաքրքիր կազմակերպելու համար: Սակայն, ինչպես ինքն է պատմում, հիասթափված տուն են վերադարձել:
Ծնողի փնտրտուքները որոշ չափով արդյունք տվել էին. նա վերջապես այդ փողոցի բակերից մեկում հայտնաբերել էր մի փոքրիկ տարածք, բայց ճոճանակներն այնքան հին են եղել ու ծռմռված, որ ճոճվելիս պատռել են երեխայի զգեստը: «Շուրջբոլորը չորացած խոտեր են ու աղբակույտեր: Մի խոսքով, այգին անտերության է մատնված, այդ պատճառով էլ երեխաների փոխարեն տարածքը շահագործում են «բոմժերը», որոնք այգու նստարաններին քնում են, հաց ուտում ու խրախճանքներ կազմակերպում»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց երեխայի ծնողը:
Արցախի փողոցի բնակիչներից մեկի խոսքերով էլ՝ ճիշտ է, բակերից մեկում քիչ թե շատ նորմալ խաղահրապարակ կա, բայց քանի որ մյուս բակերից ծնողները փոքրիկներին բերում են այդտեղ, խաղահրապարակը գործում է ծանրաբեռնված:
Երեխաները կարուսելներից օգտվելու համար ստիպված են ծնողների ձեռքը բռնած հերթ կանգնել: «Քանի որ երեխաները փոքր են, որքան էլ բացատրենք, չեն հասկանում, հերթի մեջ կանգնած աղիողորմ լաց են լինում, այնքան բարձր ձայնով են լալիս, որ անհնար է զսպել նրանց արցունքները: Նրանք վայրկյան առաջ ուզում են օգտվել այդ խաղերից: Այս աղմուկը խնդիրներ է առաջացնում այլ երեխաների ծնողների եւ բակի բնակիչների համար: Նրանք դժգոհում են, որ մեր երեխաները աղմուկ են առաջացնում եւ չեն թողնում հանգստանալ: Ինչքան էլ տհաճ է մեզ համար այս ամենի միջով անցնելը, բայց այլ տարբերակ չունենք, կրկին գնում ենք այդ խաղահրապարակը»: Փոքրիկների ծնողները պատմեցին, որ խաղահրապարակ ունեցող բակի բնակիչներն արդեն սկսել են հարակից բակերի բնակիչներից ազատվելու ծրագրեր մշակել. «Նրանք խաղահրապարակի ամբողջ տարածքով մեկ ցեխաջուր են լցնում, այնքան շատ, որ ոտքդ դնելիս՝ կարծես ճահիճում ես հայտնվում: Ուստի, միակ հույսը առաջիկա ընտրություններն են, որ իշխանություններից մի քանի խաղահրապարակ խնդրենք՝ այս փողոցի երեխաների համար»:
Վերջերս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Երեւանի բակերում շրջայց կատարելիս, բնակիչներին խոստացավ, որ, եթե նրանք իրենց նախաձեռնությամբ ազատվեն բակերի ավտոտնակներից, ինքը այդ տարածքում երեխաների համար խաղահրապարակ կկառուցի: Արցախի փողոցի բնակիչներից տեղեկացանք, որ իրենց մոտ որեւէ մեկը նման նախաձեռնություն չի ցուցաբերել. «Փաստորեն, եթե մարդիկ իրենց ավտոտնակները չեն ապամոնտաժում, մեր երեխաները զրկվելո՞ւ են խաղահրապարակ ունենալուց: Ժամանակին հենց քաղաքապետարանն է տվել թույլտվություն այդքան շատ ու որտեղ պատահի ավտոտնակներ կառուցել, հիմի էլ մեր երեխաների հաշվին ուզում են հարցը լուծել»,- դժգոհեցին բնակիչները:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի լրատվական ծառայությունը շաբաթներ առաջ տեղեկություն էր տարածել, որ 2009-ից սկսած՝ մայրաքաղաքի 150-ից ավելի բակերում ձեւավորվել են խաղահրապարակներ, կառուցվել է 12 մինի ֆուտբոլի դաշտ, կահավորվել է 22 խաղադաշտ, տեղադրվել է 190 զրուցարան, 400 նստարան եւ այլն, եւ այս ամենը հիմնականում աղբակույտերը մաքրելու հաշվին: Արցախի փողոցի բնակիչները պնդում են, որ այդ ամենից իրենց բաժին չի հասել:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Ծնողներն է՞լ չեն հասկանում |
| |
Որ ջրավազաններում լողալ չի կարելի
Տաք եղանակներին մայրաքաղաքի դեկորատիվ ջրավազանները վերածվում են լողավազանների: Չնայած դրանք նախատեսված չեն լողալու համար, բայց այդ ջրավազաններում լողացողներին որեւէ մեկը չի արգելում լողալ: Ամեն ամառ մայրաքաղաքի ջրավազաններում նույն պատմությունն է, ինչը, մասնագետների խոսքերով, խիստ վտանգավոր է երեխաների համար:
«Քաղաքային ջրավազանում լողալը կարող է մի շարք աղիքային եւ մաշկային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Այդ ջրավազաններում առկա են բազմաթիվ մանրէներ, որոնք մեր օրգանիզմ են մտնում բերանի միջոցով: Չէ՞ որ անհնար է առանց ջուր կուլ տալու լողալ: Բացի այդ, տարբեր հիվանդություններով մարդիկ են լողում նույն ջրում, եւ հետո այն չի ախտահանվում, ինչն էլ բազմաթիվ մաշկային, հատկապես սնկային հիվանդությունների պատճառ է դառնում: Բացի այդ, հնարավոր է այդ ջրում լողացողները ականջի բորբոքում, աչքի բորբոքում՝ կոնյուկտիվիտ ստանան»,- մեզ հետ զրույցում ասաց բժշկուհի Հայկուհի Այվազյանը:
Ըստ մասնագետների, ծնողները հաշվի չեն առնում, որ այդ նույն ջրավազաններում շատերը լողացնում են իրենց տնային կենդանիներին, աղբ թափում, եւ, որ ամենակարեւորն է, դրանք չեն ախտահանվում:
Պետական հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի եւ կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանի հավաստմամբ, ամեն տարվա մայիս-հոկտեմբեր ամիսներին իրենց տեսուչները ամսական 3 անգամ բաց ջրամբարներում եւ բնակավայրերի դեկորատիվ ջրավազաններում նմուշառումներ են իրականացնում. «Ջրի մաքրության առումով շեղումները ավելանում են հատկապես ամռան ամիսներին: Տաք ջուրը հիանալի միջավայր է մանրէների ավելացման համար: Շեղումները հատկապես շատ են կանգնած ջրերում, որտեղ չկա մաքուր ջրի անընդհատ ներհոսք: Ընդհանրապես քաղաքի ջրավազանները դեկորատիվ բնույթ են կրում եւ հարմարեցված չեն լողալու համար, սակայն ամեն դեպքում մենք փորձում ենք ուշադիր լինել եւ զտել դրանց ջուրը, նաեւ ոստիկանության աշխատակիցների հետ փակցնում ենք ցուցանակներ, որ այդտեղ լողալը արգելվում է: Լուրջ շեղումներ դեռ չեն արձանագրվել, բայց քաղաքի տարբեր հատվածների ջրավազաններում հայտնաբերվել են աղբ, տերեւներ եւ փայտեր, անգամ ապակու կտորներ»:
Նկատենք, որ Աջափնյակում գտնվող ջրավազանում լողացող շատ երեխաներ իրենց ծնողների ուղեկցությամբ էին եկել, չնայած որ ափին փակցված է «Այստեղ լողալն արգելվում է» բովանդակությամբ ցուցանակ: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Զգուշացեք վարակիչ շներից |
| |
Շատերը որպես տան անդամ շանը խնամում են, բնակարաններում պահում, կերակրում, «հագցնում» եւ այլն: Այս պայմաններում շունը մարդու բարեկամն է:
Սակայն մայրաքաղաք Երեւանում վերջին տարիներին աննախադեպ շատացել են «անտեր» շները: Այնքան են շատացել, որ խանգարում են երեխաներին փողոց դուրս գալ, դպրոց գնալ եւ ոչ միայն երեկոյան, այլ հաճախ ցերեկային ժամերին հարձակվում են նրանց վրա:
Քաղաքապետարանը որոշել է ընդառաջ գնալ «բնության պահապանների» աղմուկին եւ թափառող շների նախկին «ոչ մարդկային» եղանակով վերացնելու (հրազենով կրակելու) փոխարեն կիրառել «մարդասիրական» եղանակ՝ սերնդազրկել: Սակայն թափառող շների դեմ պայքարի հարգելի նախաձեռնողները մոռացել են կարեւոր մի հանգամանք: Այդ կենդանիները բնակչության համար ոչ միայն բացահայտ ֆիզիկական վտանգ են ներկայացնում, այլեւ բազմաթիվ այլ հիվանդությունների տարածողներ են: Օրը ցերեկով, մարդկանց ներկայությամբ, սրանք միզում, կղկղանք են թափում փողոցում, մայթերին, ծառերի բների մոտ, ծաղկամարգերում: Կենդանիների մեծ մասը տառապում է ճիճվային եւ այլ հիվանդություններով, արտաքին մակաբույծներով: Ծառերի բնին, պատերին քսվելով՝ այդ վարակիչ մանրէները թափվում են գետնին: Կղկղանքը տրորելով՝ հասցնում ենք տուն այդ վարակիչ մանրէները, դրանց ձվերն ու թրթուրները: Վերջապես չորանալով՝ օդ են բարձրանում, եւ մենք շնչում ենք դրանք:
Քաղաքակիրթ աշխարհում անգամ տնական շունը, եթե դրսում հոգում է իր կարիքները՝ տուգանում են: Կենդանու տերը այս պարագայում պարտավոր է հետն ունենալ հատուկ տոպրակ փոքրիկ բահիկով, որպեսզի կենդանու աղբը անմիջապես լցնի տոպրակի մեջ: Այսպես, թափառող շները ոչ միայն ֆիզիկապես են վտանգավոր, այլեւ հանդիսանում են զանազան վարակիչ հիվանդությունների տարածողներ: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԷԼԻՏԱՐ ԲԱԽՈՒՄ |
| |
Հուլիսի 24-ին ժ.01.50-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում «Նաիրի» կինոթատրոնի մոտակայքում իրար էին բախվել 3 ավտոմեքենաներ: Բախման հետեւանքով «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան շուռ էր եկել: Մինչ ճանապարհային ոստիկանների ժամանումը ավտոմեքենայի վրայից հանվել էին համարանիշները: Ըստ նրանց, համարանիշերը՝ 085 00 11 էր: Մեր տեղեկություններով նշված համարանիշերը պատկանում են ԱԺ-ին: Մասնավորապես, համարանիշները տրամադրվել էին ԱԺ պատգամավոր «Բելաջիո» ռեստորանային համալիրի սեփականատեր, հանրապետական Գրիշա Մարգարյանին («Բելաջիոյի Գրիշին»): Վթարված մյուս ավտոմեքենան, որի համարանիշները փորձում էին հանել մեր ներկայությամբ, մինչ ոստիկանների գալը, դիմեց փախուստի՝ հասցնելով խոչընդոտել ինձ այն պահին, երբ լուսանկարում էի վթարի վայրը: «Մեր ախպոր ավտոն էլ չնկարես»,- ասում էին 2 երիտասարդներ, որոնք պարզվեց, որ պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի որդիներն էին: Ի դեպ, նշված վայրում էին ԱԺ մի քանի պատգամավորներ (մասնավորապես, Ալիկ Պետրոսյանը՝ «ՄԱՊ-ի Ալիկը»), որոնք փորձ չարեցին խոչընդոտել տողերիս հեղինակին՝ մասնագիտական աշխատանքը կատարելիս: Մեր տեղեկություններով, բախման ենթարկված հաջորդ մեքենան էլ վարել էր «Հայաստան» հիմնադրամի նախկին նախագահ Մանուշակ Պետրոսյանի եղբայրը՝ Աշոտ Զաքարյանը: Նշենք, որ ճանապարհային ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ բախվել են 2 ավտոմեքենա, որոնք էլ տեղափոխվել են տուգանային հրապարակ: Իսկ ո՞ւր է 3-րդը...
ԱՄՆ դեսպանատան մոտ
Հուլիսի 25-ին 01.50-ի սահմաններում «Ֆոլկսվագեն» մակնիշի 14 ՕԼ 641 համարանիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վարորդը՝ 20-ամյա Տիգրան Եփրեմյանը եւ ուղեւոր Սարգիս Քամալյանը տեղում մահացել են: Վերջիններիս դիերը ավտոմեքենայից հանելու համար փրկարարներին անհրաժեշտ է եղել մեջտեղից կտրել ավտոմեքենան:
Մեր տեղեկություններով, մահացածները Արմավիրի մարզի Նորակերտ գյուղից էին եւ սովորում էին Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԴԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ |
| |
| ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ահազանգ է հնչել, որ Երեւանի Ֆրունզեի փողոցի 6/7 շենքի թիվ 27 բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին: Հարազատների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 78-ամյա Մովսես Մխիթարյանի դին: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՋՐԱՀԵՂՁՎԵԼ Է |
| |
| Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղին հարակից լճակում ջրասուզակի կողմից լճից դուրս է բերվել նույն մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 30-ամյա Արտակ Սալխոշյանի դին: Իսկ Արարատի մարզի Զովաշեն գյուղին հարակից ջրամբարում ջրահեղձվել էր նույն մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 47-ամյա Կամսար Մանուկյանը: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՈՐԱԿԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԲԻԶՆԵ՞Ս Է ԱՆՈՒՄ |
| |
Ըստ բուհերի՝ «ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը կեղծ ժողովրդավարություն է «խաղում»:
Հուլիսի սկզբից «ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը ՀՀ բուհերին հրավեր է ուղարկում սեպտեմբերի 21-22-ը Երեւանում կայանալիք «Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները եւ զարգացման հեռանկարները ՀՀ-ում» խորագրով համաժողովին մասնակցելու համար: Նախատեսվում է միջազգային եւ տեղի փորձագետների հետ քննարկվել ՈԱԱԿ-ի մշակած որակի ապահովման չափորոշիչները, որակի ապահովման անցումային շրջանի ռազմավարական ծրագրի նախագծերը եւ այլն: Սակայն համաժողովին մասնակցելու համար յուրաքանչյուր բուհ ամեն մասնակցի համար պետք է վճարի 30 000 դրամ: Այս հանգամանքը վրդովեցրել է հրավեր ստացած բուհերի մեծամասնությանը, ուստի իրենց դժգոհությունները փոխանցեցին «Առավոտին»: Բուհերի մի մասը հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ պետք է բուհը այդքան գումար վճարի այն կենտրոնին, որը նման ծրագրեր իրականացնելու համար գումար է ստանում եւ՛ ՀՀ պետբյուջեից, եւ՛ Համաշխարհային բանկից: Այստեղ բուհերի ներկայացուցիչները այլ միտում էլ են տեսնում: Կարծում են, որ այսպիսով Որակի ապահովման ազգային կենտրոնը «թոզ է փչում» բոլորի աչքին, թե իբր ժողովրդավար է, բայց իրականում՝ այսպիսի սահմանափակումներ դնելով, այնպես է անում, որ բուհը չկարողանա իր խոսքն ու դիրքորոշումը տեղ հասցնել, ինչի արդյունքում կենտրոնն ավելի հեշտորեն «կանցկացնի» իրեն ձեռնտու նախագծերը՝ հետո դրանք պատուհաս դարձնելով բուհերի գլխին: Բուհերի ներկայացուցիչները նաեւ վրդովված են այն բանից, որ հիմնադրման օրվանից սկսած կենտրոն-հիմնադրամը ժողովրդավարություն է «խաղում»՝ բուհ առ բուհ հյուրընկալվելով, վստահեցնում, թե ամեն ինչ միասին են անելու, սակայն, երբ բանը հասնում է գործին, սահմանափակումներ է դնում, այնինչ որակի ապահովման գործընթացներին որքան շատ բուհական ներկայացուցիչներ մասնակցեն, այնքան լավ:
Այս խնդիրների մասին «Առավոտը» պարզաբանումներ ստացավ ՀՀ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանից: Նա ասաց, որ իրականում իրենք նման դիմադրություն սպասում էին եւ հավելեց. «Ուղղակի սա սաբոտաժ է: Եթե անգամ 5000 կամ 10 000 անդամավճար սահմանեինք, էլի նույնը կասեին, որ չմասնակցեին եւ հետո կարողանային բոլորին վստահեցնել, թե առանց իրենց մասնակցության ինչ ուզել՝ արել ենք»: Պարոն Թոփչյանը կարծում է, որ որակի ապահովման համակարգում ներդրումներ են պետք անել, եւ հայաստանյան բուհերը հաստատ այդ հնարավորություններն ունեն. «30 000 դրամը մեր բուհերի համար մեծ գումար չէ: Դա Հայաստանում սահմանված գումարի չափ է, քանի որ, օրինակ՝ հարկային նոր կարգերի հետ կապված թրեյնինգներ կազմակերպելու համար եւս այդքան գումար է պահանջվում: Մենք փորձել ենք բուհերին հնարավորություն տալ գալ եւ քննարկել, լինի բաց խոսակցություն, ոչ թե մենք ուղղակի նախարարությանը տեղյակ պահենք, որ նման բան ենք անելու եւ վերջ, ինչպես շատ դեպքերում այլ ոլորտներում արվում է»: Մեր այն դիտարկմանը, թե ցանկություններն ու ստեղծված պայմանները կարծես թե չեն համընկնում, քանի որ 30 000 դրամը յուրաքանչյուր անձի համար գուցե թանկ «նստի» բուհերի վրա, պարոն Թոփչյանն այսպես պատասխանեց. «Մենք ամեն կառույցից սպասում ենք մեկ հոգի, որը պիտի լինի քաղաքականություն մշակողը, գա ու ասի, որ ինքը, իր բուհի շահերից ելնելով, այսինչ կամ այնինչ դրույթի հետ համաձայն է, կամ ոչ: Դա մասսայական միջոցառում չէ»: Դառնալով պետբյուջեից եւ Համաշխարհային բանկից ֆինանսավորվելու հանգամանքին, Ռ. Թոփչյանն ասաց. «Պետբյուջեից մենք ընդամենը տարեկան 65 միլիոն դրամ ենք ստանում, ինչը աշխատավարձերի վրա է ծախսվում: Նման միջոցառումների համար մենք գումար չենք ստանում, այնինչ 24-ժամանոց հանդիպում պիտի լինի, մարդկանց սնունդ ապահովվի, նյութեր բաժանվի, սրահի վարձույթի գումար եւ այլն, ուստի պիտի ներդրումներ անել: Իսկ Համաշխարհային բանկի հետ այս համաժողովի հետ կապված որեւէ համաձայնություն չունենք, այդպիսի դրույթ գոյություն չունի: Դիմել ենք, որ համաֆինանսավորում կազմակերպեն, բայց դա որոշակի չէ: Ի վերջո մեր երկիրը պիտի հանրային զգացում ունենա՞, թե ոչ: Մինչեւ այժմ ինչ միջոցառման մասնակցել եմ, եղել է դրսից ֆինանսավորմամբ. ստացվում է, որ դրսին ավելի շատ է պետք մեր որակը, քան մեզ: Փաստորեն, դեռ բուհերի մեծամասնության մոտ նման գիտակցություն հասունացած չէ, քանի որ այսքան ժամանակ ոչ մի բուհ չի ասել՝ որակի կենտրոն, ի՞նչ եք անում, եկեք ծանոթանանք, խոսենք, քննարկենք, տեսնենք: Իրենց թվում է՝ մենակ իրենք են մտածում որակի ապահովման մասին»: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Խառը պատմություն Ագրարային համալսարանում |
| |
Կամ մեղադրանքներ, որ վերջ չունեն
Ժամանակին «Առավոտը» անդրադարձել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի (ՀՊԱՀ) նախկին ավագ դասախոս Մ. Հարոյանի խնդրին, որը առնչվել էր ղեկավարների հետ: Մ. Հարոյանը շուրջ 24 տարի աշխատել է ՀՊԱՀ-ում: 2007-ի սեպտեմբերի 1-ին ավարտվում էր Հարոյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, իսկ ՀՊԱՀ-ի ղեկավարությունը Հարոյանի հետ նոր պայմանագիր չէր կնքում, այլ աշխատանքից ազատման հրաման արձակում: Ռեկտորի կողմից նման որոշում ընդունելու պատճառը իմանալու նպատակով, դասախոսը ցանկանում է հանդիպել ռեկտորին, սակայն վերջինս ոչ միայն Հարոյանին չի ընդունում, այլեւ նրա բազմաթիվ դիմում-խնդրանքները թողնում է անպատասխան, իսկ Հարոյանի փոխարեն ամբիոնում նոր մարդիկ է հրամանագրում: Ամիսներ անց նախկին դասախոսը ստիպված դիմում է դատարան՝ նախկին աշխատանքում վերականգնելու խնդրանքով: Այդ ժամանակ ՀՊԱՀ-ից «Առավոտի» հարցմանն ի պատասխան ասացին, որ ապագայում ամբիոնի դասախոսի թափուր պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ (այն նույն պաշտոնի համար, որը մինչեւ աշխատանքից ազատվելը զբաղեցնում էր Հարոյանը) եւ Հարոյանին եւս հնարավորություն կտրվի մասնակցել մրցույթին: Որոշ ժամանակ անց ՀՊԱՀ-ից Հարոյանին առաջարկում են փաստաթղթերը կազմել եւ ներկայացնել գիտխորհուրդ՝ մրցույթի համար: Նա առարկում է, քանի որ նախկին աշխատանքում վերականգնվելու համար դիմել էր դատարան, հետեւաբար ինքը մրցույթին չէր կարող մասնակցել: Ղեկավարությունը նրան հորդորում է՝ ոչինչ, արի եւ մասնակցիր: Ի վերջո, դասախոսը փաստաթղթերը ներկայացնում է. ամբիոնում կազմակերպում են փաստաթղթերի քննարկում: Ամբիոնի նիստին մասնակցած 8 դասախոսներից 7-ը կողմ են արտահայտվում, իսկ մեկը՝ Պուշկին Սերոբյանը, դեմ: Ամբիոնը փաստաթղթերը ուղարկում է մրցութային հանձնաժողով, այն երաշխավորում է գործերը ուղարկել գիտխորհուրդ: Մ. Հարոյանի փոխանցմամբ՝ գիտխորհրդում ամեն ինչ տեղի էր ունենում նախօրոք մշակված ծրագրով, որը սկիզբ էր առել իրեն համոզելու եւ ամբիոնի նիստի ժամանակ Պ. Սերոբյանի կողմից դեմ քվեարկելու պահից: Չգիտես ինչու, գիտխորհրդի նիստին հրավիրվում է Պ. Սերոբյանը, որը, ի դեպ, գիտխորհրդի անդամ չէր: Եվ չնայած Մ. Հարոյանը առարկում է վերջինիս ներկա լինելուն եւ ելույթ ունենալուն, բայց առարկումները չեն ընդունվում, եւ սկսվում է քվեարկությունը. ՀՊԱՀ-ի նախկին դասախոսը զգում է, որ իրեն համոզելու եւ փաստաթղթերը գիտխորհուրդ ներկայացնելու արդյունքը ոչ այլ ինչ էր, քան «թատերական ներկայացում» հիշեցնող գիտխորհրդի քվեարկություն եւ իր դեմ ձեւավորվող որոգայթ, որի թիրախը պիտի ինքը դառնար:
Ըստ Մ. Հարոյանի՝ գիտխորհրդի նիստից հետո հայտնի է դառնում, որ նախօրոք Պ. Սերոբյանի նախաձեռնությամբ երկու թերթերում իր՝ պատվի եւ արժանապատվության վերաբերյալ հոդված են տպագրել ու բաժանել ՀՊԱՀ-ում: Մ. Հարոյանը ուշացումով տեղեկանալով այդ մասին, դիմում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով, որ թերթերը հերքում տպագրեն: Սակայն դատարանը 17.06.2009թ. ԵՔԴ 0045/02/09 վճռով, հայցը մերժում է՝ «Դատարան դիմելու» եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի պահանջների ժամկետի բացթողնման պատճառով: Նույնը փաստվել է նաեւ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ: Որոշ ժամանակ անց Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանից Մ. Հարոյանը դատարան ներկայանալու ծանուցագիր է ստանում: Պարզվում է, որ թերթերի խմբագիրները եւ դրանցում տպված միեւնույն հոդվածի հեղինակը դիմել են դատարան, թե Հարոյանը իրենց պատճառել է 601 800 ՀՀ դրամի վնաս եւ պահանջում, որ վերջինս հատուցի:
Դատարանը՝ Հ. Հովհաննիսյանի նախագահությամբ, գործը ուսումնասիրելուց հետո, եկավ այն համոզման, որ ներկայացրած հայցապահանջը անհիմն է, առարկայազուրկ եւ հայցը մերժեց: Թվում էր՝ պետք է վերջակետ դրվեր: Սակայն խմբագիրներն ու հոդվածագիրը որոշում են դիմել քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան, բողոքարկելով Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի առաջին ատյանի դատարանի վճիռը: Արդյունքում բողոքը բավարարվում է եւ գործը ուղարկվում նույն դատարան՝ այլ կազմով լսելու: Դատարանը 2010-ի մայիսի 4-ի վճռով բավարարում է հայցվորների պահանջը՝ կայացնելով վճիռ, որը հակադարձ համեմատական է նույն դատարանի կայացրած նախորդ վճռին: Այժմ Հարոյանը վճիռը բողոքարկել է եւ հուսով է, որ Վերաքննիչ դատարանը իր հայցադիմումը կբավարարի: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԼԱԼԻՍ ԴԻՄՈՐԴԸ… |
| |
Երեկ ԵՊՀ-ում ամփոփվեց անգլերեն լեզու բանավոր քննությունը:
Առարկայական հանձնաժողովի նախագահ Մարգարիտա Ապրեսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց, որ այնքան էլ գոհ չէ դիմորդների գիտելիքներից. «Բանավոր քննությունը ավելի շատ բնավորության բացահայտում է, քան գիտելիքների ստուգում: Կան երեխաներ, որ իրենց կարողանում են գեղեցիկ ներկայացնել, որոշներն էլ չնայած խելամիտ են, բայց չեն կարողանում իմացածն արտահայտել»: «Առավոտը» տիկին Ապրեսյանին փոխանցեց ծնողների այն դժգոհությունը, թե թեմայից դուրս հարցեր են տրվում դիմորդներին: Նա պատասխանեց. «Դա չի համապատասխանում իրականությանը: Դիմորդների մեծամասնությունը «թոփիկներն» անգիր արած գալիս է քննության: Արդյունքում զավեշտական պահեր են առաջանում»:
Դիմորդների գերակշռող մասն «Առավոտին» ասաց, որ կրկնուսույցների մոտ պարապել է շուրջ մեկ տարի, ինչը լրիվ բավական է: Օրինակ՝ Էլլան ԱՄՆ-ից էր ժամանել: Դիմորդը ցանկություն ունի հետագայում աշխատել արտաքին գործերի նախարարությունում եւ հաստատվել ՀՀ-ում: Մարգարիտան էլ հուզմունքից մոռացել էր իր անունը: Վերջինս լսարանից դուրս եկավ արցունքն աչքերին, բայց՝ ուրախությունից, քանի որ «14» էր ստացել. «Մանկուց երազել եմ թարգմանություն անել»:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԱՏԵՍՏԱՏՆԵՐՆ ՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ |
| |
| Երեկ ավարտվեցին նաեւ ՀՀ բուհերի ընդունելության բանավոր քննությունները: Քննական կարգի համաձայն՝ մինչեւ օգոստոսի 5-ը բուհերում կփակցվեն ընդունվածների ցանկերը, իսկ մինչ այդ ԳԹԿ-ն հորդորում է դիմորդ-շրջանավարտներին բուհերի ընդունող հանձնաժողովներին փոխանցել իրենց ավարտական վկայականները՝ ատեստատները: «Առավոտի» տեղեկություններով՝ գործընթացը փոքր-ինչ դանդաղում է. ընդունելության քննություններից հազիվ «պրծած» դիմորդներն ակտիվություն չեն ցուցաբերում ավարտական վկայականները ճիշտ ժամանակին բուհերի ընդունող հանձնաժողովներին ներկայացնելու հարցում: Այնինչ ատեստատների ներկայացման վերջնաժամկետը հունիսի 30-նն է, ժամը՝ 16:00-ը: Այն դիմորդները, որոնք մինչեւ այս ժամկետը ներկայացրած չեն լինի ատեստատները, դուրս կմնան մրցույթից: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| «ՀԶՈՐ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ»՝ ՀԶՈՐ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ |
| |
Եվրոպայում ստեղծված հայ բալետի արտիստների խումբը պատրաստակամ է ընդունելու պաշտոնական Հայաստանի հրավերները:

Արսեն Մեհրաբյանը (ձախից առաջինը) հայաստանցի իր գործընկերների հետ:
Այլեւս անհնար է սահմանափակվել բալետային մեկ ոճի «բառապաշարով», մանավանդ շրջանցել ժամանակակից պարի, ընդհանուր առմամբ պլաստիկ շարժման դրսեւորումների լայն սպեկտրը: Ընդ որում, ունիվերսալիզմն այսօր անհրաժեշտ է թե նորարարականի եւ թե դասականի ընկալումն ուժեղացնելու համար: Բեմի զուսպ լուսավորությունն ու ուշադրությունը բեւեռված բացառապես պատկերի սրության եւ ճկուն մարմնի «գյուտարարության» վրա, 2006թ. առաջին անգամ հայրենիքում հայ հանդիսատեսին հրամցվեց «Հզոր զգացմունքներ» («Forceful feelings») բալետային խումբը՝ բաղկացած 2000թ.-ից Եվրոպայի առաջատար թատրոններում հանդես եկող հայկական բալետային արվեստի 5 (Արսեն Մեհրաբյան, Տիգրան Միքայելյան, Վահե Մարտիրոսյան, Արման Գրիգորյան, Դավիթ Կարապետյան) տաղանդավոր ներկայացուցիչներից: Տարբեր սերունդների պրոֆեսիոնալների եւ բալետային մելոմանների ստվար լսարանը դժվարությամբ տեղավորած Ազգային օպերային թատրոնի դահլիճի արձագանքը կարելի է բնութագրել որպես բերկրանք եւ հպարտություն: 2006-ին պարողները հանդես եկան հայաստանցի իրենց կոլեգաների՝ պարուհիներ Սոնա Ռուստամյանի, Մերի Հովհաննիսյանի, Մարիա Դիվանյանի եւ Սյուզաննա Փիրումյանի ընկերակցությամբ, իսկ 2007-ին մեր հայրենակիցները Երեւան էին հրավիրել պարուհիներ Կանադայից, Չեխիայից, Ճապոնիայից եւ Ավստրալիայից: Նշենք, որ 2006-07թթ. հայ պարողների ժամանակակից եւ մոդեռն կոմպոզիցիաների մարմնավորումը տպավորություն էր գործում ոչ միայն վիրտուոզությամբ, այլեւ կատարողներին եւ հանդիսատեսին միավորող հոգեւոր էներգիայով: 2007-ից ի վեր «Հզոր զգացմունքները» հանդես չեն եկել հայրենիքում: Այս օրերին Երեւանում է բալետային խմբի մտահղացման հեղինակ, Մյունխենի օպերայի եւ բալետի թատրոնի մենապարող Արսեն Մեհրաբյանը:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ արտիստը նշեց, որ «Հզոր զգացմունքները» Արեւմուտքում առաջին անգամ բեմ են բարձրացել այս տարվա հուլիսի 5-ին, Մյունխենի օպերայի եւ բալետի թատրոնում: Մեր զրուցակցի խոսքերով՝ ներկայացված ժամանակակից եւ մոդեռն երկու գործ՝ Բախի ու Շոպենի երաժշտությամբ, նվիրված էր Երեւանի պարարվեստի պետական քոլեջը շուրջ 35 տարի ղեկավարած ՀՀ ժողովրդական արտիստուհի մեծանուն Թերեզա Գրիգորյանի հիշատակին: Նա հավելեց նաեւ, որ «Forceful feelings»-ի ֆանատ շվեյցարացի բիզնեսմեն Ֆրանսուա Շապոն ցանկություն է հայտնել Երեւանի պարարվեստի պետական քոլեջը կարգի բերել, ինչը նշանակում է նախեւառաջ տարրական պայմաններ ստեղծել (միջազգային չափանիշների բերել դահլիճը, փորձասենյակները, հանդերձարանները եւ այլն): Բալետի արտիստն ասաց, որ այսօր անհրաժեշտ է, որ արդի կոմպոզիցիաների մարմնավորումը տպավորություն գործի ոչ միայն վիրտուոզությամբ, այլեւ կատարողին ու հանդիսականին միավորող հոգեւոր էներգիայով: Ա. Մեհրաբյանը հայտնեց, որ լավ կլիներ, եթե իրենք ունենային պաշտոնական հրավեր ՀՀ սփյուռքի կամ մշակույթի նախարարությունների կողմից, քանի որ զուտ գումարային առումով իրենց համար բարդ է Հայաստան հրավիրել Արեւմուտքում հանդես եկող իրենց կոլեգաներին, ինչպես դա արվեց 2007թ.: Անդրադառնալով «Հզոր զգացմունքների» բարեգործական մտադրություններին՝ Ա. Մեհրաբյանը հայտնեց նաեւ, որ Մյունխենի օպերայի եւ բալետի թատրոնը իր պատրաստակամությունն է հայտնել Երեւանի պարարվեստի ուսումնարանն ապահովել համաշխարհային բալետային արվեստի այս կամ այն գործի զգեստներով: Ի դեպ, 27-ամյա Մեհրաբյանն է հիմնականում իրականացնում «Հզոր զգացմունքների» բեմադրությունները, այդ թվում՝ Կոմիտասի, Ալան Հովհաննեսի, Սայաթ-Նովայի, Խաչատրյանի եւ մյուս մեծերի երաժշտությամբ: Բալետային խմբում սիրով աշխատում եւ շարունակում են իրենց գործունեությունը աշխարհահռչակ բալետամաստերներ Հայնց Շպյոռլը (Շվեյցարիա), Իրժի Բուբենիչեկը (Չեխիա), Վիլյամ Ֆորսայթը (ԱՄՆ) եւ այլք: Իսկ թե «Հզոր զգացմունքներին» դարձյալ երբ կտեսնենք հայրենիքում, Ա. Մեհրաբյանն ասաց. «Դա մեր երազանքն է, բայց ցանկալի է, որ իրականացվի պետական խողովակներով»: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ ԳՏԱՎ ԻՐ ՏԻՐՈՋԸ |
| |
«Արամ Խաչատրյան» համերգասրահի գլխավոր նկարիչ Գառնիկ Վարդանյանն արժանացավ մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւին

Կարո Վարդանյանը (աջից) պարգեւը հանձնում է հոբելյարին:
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ մշակույթի նախարարությունը իր բարձրագույն պարգեւը՝ «Ոսկե մեդալը» շռայլում է՝ կարծես առատության եղջյուրից թափվող ոսկեբեր անձրեւ: Արդյունքում, ինչպես շատերն են նշում, այս պարգեւին արժանանում են մարդիկ, որոնց վաստակն ու ծառայությունը մշակույթին չափազանց կասկածելի է, սակայն երեկ այն բացառիկ դեպքերից մեկն էր, երբ «Ոսկե մեդալը» գտավ իր տիրոջը:
ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետի տեղակալ Կարո Վարդանյանը ծննդյան 60-ամյակի եւ կերպարվեստում մեծ վաստակ ունենալու համար «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի գլխավոր նկարիչ Գառնիկ Վարդանյանին հանձնեց նախարարության «Ոսկե մեդալը»: Նշենք, որ արվեստագետը հիշյալ համերգասրահում է աշխատում 1972 թվականից: Նրա առաջին «ելույթը» կայացել է Լեհաստանում՝ 1982թ., միջազգային մրցույթ-ցուցահանդեսին մասնակցությամբ: Այնուհետեւ մինչ այսօր շարունակական են դարձել նկարչի աշխատանքների տեղական եւ միջազգային ցուցադրությունները: Նա շուրջ 40 տարի ոսկե եւ արծաթյա հուշամեդալների եւ դրամի ստեղծման հեղինակ է: Հիշարժան են «Գառնի. 1-ին դար» արծաթյա 25 դրամը, Թեքեյան մշակութային միության ամենամյա մրցանակ՝ «Ադամանդակուռ Արարատ» ոսկե մեդալը, «Արցախ», «Գյումրի», «Կոմիտաս», «Անկախություն», «Սարդարապատ» եւ այլ հուշամեդալները: Ի դեպ, Գ. Վարդանյանի որոշ աշխատանքներ գտնվում են ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Լեհաստանի, Թաիլանդի, Ավստրալիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Սիրիայի, Լիբանանի անհատ քաղաքացիների հավաքածուներում:
Նկատենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալի» հետ հանձնված նախարարի ստորագրությամբ վկայականը կնքված էր նախարարության ընդհանուր բաժնի կողմից: «Առավոտի» այս դիտարկմանը Կարո Վարդանյանն ասաց, որ առայսօր կարգն է այդպիսին. «Առաջարկ կներկայացնեմ նախարարին, որ մայր օրինակը ոչ միայն պահպանվի ընդհանուր բաժնում, այլեւ տրվի հասցեատիրոջը»:
Պարգեւի հանձնման արարողությանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, որն «Առավոտին» տեղեկացրեց ծնունդով գյումրեցի Գ. Վարդանյանի՝ մշակույթին նվիրված նախնիների մասին. «Հայրը՝ պարոն Անդրանիկը, շուրջ 20 տարի Լենինականի գլխավոր ճարտարապետն էր, եւ պատկերացնո՞ւմ եք, նրա նախագծած շենքերից եւ ոչ մեկը չփլուզվեց երկրաշարժից: Ականատեսները պատմում են, որ նույնիսկ արհավիրքից հետո այդ առիթով բաժակ էր բարձրացվում պարոն Անդրանիկի պատվին...»:
Անդրադառնալով նկարչի գործունեությանը՝ նրանից հարցրինք, թե ինչո՞ւ են մեր հայաստանյան հայտագրերը այդչափ խայտաբղետ, գույնզգույն, եվրոպական չափանիշներին չհամապատասխանող: Գառնիկ Վարդանյանն ասաց. «Համակարգչի հայտնվելը իր հետ բերեց ռոբոտային աշխատանք, ինչի մեջ հոգի չկա եւ, որ ամենակարեւորն է, հայտագրերի հարցով զբաղվում են ոչ մասնագետները, մինչդեռ սա արվեստ է, եւ իրենց խոսքը պետք է ասեն պրոֆեսիոնալ նկարիչ-դիզայներները: Այսօր ձեռագիր հայտագրերի պատվերները քիչ են: Այո, համամիտ եմ ձեր դիտարկմանը, որ համերգասրահներ, թատրոններ, մշակութային օջախներ հրավիրող հայտագրերը անճաշակ են»: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է |
| |
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրինության հրավերով հայրենիքում է եւ համերգաշարով հանդես է գալիս Հայաստանում ու Արցախում: Ըստ eritasard.am-ի, հայրենիքում երիտասարդ ջութակահարն իրեն լավ է զգում. «Նվագելիս զգում եմ անբացատրելի մի բան: Դա գալիս է ե՛ւ ունկնդրից, ե՛ւ իմ ներսից: Այստեղ մի ուրիշ մթնոլորտ կա, որ ուրիշ ոչ մի տեղ չկա»: Նա Հայաստանից կմեկնի հուլիսի 31-ին եւ անմիջապես կսկսի արտերկրյա համերգային շրջագայությունը:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱՓՈԽՎԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ |
| |
| Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար նահանգում 1881 թվականին կառուցված «Սուրբ Երրորդություն» հայկական եկեղեցին երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ: Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության կողմից որոշում է ընդունվել այն վերակառուցել եւ վերածել Մշակույթի տան: Ինչպես տեղեկացնում է «Էրմենիհաբեր» լրատվական կայքը, մոտ 20 տարի անխնամ վիճակում գտնվող եկեղեցու երկու կողմում զանգակատներն են գտնվում, մուտքի դուռը զարդարված է հրեշտակների պատկերներով, ներսից՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի քանդակներով, իսկ գողացվելու վտանգի տակ գտնվող որոշ պատկերներ էլ քաղաքապետարանի կողմից անվտանգ տեղում են պահվում: Նշվում է, որ վերակառուցման աշխատանքների ավարտից հետո եկեղեցին ծրագրվել է վերածել մշակույթի տան: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Լավագույնը՝ 5-րդ տեղ |
| |
Լեհաստանում անցկացված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճայիններն անմասն մնացին մեդալներից: Մեր հավաքականից լավագույնը 50 կգ քաշային Երվանդ Թադեւոսյանն էր, որը տանելով երեք հաղթանակ եւ կրելով երկու պարտություն, բավարարվեց 5-րդ տեղով: Մեր մյուս չորս ըմբիշները մեկական հաղթանակից հետո զիջել են մրցակիցներին եւ մրցաշարի առաջին հատվածից վերածվել հանդիսականի |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ Ի ՆՊԱՍՏ ՄԵԶ |
| |
Ծանրամարտի Հայաստանի ու եւս 13 ազգային ֆեդերացիաների
նախագահների առաջարկով մարզաձեւի միջազգային ֆեդերացիան (IWF) 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների հաշվարկման կարգում փոփոխություններ է մտցրել:

Դրանց մասին «Առավոտին» տված հարցազրույցում պատմեց հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
- Պարոն Խաչատրյան, ո՞րն է այդ առաջարկի էությունը, եւ դա ի՞նչ է տալիս, մասնավորապես, մեզ:
- Ինչպես գիտեք, ի տարբերություն մյուս մարզաձեւերի, ծանրամարտում խաղարկվում է օլիմպիական թիմային ուղեգիր, ու մասնակիցների թիվը որոշվում է նախորդ տարիների աշխարհի առաջնություններում հավաքականների վաստակած վարկանիշային միավորների ու զբաղեցրած տեղի հանրագումարով: Լոնդոնի պարագայում վարկանիշային համարվում են սեպտեմբերին Անթալիայում եւ հաջորդ աշնանը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունները: Հասկանալի է, որ առավելագույն թիմային միավոր վաստակելու համար ազգային ֆեդերացիաները ստիպված պետք է մրցավայր գործուղեն տղամարդկանց եւ կանանց ամբողջական հավաքական թիմեր՝ համապատասխանաբար ութ եւ յոթ ծանրորդ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում նման ֆինանսական ծախսերը շատ երկրների (այդ թվում՝ նաեւ տնտեսապես համեմատական բարվոք վիճակում գտնվող) համար հնարավորության սահմաններից վեր են: Այդ պատճառով էլ ժամանակին 14 ազգային ֆեդերացիաների նախագահների ստորագրությամբ դիմում-նամակ գրվեց IWF, որում ազգային ֆեդերացիաների միջեւ հավասարության սկզբունքը պահպանելու եւ ֆինանսական վիճակը մեղմելու նպատակով արել էինք համապատասխան առաջարկներ: Օրերս միջազգային ֆեդերացիայից ստացել ենք պաշտոնական պատասխան, որ մեր առաջարկներն ընդունվել են, եւ կանոնադրությունում համապատասխան փոփոխություններ են կատարվել:
- Որո՞նք են այդ փոփոխությունները:
- Նոր կանոնակարգով՝ օլիմպիական վարկանիշային միավոր բերելու են տղամարդկանց հավաքականների 6 եւ կանանց հավաքականների 4 ծանրորդների մրցելույթները: Իսկ այդ մարզիկներին ընտրում են ազգային ֆեդերացիաները՝ կոնկրետ անունները նշելով մինչեւ աշխարհի առաջնության կազմկոմիտե հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրը:
- Այսինքն, Հայաստանը Անթալիայում ներկայացնելու են վեց տղա եւ չորս աղջի՞կ:
- Այո: Նրանք լինելու են մեր լավագույն ծանրորդները:
- Մեր ծանրորդների անուններն արդեն հայտնի՞ են:
- Հիմնականում՝ այո: Տղաներ. Տիգրան Գեւորգի Մարտիրոսյան՝ 77 կգ, Արա Խաչատրյան՝ 85 կգ, Գեւորիկ Պողոսյան՝ 94 կգ, Արթուր Բաբայան՝ 105 կգ եւ Ռուբեն Ալեքսանյան՝ +105 կգ: Հավաքականում այսօրվա դրությամբ մեկ թափուր տեղ կա, որին հավակնում են Գեւորգ Դավթյանը՝ 77 կգ, Տիգրան Մարտիրոսյանը՝ 85 կգ, Վանիկ Ավետիսյանը՝ 69 կգ եւ Աղվան Մելիքյանը՝ 94 կգ: Այդ չորսից ո՞վ կհամալրի հավաքականը, կերեւա մոտավորապես օգոստոսի կեսերին: Իսկ ինչ վերաբերում է աղջիկներին, Անթալիայում մրցահարթակ կմտնեն Էլեն Մուրադյանը՝ 58 կգ, Քրիստինե Պետրոսյանը՝ 63 կգ, Մելինե Դալուզյանը՝ 69 կգ եւ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ +75 կգ: Ներկայումս նրանց հետ ուսումնամարզական հավաքում են նաեւ Նառա Հարությունյանը, Իզաբելլա Յայլյանը եւ Ալլա Սամվելյանը:
- Այսինքն, մեր հավաքականների յուրաքանչյուր մասնակցի մրցելույթ վարկանիշային է լինելո՞ւ:
- Այո: Եվ նրանց հետ որոշակի հույսեր ենք կապում: Ճիշտ է, նշածս մարզիկներից ոչ բոլորն են ի վիճակի պայքարել մեդալների համար, բայց պիտի ամեն ինչ անեն՝ հնարավորին չափ բարձր տեղ զբաղեցնելու եւ հավաքականին առավելագույն չափով թիմային միավորներ բերելու համար:
- Իսկ IWF-ի նոր կանոնակարգում երկու աշխարհի առաջնության արդյունքներով թիմերի գրաված ընդհանուր տեղի եւ ըստ դրա օլիմպիական խաղերի մասնակիցների թվի մեջ փոփոխություն չկա՞:
- Նախորդ օլիմպիական խաղերից առաջ նվազագույն՝ երկու մարզիկի մասնակցության իրավունք տալիս էր 17-րդ տեղը: Իսկ հիմա Լոնդոնում իր ներկայացուցիչները կարող է ունենալ նաեւ 21-րդ տեղը գրաված ազգային ֆեդերացիան:
- Վերջերս մեր տղամարդկանց ազգային հավաքականը ծանր կորուստ կրեց: Հանկարծամահ եղավ գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը: Նրան փոխարինող նշանակվե՞լ է:
- Հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես դրել ենք Պողոս Պողոսյանի վրա, իսկ երկրորդ մարզիչ, նույնպես ժամանակավոր, նշանակվել է մեր ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Նրանք երկուսն էլ վաստակաշատ եւ փորձառու մասնագետներ են: Իսկ գլխավոր մարզչի հարցում վերջնական որոշում կկայացվի միայն աշխարհի առաջնությունից հետո: Եթե արդյունքները գոհացնեն, նրանք կշարունակեն աշխատել, իսկ եթե ոչ՝ մեր օլիմպիական կոմիտեի հետ միասին կշարունակենք համապատասխան մասնագետի որոնումները:
- Հիմա մեր հավաքականներն ինչո՞վ են զբաղված:
- Արդեն երեք ամսից ավելի է, ինչ ՀԱՕԿ-ի կազմակերպած ինտենսիվ ուսումնամարզական հավաքներում են: Գործընթացն իր անմիջական վերահսկողության տակ պահում է պարոն Գագիկ Ծառուկյանը եւ ցանկացած խնդիր անմիջապես կարգավորում ամենաբարձր մակարդակով: Չկա մի հարց, թեկուզեւ աննշան, որին նա ժամանակին լուծում չտա: Օրինակ, բոլորովին վերջերս ես մարզիչների հետ միասին դիմել էի մեր հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանին: Միասին ընտրեցինք էկոլոգիապես մաքուր եւ ՎԱԴԱ-ի կողմից օգտագործել թույլատրված գերժամանակակից վերականգնիչների ցուցակը եւ ներկայացրինք ՀԱՕԿ-ի նախագահին: Եվ չնայած ընդհանուր գումարը գերազանցում էր $11 հազարը, նա անմիջապես տրամադրեց այն, եւ մի քանի օրում այդ վերականգնիչները ձեռք բերեցինք:
- Նազիկ Ավդալյանի եւ Առաքել Միրզոյանի բացակայությամբ Անթալիայում մեր հույսերը չե՞ն նվազել:
- Անկասկած, նրանք հավաքականին անհրաժեշտ էին: Սակայն Նազիկի անցած տարվա արդյունքի կրկնությունը չեմ բացառում, եթե հանգամանքները նպաստավոր զարգանան: Կարծում եմ, որ Անթալիայից ձեռնունայն չենք վերադառնա: Իսկ մեր գերագույն նպատակը հնարավորին չափ մեծաքանակ հավաքականներով Լոնդոն մեկնելն է, որին ապաքինվելուց հետո եկող տարվա աշնանը կարող են օգնել նաեւ Առաքելն ու Նազիկը: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Արոնյանը կպաշտպանի չեմպիոնի իր տիտղոսը |
| |
Հայաստանի լավագույն շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը օգոստոսի 7-8-ին Մայնցում կայանալիք բաց մրցաշարում կպաշտպանի արագ շախմատի աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը, որ նվաճել է անցած տարի նույն քաղաքում:
«Armchess»-ը տեղեկացնում է, որ ապագա մրցաշարին մասնակցելու են հարյուրավոր շախմատիստներ, այդ թվում նաեւ՝ տասնյակ նշանավոր գրոսմայստերներ: Շվեյցարական մրցակարգով անցկացվելիք մրցաշարում կայանալու է 11 տուր: Յուրաքանչյուր պարտիայում մասնակիցներին տրվելու է 20 րոպե, գումարած 5 վայրկյան՝ կատարած ամեն մի քայլի համար:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Կրկին դժվար կացության մեջ ենք |
| |
Այս անգամ արդեն AIBA-ի թեթեւ ձեռքով նման վիճակում հայտնվել է բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը: Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան վերջերս Մարոկոյում կայացած գործկոմի նիստում որոշել է 2011 թ. աշխարհի առաջնությունն անցկացնել սեպտեմբերին՝ Բաքվում: 2011-ը նախաօլիմպիական տարի է եւ աշխարհի առաջնությունում մեդալներից բացի խաղարկվում են նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Իսկ կանոնակարգի համաձայն այն երկիրը, որը չի մասնակցի աշխարհի առաջնությանը, զրկվում է օլիմպիական ուղեգրերից:
Նախապես որոշված էր, որ աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկներին ընդունելու է Հյուսիսային Կորեան: Սակայն երկրում ներքաղաքական անկայուն վիճակի պատճառով այդ երկիրը հրաժարվել է կազմակերպիչ երկրի պարտականություններից: Բացի Բաքվից առաջնությունն ընդունելու ցանկություն հայտնել էին նաեւ Հայաստանը, Լեհաստանը, Թուրքիան եւ Իռլանդիան:
Թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, դեռ վերջնականապես պարզ չէ: Բայց հայտնի է, որ մեր ֆեդերացիան մտադիր է եկող տարի եվրոպական վարկանիշային մի մրցում Երեւանում անցկացնելու հայտ ներկայացնել:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Հուլիսի 27 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ինքնամփոփ կլինեք: Պետք չէ հուսահատվել փոքրիկ անախորժություններից:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն կանցնի հաճելի:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր կատարած բոլոր գնումները կգոհացնեն եւ ձեզ, եւ ձեր ընտանիքի անդամներին:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Դուք հանգստի կարիք ունեք: Լավ կլիներ աշխատանքից հետո այցելեիք մարզադահլիճ:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեր հավասարակշռված քայլերի շնորհիվ կհասնեք հաջողության: Պետք չէ ամաչել, երբ ձեզ գովաբանում են:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Անցյալի հետ կապված հիշողությունները ձեզ կտանջեն, բայց պետք չէ հուսահատվել, ամեն ինչ դեռ առջեւում է:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր փոքր-ինչ նյարդային կլինեք՝ կապված աշխատանքային խնդիրների հետ: Նախկին սխալները չկրկնելու համար եղեք ուշադիր:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր խնջույքի մասնակցելու առաջարկ կստանաք: Ժամանակն է լիցքաթափվել կուտակված ծանրաբեռնվածությունից:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ձեր սիրելին ձեր հոգատարության կարիքն ունի: Մի անտեսեք նրա զգացմունքները:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Չի բացառվում, որ ձեզ անսպասելի սիրո առաջարկություն անեն, սակայն մի շտապեք մերժել:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Հնարավոր է, որ ընկերները փորձեն ձեզ պրովոկացիայի ենթարկել, սակայն հավասարակշռությունը չկորցնելու դեպքում դուք հաղթողի դերում կլինեք:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Եթե այսօր ձեզնից պարտքով փող խնդրեն՝ մերժեք, որովհետեւ շատ ուշ կվերադարձնեն |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| «ՀԵՐԹԱԿԱՆ ԼՈԼՈՆ ԷՐ» |
| |
Տիգրան Սարգսյանի հարցազրույցը՝ Հրանտ Բագրատյանի մեկնաբանմամբ
Այս տարվա առաջին կիսամյակում մեր տնտեսությունում գրանցվել է 6,7% տնտեսական աճ, ինչը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրբաթ օրը հայաստանյան 5 հեռուստաընկերություններին տված հարցազրույցում համարել է սպասվածից մի քանի անգամ ավելի բարձր ցուցանիշ: Նա նաեւ թվարկել է այն երեք գործոնները, որոնք նպաստել եւ նպաստում են տնտեսական աճի «բարձր» տեմպերին: Մեջբերում եմ՝ համաշխարհային տնտեսության բարելավումը, կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումները, մասնավորապես ընդլայնողական բյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը եւ ներհանրապետական գործոնը, մասնավորապես մեր տնտեսվարող սուբյեկտների վարքագծային կանոնները, ներդրումային վարքագիծը: Հիշեցնենք, որ տարեսկզբին տնտեսական աճը կազմել էր 8,8%: Վարչապետի մեկնաբանմամբ, տարեսկզբի համեմատ աճի նվազումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում գրանցված կորուստներով. «Դա առաջին հերթին պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում 13,1% անկմամբ, որը հիմնականում պտուղ-բանջարեղենին է վերաբերում. եթե դա չլիներ, տնտեսական աճն ավելի բարձր կլիներ»:
«Տնտեսության 6,7% աճը նկարած է այն բանի հաշվին, որ զգալիորեն եւ արհեստականորեն իջեցված է գնաճի ցուցանիշը, էլ ինչքա՞ն կարելի է նկարել: Նախ պետք է հասկանալ, որ նախորդ տարվա տնտեսության անկումն այնքան բարձր էր, կառավարության ասելով՝ 14,4 եւ մեր հաշվարկներով՝ 22% անկում, որ այս տարի, եթե ոչինչ չանեին էլ, տնտեսությունը պետք է աճեր: Ախր նրանք ոչ մի քայլ չեն արել, որ ասենք՝ այս քայլի շնորհիվ տնտեսական աճը մեծացել է կամ փոքրացել, նրանք շարունակում են խանգարել տնտեսության զարգացմանը: Ինչ վերաբերում նրա թվարկած գործոններին, դրանք մոլորեցնում են»,- «Առավոտի» հետ զրույցում նկատեց տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:
Վարչապետը անդրադարձել էր նաեւ կիսամյակում արձանագրած գնաճին: Նրա տեղեկացմամբ, այսօրվա դրությամբ ունենք 4,5% գնաճ՝ համեմատած տարեսկզբին արձանագրված ցուցանիշի հետ. «Ակնհայտ է, որ ունենք գնաճի նվազման դրական միտում: Կարեւոր է նշել, որ դրան էապես նպաստել է այն, որ առաջին 6 ամիսներին հավաքագրել ենք ծրագրավորվածից ավելի եկամուտ, դա նշանակում է, որ բյուջեի վարքագիծը գնաճի առումով եղել է զսպողական»: Հրանտ Բագրատյանի մեկնաբանմամբ. «Նախ գնաճը պետք չէ համեմատել տարեսկզբի ցուցանիշի հետ, կիսամյակային տվյալները համեմատում են նախորդ տարվա կիսամյակի ցուցանիշների հետ: Վարչապետը ստել է, այս տարվա կիսամյակային կտրվածքով գնաճը կազմել է 11%՝ 2009-ի նույն ժամանակահատվածի 7,3%-ի փոխարեն: Հետո էլ՝ ի՞նչ է նշանակում բյուջեի վարքագիծը եղել է զսպողական, նա ուզում էր ասել՝ փող չենք ծախսել, է, հա, եթե փող չծախսեք, մարդկանց աշխատավարձ չտաք, փող քիչ կլինի մարդկանց ձեռքին, գներն էլ, բնականաբար, չեն աճի, եւ դա քողարկվում է՝ բյուջեն եղել է զսպողական»: Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին պարտքին, Տիգրան Սարգսյանն ասել էր. «Այսօր եւ’ միջազգային կազմակերպությունները, եւ’ մեր վերլուծական կենտրոնները տալիս են գնահատականներ, որ այն պարտքի բեռը, որն ունի Հայաստանը, կառավարելի է: Մեր արտաքին պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի հետ համեմատած չի գերազանցում 50%-ը, այն պարագայում, որ կան զարգացած պետություններ, որ այդ ցուցանիշը կազմում է 100%»: Հրանտ Բագրատյանն էլ այս պնդումը համարում է տնտեսագիտական անգրագիտություն. «Ժամանակակից տնտեսագիտությունը պարտքի ցուցանիշը համեմատում է արտահանման ծավալների հետ, այ, երբ որ ինքը կհամեմատի արտահանման ծավալների հետ, ապա կտեսնի, որ այն երկրներում, որտեղ ՀՆԱ-ի համեմատ պարտքը կազմում է 100%, ինչպես օրինակ, Մեքսիկայում, ապա արտահանման ծավալների նկատմամբ պարտքը 3 անգամ ավելի պակաս է, քան թե Հայաստանում, մեր արտաքին պարտքը գերազանցում է արտահանման ծավալները ավելի քան 4,5 անգամ»: Վերջին շրջանում անընդհատ խոսվում էր ձվի շուկայում տեղի ունեցող մոնոպոլիզացման մասին: Վարչապետի մեկնաբանմամբ. «Աժիոտաժային իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր երկրում 2010-ին կտրուկ ավելացել է ձվի արտադրությունը, դա է վկայում պաշտոնական վիճակագրությունը, եւ, բնականաբար, մրցակցությունն այդ դաշտում կտրուկ ավելացել է: Այս ոլորտում կատարվել են լուրջ ներդրումներ, որի արդյունքում արտադրողականությունն է բարձրացել, եւ մենք ունենք 30% աճ: Սա նշանակում է, որ ձվի արտադրության խնդիրը ՀՀ-նում լուծված է»: Պարոն Բագրատյանն էլ վստահեցնում է. «Իրականում վարչապետը կրկին ստում է, անհերքելի է, որ ձվի շուկայում կա մոնոպոլիա: Ձեռնարկություններից մեկը գներ է սահմանել, եւ ի վերջո հենց այդ ձեռնարկությունն էլ շուկայում մենաշնորհային դիրքեր է գրավել, որքան հասկանում եմ, սա արվել է նախագահականում՝ վարչապետի մասնակցությամբ, իսկ ընդհանրապես, որքան էլ վարչապետը խոսի մենաշնորհների դեմ պայքարի մասին, նրանք շարունակում են մենաշնորհել ամեն ինչ: Դա է վկայում բանկերի, վարկային կազմակերպությունների կապիտալի բարձրացումը, եւ սա արվում է բացահայտորեն՝ ի հեճուկս փոքր բիզնեսը զարգացնելու շահի: Հերթը հասավ հեռուստաընկերություններին՝ հիմա էլ մոնոպոլիա է ստեղծվում այնտեղ»: Պարոն Բագրատյանն անդրադարձավ նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի՝ փոխարժեքի ոչ կտրուկ տատանումների, տնտեսական աճի եւ գնաճի նվազմանը վերաբերող երեկվա կանխատեսումներին. «Ուզում եմ հիշեցնել ԱՄՀ-ի նախորդ տարվա տնտեսական անկման կանխատեսումը. այն պետք է լիներ 1%, երբ պաշտոնական տվյալներով արձանագրեցինք 14%, մեր հաշվարկով՝ 22%: Դժբախտաբար, երբեմն ԱՄՀ-ն սխալվում է մի քանի անգամից մինչեւ մի քանի տասնյակ անգամ: Ես ուզում եմ հավատալ, որ գնաճի որոշակի անկում տեղի կունենա, բայց փոխարժեքի մասով կանխատեսմանը բացարձակապես չեմ հավատում: Բավական է ռուսական տնտեսությունը մի հատ հազա կամ փռշտա, եւ մեր երկրում փոխարժեքի կտրուկ փոփոխությունն անխուսափելի է»:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Մի քիչ շնորհքով աշխատեք |
| |
Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքում շինարարություն իրականացնող բոլոր կազմակերպությունների առջեւ խնդիր է դրված շինհրապարակը կահավորել այնպես, որ բնակչի համար նորմալ անցուդարձի որեւէ խոչընդոտ չլինի: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվական վարչությունից: Երեւանում, ինչպես ցանկացած խիտ կառուցապատված բոլոր քաղաքներում, նոր շինարարությունն այսպես թե այնպես առնչվում է ինչպես տրանսպորտային հոսքերի, այնպես էլ հետիոտն անցուդարձի հետ կապված խնդիրներին: Երեւանի քաղաքապետարանը, որպես ցանկացած շինթույլտվություն ստանալու պարտադիր պահանջ, սահմանել է նաեւ շինհրապարակների կազմակերպման համապատասխան փաստաթղթերի առկայությունը: Կառուցապատողը, ինչպես նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետը, պարտավոր է շինարարությանը հարող տարածքում ապահովել բնակչության հարմար ու անվտանգ անցուդարձը: Եթե շինաշխատանքների պատճառով փակվել է մայթը, կառուցապատողը պետք է ժամանակավոր մայթ կահավորի, որը պետք է համապատասխան լուսավորություն, անվտանգության բազրիք, ճանապարհային երթեւեկության համապատասխան նշան ունենա: Ամենակարեւորը՝ շինարարության հարակից տարածքով ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովումն է:
Կոմիտասի պողոտայի թիվ 12 շենքի հարեւանությամբ կառուցվող շենքի հարակից մայթը դեռ մեկ շաբաթ առաջ գրեթե անանցանելի էր անցորդների համար, ու մարդիկ այս տարածքը հաճախ փողոցի երթեւեկելի մասով էին անցնում: Քաղաքապետի հանձնարարականից հետո կառուցապատողն այսօր արդեն վերականգնել է մայթը, ասֆալտապատել, օրերս էլ տարածքի կանաչապատումը կավարտի:
Քաղաքապետի պահանջը հստակ է. անկախ նրանից, թե որ փուլում է շինարարությունը, կառուցապատողը պետք է մայթը վերադարձնի բնակչին: Եթե շինարարական խնդիրներով պայմանավորված՝ նախկին մայթի վիճակը վերականգնելը ժամանակավորապես անհնար է, ապա կառուցապատողը սահմանված պահանջներին համապատասխան ժամանակավոր մայթ պետք է կահավորի:
Որոշ կառուցապատողներ, ինչպես Կոմիտաս 38/2 հասցեի շինհրապարակում, ժամանակին կատարել են այս պահանջն ու մարդկանց նորմալ անցուդարձի համար բավարար պայման են ապահովել: Իսկ հարեւան շենքի կառուցապատողը ստեղծել է պարզապես անհանդուրժելի վիճակ, եւ բնակիչն ստիպված մտնում է երթեւեկելի գոտի: Վրացական փողոցում կառուցապատողը ոչ միայն մայթն է գրավել, այլեւ զբաղեցրել է նաեւ փողոցի երթեւեկելի հատվածի մի մասը: Նույն փողոցում, քիչ հեռու բնակելի շենք կառուցող շինարարական ընկերությանը ամենեւին չի հետաքրքրում, որ իրենց անբարեխղճության պատճառով մարդիկ կամ փողոցի երթեւեկելի մասով, կամ էլ աղբարկղերին կպնելով ու քսվելով պիտի մի կերպ տուն հասնեն: Կառուցապատողի ներկայացուցիչները խոստացան, որ կարճ ժամկետում կվերականգնեն մայթը: Փոխարենը Հրաչյա Քոչարի փողոցում կար շինհրապարակ, որտեղ կառուցապատողը հստակ իրականացրել էր քաղաքապետի կողմից ներկայացված պահանջն ու շինարարության ընթացքում բնակչին նորմալ, քաղաքակիրթ անցուդարձի հնարավորություն ապահովել: Իսկ Կոմիտաս 59/6 հասցեի շենքը մեկ տարի է, ինչ շահագործման է հանձնվել, եւ շինարարը, քաղաքապետի պահանջին համապատասխան, բարեկարգ, ծաղկապատ, արծաթափայլ եղեւնիներով է մայթը վերականգնել: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԴՐԱԿԱՆ ՇՈԿԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ |
| |
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) այս տարվա տնտեսական աճի կանխատեսումները նույնն են, ինչ մայիսին՝ 4,8%, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսել են գնաճի նվազում: Երեկ «Հայաստանի տնտեսական քաղաքականությունը» թեմայով քննարկման ժամանակ իր կանխատեսումները հիշեցրեց ԱՄՀ հայաստանյան մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: Ընթացիկ տարվա 6 ամիսների կտրվածքով տնտեսական աճը կազմել է 6,7%, չնայած, որ տարեսկզբին աճի 8,8% ցուցանիշ էր գրանցվել: «Առավոտը» Գ. Տոլոսայից հետաքրքրվեց՝ արդյոք դա համարում է տնտեսական աճի տեմպի նվազո՞ւմ. «Դա չենք դիտարկում աճի տեմպերի դանդաղեցում, պարզապես առաջին եռամսյակում աճի արտասովոր բարձր ցուցանիշ ունեինք, իսկ հիմա աճի տեմպերը կայունացել են»: Նրա խոսքով՝ տնտեսական ճգնաժամն ավարտվել է, բայց. «Դա չի նշանակում, թե մոտ ապագայում դժվարություններ չեն լինի, երկիրը հիմա կրիտիկական կետի է հասել, կարեւոր է, որ ՀՀ կառավարությունը պատշաճ քաղաքականություն որդեգրի, որ արձագանքի բոլոր մարտահրավերներին: 2003-08թթ. տեղի ունեցած դրական շոկերն ապագայում չեն լինի»: Նա հույս հայտնեց, որ կառավարությունը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ բիզնեսի զարգացման համար միջավայր ապահովելու ուղղությամբ. «Սա նշանակում է, որ պետք է եռանդուն աշխատենք, որ ձեռնարկությունները չհայտնվեն կոռումպացված չինովնիկների քմահաճույքին կամ իշխանությունները շարունակեն չարաշահել, խոշոր ձեռնարկատերերն էլ չպետք է փախչեն հարկերից»:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը վստահեցրեց, որ ՀՀ տնտեսությունը թեւակոխել է վերականգնման եւ կայունացման փուլ, եւ բոլոր հիմքերը կան վերականգնելու այն դինամիկան ու մոտեցումները, որոնք ունեինք մինչեւ ճգնաժամը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը շեշտը դրեց մրցունակ երկիր եւ մրցունակ շուկա ունենալու անհրաժեշտության վրա. «Պետք է ավելի մրցունակ ապրանք ստեղծենք, ավելի մրցունակ ծառայություն մատուցենք, մրցունակ երկրում ցածր աշխատավարձի խնդիրներ չկան, իսկ այս խնդիրները մեր երկրում դեռ առկա են»:
«Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նկատեց, որ 125 հազար ձեռնարկությունների 50% չի գործում, եւ դրանցից միայն 2000–ի գործունեությունն է արդյունավետ. «Հիմնականում ծայրահեղություն է՝ միայն խոշոր կամ փոքր ձեռնարկություններ են, միջինը չկա, միջին ձեռնարկատերերը նոր-նոր փորձում են ակտիվանալ, սա գուցե պայմանավորված է նրանով, որ խոշոր մի շարք ձեռնարկատերեր այսօր այլեւս խոշոր չեն: Միջազգային կառույցները փաստում են, որ անհրաժեշտ է բարելավել մրցակցային միջավայրը, չեզոքացնելը մենաշնորհները: Ցավալի է, որ կոռուպցիոն ռիսկերով մենք առաջ ենք անցել նաեւ Վրաստանից»:
Քննարկման ժամանակ ԵՊՀ մի դասախոս նախարարներից հետաքրքրվեց. «Ես, որպես սովորական քաղաքացի, ե՞րբ կտեսնեմ կառավարության իրականացրած բարեփոխումները, իմ աշխատավարձը 10 անգամ ե՞րբ կավելանա, 10, թե՞ 100 տարի հետո: Արդեն 20 տարի է՝ հարցնում եմ, կառավարության գործունեությունն, առհասարակ, ի՞նչ է տալիս սովորական քաղաքացուն»: Ֆինանսների նախարարը պատասխանեց. «Հարցի պատասխանը կա մեր առաջիկա 3 տարիների միջնաժամկետ ծրագրում: Ցանկությունները եւ հնարավորությունները պետք է կարողանանք համադրել»: Հարցին պատասխանեց նաեւ էկոնոմիկայի նախարարը. «Հնարավոր չէ ամեն մեկի համար ցույց տալ իր հնարավորությունը...»: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| «ԵՍ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻ...» |
| |
«10-ի գործով» ամբաստանյալ Արա Կարապետյանը հերքում է իր դեմ մեղադրանքները: Իսկ ի՞նչ կասեն նրա դեմ ցուցմունքներ տվածները:
Երեկ շարունակվեց «10-ի գործով» դատական հերթական նիստը, որը սակայն կարճ տեւեց եւ կշարունակվի այսօր:
Հայաստանի մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման գործով դատաքննության վերջին երկու շաբաթվա կարեւոր իրադարձությունը գործով գլխավոր ամբաստանյալ Արա Կարապետյանի ցուցմունքներն էին: Սա Ա. Կարապետյանի առաջին ցուցմունքն էր՝ նախաքննության ընթացքում նա նույնպես չէր ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը եւ հրաժարվել էր ցուցմունքներ տալ: Շուրջ 4 ժամ տեւած ցուցմունքում ամբաստանյալը մանրակրկիտ վերլուծեց 12 հատոր կազմող գործի նյութերը. հերքեց իր դեմ ներկայացված մեղադրանքը: Ազգային անվտանգության ծառայության քննչական ծառայության կողմից քննված գործը, նրա գնահատմամբ, շինծու գործ է, «թույլ սցենարով շոու»: Նա տարակուսանք հայտնեց, որ ԱԱԾ-ն, իմանալով հանդերձ, թե որտեղ է ինքը բնակվում, ծանուցագրեր էր ուղարկում հոր տան հասցեով (որտեղից դեռեւս 1987թ. է դուրս եկել), որպեսզի պատրանք ստեղծվի, որ իրեն կանչում են, ինքը չի գալիս եւ «սարքվեն կալանքի տակ պահելու շինծու հիմքերը»: Ըստ Ա. Կարապետյանի՝ ԱԱԾ-ն նախաքննության սկզբնական շրջանում խախտել է իր իրավունքները՝ չի տրամադրել պաշտպան, մերժել է իր միջնորդությունը՝ առերես հարցաքննել իր դեմ ցուցմունք տված անձանց հետ, գործադրել է հոգեբանական ճնշման հնարքներ: Մասնավորապես, ԱԱԾ-ում սպառնում էին՝ «մեր ձեռքերը ԱՄՆ էլ են հասնում» (որտեղ շարունակում են բնակվել ամբաստանյալի ընտանիքի անդամները): Ա.Կարապետյանը հայտարարեց, որ իր նկատմամբ կոպտորեն խախտվել են Սահմանադրության 20-րդ, 21-րդ եւ 22-րդ հոդվածները՝ պաշտպան ունենալու իրավունքը, անմեղության կանխավարկածի սկզբունքը եւ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն օգտագործելու արգելքը:
Ա. Կարապետյանը մանրակրկիտ ներկայացրեց իր կենսագրությունը՝ մասնագիտությամբ տնտեսագետ է, 1992թ. ԱՄՆ է տեղափոխվել, հիմնել կոշիկի, սննդի սուպերմարկետներ, իսկ 2004թ. Հայաստան վերադառնալուց հետո՝ «Աս» սուպերմարկետը եւ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ՝ կոշիկի խանութների ցանցով, ամենուրեք բիզնեսում եղել է հաջողակ եւ պարտաճանաչ խոշոր հարկատու՝ միայն 2007թ. սեպտեմբերից 2009թ. սեպտեմբերը նա պետական բյուջե է մուծել հարկեր 1 մլն ԱՄՆ դոլարի չափով: «Միգուցե ես կամ իմ բիզնեսները խանգարում էին ինչ-որ մարդկանց՝ չգիտեմ»,- ասաց Ա. Կարապետյանը:
Ա. Կարապետյանը հայտարարեց, որ ԱՄՆ-ում ոսկե զարդերի գողությունների հետ ինքը որեւէ առնչություն չունի, այդ մասին հայտնել է նաեւ ԱՄՆ իրավապահ մարմիններին, որոնք ԱՄՆ-ից չհեռանալու ստորագրություն իրենից չեն վերցրել: Ըստ ամբաստանյալի՝ անհեթեթ է նաեւ Ա. Ավետիսյանի առանձնատան դրվագով իրեն ներկայացված մեղադրանքը, որի հետ նույնպես ինքը որեւէ առնչություն չունի, հարձակումը իրականացնելու համար զենք, հատակագիծ, համազգեստ, մեքենա, փող չի տրամադրել: «12-հատորանոց գործում ցույց տվեք որեւիցե մեկին, որին 100 հազար դոլար եմ խոստացել»,- հայտարարեց ամբաստանյալը: Ավելին, ինքը Ա. Ավետիսյանի տնից հափշտակված ապրանքը՝ փաստաթղթեր, ոսկեղեն (շուրջ 45 մլն դրամ արժողությամբ), որը հանգամանքների բերումով իր մոտ է հայտնվել, հանձնել է տիրոջը՝ Ա. Ավետիսյանին: Ըստ ամբաստանյալի՝ իր նախաձեռնությամբ ամբաստանյալ Սուրեն Մելքոնյանի միջոցով ապրանքը փոխանցվել է ոմն Կարենի, ում Ս. Մելքոնյանը մանրակրկիտ նկարագրել է, սակայն հետագայում չգիտես, թե որտեղից դրվագում հառնել է Հարություն Ալեքսանյանը, որին փնտրում են եւ չեն գտնում: Կարեն-Հարություն Ալեքսանյան փոխատեղումը, ըստ Ա. Կարապետյանի, միակը չէ, գործում փորձ է արվել Արա Կարապետյանին վերագրել ոմն վրացի կամ թիֆլիսեցի Առոնդի արարքները (նա «Կոշիկի քաղաքի» մշտական հաճախորդ էր, եւ նա էր իրեն ի պահ տվել պայուսակը, որում, ինչպես հետագայում է պարզվել, Ա. Ավետիսյանի տնից հափշտակված ապրանքներն էին): Ա. Կարապետյանը հերյուրանք համարեց նաեւ քրեական գործի նյութերում առկա տեղեկությունը, թե ձերբակալությունից որոշակի ժամանակ առաջ գույքը գրավադրել է բանկերում եւ ստացել մի քանի միլիոն դոլար գումար:
Ա. Կարապետյանի պաշտպան Կարեն Քամալյանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի անձը բնութագրող մի շարք փաստաթղթեր՝ 1990-91թթ. ակտիվ մասնակցել է Արցախի, մասնավորապես, Բերդաձորի ինքնապաշտպանությանը: Ըստ համատիրությունից ներկայացված տեղեկանքի եւ Երեւանի թիվ 186 դպրոցի տնօրինության, որպես թաղամասի բնակիչ բարեգործություններ է արել, մասնակցելով, մասնավորապես, շրջակա տարածքի կանաչապատմանն ու ասֆալտապատմանը: Ա. Կարապետյանը վատառողջ է, վիրահատվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, խնամքին ունի 4 հոգի:
Ըստ դատակոչի ցուցակի, հաջորդ երկու ամբաստանյալները՝ Երեւանի Նոր Նորք համայնքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը եւ Արսեն Սողոմոնյանը հաջորդաբար հայտարարեցին, որ գերադասում են ցուցմունքներ տալ վերջում: Ըստ օրենքի, ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքում դատարանում հրապարակվում են ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները՝ Ա. Նիկողոսյանը նախաքննության ընթացքում ցուցմունքներ չէր տվել, ուստի դրանք հրապարակելու հարց չծագեց, իսկ Ա. Սողոմոնյանի ցուցմունքներն էլ չհրապարակվեցին, քանի որ ամբաստանյալն ի վերջո հայտարարեց, որ ցուցմունքներ չի կարող տալ, որովհետեւ գրառումները թողել է մեկուսարանում: Գործը, սակայն, ցուցմունքներին չհասավ. հաջորդ՝ հուլիսի 19-ի եւ 20-ի նիստերը տեղի չունեցան փաստաբան Հայկ Իսրայելյանի բացակայության պատճառով:
Տեսնենք այսօր ի՞նչ ընթացք կստանա նիստը:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՏԵՂՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է |
| |
| Տավուշի մարզի Բերդ քաղաքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհի 19 կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ ՎԱԶ-2106 մակնիշի 36 ՏԼ 609 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ, 31-ամյա Կ. Խաչատրյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւոր Ա. Հովհաննիսյանը ստացել է աջ ազդրի կոտրվածք եւ տեղափոխվել Բերդ քաղաքի հիվանդանոց: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼ Է |
| |
Երեւանի Սարի Թաղ 14/30 հասցեին հարակից էլ. սյան վրա քաղաքացի էր հոսանքահարվել: Սյան վրայից իջեցվել է 38-ամյա Լեւոն Մեժլումյանի դին եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| 600 ՀԱԶԱՐ՝ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ |
| |
Արգետինահայ բարերարներ Արմեն եւ Նատիա Էքսերճիէանները, 2007 թվականից մինչ օրս մոտ 600 հազար դոլար են նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հայաստանի Տավուշի մարզի Դիտավան գյուղին աջակցելու համար: Այս գումարով գյուղը գազիֆիկացվել է, հիմնանորոգվել է ոռոգման համակարգը, վերակառուցվել եւ կահավորվել է համայնքային կենտրոնը: Երեկ Էքսերճիէան ամուսինների եւ նրանց երկու դուստրերի մասնակցությամբ բացվեց գյուղի խմելու ջրագիծը: Նշված 600 հազար դոլարից այս ծրագրի վրա ծախսվել է 95 միլիոն դրամ: 350 բնակիչ ունեցող գյուղի տնտեսություններն արդեն խմելու որակով եւ անխափան-չկտրվող ջուր ունեն:
Երեկ Դիտավանում հերթական անգամ տոն էր: Թե գյուղապետ Սեյրան Սարգսյանը, թե դպրոցի տնօրենը, թե դիտավանցիները իրենց շնորհակալության խոսքում ասացին, որ Էքսերճիէանների օգնությունը էական է, շոշափելի եւ կատակով նկատեցին, որ երբ հարեւան գյուղերի բնակիչների հետ խոսում են այս կամ այն խնդրի մասին, հարեւանները անմիջապես նկատում են՝ դե, դուք Էքսերճիէանների նման բարեկամներ ունեք, էլ մտածելու ի՞նչ կա: Սակայն Դիտավանը դեռ խնդիրներ ունի. գյուղի դպրոցի շենքը շատ հին է, արդեն ոչ պիտանի, գյուղի դպրոցը տնակներում է, փողոցները՝ անասֆալտ, հող եւ դարուփոս, գյուղը լուսավորություն չունի:
Էքսերճիէանների ընտանիքը խոստացավ շարունակել օգնել դիտավանցիներին, իսկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի որոշմամբ, Տավուշի մարզի Դիտավան համայնքի վերականգնման եւ զարգացման նպատակով կատարված մեծածավալ աշխատանքների համար Արմեն եւ Նատիա Էքսերճիէաններին շնորհվեց «Պատվավոր տավուշցի» կոչումը:
Բացի այսօրինակ խոշոր ծրագրերից՝ Էքսերճիէանները դիտավանցիներին այլ օգնություն էլ են տրամադրում: Օրինակ, ջրագծի բացման առիթով Հայաստան էին եկել իսպաներեն որոշ գրքերով եւ սկավառակներով, որոնք նվիրեցին գյուղի գրադարանին: Մոտ 400 կտոր գիրք էլ նվիրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Սրանից առաջ, անապահով ընտանիքներին աջակցելու նպատակով, Դիտավանի հինգ ընտանիք Էքսերճիէանների ընտանիքից մեկական կով է ստացել, իսկ 40 ընտանիք՝ 300 կգ եգիպտացորենի սերմացու:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Ինֆորմացիայի ազատության կենտրոնի սեւ ցուցակը |
| |

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ամփոփել է երկրորդ եռամսյակի արդյունքները: Ըստ այդ արդյունքների, սեւ ցուցակում հայտնված անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Վարդավառը Մոտկորում |
| |
Թումանյանի շրջանի 7՝ Դսեղ, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, գյուղերի բնակիչները ձմռանը նախապատրաստվելու համար ծվարել են գյուղամերձ սարերում ու յայլաներում: Հուլիսի վերջին կիրակին սարի ճանապարհը լիքն է մեքենաներով՝ Մոտկոր աշխարհը Վարադավառ է տոնում: Սար բարձրացող յուրաքանչյուր մեքենայի մասին լուրն ավելի շուտ է հասնում, քան մեքենան: Սարվորներն աչքները ճամփին սպասում են իրենց բարեկամներին, օրը միասին անցկացնելու եւ լիարժեք ուրախանալու համար: Գյուղացիները, մոռանալով տեխնիկայի նորամուծությունների մասին՝ բջջային հեռախոսն անհասանելի է սարերում, գործի են դնում «անթել հեռախոսը». վտանգավոր ճանապարհի լուրը ճամփորդին հասցնում են իրար գոռալով. «Մագթա՜ղ, այ Մագթաղ, տղիդ մին ասա, տրակտորը խոդ գցի, գնա մեր ժողովրդին բարձրացնի»: Իսկ երբ տրակտորը սարի փեշին է հասնում, ծանոթ ու անծանոթ իրենց իրերով թափքի մեջ են լցվում եւ սար բարձրանում: Շատ հաճախ հենց այդտեղ էլ ծանոթանում են, եւ պարզվում է, անկախ նրանից, թե որ գյուղում են ապրում՝ բարեկամական կապ կա: Բացի այն, որ յուրաքանչյուր օդայի (սարի տուն) առաջ են սեղան գցում, հետագայում բարեկամներով հավաքվում եւ սեղանը մեծացնում են:
«Սարվորը դեռ մեկ ամիս առաջ է պատրաստվում տոնին, ագդակ (գյուղական բլիթ) ու խավիծ (հալվա) ենք պատրաստում, հատուկ Վարդեւորի համար մի ոչխար ենք ընտրում, որ մորթենք, իսկական տոնախմբություն է դա գյուղացու համար»,- ասում է Ահնիձոր գյուղի բնակչուհի 83-ամյա Լուսիկ տատը:
Վարդավառին մեծ ու փոքր, գյուղացի ու համայնքապետ մի մարդ դարձած փորձում են հետաքրքիր դարձնել տոնը, շատ հաճախ էլ Համբարձման եւ Բարեկենդանի տոներն են խառնում, աղջիկները գնում են մոտակա «Փռի ուրթ», «Ժանգալու» հանդամասերից ծաղիկներ են հավաքում, վիճակ են գցում, քաղաքաբնակ բարեկամների տարած իրերից իրար փոխանցում: Իսկ երբ տոնը թեժանում է, եւ պետք է սթափվել, խմբված իջնում են «Մուղազի աղբյուր»՝ իրար ջրելու եւ տոնի խորհուրդն իրականացնելու: Թե երբվանից է տոնը նշվում, գյուղացիները չեն հիշում. «Աչքս բացել եմ՝ էդ եմ տեսել, փոքր ժամանակ սրտի թրթիռով սպասում էի էս օրվան, սպասում էի տեսնեմ, քաղաքից եկած քեռիներս ինչ են բերել իմ համար, Նոր տարուն ու Ծննդյան տոնին հավասար օր էր, հիմա էլ նույն խանդավառությամբ եմ նշում»,-ասում է Աթան գյուղի բնակչուհի 63-ամյա Ռուզաննան: Իսկ Նունիկ տատը պատմում է, որ ժամանակին եկեղեցական տոն չեն ունեցել, կոմունիստական հասարակությունը անընդունելի է համարել նման տոները, գյուղացին իր գործին ու սեզոնին է հարմարեցրել. «Չեմ ասում, թե գործ չունեն էլ, հունձն անելուց հետո կաթի որակն ու յուղի գույնը ընկնում է, եկածի հետ գոնե մի քիչ յուղ ենք դնում, պանիր, անորակ բան չես կարա դնես, ա՛յ, դրա համար ենք հուլիսի վերջում նշում»,- ասում է 75-ամյա Նունիկ տատը:
Եկեղեցական տոնն ավելի շատ գյուղում մնացածներն են տոնում, բայց նորից նույն ավանդույթներով, պատահում է, որ սարից հատուկ անասուն են իջեցնում, Վարդավառի տոնին մորթելու համար:
«Էս օրը բարեկամներով մեկ անգամ հավաքվելու առիթ է, քաղաքաբնակ գյուղացիները (մտավորականներ ու հասարարակական, քաղաքական գործիչներ), գյուղ են գնում, պահում են կապը իրենց ծննդավայրի հետ», -ասում է 40 տարի իր գյուղից դուրս եկած հանրապետությունում հայտնի մտավորականներից մեկը:
Տոնը տարածվել է Գուգարքի շրջանի այլ համայնքներում:
Երեկոն իջնում է սարի վրա, սարվորներն էլ, տոնի մասին մոռացած, շտապոււմ են իրենց գործին, ուրախ անցկացրած օրվա մասին հիշեցնում են միայն մորթված ոչխարհների արյունն ու սարում մնացած բարեկամների ուրախ պատմությունները: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Կալիֆոռնիական որդերը կենսահումուս են արտադրում |
| |
Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը (ԳԱՄԿ) նախկինում գլխավորապես ֆինանսավորվում էր Համաշխարհային բանկի տրամադրած վարկից: Ներկայումս կենտրոնի ֆինանսավորման 90%-ը ՀՀ պետական բյուջեից է, 10%-ը գոյանում է կենտրոնի գործունեությունից: Այդ նպատակով ԳԱՄԿ-ը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքում մարզի համայնքապետարանների հետ: Կենտրոնը ֆերմերներին անհրաժեշտ խորհրդատվություն է մատուցում, մարզում տարածում «Ազոտովիտ-1» եւ «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութերը, որոնք բնապահպանական առումով անվտանգ են, վերականգնում են հողերի կենսազանգվածը, բարձրացնում բերքատվությունը, բարելավում գյուղատնտեսական արտադրանքի որակը, նպաստում բույսերի կողմից ազոտի եւ խոնավության կլանմանը:
Տավուշի ԳԱՄԿ-ի տնօրեն Վահան Կարապետյանն ասաց, որ մարզի 11 ֆերմերների կողմից արդեն օգտագործվել է 30 լիտր նման պարարտանյութ, ինչը սկզբի համար լավ արդյունք է: Տավուշի ԳԱՄԿ-ը, համագործակցելով «Վորլդ Վիժն» կազմակերպության հետ, մարզի Ոսկեվան, Սեւքար, Դիտավան, Կոթի գյուղերում ստեղծել է կալիֆոռնիական որդերի միջոցով կենսահումուսի արտադրության կետեր:
Կալիֆոռնիական որդերը գոմաղբը կլանում, «մշակում» են՝ մեկ տոննա գոմաղբից ստացվում է 600 կգ կենսահումուս եւ մոտ 100 կգ որդ: Ստացված կենսահումուսը շատ կարեւոր է օրգանական գյուղատնտեսության զարգացման համար: Տավուշի ԳԱՄԿ-ի տնօրեն Վահան Կարապետյանի վկայությամբ՝ կենտրոնի աշխատակիցները «Հորիզոն» հիմնադրամի միջոցով ծառայություններ են մատուցում Իջեւանի տարածաշրջանի 6 գյուղերի շուրջ 300 ֆերմերների:
Այդ համայնքներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը համայնքային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր է իրականացնում: ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը սպանդանոցների, իսկ Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնը (CARD) չրերի արտադրության եւ վերամշակման արտադրամասերի ֆինանսավորման հայտարարություններ է տվել: Տավուշի ԳԱՄԿ-ը այդ հայտարարությունները տարածել է համայնքներում: Ակնկալվում է Տավուշում գյուղմթերքների վերամշակման ձեռնարկությունների գործարկում: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Երեք տարբեր Վարդավառ |
| |
Հուլիսի 25-ին Տավուշի մարզում շուքով տոնվեց Վարդավառը, որի ժամանակ մարդիկ հարազատներով, ընկերներով անտառներում, սարերում խորոված են անում, քեֆ-ուրախություն եւ իրար վրա ջուր լցնում: Մարզում ավանդաբար Վարդավառը տոնում են հուլիս ամսվա 20-ից հետո առաջին կիրակի օրը, իսկ սահմանամերձ Ոսկեպարում՝ օգոստոսի առաջին կիրակի օրը: Այս տարի ոսկեպարցիները Վարդավառը կնշեն օգոստոսի 1-ին: Երեւանում եւ հանրապետության մեծ մասում այս տարի Վարդավառը տոնել են հուլիսի 11-ին:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ, ՍԱԿԱՅՆ Ի՞ՆՉ ԳՆՈՎ |
| |
Ինչ հետեւանքների կարող է հանգեցնել Իսրայել-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը
«Մավի Մարմարա» նավի հետ տեղի ունեցած միջադեպից, ինչպես նաեւ այն բանից հետո, երբ Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում դեմ քվեարկեց Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւին, Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավերն ակտիվորեն ծանրութեթեւ են անում Թուրքիային պատժելու տարբերակները: Հատուկ ցինիկ պետք չէր լինել՝ կանխատեսելու համար, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, որին երկու երկրները մեծ եռանդով դիմադրել են տասնամյակներ շարունակ, արագ երեւան կգա նրանց տարբերակների ցուցակում: Իսրայելի Կնեսեթում արդեն քննարկում է տեղի ունեցել այդ հարցն օրենսդրական օրակարգում ընդգրկելու հնարավորության մասին, եւ որոշ ամերիկյան օրենսդիրներ, այդ թվում մարդիկ, ովքեր անցյալում դիմադրել են ցեղասպանության ճանաչման գաղափարին, հայտարարություններ են արել այժմ նման օրենք ընդունելու անհրաժեշտության մասին: Բազմաթիվ հայեր եւ առնվազն որոշ կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս նրանց անունից, ինչպես, օրինակ, Ամերիկայի Հայկական Համագումարը, ոգեւորված են: Հայ համայնքի ղեկավարներն արդեն հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան անդամների, ինչպես նաեւ Ամերիկայի հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ՝ ողջունելով այս նոր միտումը:
Հայ համայնքի արձագանքն այս զարգացումների հանդեպ, անշուշտ, ավելի կանխատեսելի էր, քան այն փաստը, որ այս հարցը մեջտեղ կգա: Չափից ավելի երկար ժամանակ հայերի զանգվածային ոչնչացման փաստի պատշաճ ճանաչումն այդ համայնքի օրակարգի գլխավոր առարկան է եղել, եւ չափից ավելի երկար ժամանակ հայերն ստիպված են եղել հանդուրժել թե Իսրայելի եւ թե Ամերիկայի քաղաքական վերնախավերի հոգեճզմիչ հիպոկրատությունը, ովքեր աշխարհում բոլորից ավելի բարձր են գոռում մարդկության դեմ կատարված ոճիրները ժխտելու կամ դրանց արժեքը նվազեցնելու վտանգների մասին, սակայն մինչեւ վերջերս ժխտում էին Հայոց ցեղասպանությունը: Նրանք կարծես թե վերջապես դարձի են եկել: Եվ մեզնից ոմանք էլ կարծում են, թե պետք է հրճվենք դրանից:
Սակայն պե՞տք է արդյոք հրճվենք: Արդյո՞ք սա իրերի այն զարգացումն է, որ հայերը պետք է ողջունեն ու աջակցեն: Ցեղասպանության ճանաչման սեւեռուն նպատակն այնքան առանցքային է դարձել ամերիկաբնակ հայերի կյանքում (կամ նույնիսկ Ամերիկայում կամ Սփյուռքի այլ գաղթօջախներում ապրող հայերի ինքնության համար), որ անհնար է այս հարցին «իհարկե»-ից բացի այլ պատասխան պատկերացնել: Բայց այլ պատասխանի մասին առնվազն պետք է փորձենք մտածել, քանի որ իսրայելյան ու ամերիկյան քաղաքական վերնախավերի շրջանում հայերի տառապալից անցյալի հանդեպ այս նորահայտ համակրանքը ողջունելը զերծ չէ թե՛ բարոյական եւ թե՛ քաղաքական հետեւանքներից:
Սկսենք բարոյական հետեւանքներից: Անկասկած դրանցից առաջինն այս ամենի շահագործողական բնույթն է: Եթե սա իրոք Հայոց ցեղասպանության պատշաճ ճանաչման ու ոգեկոչման համար մղված երկարատեւ պայքարի հաղթանակը լիներ, մենք պատճառ կունենայինք տոնելու եւ ուրախանալու, չնայած անձամբ ես կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե հայերն իրենց ժամանակն ու ռեսուրսները, օտարների կողմից իրենց տառապանքի գնահատականն ստանալուց բացի, ծառայեցնեին այլ նպատակների եւս: Ակնհայտ է սակայն, որ տեղի ունեցողը լրիվ այլ բան է: Տեղի ունեցողը ցինիզմի եւ պատեհապաշտության հաղթանակ է: Այս խնդրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը հստակորեն Թուրքիային պատժելու ցանկության հետեւանք է, քանի որ վերջինս համարձակվել է հակադրվել Իսրայելին, ինչպես նաեւ դեմ դուրս գալ Իրանի հանդեպ Իսրայելի ու ԱՄՆ-ի չափազանց վտանգավոր քաղաքականությանը: Այլ կերպ ասած՝ մենք գործ ունենք Հայոց ցեղասպանությունը որոշակի քաղաքական նպատակի համար օգտագործելու անամոթության աստիճանի բացահայտ մի փորձի հետ, ինչը ես անպատվություն եմ համարում:
Սա արդեն իսկ շատ վատ է, բայց է՛լ ավելի վատ է այն, թե հատկապես ինչն է խնդրո առարկա քաղաքական նպատակը, ինչը մեզ hանգեցնում է երկրորդ բարոյական վնասին: Այս ամենը Թուրքիային պատժելու համար է՝ Գազայում պաղեստինցիների կողմը բռնելու եւ Իրանի հետ պատերազմ հրահրելու ամերիկյան քաղաքականությանը դեմ դուրս գալու պատճառով: Հետեւաբար, այս քաղաքականությանն աջակցելը հավասարազոր է Գազայի ժողովրդի դեմ Իսրայելի կառավարությանն աջակցելուն, ինչպես նաեւ Իրանի վրա հարձակումը գերմարդկային ճիգերով կանխել ցանկացողների դեմ նման հարձակում հրահրողներին սատարելուն:
Ես էլեկտրոնային բանավեճերում տեսել եմ նմանօրինակ մտահոգությունների վերաբերյալ առարկություններ, որոնց հեղինակները պնդում են, թե սա ոչ մի կապ չունի պաղեստինցիների կամ Իրանի հետ հակամարտության հետ: Որոշ մարդիկ պնդում են, թե իսրայելցիներն ու ամերիկացիներն անում են այն, ինչը ճիշտ է ու արդար: Ինչո՞ւ մենք պետք է մտահոգվենք, թե ինչու են նրանք դա անում: Այն պարզ պատճաոով, որ, այս քաղաքականությանն աջակցելով, մենք նույնպես կողմ ենք բռնելու՝ ցանկանանք դա, թե ոչ:
Բայց այս լղոզված առարկությունը ոչինչ է՝ համեմատած այն տրամաբանության հետ, թե պաղեստինցիների մասին մեր մտահոգությունը չպետք է մեզ հետ պահի Թուրքիային հակահարված հասցնելու Իսրայելի եւ Ամերիկայի ցանկությանն աջակցելուց, քանի որ նույն պաղեստինցիների հոգն էլ չէին հայերի զգացմունքները, երբ նրանք որոշում էին թուրքերից օգնություն ընդունել: Այո, ես լսել եմ նման «փաստարկ» եւ ի պատասխան միայն կարող եմ ափսոսանք հայտնել, որ գոյություն չունեն նման մտքերը քրեորեն պատժող օրենքներ:
Թուրքիայի դեմ հակագրոհին միանալն արդարացնելու ջանքերը նաեւ նշանառության տակ են առնում այն փաստը, որ Թուրքիան ինքը մեղավոր է նույն այն հանցանքներում, որոնց մեջ մեղադրում է Իսրայելին: Ինչպես ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն է շեշտել «Վաշինգտոն Թայմզի» իր վերջին հոդվածում, Թուրքիան մերժում է իր երկրի քրդերի ինքնորոշման իրավունքը եւ սատարում Ադրբեջանի կողմից նույն այդ իրավունքի մերժումը Ղարաբաղի հայերին, մինչդեռ պնդում է, որ այն պետք է հարգվի պաղեստինցիների դեպքում: Թուրքիան 1993-ից սկսած շրջափակման է ենթարկում Հայաստանը, մինչդեռ ջանում է ճեղքել Գազայի շրջափակումը: Չի երկնչում մահացու ուժ գործադրելու, մինչդեռ քննադատում է Իսրայելին ու ԱՄՆ-ին նույն ուժի գործադրության համար, եւ այլն:
Այս ամենն այս կամ այն չափով ճիշտ է, սակայն նաեւ՝ անէական: Հայերի կատարելիք ընտրությունը Իսրայելի ու Թուրքիայի եւ կամ Ամերիկայի ու Թուրքիայի միջեւ չէ. այն Իսրայելի պետության ու Գազայի ժողովրդի միջեւ է, Ամերիկայում պատերազմի ջատագովների ու դրան ընդդիմացողների միջեւ:
Բարոյական երկմտանքի երրորդ աղբյուրս առնչվում է այն փաստին, որ, չնայած ճանաչման դասական ընդդիմադիրներից ոմանք իրենց վերաբերմունքի մեջ փոփոխություն են ազդանշում, կարծես սակայն չեն փոխել իրենց տեսակետն այն մասին, թե հատկապես ի՛նչն են ուզում ճանաչել: Ես խոսում եմ Իսրայելում եւ աշխարհով մեկ շատ հրեաների մեջ շարունակվող այն մտայնության մասին, որ հայոց ցեղասպանության ու 2-րդ համաշխարհայինի ժամանակ հրեաների բնաջնջման միջեւ համեմատությունը ոչ միայն խնդրահարույց է էմպիրիկ առումով, այլեւ՝ անպարկեշտ: Նրանք պնդում են, որ նման համեմատությունները նսեմացնում են հոլոքոստը, ինչը համազոր է այն ժխտելուն:
Այսպես, Կնեսետի մի անդամ հարկ ունեցավ արդարացնելու վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչմանն իր օժանդակությունը՝ բացահայտորեն վախենալով, թե իր դիրքորոշումը կարող է ընկալվել իբրեւ երկու աղետների միջեւ զուգահեռներ անցկացնելու աներեւակայելի մեղքը գործելու պատրաստակամություն. «Ես ցանկանում եմ լիովին հստակորեն ասել հետեւյալը. ես նմանություն չեմ անցկացնում հրեա ժողովրդի հոլոքոսթի ու հայ ժողովրդի կոտորածների միջեւ, որքան էլ որ վերջինս ողբերգական եղած լինի: Իբրեւ հրեա ես, իհարկե, կարող եմ ասել, որ հոլոքոսթը բացառիկ էր: Այդ պատճառով է, որ ես հայերի վերաբերյալ նույն տերմինը չեմ գործածում»: (Ha՛aretz, 06.18.10)
Այս հայտարարությունը հատկապես արժանահիշատակ է դարձնում այն հանգամանքը, որ դրա հեղինակը՝ Խաիմ Օրոնը, ձախակողմյան Մերեց կուսակցությունից է: Պատկերացնել միայն կարելի է, թե լիքհուդնիկները կամ Ավիգդոր Լիբերմանի թայֆայի գունագեղ կերպարներն ի՛նչ են մտածում կամ ասում Հայոց ցեղասպանության մասին:
Ինչեւէ, ճանաչման օրինագիծը սեղանին դնելուց հետո նույնիսկ «չհամեմատե՛ս» անհեթեթությունը շարունակելու այս վճռականությունից ավելի նողկալի է հայերից ոմանց ցանկությունը, հաճախ՝ նախանձախնդրությունը՝ համագործակցելու եւ վերցնելու այն, ինչ կարող են, կարծես ինչ-որ բարեգործական նվիրատվություն են ընդունում: Եվ, քանի որ մարդ չի կարող քննադատել նման նվիրատվության չափը, իրենք մեծ աղմուկ չեն պատրաստվում բարձրացնել իրենց նախնիներին պատճառված սարսափների բարոյական նշանակալիությունը նվազեցնող մեկ-երկու հայտարարության կապակցությամբ: Նման կեցվածքը շատ հեռու է արժանապատիվ լինելուց: Մենք պետք է պահանջենք, որ Հայոց ցեղասպանության ու հրեաների հոլոքոսթի համեմատությունը բարոյական զանցանք համարողները ներողություն խնդրեն, այլ ոչ թե նրանց մեր օժանդակությունն ու համագործակցությունն առաջարկենք:
Բարոյական փոխզիջումները երբեք լավ չեն, անշուշտ, սակայն հաճախ պետք է լինում գնալ դրանց՝ նյութական ու քաղաքական շահի կամ ավելի բարձր բարիքի համար: Հետեւաբար, մինչեւ հիմա ասածս կարող է քննադատվել ժամանակի քննությունը բռնած մաքիավելական այս աքսիոմի հիման վրա: Իհարկե, շատ հայեր կպնդեն, որ պատերազմի ամերիկյան ջատագովների ու Իսրայելի կողմից Թուրքիային պատժելու համատեղ վճռականությունը պետք է որ հայերի համար որոշ օգուտներ բերի, ինչը կարդարացնի վերը քննարկված բարոյական գինը: Անշուշտ, նույնիսկ ավելի լավ կլինի, եթե այդ պատիժը հանգեցնի ԱՄՆ-ի ստրատեգիական ուղեծրից Թուրքիայի դուրսմղմանը. ուրեմն ինչո՛ւ մենք հնարավոր ամեն բան չպետք է անենք այդ արդյունքին հասնելու համար:
Որովհետեւ եթե մի պահ սանձենք մեր բնազդներն ու մի քիչ ավելի ուշադիր մտածենք այս մասին, դժվար չի լինի տեսնել այդպես վարվելու վտանգները: Իրականում Թուրքիային պատժելու քաղաքականության սատարումը իրական որեւէ օգուտ չի պարունակում, բացի ցեղասպանության բարոյապես արատավոր ճանաչման ձեռքբերումից (նույնիսկ դա կարող է չստացվել, եթե մեծ տղերքը կարողանան լեզու գտնել), բայց պարունակում է էական քաղաքական գին ու ռիսկեր: Որո՞նք են դրանք:
Առաջինն ու ամենակարեւորն այն է, որ Թուրքիան պատերազմի ամերիկյան ջատագովների եւ Իսրայելի նշանակետում հայտնվեց հիմնականում այն պատճառով, որ փորձեց կասեցնել Իրանի վրա հարձակման նկրտումները: Գիտենք նաեւ, որ եթե հաջողվի Թուրքիային պարտադրել փոխելու իր դիրքորոշումը, ապա այդ հարձակման հավանականությունը կարող է մեծանալ: Եվ մի բան էլ գիտենք՝ նման հարձակումը, բացի ԱՄՆ-ի եւ ամբողջ Մերձավոր Արեւելքի համար աղետալի լինելուց, պատուհաս կլինի Հայաստանի համար. նույն այն Հայաստանի, որի մասին Սփյուռքի հայերն ըստ իրենց պնդումների՝ խորապես հոգ են տանում: Եթե իրոք հոգ են տանում, ապա չպետք է ցանկանան, որ այդ հարձակումը տեղի ունենա, եւ, փոխարենը, պետք է հնարավորինն անեն՝ այն նվազ հավանական դարձնելու համար: Պատերազմի ջատագովների եւ Իսրայելի՝ դեպի Թուրքիա ընթացող պատժագնացքի վրա ցատկելը դրա ճիշտ հակառակ վարքագիծն է:
Երկրորդ՝ որքան էլ ասելիքս աղաղակող անտրամաբանականություն թվա, Թուրքիայի շարունակվող հեռացումը ԱՄՆ-ից, ինչը գնալով արագանալու է, եթե պատերազմի ջատագովները շարունակեն ձգել Թուրքիայի պտուտակները, անպայմանորեն լավ բան չի հայերի կամ գոնե Հայաստանի համար: ԱՄՆ-ից հեռացած Թուրքիան ավելի անկառավարելի Թուրքիա կլինի, ինչը կարող է չափազանց վտանգավոր լինել Հայաստանի համար, եթե հաշվի առնենք երկու երկրների բարեկամականից շատ հեռու հարաբերությունների հանգամանքը: Ավելին, ԱՄՆ-ից օտարման խորացումը Թուրքիային մղելու է դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացում: Վերջինս ակնհայտորեն ողջունում է նման հեռանկարը եւ արդեն իսկ զգալիորեն բարելավել է իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Իսկ երբ որեւէ երկրի գլխավոր դաշնակիցը եւ ամենավտանգավոր հավանական հակառակորդը բարեկամանում են, այդ երկիրը մտահոգվելու պատճառներ ունի, մասնավորապես եթե տվյալ երկիրը փոքր, խոցելի երկիր է՝ կախված իր դաշնակցից, ինչպես Հայաստանն է կախված Ռուսաստանից: Սովորաբար նման տեղաշարժերի ժամանակ փոքր դաշնակցի շահերը զոհաբերվում են, ինչը կարող է պատահել եւ այս դեպքում, եթե Ռուսաստանին անհրաժեշտ լինի Թուրքիայի հետ գործարքը Հայաստանի հաշվին քաղցրացնել:
Նման տեղաշարժը կարող է լիովին խաթարել Հայաստանի ազդեցությունը Ռուսաստանի ռազմավարական հաշվարկներում, որը ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ որեւէ այլ երկիր չի կարողանա նշանակալի կերպով փոխհատուցել: Հասկանալի է, որ ԱՄՆ-ի հայ համայնքը կարող է ի զորու չլինել այս միտումը կասեցնելու, բայց եթե ամերիկահայությունն իսկապես մտահոգ է Հայաստանի անվտանգությամբ, նախքան ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների առավել վատթարացմանն իր նպաստը բերելը պետք է մի լավ մտածի:
Երրորդ՝ բոլորովին կանխորոշված չէ, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ ունեցած Թուրքիայի հարաբերություններում առաջացած ճեղքվածքը շարունակելու է խորանալ: Ես իրականում կարծում եմ, որ Թուրքիան ի վերջո կբարելավի իր հարաբերությունները երկու երկրների հետ էլ: Եվ, եթե դա պատահի, հայերը կհայտնվեն վերոհիշյալ պատժագնացքում, որի մեքենավարներն արդեն այն լքած կլինեն, իսկ դա այնքան էլ գրավիչ հեռանկար չի: Այլ կերպ ասած, ինչպես Թուրքիայի հետ հակամարտության հետագա խորացումը, այնպես էլ հակամարտության հարթումը հայերի համար ցանկալի հեռանկարներ չեն այն պարագայում, եթե նրանք փորձեն նպաստել այդ հակամարտության խորացմանը: Հակառակ ընտրությունը շատ ավելի սակավ վտանգներով է հղի:
Չորրորդ՝ Թուրքիային պատժելու ու վերջինիս վրա ճնշումներ բանեցնելու քաղաքականությանն աջակցելը լավ չի ընդունվելու Մերձավոր Արեւելքի շատ երկրներում, որովհետեւ նման աջակցությունը աներկբայորեն (եւ արդարացիորեն) ընկալվելու է որպես պաղեստինյան հիմնախնդրում սխալ կողմի ընտրություն: Ես արդեն խոսել եմ նման ընտրության բարոյական գնի մասին, սակայն այն կարող է նաեւ այլ անցանկալի հետեւանքներ ունենալ: Ավելի հստակորեն ասած՝ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում հայկական մեծաթիվ համայնքներ կան, որոնք կարող են մեղսակցության մեղադրանքի զոհ դառնալ: Անիմաստ է խոսել այն մասին, որ Ամերիկայում բնակվող հայերի կատարած ընտրության համար Լիբանանում, Իրանում կամ Սիրիայում բնակվող հայերին դատապարտելն անարդարացի է եւ չհիմնավորված: Տվյալ պարագայում միակ էական հարցն այն է, թե արդյոք նրանց կարո՞ղ են մեղադրել, թե՞ ոչ, իսկ այն, որ նման հավանականություն կա, անտեսել չի կարելի:
Հինգերորդ, պատերազմի ջատագովների եւ Իսրայելի ներկա կառավարության կողքին կանգնելն օտարելու է որոշ խմբերի եւ քաղաքական ուժերի, որոնք ճակատագրի հեգնանքով անցյալում շատ ավելի մեծ համակրանքով են վերաբերվել հայկական դիրքորոշմանը: Ես խոսում եմ Ամերիկայում գոյություն ունեցող բազմաթիվ առաջադեմ ու հակաիմպերիալիստ ուժերի եւ հրեական համայնքի այն զգալի ու աճող հատվածի մասին, որոնք միշտ ամոթալի են համարել Հայոց ցեղասպանության հանդեպ որոշ հրեական կազմակերպությունների ու Իսրայելի պաշտոնական վերաբերմունքը, բայց այսօր հասկանալիորեն ավելի մտահոգված են նրանով, թե ինչ է տեղի ունենում Գազայում:
Ես խոսում եմ նաեւ այն առաջադեմ թուրքերի մասին, ովքեր զանգվածային միջոցառումներ էին իրականացնում Հրանտ Դինքի սպանությունից հետո եւ գոռում էին «Մենք բոլորս հայ ենք հիմա», ովքեր այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը նշելիս բողոքի տեւական ցույցեր էին անցկացնում եւ ովքեր նույնպես ավելի անհանգստացած են այն բանով, թե ինչ է կատարվում Գազայի ժողովրդի հետ, ինչպես նաեւ Իրանի հետ պատերազմի սարսափելի հեռանկարով: Այս ուժերի կողքին գտնվելն անկասկած բարոյապես նախընտրելի է, բայց նաեւ ավելի ողջամիտ ընտրություն է, քանի որ հակառակորդ ճամբարն իրեն պահում է կույր ու հարբած փղի նման, որը վաղ թե ուշ հայտնվելու է փոսի մեջ:
Այդ դեպքում ի՞նչ պետք է անեն հայերը եւ նրանց անունից հանդես եկող կազմակերպությունները: Առաջին բանը, որ պետք է անեն, պետք է վերջապես սկսեն կասկածել ամերիկյան քաղաքացիական հասարակությանն իրենց մասնակցությունը սոսկ մեկ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով սահմանափակելու խելամտությանը: Սա չի նշանակում, որ արդարացված չէ 1915 թվականի ոճրագործության պատշաճ ճանաչման հայերի պահանջը: Սա նշանակում է, որ մնացած ամեն ինչ այդ նպատակին ստորադասելը եւ այդ նպատակը հետապնդելը՝ անկախ դրա գնից ու հետեւանքներից, ինչպես նաեւ այդ նպատակը նույնացնելը որեւէ բանի հետ, որ կարող է Թուրքիայի վրա բացասաբար ազդել, գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում արդարացնելը: Սա, սակայն, խորհուրդ է ավելի հեռավոր ապագայի համար: Կան նաեւ բաներ, որ պետք է անմիջապես կատարվեն:
Այն իրավիճակը, որում հայտնվել է հայ համայնքը, հեշտ չէ: Անշուշտ չպիտի ենթադրել, թե ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգ պիտի արվի եւ ամերիկյան ու իսրայելյան օրենսդիրներին հրահանգվի, որ ցեղասպանության ճանաչման բանաձեւեր չընդունեն: Բայց համայնքը կարող է եւ պետք է վերակենտրոնացնի իր ձայնն ու լոբբիստական ուժը՝ նպաստելու Իրանի հետ պատերազմի տանող երթը կասեցնելուն: Այն պետք է ԱՄՆ-ի Կոնգրեսում գործող «Հայկական խմբակցությանն» ասի, որ հայերի համար առաջնայինն այսօր դա է, ոչ թե ցեղասպանության ճանաչումը: Համայնքը նաեւ պետք է իր ձայնը միացնի այն մարդկանց, ներառյալ շատ ու շատ արդարամիտ հրեաների ձայներին, ովքեր Գազայի իրադրությունը կատարելապես անընդունելի են համարում: Դա ճիշտ այն է, ինչ հայոց ցեղասպանության զոհերը կցանկանային, որովհետեւ այդ աղետի բարոյական դասը ոչ թե մեր ժողովրդի տառապանքի ճանաչման կամ զոհերի համար նախատեսված ամերիկյան կարկանդակից մեզ հասանելիք բաժինը վերցնելու, այլ ռեպրեսիաների եւ անարդարության դեմ ելնելու սրբազան պարտականության մեջ է՝ ուր էլ որ դրանք պատահեն, եւ ովքեր էլ որ լինեն դրանց զոհերը: Դրանից պակաս որեւէ բան նրանց հիշատակի պղծում է նշանակում:
Արման Գրիգորյանը քաղաքագիտության դոկտոր է, Լիհայ համալսարանի պրոֆեսոր (ԱՄՆ), ինչպես նաեւ՝ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ: Նրա՝ վերը ներկայացված հոդվածի անգլերեն բնօրինակը լույս է տեսել «Armenian Reporter»-ում՝ այս տարվա հունիսի 30-ին:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ՝ ԵՄ ՊԱՐՍՊԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ |
| |
Փշրված երազներ
2009թ.-ի ամռանը Մարտիրոսյանների ընտանիքը որոշեց մի կողմ դնել Բաթում կամ Անթալիա մեկնելու հեռանկարը եւ մեկնել Իսպանիա: Սակայն մեծ էր նրանց զարմանքն ու հիասթափությունը, երբ ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանը, առանց որեւէ բացատրության, մերժեցին Իսպանիայի մուտքի արտոնագիր տալը: «Մտքովս չէր անցնում, որ մեզ կմերժեն,- ասում է Ա. Մարտիրոսյանը,- ճիշտ է, շատ էի լսել, որ եվրոպական երկրների դեսպանությունները մեր քաղաքացիներին համատարած կերպով կասկածում են հայրենիքը լքելու եւ իրենց երկրներում բախտ որոնելու ցանկությունների մեջ, բայց չէ՞ որ կարելի է ավելի խորը նայել՝ ես ու կինս բավականին բարձր վարձատրվող աշխատանք ունենք, ես բանկում սոլիդ հաշիվ եւ քաղաքի կենտրոնում առանձնատուն ունեմ... Ինչո՞ւ ինչ-որ մեկի քմահաճույքի պատճառով չեմ կարող իրականացնել վաղեմի երազանքս՝ լինել Բարսելոնայում, լողալ Մայորկայի լողափերում, երբ ունեմ այդ հնարավորությունը...»:
Սա ամենեւին ոչ եզակի դեպք է ՀՀ քաղաքացիների պրակտիկայում: Եվրոպական որոշ երկրների դեսպանություններ Ա. Մարտիրոսյանի բախտակից Ս. Գրիգորյանի խոսքերով՝ «կարծես ջրի վրա նստած դեւ լինեն» (վերջինս չի կարողացել իրականացնել երազանքը՝ սիրած աղջկա հետ Սուրբ Ծնունդն անցկացնել Փարիզում): Երբ դիմել է տուրգործակալին՝ նրան առաջարկել են մեկնել Դուբայ, Շարմ էլ Շեյխ, Երուսաղեմ, այլուր, քանի որ հավանականությունը, որ կհասնի Փարիզ՝ փոքր է: «Ինչպե՞ս կարելի է համեմատել մեկը մյուսի հետ: Մենք հենց Փարիզն էինք երազում տեսնել, ես մի քանի տարի գումար էի հավաքում դրա համար...»,– ասում է նա:
Շփվիր, որ ճանաչես
Այսօր իրավիճակը, կարծես, չի փոխվել, չնայած Եվրոպան էլ է հասկանում, որ մարդկային ուղղակի շփումները, ազատ տեղաշարժը իր հարեւաններին ավելի եվրոպականացնելու, այսինքն՝ իրեն ավելի նման եւ ավելի կանխատեսելի դարձնելու համար, թերեւս, ամենակարճ ճանապարհն է: Ու նաեւ այդ պատճառով է, որ Եվրոպական միությունը բոլոր հարեւաններին՝ ե՛ւ Եվրոպական հարեւանության ծրագրում տեղ գտած երկրներին, ե՛ւ ավելի թարմ ծրագրի՝ «Արեւելյան գործընկերության» մաս կազմող Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ տարվող քաղաքականության մեջ խիստ կարեւորում է մարդկային շփումների դերը, ու այդ շփումները ավելի ազատ ու առարկայական դարձնելու համար մտմտում է մուտքի արտոնագրերի ստացումը դյուրացնելու ճանապարհներ: Սակայն հեշտացված կարգով կամ՝ առավել եւս առանց մուտքի արտոնագրերի ԵՄ երկրներ մտնելու ճանապարհը շատ դժվար ու երկար է: Օրինակ, Ռուսաստանը դեռ 2003թ.-ից բանակցում է ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմին անցնելու համար: Սակայն Եվրամիությունը դեռ անդրդվելի է, եւ ամեն անգամ ՌԴ-ին հիշեցնում է, որ փշոտ է ԵՄ առանց մուտքի արտոնագրի մտնելու ուղին... Իսկ մենք առայժմ չենք հավակնում նույնիսկ հեշտացված կարգով վիզաներ ստանալուն:
Մեղավորը մե՞նք ենք
«Լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել»,– պնդում է ասացվածքը: Մեր քաղաքացիների գերակշիռ մասն առայժմ միայն լսում է: Տեսնելը տրված է քչերին: «Այս տարի՝ նախորդների համեմատ, եվրոպական երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու կապակցությամբ որեւէ տարբերություն չկա՞»,- հարցրի «Ամիստադ-տուր» ընկերության աշխատակցուհուն՝ հուսալով, որ Շենգենյան վիզա ստանալու կարգի փոփոխությունը եւ ԵՄ կողմից ՀՀ-ն՝ որպես «արեւելյան հարեւան» ճանաչելը կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ մեր քաղաքացիների՝ Եվրոպան տեսնելու ցանկության իրականացման ճանապարհին: «Կտրուկ փոփոխություններ չեմ զգում՝ ոչ դեպի լավը, ոչ դեպի վատը: Բայց ասեմ, որ մեղքը մեր քաղաքացիներինն է: Գիտե՞ք, ոչ մի տուրօպերատոր չի մտնում դեսպանատուն՝ Շենգենյան վիզա ստանալու, քաղաքացին ինքն է մտնում դեսպանատուն, եւ եթե չի կարողանում վստահություն ներշնչել՝ միայն ինքն է մեղավոր: Միակ լավ բանը հիմա այն է, որ հյուպատոսություններում գոնե մերժումը պատճառաբանում են»,- ասաց զբոսաշրջության գործակալը: Հարցիս, թե դիմողների ո՞ր մասն է մերժված վերադառնում, նա պատասխանեց. «Հստակ թիվ չեմ կարող ասել, բայց այս սեզոնին հիմնական մասը, որ Իտալիա, Իսպանիա են ուզել մեկնել, մտել են հյուպատոսություն եւ հանգիստ ստացել են վիզաները»: Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ են մերժում՝ հարցիս պատասխանեց. «Հիմնականում ֆինանսական բավարար միջոցներ չունենալու համար: Ասենք, 14 օրվա փաթեթ են ուզում երկու հոգու համար, բայց հյուպատոսին ներկայացնում են տեղեկանք, որ հաշվի վրա 500-600 եվրո ունեն, բա ո՞նց չմերժեն, եթե այդ երկրներում օրական առնվազն 100 եվրո պետք է ունենալ...: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դեսպանատանը՝ ոչինչ ասել չեմ կարող՝ այն նախանցյալ տարի հայտարարեց, որ գործակալությունների հետ չի աշխատում, այդպես էլ անում է»:
Դրական միտում կա
Գրավոր հարցումով դիմեցի Ֆրանսիայի եւ Իտալիայի հյուպատոսներին: Ուզում էի իմանալ, թե 2009-ին եւ 2010-ի առաջին կիսամյակում քանի՞ ՀՀ քաղաքացի է դիմել իրենց՝ Շենգենյան վիզա ստանալու խնդրանքով, եւ նրանցից քանի՞սն են մերժվել: Իտալիայի դեսպանությունից՝ մեկ ամսվա ընթացքում, այդպես էլ պատասխան չստացա: Իսկ ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը պատասխանեց. «Օրենքով սահմանված հնարավորություն չունենք ստույգ տեղեկություններ տրամադրելու այդ թվերի մասին: Փոխարենը, կարող եմ ասել, որ տրամադրվել է 3000-ից ավելի վիզա, իսկ մերժված դիմումների տոկոսն ավելի ցածր է, քան Շենգեն տարածքի բոլոր հյուպատոսություններինը: Չեմ թաքցնի, որ Հայաստանում, ինչպես նաեւ ողջ աշխարհում, ֆրանսիական օրենքի տեսանկյունից, որոշ դիմողների կատեգորիայի առնչությամբ, մենք դժվարությունների ենք հանդիպում, եւ մեր իշխանությունները լրջորեն մտածում են այդ ուղղությամբ»: Արդյոք Ֆրանսիայի դեսպանատունը աշխատո՞ւմ է Շենգենյան երկրների մուտքի արտոնագրերի ստացման նոր կարգի համաձայն, ըստ որի՝ պետք է գրավոր տա մերժման պատճառաբանությունը: Համաձայն պարոն Գրապենի. «Նոր կանոնակարգով յուրաքանչյուր երկրի թույլատրվում է հետաձգել այդ դրույթի կիրառման ամսաթիվը: Ֆրանսիական պատկան իշխանություններն աշխարհում Ֆրանսիայի բոլոր դեսպանությունների եւ հյուպատոսությունների համար սահմանել են 2011թ.–ի ապրիլի 5-ը»: Քանի որ մերժումները բացատրվում են նրանով, որ հայերը զբոսաշրջության պատրվակով մեկնում են Շենգենյան երկրներ՝ չվերադառնալու նպատակով, հարցրեցի, թե կա՞ տեղեկություն, թե Ֆրանսիա մեկնած մեր զբոսաշրջիկների ո՞ր տոկոսը չի վերադառնում ՀՀ: Ըստ Ֆրանսիայի հյուպատոսի՝ Ֆրանսիայում այդ տվյալները տնօրինում են պրեֆեկտուրաները. «Մենք նման տեղեկատվության չենք տիրապետում: Սակայն մեր իմանալով՝ մի քանի ամիս է՝ այդ ցուցանիշը միտված է նվազելու»: Մյուս հարցս հետեւյալն էր. «Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում նախատեսվում է առաջիկայում դյուրացնել Գործընկերության երկրների քաղաքացիներին ԵՄ երկրներ մուտքի արտոնագիր տալը: Ինչպե՞ս է Ֆրանսիան, մասնավորապես ՀՀ-ում ֆրանսիական հյուպատոսությունը վերաբերվում դրան»: Հյուպատոսը նշել էր. «Առաջիկայում»-ը մի քիչ լավատեսորեն է հնչում: ժամանակի ընթացքում վիզաներին առնչվող ԵՄ ծրագիրը կկիրառվի Հայաստանում, ինչը լավ է: Սկզբում ԵՄ այդ ծրագիրը կվերաբերի միայն հայտատուների որոշակի կատեգորիաների: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հյուպատոսությանը, վիզաների տրամադրման հեշտացման ծրագրի բոլոր դրույթներն արդեն ներառված են ֆրանսիական օրենսդրության մեջ եւ եվրոպական նոր օրենսգրքում: Ուստի սա մեզ քիչ կվերաբերի»:
Տե՞ր ես քաղաքացուդ
ԵՄ անդամ երկրների նման վերաբերմունքը «երրորդ կարգի» երկրներին, ինչպիսին, դատելով հյուպատոսությունների տարած քաղաքականությունից, նաեւ Հայաստանն է, իհարկե, ցավալի է, սակայն՝ հասկանալի. չէ՞ որ, համաձայն ուսումնասիրությունների, ԵՄ երկրներում ապրում է ավելի քան 3 մլն ապօրինի գաղթական, եւ այդ թիվն ամեն տարի ավելանում է 0,5 մլն-ով: Դա ստիպում է նրանց իրականացնել միասնական խստացված քաղաքականություն: Սակայն եթե ԵՄ անդամ երկրներն առաջնորդվում են սեփական շահերով, ապա Հայաստանն էլ պիտի առաջնորդվի ի՛ր քաղաքացիների շահերով: Այդպե՞ս է արդյոք: Այս հարցի պատասխանը գտնելու համար դիմեցի ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Տիգրան Սեյրանյանին՝ հետաքրքրվելով, թե «մերժված» քաղաքացիներից ԱԳՆ-ն ստանո՞ւմ է բողոքներ, ի՞նչ քանակությամբ եւ կարողանո՞ւմ է օգտակար լինել սեփական երկրի քաղաքացիներին: Ըստ պարոն Սեյրանյանի. «Նման դիմումներ ստացվում են, սակայն դրանց թիվը մեծ չէ, օրինակ՝ այս տարվա ընթացքում մենք ստացել ենք 6-7 դիմում: Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում իր վիզային քաղաքականությունը՝ գնահատելով մի շարք ռիսկեր (օրինակ՝ միգրացիոն ռիսկերը), ինչպես նաեւ դրա առավելությունները: Վիզայի տրամադրման գործընթացին միջամտելը կամ միջնորդելը կարող է դիտվել որպես երկրի ներքին գործերին միջամտություն: Այնուամենայնիվ, ԱԳՆ-ն այդ դիմումներն ուղարկում է համապատասխան դեսպանություններ՝ պարզաբանման համար: Ըստ եվրոպական ստանդարտ օրենսդրության՝ դեսպանությունները պարտավոր չեն դիմումի մերժման պատճառները հաղորդել երրորդ կողմի կամ անձի, այդ թվում՝ մեզ: Այդ տեղեկությունները կարող են հաղորդվել միայն դիմողին: Որոշ պետությունների օրենսդրությունն ընդհանրապես չի պարտադրում հայտնել մերժման պատճառները: Ամեն դեպքում, եղել են բացառիկ դեպքեր, երբ բացասական որոշումը վերանայվել է: Բայց, որպես կանոն, մերժումները հիմնավորված են լինում՝ տվյալ պետության օրենքներին համապատասխան: Ապրիլի 5-ից ուժի մեջ մտած Շենգենի վիզային նոր օրենսգիրքը պարտավորեցնում է դեսպանություններին հայտնել մերժման պատճառների մասին: Որոշ պետություններ այս եւ օրենսգրքի մի շարք այլ դրույթներ առայժմ չեն օգտագործում: Դրանք ծրագրվում է ամբողջությամբ կիրառել 2011-ից: Տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին Արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ նորաստեղծ ենթակոմիտեի շրջանակներում կմեկնարկեն վիզաների տրամադրման գործընթացի դյուրացման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները»:
Իսկ բանակցությունների մեկնարկից մինչեւ ավարտը, ինչպես մյուս երկրների, ասենք՝ ՌԴ-ի, փորձն է ցույց տալիս՝ կարող է անվերջ ձգվել... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| «ԳԵՂԵՑԻԿ» ԿՐՔԵՐ ԵՎ ՏԳԵՂ ՊԱՀՎԱԾՔ |
| |
«Միսս եւ միստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Աշոտ Խաչատրյանը պատասխանում է իր նախկին գործընկերոջը:

Ա. Խաչատրյանը հավաստիացնում է, որ կեղծ դիպլոմներ չի տալիս:
«Առավոտի» հունիսի 24-ի «Ընդհարում գեղեցկության պատճառով» հրապարակմանը արձագանքել է «Միսս եւ միստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Աշոտ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ հոդվածում «Թոփ մոդել պրոդաքշընի» գլխավոր տնօրեն ներկայացած Գեւորգ Ասատրյանը մի շարք դժգոհություններ էր հայտնել նախկինում իր եւ Ա. Խաչատրյանի համագործակցության վերաբերյալ: Նաեւ հայտարարում էր, թե Ա. Խաչատրյանի տված դիպլոմներն ու վկայականները կեղծ են: Ա. Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Գեւորգ Ասատրյանի բոլոր հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում: Մեր զրուցակիցը խմբագրություն էր եկել հսկա թղթապանակներով, ամսագրերով, երկրների առաջին դեմքերի հետ լուսանկարներով: Նա ցույց տվեց բազմաթիվ կնքված փաստաթղթեր ու հավաստիացրեց, որ դրանք հասատում են իր՝ այս կամ այն միջազգային մրցույթը ներկայացնելու իրավունքը: Ա. Խաչատրյանը տեղեկացրեց, որ 1990թ-ից կազմակերպում է մանկական գեղեցկության մրցույթ-փառատոն, «Միսս եւ միստր բարեգործական հիմնադրամը» գրանցված է արդարադատության նախարարությունում, Հեղինակային իրավունքների պաշտպանության գործակալությունում, ունի կանոնադրություն, կնիք, ապրանքային նշան: Ա. Խաչատրյանը, ցույց տալով ինչ-ինչ թղթեր, ասաց, որ Գեղեցկության համաշխարհային կազմակերպության թույլտվությամբ 2005 թվականից հանդիսանում է «Թոփ մոդել աշխարհ» բացառիկ ապրանքային նշանի եւ անվան միակ հավատարմագրված օգտագործողը: Իսկ Գ. Ասատրյանի այն նկատառմանը, թե «Միսս եւ միստր» բարեգործական հիմնադրամի փաստաթղթերի վրա գրված է «Վիագրա տուր», Ա. Խաչատրյանը պարզաբանեց, որ Գ. Ասատրյանը թյուրիմացության մեջ է, որովհետեւ «Վիագրա տուրը», թարգմանչական ծառայություն իրականացնող ընկերություն է, որը թարգմանել է անգլերենից նամակներն ու փաստաթղթերը, դրա համար էլ իր կնիքն է դրված դրանց վրա: Գ. Ասատրյանի «մասով» Ա. Խաչատրյանը նաեւ նշեց, որ «Թոփ մոդել Հայաստան» կազմակերպություն իրականում գրանցված չէ, Գ. Ասատրյանը որպես անհատ ձեռնարկատեր գրանցել է միայն «Թոփ մոդել պրոդաքշըն» ապրանքային նշանը, ինչը նրան իրավունք չի տալիս գեղեցկության մրցույթներ անցկացնել: Իսկ Ա. Խաչատրյանը դադարեցրել է համագործակցությունը Գ. Ասատրյանի հետ, որովհետեւ, նրա խոսքերով՝ վերջինս քաղաքապետերից մրցույթների համար գումարներ էր վերցնում եւ մուտք չէր անում հարկային դաշտ. «Ես էի նրան ու կնոջը Թալինում մրցույթ անցկացնելու լիցենզիա տվել, ես էլ հետ վերցրի»: Ա. Խաչատրյանը թվարկեց մի շարք միջազգային մրցույթների անուններ ու ասաց, որ շուրջ 100 մրցույթ- փառատոն անցկացնելու իրավունք ունի, բացի «Միսս աշխարհից»:
Նա թվարկեց իրենց ձեռքբերումները՝ Մարիկա Թունյանը «Թոփ մոդել աշխարհ» մրցույթում ճանաչվել է 10 լավագույն մոդելներից մեկը, 2,5 տարեկան Աիդա Պետրոսյանը «Թոփ մոդել էջմիածին» մրցույթում հաղթելուց հետո մեկնել է Բուլղարիա եւ 60 երկրների ներկայացուցիչների մեջ գրավել առաջին տեղը: Վերջերս Դոմինիկյան Հանրապետությունում կայացած մրցույթում «Միստր տիեզերքին» Մովսես Երեմյանը շահել է «Հանդիսատեսի համակրանք», «Միստր ինտերնետ» եւ «Միստր համերաշխություն» մրցանակները՝ 40 երկրների ներկայացուցիչների մեջ, իսկ Մարիկա Ավետյանը վերջին մեկ ամսվա ընթացքում 3 միջազգային մրցույթի է մասնակցել: Ի դեպ, 2010-ի փետրվարին «Թոփ մոդել աշխարհ» մրցույթի շրջանակներում Ա. Խաչատրյանին շնորհվել է «Լավագույն ազգային գործակալության տնօրեն» հավաստագիրը: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| Ինչու պաշտոնապես չեն հրավիրում… |
| |
Ֆրանսահայ բեմադրիչ Ժիրայր Փափազյանը կարծում է՝ մեր օպերային թատրոնում իրար գլուխ են ջարդում:
Արմեն Տիգրանյանի «Անուշը» օտարերկրացի հանդիսատեսին ներկայացված հայկական առաջին օպերան է: Եգիպտոսում ծնված, Կիպրոսում, ԱՄՆ-ում, իսկ այժմ էլ Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակից Ժիրայր Փափազյանն է այդ օպերայի բեմադրիչը: Նա, 1980 թվականին, ավարտելով թատերական ինստիտուտը, մեկնում է ԱՄՆ, Միչիգանի օպերային թատրոնում ամերիկյան կազմով անգլերեն «Անուշ» բեմադրում: Ժ. Փափազյանը, որ Հայաստան էր ժամանել Գյումրիում նկարահանվող «Դաշնամուրը» ֆիլմում նկարահանվելու համար, օրերս նաեւ «Նարեկացի» արվեստի միության հյուրն էր: «Անուշից» հնարավորություն կար տեսնելու միայն մի քանի հատված, որովհետեւ այդ տարիներին նկարահանումն արգելված էր եղել, եւ միայն մի հանդիսատես կարողացել էր ծածուկ նկարահանել ներկայացման որոշ հատվածներ: Թե ինչով էր 1980-ականներին «Անուշը» գրավել ամերիկացիներին եւ ինչ պայմաններում ամերիկացի երգիչներն ու պարողները ներկայացրին «Անուշը», պատմում է բեմադրիչը. «Միչիգանի օպերային թատրոնի հիմնադիր, կոմպոզիտոր, ծագումով իտալացի Դեյվիդ Դիթիերան, ում ես հանդիպեցի պատահականորեն, 80-ականներին հայտարարություն էր արել, թե բացի գերմանական, իտալական, ֆրանսիական հայտնի օպերաներից, ուզում է ներկայացնել ազգային սահմաններից դուրս չեկած օպերաներ: Եզրակացության էին եկել, որ «Անուշը» հայկական ամենաէկզոտիկ գործն է, ինձնից ուզեցին անգլերեն թարգմանությունը, ասացի՝ չկա, ամերիկացու համար անհնարին բան է, որ ինչ-որ գործ անգլերենով չլինի: Այդ տարիներին Միչիգանի օպերան ավանդական մի բան էր արել. ներկայացումները մի գիշեր անգլերենով էին, հաջորդ գիշեր՝ իտալերենով: Ասացին՝ հայերենն այնպիսի լեզու է, որ արտիստները երկու անգամ ավելի գումար կպահանջեն անծանոթ լեզու սովորելու համար, կամ էլ գործ որոնող երկրորդական արտիստները պիտի հետաքրքրվեն, որոնց համար լեզուն չինարեն է, թե հայերեն, կարեւոր չէ: Այդպիսի մակարդակով չուզեցին բեմադրել, սա ինձ համար էլ էր կարեւոր, որովհետեւ անծանոթ ժողովրդի, հեղինակի գործը միջազգային մակարդակով ներկայացնելիս պետք է որակով անես, դա է հաջողության միակ գաղտնիքը»: Դրանից շուրջ 20 տարի անց Ժ. Փափազյանը ամերիկացիներին հնարավորություն ընձեռեց կրկին տեսնել «Անուշը»՝ այս անգամ հայերենով:
Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը նշելիս Սան-Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում Ժ. Փափազյանը բեմադրում է նաեւ Տ. Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերան: Շուրջ մեկ ամիս առաջ էլ նա ֆրանսիացիներին ներկայացրել է «Կարինե» օպերետը: Ժ. Փափազյանն անգլերեն բազմաթիվ թարգմանությունների հեղինակ է, ինքն է թարգմանել նաեւ «Անուշը»: «Միշտ էլ այդ թարգմանությունների կարիքը կա, օտարները շնորհակալություն են հայտնում, որովհետեւ պատճառ ես լինում, որ իրենք մի նոր բան հայտնաբերեն»,- ասում է զրուցակիցս: Տ. Չուխաջյանի «Կարինեն» ֆրանսերեն թարգմանելու համար նրան օգնել են ֆրանսիացի Ժան Դընի Վիվիենը եւ Քրիստոֆ Ռամուն: Վերջինս երգի բառերի հեղինակն է: Ֆրանսերեն թարգմանության մեջ որոշակի փոփոխություններ են կատարվել, օրինակ, «այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք» արտահայտությունը թարգմանվել է «զղջան ծնողների ամուսնությունը»: Ժ. Փափազյանը կարծում է՝ «ֆրանսիացիները շիտակ կամ գրեթե քառակուսի մտածող մարդիկ են, աբստրակտ բաները իրենց ուղեղի մեջ չեն մտնում: Չեն հասկանում՝ ի՞նչ է հոր հարսանիք հիշելը, դրա համար փոխեցինք»: Ներկայացման մեջ Ժ. Փափազյանը նաեւ Հոր-Հոր աղայի դերակատարն է եւ բեմի վրա նաեւ երգում է: Բեմադրիչը երաժշտական ընտանիքում է մեծացել, բայց երաժշտական կրթություն չունի: «Կարինեի» դեպքում այնպիսի արվեստագետների հետ աշխատեցի, որոնք սիրտ եւ հոգի ունեին, նվիրական արվեստագետներ են, հոժարեցան շատ զոհողություններ անել ու քիչ փող ստանալ: Դեկորների ու հագուստների համար մի ֆրանսիացու հետ աշխատեցի, որ տարիներով Պիտեր Բրուկի, հետո էլ Իրինա Բրուկի հետ էր աշխատել, ասացի՝ միայն 600 եվրո ունեմ թե՛ կոստյումների, թե՛ դեկորների համար, որը մեզ մոտ շատ փոքր գումար է: Բայց ամեն ինչ շատ ճաշակով արեց»,- ասում է ֆրանսահայ բեմադրիչը:
Ինչ վերաբերում է «դրսում» ստեղծագործելու պայմաններին, բեմադրիչի խոսքով՝ սփյուռքում այսօր մշակութային գործունեություն ծավալելը չափազանց դժվար է դարձել, որովհետեւ տեղի բարեգործական կազմակերպությունները սկսել են միայն Հայաստանին օգնել: Ժ. Փափազյանը կես լուրջ, կես կատակ ասում է՝ որոշել է հայաստանցի դառնալ. «Միշտ էլ մեծապատիվ մուրացկանների նման մուրացկանություն ենք անում, որ պետությունը կամ հարուստները մեզ փող տան, միայն սովետն էր, որ որոշեց ծորակները բացել, փողերը թափվում էին, բայց հանկարծ Հայաստանը անկախացավ, սփյուռքը խառնվեց իրար՝ թե Հայաստան անկախ է, պետք է փող ուղարկել: Երբ այս տեսակ ծրագրեր ենք մշակում, մեզ համար՝ փող չունեն, ամեն ինչ Հայաստան են ուղարկում, մնում է՝ ես էլ Հայաստանում մի միություն բացեմ, որ դրսում կարողանամ գործերս կազմակերպել: Ո՞ւր պիտի դառնանք՝ ֆրանսիական պետություն, դոտացիա տվեք մեզ, ասում են՝ օ քեյ՝ 300 հազար եվրոյից 150 հազարը կտանք, 150-նն էլ Հայաստանի մշակույթի մինիստրությունը թող տա, պատասխանը դա է, բայց հանաք ե՞ք անում, Հայաստանը մի ներկայացման համար 150 հազար եվրո տա՞...»: Ֆրանսահայ արվեստագետը դժգոհում է. «Սփյուռքում դպրոցներ, թերթեր են փակվում, խայտառակ բան է՝ Կիպրոսի Մելքոնյան գիշերօթիկ դպրոցը փակելը ի՞նչ կնշանակե, ինչ է, թե Հայաստանում մի դպրոց պիտի բացեն, թե հայեր պիտի գան, հայերեն սորվին, լա՜վ էլի, այստեղ միլիոն հատ դպրոց կա, այնտեղ մեկ-երկուսն է մնացել, գուրգուրանքով նայում են ու փակում... սպանում, մորթում են ոսկե ձու ածող հավը եւ ոսկին ուղարկում Հայաստան»: Մինչդեռ, ըստ մեր հայրենակցի, սփյուռքը անտեսված չպետք է լինի. «Թուրքը մեզ այդ բախտն է տվել, պարտավոր ենք 2-րդ ճակատ ունենալ, եթե այդ ճակատը սպանեցինք, վաղը եթե այս երկիրը մի բանի կարիքն ունենա, ո՞վ պիտի լինի հայրենասեր, որ մտածի Հայաստան փող ուղարկելու մասին»:
«Առավոտը» բեմադրիչից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս ուզում է հայրենիք վերադառնալ, նա պատասխանեց. «Շատ կուզեմ գալ Հայաստան, բայց նախ պաշտոնապես պիտի հրավիրեն: Մյուս կողմից, չեմ կարող գործս թողնել, առանց փողի, ի սեր հայրենիքի, նվիրատվություն անել: 80-ականներին գալու առաջարկ եղավ օպերային թատրոնի ղեկավար Տիգրան Լեւոնյանի կողմից, բայց կյանքս ուրիշ կերպ դասավորվեց: Հիմա եթե լինի էլ, կմերժեմ, որովհետեւ վախենում եմ՝ ձեր օպերայի եւ բալետի թատրոնում այնպիսի ինտրիգներ կան, իրար գլուխ են տալիս-ջարդում, մեկը մյուսին չհավանելու, չհարգելու վիճակ կա, ծայրահեղական կարծիքներ, նույն օպերային ե՛ւ շատ կողմ են արտահայտվում, ե՛ւ շատ քննադատում են, ես չեմ կարող մտնել նման բաների մեջ»: : |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-07-27 |
| ԱՐԴՅՈՔ ԽԱՆԴՈ՞Տ ԵՔ |
| |
Ընտրեք պատասխանի առավել հարմար տարբերակը
1. Երբ ձեր զուգընկերը հեռախոսով խոսում է.
ա. փորձում եք հասկանալ, թե ով է զանգում,
բ. շարունակում եք հանգիստ զբաղվել ձեր գործով,
գ. ուղիղ հարցնում եք, թե ով է զանգում կամ էլ վերցնում եք հեռախոսափողը հարեւան սենյակում:
2. Ինչ-որ մեկը ձեզ ասել է, որ ձեր զուգընկերոջը հակառակ սեռի ներկայացուցչի հետ տեսել է: Դուք.
ա. այդ հաղորդագրությանը որեւէ ուշադրություն չեք դարձնում,
բ. առիթի դեպքում ձեր զուգընկերոջը կհարցնեք այդ մասին,
գ. լուրը հայտնողից մանրամասներն եք ճշտում:
3. Ձեր զուգընկերը անձնական օրագիր է պահում, սակայն դա ձեզ ցույց չի տալիս: Դուք.
ա. գրառումները գաղտնի կարդում եք,
բ. ձեր զուգընկերոջ սեփական հոգեւոր կյանքի հնարավորությունը հարգում եք,
գ. կպնդեք, որ տա օրագիրը կարդաք:
4. Ինչ-որ մեկը ձեր զուգընկերոջը կոնֆետների տուփ է տալիս.
ա. հարցնում եք, թե ով է դա տվել,
բ. կոնֆետների «ծագմամբ» չեք հետաքրքրվում, ուղղակի հաճույքով ուտում եք,
գ. կոնֆետների տուփը աղբաման եք գցում:
5. Ձեր հասցեին արված հաճոյախոսությունները սիրո՞ւմ եք.
ա. չեմ սիրում,
բ. շատ հաճախ դրանք հաճույքով ընդունում եմ,
գ. երբեմն հաճելի է:
6. Եթե գնացել եք պարելու, եւ ձեր զուգընկերը ձեզ հետ չի պարում, դուք.
ա. առանձապես դրան ուշադրություն չեք դարձնում,
բ. հետաքրքրվում եք, թե պարելու ժամանակ ինչ էին խոսում,
գ. եթե ձեզ տհաճ է, դուք դա ցույց չեք տալիս:
7. Ձեր զուգընկերը որոշ ժամանակ բացակայել է, դուք.
ա. վերադառնալուց հետո հարցնում եք, թե որտե՞ղ է եղել եւ ի՞նչ է արել,
բ. անհամբերությամբ նրա վերադարձին եք սպասում,
գ. սկանդալ եք սարքում կամ էլ հետաքննություն եք սկսում:
8. Եթե ընկերությունում ստիպված եք ձեր զուգընկերոջը հակառակ սեռի ներկայացուցչի հետ ծանոթացնել, դուք.
ա. նոր ծանոթին հասկացնում եք, որ դուք արդեն կայացած զույգ եք,
բ. անում եք այդ բանը միայն այն դեպքում, երբ ձեր զուգընկերն է ցանկանում,
գ. ձեր հարաբերությունները չեք ցուցադրում:
9. Եթե ձեր զուգընկերոջ հետ հյուր եք գնում, ուրեմն.
ա. ողջ երեկոն նրա հետ եք անցկացնում եւ նրա կողքից չեք հեռանում,
բ. այլ հյուրերի հետ եք անցկացնում,
գ. ամբողջ երեկոյի ընթացքում հետեւում եք, թե ինչ է անում ձեր զուգընկերը եւ ում հետ է շփվում:
10. Եթե ձեր զուգընկերը ձեզ հետ իր արտաքինի հետ կապված փոփոխությունն է քննարկում, դուք.
ա. անմիջապես ընդունում եք այդ փոփոխությունը,
բ. այն ուշադիր քննարկում եք,
գ. այդտեղ քննարկման առարկա չեք տեսնում:
Հաշվեք միավորները. ամեն պատասխանի համար հետեւյալ միավորներն են հասնում.
1. ա-2, բ-1, գ-3
2. ա-1, բ-2, գ-3
3. ա-3, բ-1, գ-2
4. ա-2, բ-1, գ-3
5. ա-1, բ-3, գ-2
6. ա-1, բ-2, գ-3
7. ա-2, բ-1, գ-3
8. ա-3, բ-2, գ-1
9. ա-3, բ-1, գ-2
10. ա-3, բ-1, գ-2
Եթե դուք 25-30 միավոր եք հավաքել, ուրեմն շատ խանդոտ եք, ձեր զուգընկերջը անդադար կասկածում եք:
Չգիտակցելով այդ ամենը, անդադար ձեր զգացմունքի վրա եք կասկածում, իսկ այդ կասկածներն էլ դանդաղ, բայց անշեղորեն ձեզ իրարից հեռացնում են:
18-24 միավոր: Դուք չափավոր խանդոտ եք:
Բավականին խելք ունեք, որպեսզի ձեր խանդը չափի մեջ պահեք եւ ավելորդ խնդիրներ չառաջացնեք:
10-17 միավոր: Դուք բարեհոգի եք, ոչ էգոիստ: Այդ հատկությունները ձեզ շատ տհաճություններից կպահպանեն եւ թույլ կտան ձեր զուգընկերոջը ձեր կողքին մնալ: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2010-07-27 19:35 |
| |
| |
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԶՐՊԱՐՏՈ՞ՒՄ Է ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ
Հայ ազգային կոնգրեսի այլեւս նախկին համակիր եւ Համաժողովրդական շարժման նախկին ... |
| |
 |
|
| 2010-07-27 19:35 |
| |
| |
ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՑՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ԷՐ
Կարապետ Ռուբինյանը երեկ ՀՀՇ-ի եւ իր հայտարարություններից հետո «Ֆեյսբուքում» ... |
| |
 |
|
| 2010-07-27 19:34 |
| |
| |
ԻՐԱԿԱՆ ՕԳՈՒՏՆԵՐ ՉԿԱՆ
«Իրականում Թուրքիային պատժելու քաղաքականության սատարումը իրական որեւէ օգուտ չի պարունակում, բացի ... |
| |
 |
|
| 2010-07-27 19:34 |
| |
| |
ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՏՈՐԹԵՐ՝ ԵՆԹԱՏԵՔՍՏՈՎ
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, հուլիսի 24-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի նախագահ ... |
| |
 |
|
| 2010-07-27 19:34 |
| |
| |
ԱՆՍԱՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻՆ
ICON ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը հուլիսի 23-ին նամակով տեղեկացրել է «Մենք ... |
| |
 |
|
| 2010-07-27 19:33 |
| |
| |
ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ
News.am-ի հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք աշնանը նոր քաղաքական ուժի ի հայտ գալը, ուժ, որը լինելու է ... |
| |
 |
|
| 2010-07-27 19:33 |
| |
| |
Շատացել են
Վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանում ազատազրկվածների թիվը աճել է ավելի քան 20%-ով, եւ քրեակատարողական հիմնարկները ... |
| |
 |
|
| 2010-07-27 19:32 |
| |
| |
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՅՑԸ
Երեկ ՀՀ վարչական դատարանը մերժել է գազի սակագնի բարձրացման դեմ Հայ ազգային կոնգրեսի եւ որպես համահայցվորներ՝ 7230 ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +36 | +18 |
| Շիրակ | +30 | +9 |
| Արարատ | +36 | +16 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել
Կարծում եմ՝ եթե ԼՏՊը առաջին հերթին գիտնական լիներ, նրան ոչ մեկ չեր լսի, ուր մնաց քննարկեին նրա ասածները: Ուստի՝ ընդհակառակը, առաջին հերթին քաղաքական գործիչ է, հետո նոր գիտնական: Ընդհանրապես, մի հատ այսպիսի հարց ծագեց. մեր գիտնականներին ժողովուրդը սկսել է չլսել, դրանից հետո՞ են նրանք լռել, թե՞ սկզբից նրանք են լռել, ու դրա համար ժողովուրդը չի լսում:
Պարոն Աբրահամյան իմ կարծիքով քաղաքական գործիչը նույնպես ճշմարտությունն ասելը պետք է համարի պատվի հարց, այլապես նա վերածվում է բառիս բուն իմաստով գալուստսահակյանի կամ սամվելնիկոյանի, այս երկուսին եմ նշում քանի որ վերջին երկու օրերին նրանք են մտքեր արտահայտել որոնք լսելուց լիովին հիասթափվում ես աստծո արարչագործությունից:
у нас есть очень мало людей которые высказывают мнение и от этого половина общество конвульсивно начинает искать муть в прозрачной воде а остальные конструктивно обсуждают тему. я Согласен для первого президента есть принципы которые высше всего.хотя это сегоднящним дилетантам и политическим проституткам не понять... PS ну как обяснить багдасаряну артурику что что вес и цена слов не всегда меняютса в зависимости от политического положения...